Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 11/15 էջ 12–16
  • Օգնենք նրանց վերադառնալու անհապա՛ղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնենք նրանց վերադառնալու անհապա՛ղ
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Կյանքի հոգսե՞րն» են պատճառը
  • Արդյոք գայթակղվե՞լ են
  • Պատճառը որևէ ուսմո՞ւնք է
  • Լուրջ մե՞ղքն է պատճառը
  • Որդու վերադարձը ուրախանալու պատճառ է
  • «Բարի վերադա՛րձ, տղա՛ս»
  • Հորդորիր նրանց գործել անհապաղ
  • Օգնենք մոլորված գառնուկներին՝ վերադառնալու հոտ
    2008 Դիտարան
  • «Վերադարձեք ինձ մոտ»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մի մոռացիր ոչ ակտիվ քարոզիչներին
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Օգնել ոչ ակտիվներին
    2002 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2008 Դիտարան
w08 11/15 էջ 12–16

Օգնենք նրանց վերադառնալու անհապա՛ղ

«Ո՞ւմ մոտ գնանք։ Դո՛ւ ունես հավիտենական կյանքի խոսքերը» (ՀՈՎՀ. 6։68)։

1. Ի՞նչ պատասխանեց Պետրոսը Հիսուսին, երբ աշակերտներից շատերը հեռացան։

ՄԻ ՕՐ Հիսուս Քրիստոսի աշակերտներից շատերը լքեցին նրան, որովհետև չընդունեցին նրա ուսմունքներից մեկը։ «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»,— հարցրեց նա առաքյալներին։ Պետրոսը պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Դո՛ւ ունես հավիտենական կյանքի խոսքերը» (Հովհ. 6։51–69)։ Նրանք գնալու տեղ չունեին. հուդայականությունը չուներ «հավիտենական կյանքի խոսքերը»։ Նման խոսքեր, անշուշտ, չունի նաև կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը՝ Մեծ Բաբելոնը։ «Վաղուց արդեն ժամանակն է», որ բոլոր մոլորված գառնուկները, ովքեր ուզում են հաճեցնել Եհովային, «արթնանան» ու վերադառնան հոտ (Հռոմ. 13։11, King James Version)։

2. Ի՞նչ պետք է հիշենք իրավական կոմիտեին առնչվող կամ կոնֆիդենցիալ հարցերի առնչությամբ։

2 Եհովան հետաքրքրված էր Իսրայելի «կորած ոչխարներով» (կարդա՛ Եզեկիէլ 34։15, 16)։ Քրիստոնյա երեցները ևս հետաքրքրված են մոլորված գառնուկներով և նրանց օգնելու պարտականություն ունեն։ Ենթադրենք՝ նրանք որևէ հասուն քարոզչի խնդրել են ուսումնասիրություն անցկացնել ոչ ակտիվ հավատակցի հետ, ով ցանկություն է հայտնել օգնություն ստանալու։ Ի՞նչ պետք է անի այդ քարոզիչը, երբ իմանում է, որ նա լուրջ մեղք է գործել։ Իրավական կոմիտեին առնչվող կամ կոնֆիդենցիալ հարցերի վերաբերյալ ինչ–որ խորհուրդ տալու փոխարեն՝ քարոզիչը պետք է նրան ասի, որ խոսի երեցների հետ։ Եթե նա դա չանի, քարոզիչը ինքը պետք է տեղեկացնի այդ մասին երեցներին (Ղեւտ. 5։1; Գաղ. 6։1)։

3. Ի՞նչ արեց 100 ոչխար ունեցող մարդը, երբ գտավ կորածին։

3 Նախորդ հոդվածում անդրադարձանք 100 ոչխար ունեցող մարդու մասին Հիսուսի օրինակին։ Երբ ոչխարներից մեկը կորավ, նա թողեց 99–ին և գնաց կորածին փնտրելու։ Որքա՜ն ուրախացավ նա՝ գտնելով ոչխարին (Ղուկ. 15։4–7)։ Մենք էլ ենք նրա պես ուրախանում, երբ Աստծու գառնուկներից մեկը վերադառնում է հոտ։ Երեցներն ու ժողովի մյուս անդամները սիրուց մղված թերևս այցելում են ոչ ակտիվ քարոզչին։ Նրանք բոլորն ուզում են, որ այդ անհատը վերադառնա ու վայելի Աստծու աջակցությունը, պաշտպանությունը և օրհնությունը (Բ Օրին. 33։27; Սաղ. 91։14; Առակ. 10։22)։ Իսկ ինչպե՞ս կարող են նրանք օգնել այդ անհատին։

4. Ինչի՞ մասին է խոսվում Գաղատացիներ 6։2, 5 համարներում։

4 Նրանք կարող են հորդորել անհատին վերադառնալ ժողով՝ վստահեցնելով, որ Եհովան սիրում է իր գառնուկներին և պահանջում է միայն այն, ինչ նրանք ի վիճակի են անելու։ Այդ պահանջների մեջ են մտնում Աստվածաշունչ ուսումնասիրելը, քրիստոնեական հանդիպումներին հաճախելը և Թագավորության բարի լուրը քարոզելը։ Տեղին կլինի կարդալ Գաղատացիներ 6։2, 5 համարները և նշել, որ քրիստոնյաները կարող են կրել միմյանց ծանրությունները, բայց հոգևորին վերաբերող հարցերում «յուրաքանչյուր մարդ իր սեփական բեռն է կրելու»։ Մեր փոխարեն ոչ ոք չի կարող հավատարիմ լինել Եհովային։

«Կյանքի հոգսե՞րն» են պատճառը

5, 6. ա) Ինչո՞ւ է կարևոր ուշադիր լսել, երբ ոչ ակտիվ հավատակիցները արտահայտվում են։ բ) Ինչպե՞ս կարող ես օգնել ոչ ակտիվ քարոզիչներին հասկանալու, որ Աստծու ժողովրդից կտրվելը վատ է անդրադարձել իրենց վրա։

5 Որպեսզի իմանան, թե ինչպես օգնեն ոչ ակտիվ հավատակիցներին, երեցները և մյուս հասուն քրիստոնյաները պետք է ուշադիր լսեն, երբ նրանք խոսում են իրենց զգացմունքների մասին։ Ենթադրենք՝ երեցը այցելում է մի ամուսնական զույգի, որը չի գալիս հանդիպումներին «կյանքի հոգսերի» պատճառով (Ղուկ. 21։34)։ Ֆինանսական խնդիրները կամ ավելացող ընտանեկան հոգսերը գուցե նրանց աստիճանաբար գցել են հոգևոր քնի մեջ։ Նրանք գուցե ասեն, որ շատ հոգսեր ունեն, ուստի չեն կարող հոգևորին ժամանակ հատկացնել, բայց երեցը կարող է նշել, որ մեկուսանալը խնդրի լուծում չէ (կարդա՛ Առակաց 18։1a)։ Նա կարող է նրբանկատորեն հարցնել. «Հիմա դուք ավելի՞ ուրախ եք, քան այն ժամանակ, երբ ներկա էիք լինում հանդիպումներին։ Ձեր ընտանեկան կյանքը ավելի՞ երջանիկ է դարձել։ Վայելո՞ւմ եք այն ուրախությունը, որ գալիս է Եհովային ապավինելուց» (Նէեմ. 8։10)։

6 Ոչ ակտիվ քարոզիչները, խորհելով նման հարցերի շուրջ, կարող են տեսնել, որ ժողովի հետ չշփվելու պատճառով իրենց հոգևոր առողջությունը թուլացել է, իսկ ուրախությունը՝ նվազել (Մատթ. 5։3; Եբր. 10։24, 25)։ Գուցե հնարավոր լինի օգնել նրանց գիտակցելու, որ բարի լուրը չքարոզելու պատճառով են կորցրել ուրախությունը (Մատթ. 28։19, 20)։ Ինչպե՞ս կարող են նրանք իմաստուն կերպով վարվել։

7. Ի՞նչ կարող ենք հորդորել մոլորվածներին անել։

7 Հիսուսն ասաց. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ ու հարբեցողությամբ և կյանքի հոգսերով.... Ուրեմն արթո՛ւն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այս բոլոր բաներից, որ պետք է կատարվեն» (Ղուկ. 21։34–36)։ Մենք կարող ենք հորդորել նրանց, ովքեր ուզում են վերագտնել իրենց ուրախությունը, աղոթել Աստծուն՝ սուրբ ոգու օգնությունը ստանալու համար, ինչպես նաև վարվել իրենց աղոթքների համաձայն (Ղուկ. 11։13)։

Արդյոք գայթակղվե՞լ են

8, 9. Ինչպե՞ս կարող է երեցը տրամաբանել մոլորված այն քարոզչի հետ, ով գայթակղվել է։

8 Մենք անկատար ենք, և ինչ–որ մեկը գուցե գայթակղվի, օրինակ, տարաձայնության պատճառով։ Ոմանք էլ գայթակղվում են, երբ ժողովի հարգված անդամներից մեկը Աստվածաշնչի սկզբունքներին հակառակ է վարվում։ Եթե անհատը նման պատճառներով է դարձել ոչ ակտիվ, նրան այցելող երեցը կարող է նշել, որ Եհովան չի գայթակղեցնում ոչ ոքի։ Ուստի ինչո՞ւ պետք է անհատը հեռանա Աստծուց ու խզի իր կապը նրա ժողովրդի հետ։ Չպե՞տք է արդյոք նա շարունակի ծառայել Եհովային՝ համոզված լինելով, որ «բոլոր երկրի դատաւորը» տեղյակ է ամեն ինչին և կհարթի խնդիրը, ինչպես հարկն է (Ծննդ. 18։25; Կող. 3։23–25)։ Եթե մարդը սայթաքում և ընկնում է, ապա նա սովորաբար գոնե փորձում է վեր կենալ և ոչ թե դիտավորյալ մնում է գետնին պառկած։

9 Երեցը կարող է մոլորված գառնուկին ասել, որ շատերը ժամանակի ընթացքում հասկացել են, որ այն, ինչը եղել է գայթակղության քար, հիմա արդեն այդքան էլ էական չէ։ Գուցե այդ քարը այլևս չկա։ Իսկ եթե անհատը գայթակըղվել է տրված խրատի պատճառով, աղոթքով խորհրդածելը կարող է օգնել նրան տեսնելու, որ ինչ–որ չափով ինքն էլ է սխալ եղել և որ չպետք է գայթակղվի այդ խրատի պատճառով (Սաղ. 119։165; Եբր. 12։5–13)։

Պատճառը որևէ ուսմո՞ւնք է

10, 11. Ինչի՞ շուրջ արդյունավետ կլինի տրամաբանել այն անհատի հետ, ով համաձայն չէ որոշ սուրբգրային ուսմունքների։

10 Ոմանք հեռացել են Աստծու հոտից թերևս այն պատճառով, որ համաձայն չեն եղել որոշ սուրբգրային ուսմունքների։ Իսրայելացիները, որոնք ազատագրվեցին Եգիպտոսի լծից, «մոռացան [Աստծու] գործերը», որ նա արել էր իրենց համար, և «չ’սպասեցին նորա խորհուրդներին» (Սաղ. 106։13)։ Օգտակար կլինի ոչ ակտիվ քարոզչին հիշեցնել, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» ընտիր հոգևոր կերակուր է տալիս (Մատթ. 24։45)։ Չէ՞ որ նրա միջոցով է նա իմացել ճշմարտությունը։ Այդ դեպքում ի՞նչն է նրան խանգարում վճռելու նորից քայլել ճշմարտության մեջ (2 Հովհ. 4)։

11 Ջանալով օգնել մոլորված գառնուկին՝ երեցը կարող է նրան հիշեցնել այն աշակերտների մասին, ովքեր, չընդունելով Հիսուսի ուսմունքներից մեկը, հեռացան նրանից (Հովհ. 6։53, 66)։ Խզելով իրենց կապը Հիսուսի ու նրա հավատարիմ հետևորդների հետ՝ այդ աշակերտները այլևս չէին գնահատում հոգևորը, և նրանք կորցրին իրենց ուրախությունը։ Արդյո՞ք նրանք, ովքեր դադարել են քրիստոնեական ժողովի հետ շփվելուց, հոգևոր առատ կերակուր են գտել մեկ ուրիշ վայրում։ Ո՛չ, քանի որ այդպիսի վայր չկա։

Լուրջ մե՞ղքն է պատճառը

12, 13. Եթե անհատն ընդունում է, որ լուրջ մեղք է գործել, ինչպե՞ս է հնարավոր օգնել նրան։

12 Ոմանք դադարել են քարոզելուց և ժողովներին մասնակցելուց, որովհետև լուրջ մեղք են գործել։ Նրանք գուցե մտածեն, որ եթե երեցներին խոստովանեն իրենց մեղքը, ապա կզրկվեն ընկերակցությունից։ Բայց դա չի լինի, եթե նրանք թողնեն հակասուրբգրային ընթացքը և անկեղծորեն զղջան (2 Կորնթ. 7։10, 11)։ Ընդհակառակը՝ բոլորը նրանց սիրով կընդունեն, իսկ երեցները հոգևոր օգնություն ցույց կտան։

13 Եթե դու հասուն քրիստոնյա ես և քեզ նշանակել են օգնելու ոչ ակտիվ քարոզչի, և վերջինս ասում է, որ լուրջ մեղք է գործել, այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։ Ինչպես արդեն նշվեց, կարիք չկա հետաքրքրվելու մանրամասներով։ Փոխարենը՝ լավ կլինի՝ խորհուրդ տաս նրան մոտենալ երեցներին։ Եթե նա չցանկանա դա անել, դու կհետևես նման հարցերի վերաբերյալ Աստծու առաջնորդությանը՝ ցույց տալով, որ անտարբեր չես Եհովայի անվան, ինչպես նաև ժողովի հոգևոր բարօրության հանդեպ (կարդա՛ Ղեւտացոց 5։1)։ Երեցները գիտեն, թե ինչպես օգնեն նրանց, ովքեր ուզում են վերադառնալ և ապրել Աստծու կամքին ներդաշնակ։ Հնարավոր է՝ կարիք լինի սիրով խրատ տալու (Եբր. 12։7–11)։ Եթե անհատը ընդունի, որ Աստծու դեմ մեղք է գործել, ու այլևս չշարունակի սխալ ընթացքը, ինչպես նաև անկեղծորեն զղջա, երեցները կօգնեն նրան, ու նա ներում կստանա Եհովայից (Ես. 1։18; 55։7; Հակ. 5։13–16)։

Որդու վերադարձը ուրախանալու պատճառ է

14. Քո բառերով պատմիր անառակ որդու մասին առակը։

14 Մոլորված գառնուկին օգնություն ցույց տվող քրիստոնյան կարող է անդրադառնալ Հիսուսի առակին, որն արձանագրված է Ղուկաս 15։11–24 համարներում։ Այնտեղ խոսվում է մի երիտասարդի մասին, ով վատնում է իր ժառանգությունը՝ ցոփ ու շվայտ կյանք վարելով։ Ի վերջո, նա զզվում է այդ կյանքից։ Հիմա նրա ստամոքսը դատարկ է, նա կարոտել է հայրենի օջախը և որոշում է վերադառնալ տուն։ Դեռ հեռվից նրա հայրը տեսնում է նրան, վազում, նրա վզովն ընկնում ու քնքշորեն համբուրում։ Հայրը անչափ ուրախ է։ Այս օրինակի շուրջ խորհրդածելը կմղի մոլորված գառնուկին վերադառնալու հոտ։ Քանի որ իրերի այս համակարգը շուտով կոչնչանա, նա պետք է անհապաղ վերադառնա «տուն»։

15. Ինչո՞ւ են ոմանք հեռանում ժողովից։

15 Հեռացած անհատների մեծամասնությունը բոլոր առումներով չէ, որ նման է անառակ որդուն։ Ոմանք հեռանում են աստիճանաբար, ինչպես չկապված նավակն է դանդաղ հեռանում ափից։ Ոմանք էլ այնքան են ծանրաբեռնվում հոգսերով, որ տեսադաշտից դուրս են թողնում հոգևոր բաները։ Մյուսներն էլ թույլ են տալիս, որ ժողովի անդամներից որևէ մեկի վարքը գայթակղեցնի իրենց, կամ էլ չեն ընդունում սուրբգրային որևէ ուսմունք։ Կան նաև անհատներ, ովքեր Գրություններին հակասող վարք են դրսևորում։ Հեռանալու պատճառները տարբեր են լինում, բայց ամեն դեպքում, վերոհիշյալ խորհուրդները կիրառելով, կկարողանաս օգնել մոլորված գառնուկներին վերադառնալու ժողով, քանի դեռ շատ ուշ չէ։

«Բարի վերադա՛րձ, տղա՛ս»

16–18. ա) Ինչպե՞ս մի երեց օգնեց մի եղբոր, ով երկար տարիներ ոչ ակտիվ էր եղել։ բ) Ինչո՞ւ այդ եղբայրը հոգևորապես թուլացավ, ի՞նչ օգնություն նրան տրվեց, և ինչպե՞ս նրան ընդունեցին ժողովում։

16 Մի երեց ասում է. «Մեր ժողովի երեցները ամեն ինչ անում են, որ այցելեն ոչ ակտիվ քարոզիչներին։ Հիշում եմ մի եղբոր, ում օգնել էի իմանալու ճշմարտությունը։ Նա մոտ 25 տարի հոգևոր թույլ վիճակում էր և շատ դժվարություններ ուներ։ Ես բացատրեցի, թե ինչպես կարող են Աստվածաշնչի սկզբունքներն օգնել նրան։ Որոշ ժամանակ անց եղբայրը սկսեց հաճախել Թագավորության սրահ և համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել, ինչը կօգներ նրան ավելի վճռական լինելու հոտ վերադառնալու հարցում»։

17 Ինչո՞ւ էր այդ եղբայրը հոգևորապես թուլացել։ Նա խոստովանում է. «Ես սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել աշխարհային բաներին և ոչ թե հոգևորին։ Այնուհետև դադարեցի կատարել անձնական ուսումնասիրություն, մասնակցել ծառայությանը և հաճախել հանդիպումներին։ Չնկատեցի, թե ինչպես հեռացա ժողովից։ Սակայն մի երեցի ցուցաբերած ուշադրության և անկեղծ հետաքրքրության շնորհիվ ես վերադարձա»։ Եղբայրը համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրա խնդիրները սկսեցին քչանալ։ Նա ասում է. «Ես հասկացա, թե ինչն էր բացակայում իմ կյանքում՝ Եհովայի ու նրա կազմակերպության սերն ու առաջնորդությունը»։

18 Ինչպե՞ս նրան ընդունեցին ժողովում։ Եղբայրն ասում է. «Ես ինձ զգում էի այն անառակ որդու պես, որի մասին պատմեց Հիսուսը։ Մեր տարեց քույրերից մեկը, ով ժողովի անդամ էր դարձել դեռ 30 տարի առաջ և մինչև օրս էլ եռանդորեն ծառայում է, ինձ ասաց. «Բարի վերադա՛րձ, տղա՛ս»։ Այս խոսքերը մինչև սրտիս խորքը հուզեցին ինձ։ Ես իրոք վերադարձել էի։ Վերադարձել էի «տուն»։ Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այդ երեցին և ամբողջ ժողովին նրանց ցուցաբերած սիրո, ջերմ վերաբերմունքի, համբերության և անկեղծ հետաքրքրության համար։ Նրանց սերը Եհովայի և մերձավորի հանդեպ օգնեցին ինձ վերադառնալու հոտ»։

Հորդորիր նրանց գործել անհապաղ

19, 20. Ինչպե՞ս կարող ես հորդորել ոչ ակտիվ քարոզիչներին անհապաղ վերադառնալ և ինչպե՞ս կարող ես ցույց տալ նրանց, որ Աստված մեզնից չի ակնկալում անհնարինը։

19 Մենք ապրում ենք վերջին օրերում, և իրերի ներկա համակարգը շուտով կոչնչանա։ Ուստի եկեք խրախուսենք ոչ ակտիվ քարոզիչներին գալ ժողովի հանդիպումներին։ Հորդորիր նրանց դա անել անհապաղ։ Հիշեցրու, որ Սատանան փորձում է նրանց բաժանել Եհովայից և համոզել, որ կյանքի հոգսերը կթեթևանան, եթե հեռանան ճշմարիտ երկրպագությունից։ Վստահեցրու, որ նրանք իսկական թարմություն կգտնեն միայն այն դեպքում, եթե Հիսուսի հավատարիմ հետևորդը լինեն (կարդա՛ Մատթեոս 11։28–30)։

20 Հիշեցրու նրանց, որ Աստված մեզնից չի ակնկալում ավելին, քան կարող ենք անել։ Երբ Հիսուսի մահից կարճ ժամանակ առաջ Մարիամին՝ Ղազարոսի քրոջը, քննադատեցին՝ Ուսուցչին թանկարժեք հոտավետ յուղով օծելու համար, վերջինս ասաց. «Հանգի՛ստ թողեք նրան։ ....Նա արեց այն, ինչ որ կարող էր» (Մարկ. 14։6–8)։ Քրիստոսը նաև գովեց աղքատ որբևայրուն, որը չնչին գումար գցեց տաճարի գանձանակի մեջ։ Այրին նույնպես արեց այն, ինչ կարող էր (Ղուկ. 21։1–4)։ Գրեթե բոլորս կարող ենք ներկա լինել քրիստոնեական հանդիպումներին և մասնակցել քարոզչական գործին։ Եհովայի օգնությամբ այն քարոզիչները, ովքեր այժմ ակտիվ չեն, կարող են նույնն անել։

21, 22. Ինչո՞ւմ կարող ես վստահեցնել նրանց, ովքեր վերադառնում են Եհովայի մոտ։

21 Եթե ոչ ակտիվ եղբայրը կամ քույրը խուսափում է իր հավատակիցներին հանդիպելուց, կարող ես նրան հիշեցնել, թե ինչ ուրախություն պատճառեց անառակ որդու վերադարձը։ Հավատակցի վերադարձը նման ուրախություն կպատճառի ժողովի անդամներին։ Հորդորիր նրան հենց այսօրվանից հակառակվել Բանսարկուին ու մոտենալ Աստծուն (Հակ. 4։7, 8)։

22 Ովքեր վերադառնում են Եհովայի մոտ, ջերմ ընդունելություն կգտնեն (Ողբ. 3։40)։ Անցյալում, երբ նրանք ծառայում էին Աստծուն, անշուշտ, մեծ ուրախություն էին ստանում։ Այդ եղբայրներն ու քույրերը բազմաթիվ օրհնություններ կունենան նաև ապագայում, եթե անհապաղ վերադառնան հոտ։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ինչպե՞ս կարող ես օգնել այն քրիստոնյային, ով գայթակղվել է ու դարձել ոչ ակտիվ։

• Ինչի՞ շուրջ տրամաբանելը կօգնի այն անհատին, ով համաձայն չէ որոշ սուրբգրային ուսմունքների։

• Ինչպե՞ս կարելի է օգնել այն հավատակցին, ով դժվարանում է ժողով վերադառնալ։

[նկար 13–րդ էջի վրա]

Ուշադիր լսիր, երբ ոչ ակտիվ հավատակիցը խոսում է իր զգացմունքների մասին

[նկար 15–րդ էջի վրա]

Անառակ որդու մասին առակի շուրջ խորհրդածելը գուցե մղի ոմանց վերադառնալու հոտ

[ծանոթագրություն]

a Առակաց 18։1. «Ինքնահաճոյ [«Զատուող», ԱԱ, ծնթ.] մարդը ցանկութիւն է որոնում. ամեն յաջողակութեան դէմ բորբոքվում է»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը