Վաղ քրիստոնյաները հելլենիստական աշխարհում
ԱՌԱՋԻՆ դարի քրիստոնյաները հիմնականում քարոզում էին հունախոս մարդկանց և օգտագործում էին հունարեն լեզվով թարգմանված Եբրայերեն Գրությունները։ Հետագայում Աստվածաշնչի մնացած գրքերը, որոնք այսօր հայտնի են Քրիստոնեական Հունարեն Գրություններ անվանումով, գրվեցին հունարենով։ Գրություններում օգտագործվել են արտահայտություններ և օրինակներ, որոնք հասկանալի էին այն մարդկանց, ովքեր ծանոթ էին հունական մշակույթին։ Սակայն ո՛չ Հիսուսը, ո՛չ նրա առաքյալները և ո՛չ էլ նրանք, ովքեր գրել են Քրիստոնեական Հունարեն Գրությունները, չեն եղել հույներ. նրանք բոլորը հրեաներ էին (Հռոմեացիներ 3։1, 2)։
Ինչպե՞ս եղավ, որ հունարեն լեզուն մեծ ազդեցություն ունեցավ քրիստոնեության տարածման մեջ։ Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյա գրողները և միսիոներները հունախոս մարդկանց քարոզում բարի լուրը։ Եվ ինչո՞վ է հնագույն պատմության այս էջը հետաքրքրական մեզ համար։
Հունական մշակույթի տարածումը
Մ.թ.ա. չորրորդ դարում Ալեքսանդր Մակեդոնացին կործանեց Պարսկական կայսրությունը և շարունակելով իր արշավները՝ նվաճեց աշխարհի մեծ մասը։ Որպեսզի միավորեր իր գրաված տարածքները, նա ստիպում էր հպատակ ազգերին ընդունել հունական մշակույթը և խոսել հունարեն լեզվով։ Արդյունքում հելլենիզմը մեծ տարածում գտավ։
Թեև հետագայում Հռոմը նվաճեց Հունաստանը և վերացրեց քաղաքական համակարգը, հունական մշակույթը շարունակեց մեծ ազդեցություն ունենալ հարևան ժողովուրդների վրա։ Մ.թ.ա. երկրորդ և առաջին դարերի ընթացքում հռոմեական վերնախավը պարզապես հիացած էր հունական մշակույթով՝ արվեստով, ճարտարապետությամբ, գրականությամբ և փիլիսոփայությամբ։ Այս առնչությամբ բանաստեղծ Հորացիոսը գրել է. «Գերի Հունաստանը գերեվարեց իր նվաճողին»։
Հռոմեական տիրապետության ներքո Փոքր Ասիայի, Սիրիայի և Եգիպտոսի կարևորագույն քաղաքները դարձան հունական մշակույթի կենտրոններ։ Հունական մշակույթը իր ազդեցությունը թողեց կյանքի բոլոր բնագավառների վրա՝ կառավարման նոր համակարգի ստեղծման, օրենքների, առևտրի, արդյունաբերության և նույնիսկ նորաձևության։ Հունական շատ քաղաքներում գիմնազիաներ կային, որտեղ երիտասարդ տղամարդիկ կրթություն էին ստանում, ինչպես նաև կային թատրոններ, որտեղ ցուցադրվում էին հունական դրամաներ։
Պատմաբան Էմիլ Շյուռերը ասում է. «Հրեաները անմասն չմնացին հելլենիզմի ազդեցությունից, թեև դանդաղ և դժկամորեն, սակայն ի վերջո ընկան այդ հոսանքի մեջ»։ Չնայած սկզբում իրենց երկրպագության հանդեպ ունեցած նախանձախնդրությունը թույլ չէր տալիս հրեաներին ընկնելու հունական մշակույթից եկած հեթանոսական ազդեցության տակ, սակայն հետագայում այն «ներխուժեց» հրեաների կյանք։ Շյուռերը նաև նշում է. «Հրեաների փոքր համայնքները գրեթե բոլոր կողմերից շրջապատված էին հելլենիստական շրջաններով, և քանի որ հրեաների ու հույների միջև առևտրական կապեր կային, նրանք մշտապես առնչվում էին իրար հետ»։
«Յոթանասնից»–ի դերը
Շատ հրեաներ գաղթել էին իրենց հայրենիքից և հաստատվել Միջերկրական ծովի շրջակայքում գտնվող հունախոս քաղաքներում։ Գաղթականները շարունակում էին պահպանել իրենց ազգային կրոնը և ամեն տարի ուղևորվում էին դեպի Երուսաղեմ՝ հրեական տոնակատարություններին մասնակցելու համար։ Ժամանակի ընթացքում, սակայն, նրանցից շատերը դադարեցին եբրայերեն լեզվով խոսելուցa։ Հետևաբար, անհրաժեշտություն առաջացավ, որ Եբրայերեն Գրությունները թարգմանվեն հունարենով։ Մ.թ.ա. մոտ 280 թ.–ին հրեա աստվածաբանները գործի անցան հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններում՝ Ալեքսանդրիայում և Եգիպտոսում։ Արդյունքում ծնվեց «Յոթանասնից» թարգմանությունը։
«Յոթանասնից»–ը դարի գլուխգործոցն էր։ Դա այն բանալին էր, որը Եբրայերեն Գրությունների գանձերը բացեց Արևմտյան քաղաքակրթության համար։ Եթե չլիներ այդ թարգմանությունը, ապա մարդիկ այդպես էլ չէին իմանա, թե ինչպես է Աստված վարվել Իսրայել ազգի հետ, քանի որ եղած գրքերը գրված էին այնպիսի լեզվով, որն անհասկանալի էր։ Նաև հնարավոր չէր լինի այդ լեզվով ամբողջ աշխարհում տարածել բարի լուրը։ Իրականում «Յոթանասնից»–ը գրվեց մի լեզվով, որով Եհովայի մասին գիտությունը փոխանցվեց տարբեր էթնիկական ծագում ունեցող մարդկանց։ Եվ քանի որ այդ ժամանակ հունարենը մեծ տարածում էր գտել, ավելի հարմար էր, որ Աստծու մասին ճշմարտությունը այդ լեզվով քարոզվեր ու տարածվեր։
Պրոզելիտները և աստվածավախ մարդիկ
Մ.թ.ա. երկրորդ դարում հրեաներն արդեն բազմաթիվ ստեղծագործություններ էին թարգմանել հունարեն լեզվով, իսկ նորերը գրում էին հունարենով։ Արդյունքում Իսրայել ազգի պատմությունը հայտնի դարձավ, և կրոնը տարածվեց հեթանոսական աշխարհում։ Պատմաբանները նշում են, որ այդ ընթացքում շատ հեթանոսներ «սկսեցին առնչվել հրեական համայնքների հետ, մասնակցել հրեաների երկրպագությանը և երբեմն էլ հետևել նրանց պատվիրաններին» («The History of the Jewish People in the Age of Jesus Christ»)։
Որոշ հեթանոսներ ընդունեցին հուդայականության որոշ գաղափարներ, սակայն դավանափոխ չեղան։ Մյուսներն էլ դավանափոխ եղան և ընդունեցին հուդայականությունը, թլփատվեցին ու դարձան պրոզելիտներ։ Հունական գրականության մեջ հաճախ այս մարդկանց կոչում էին «աստվածավախներ»։ Օրինակ՝ Կոռնելիոսը «բարեպաշտ և աստվածավախ մարդ» էր։ Փոքր Ասիայում և Հունաստանում Պողոս առաքյալը հաճախ էր հանդիպում աստվածավախ մարդկանց։ «Գործեր» գրքում կարդում ենք, որ նա Պիսիդայի Անտիոքի ժողովարանում հավաքված մարդկանց դիմեց՝ ասելով. «Մարդի՛կ, իսրայելացինե՛ր, և դո՛ւք, որ վախենում եք Աստծուց» (Գործեր 10։2; 13։16, 26; 17։4; 18։4)։
Ուստի երբ Հիսուսի աշակերտները սկսեցին բարի լուրը քարոզել Հրեաստանից դուրս ապրող հրեաներին, նրանցից շատերը հունախոս էին։ Այս համայնքներում քրիստոնեությունը արագորեն տարածվում էր։ Երբ հայտնի դարձավ, որ Աստված փրկության հույս է տվել նաև հեթանոսներին, աշակերտները հասկացան, որ Աստծու համար «ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն» (Գաղատացիներ 3։28)։
Քարոզում են հույներին
Սկզբում հրեա քրիստոնյաները մտածում էին, թե հեթանոսները չեն կարող դառնալ քրիստոնեական ժողովի անդամներ։ Սակայն երբ ակնհայտ դարձավ, որ Աստված հավանություն է տալիս հեթանոսներին, Երուսաղեմի առաքյալները և երեցները հստակ ասացին, որ դավանափոխ եղածները պետք է հեռու մնան արյունից, պոռնկությունից և կռապաշտությունից (Գործեր 15։29)։ Այս պահանջները կարևոր էին ցանկացած մարդու համար, ով հետևել էր հույների վարք ու բարքին, քանի որ հունա–հռոմեական հասարակությունը տրվել էր «խայտառակ սեռական կրքերին» և միասեռականությանը։ Քրիստոնյաները այդպիսի վարք չպետք է դրսևորեին (Հռոմեացիներ 1։26, 27; 1 Կորնթացիներ 6։9, 10)։
Առաջին դարում հունախոս աշխարհի կարկառուն միսիոներներից է եղել Պողոս առաքյալը։ Այսօր զբոսաշրջիկները Աթենքում (Հունաստան) Արեոպագոսի արձանի մոտ կարող են տեսնել բրոնզյա մի հուշագիր, որում հիշատակված է Պողոսի հայտնի ելույթը։ Այդ մասին արձանագրված է «Գործեր» գրքի 17–րդ գլխում։ Պողոսի բացման խոսքերը՝ «Ո՛վ աթենացի մարդիկ», ծանոթ էին հույներին, ինչպես նաև էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներին։ Պողոսը չէր զայրանում իր ունկնդիրների վրա և չէր քննադատում նրանց հավատը, ընդհակառակը՝ նա բարյացակամորեն էր տրամադրված նրանց հանդեպ, քանի որ գիտեր, որ վերջիններս շատ կրոնասեր են։ Նա խոսեց «Անծանոթ Աստծուն» նվիրված նրանց զոհասեղանի մասին և այդպիսով հող նախապատրաստեց՝ ասելով, որ դա հենց այն Աստվածն է, որի մասին ուզում է պատմել (Գործեր 17։16–23)։
Պողոսը հասնում էր իր ունկնդիրների սրտին, քանի որ խոսում էր այնպիսի բաներից, որոնք հարազատ էին նրանց։ Օրինակ՝ ստոյիկյանները կարող էին համամիտ լինել նրա հետ այն հարցում, որ Աստված է կյանքի Աղբյուրը, որ բոլոր մարդիկ նույն ազգատոհմից են, որ Աստված մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, որ մարդու կյանքը կախված է Աստծուց։ Այս վերջին միտքը համոզիչ դարձնելու համար Պողոսը մեջբերեց ստոյիկյան բանաստեղծների՝ Արատուսի և Կլենտեսի գործերից։ Էպիկուրյանները նույնպես կարող էին Պողոսի հետ համաձայնվել մի շարք բաներում, օրինակ՝ Աստված կենդանի է, նրան հնարավոր է ճանաչել, նա ոչ մի բանից կախում չունի, մարդկանցից ոչինչ չի պահանջում և ձեռակերտ տաճարներում չի ապրում։
Պողոսի ունկնդիրներին ծանոթ էին այն արտահայտությունները, որոնք նա օգտագործեց։ Մի աղբյուրի համաձայն՝ «աշխարհ (կոսմոս)», «ազգատոհմ» և «Աստվածային Էություն» արտահայտություններն օգտագործել են նաև հույն փիլիսոփաները (Գործեր 17։24–29)։ Բայց դա չէր նշանակում, որ Պողոսը փոխզիջումների է գնում նրանց շահելու համար։ Ընդհակառակը՝ իր ունկնդիրների համոզմունքներին հակասում էին ելույթի վերջում ասված հարության և դատաստանի մասին խոսքերը։ Նույնիսկ այդ դեպքում Պողոսը հմտորեն ներկայացրեց իր ելույթը, որպեսզի գրավի փիլիսոփայությամբ տարված իր ունկնդիրներին։
Պողոսի նամակներից շատերն ուղղված էին այն ժողովներին, որոնք գտնվում էին Հունաստանում կամ Հռոմի գաղութներում։ Այս տարածքներն ամբողջությամբ ողողված էին հելլենիստական գաղափարներով։ Պողոսն իր նամակներում օգտագործել է հունական մշակույթում հայտնի գաղափարներ և օրինակներ։ Ինչպես նաև արտահայտություններ՝ մրցումներ, հաղթողի մրցանակ, դաստիարակ, որը ուղեկցում է երեխային դպրոց (1 Կորնթացիներ 9։24–27; Գաղատացիներ 3։24, 25)։ Թեև Պողոսը օգտագործում էր այս հունարեն արտահայտությունները, այդուհանդերձ, նա կտրականապես մերժում էր հունական բարոյախոսությունն ու կրոնական գաղափարները։
«Ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղա»
Պողոս առաքյալը հասկանում էր, որ բարի լուրը քարոզելու համար պետք է «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ լինել»։ Նա գրեց. «Հրեաների համար հրեայի պես եղա, որպեսզի հրեաներին շահեմ»։ Ինչպես նաև հույների համար հույնի պես եղավ, որպեսզի օգնի նրանց հասկանալու Աստծու նպատակները։ Բոլոր քրիստոնյաներն այսօր ձգտում են հետևել նրա օրինակին (1 Կորնթացիներ 9։20–23)։
Այսօր միլիոնավոր մարդիկ մի երկրից մյուսն են տեղափոխվում և առնչվում են ուրիշ մշակույթներին։ Ու թեև նրանք մեծ դժվարությունների են բախվում, սակայն շարունակում են քարոզել Աստծու Թագավորության բարի լուրը և «բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ են դարձնում» (Մատթեոս 24։14; 28։19)։ Պողոսի նման՝ նրանք նույնպես համոզվում են, որ երբ մարդիկ լսում են բարի լուրը մայրենի լեզվով, այն հասնում է իրենց սրտերին։
Այս նպատակն է հետապնդում «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը» պարբերագիրը, որն ամեն ամիս հրատարակվում է 169 լեզուներով, և «Արթնացե՛ք» պարբերագիրը՝ 81 լեզուներով։ Բացի այդ, Եհովայի վկաներից շատերը օտար լեզու են սովորում, օրինակ՝ արաբերեն, չինարեն կամ ռուսերեն, որպեսզի քարոզեն բարի լուրը նրանց, ովքեր տեղափոխվել են իրենց տարածք։ Նրանք հետևում են Պողոս առաքյալի օրինակին. «Ամեն տեսակ մարդկանց համար ես ամեն ինչ եղա, որպեսզի ամեն հնարավոր ձևով մի քանիսին փրկեմ» (1 Կորնթացիներ 9։22)։
[ծանոթագրություն]
a Երուսաղեմում ապրող շատ հրեաներ հունախոս էին։ Օրինակ՝ «այսպես կոչված Ազատագրվածների ժողովարանից մի քանիսը, ինչպես նաև Կյուրենիայի, Ալեքսանդրիայի, Կիլիկիայի ու Ասիայի բնակիչներից» ոմանք հավանաբար հունարեն լեզվով էին խոսում (Գործեր 6։1, 9)։
[շրջանակ 18–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Հռոմ
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Աթենք
ԱՍԻԱ
Պիսիդայի Անտիոք
ԿԻԼԻԿԻԱ
ԱՍՈՐԻՔ
ՀՐԵԱՍՏԱՆ
Երուսաղեմ
ԵԳԻՊՏՈՍ
Ալեքսանդրիա
Կյուրենե
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
[նկար 19–րդ էջի վրա]
«Յոթանասնից»–ի շնորհիվ Եհովայի մասին գիտությունը տարածվեց առաջին դարում
[թույլտվությամբ]
Israel Antiquities Authority
[նկար 20–րդ էջի վրա]
Արեոպագոսի հուշագիրը, որում հիշատակված է Պողոսի ելույթը