Ինչպե՞ս կարող ես տոկալ ծառայության մեջ
«ԵՍ ԻՆՁ քամված լիմոնի պես եմ զգում։ Այլևս չեմ կարող քարոզել»։ Երբևէ նման մտքեր այցելե՞լ են քեզ։ Ուժգին հակառակություն, անհանգստություն, թույլ առողջություն, հասակակիցների ճնշում, անտարբերություն. այս ամենը կարող է փորձել քո տոկունությունը։ Սակայն հիշիր Հիսուսի օրինակը։ «Իր առաջ դրված ուրախության համար» նա տոկաց ծանրագույն փորձությունների ներքո (Եբր. 12։2)։ Հիսուսը գիտեր, որ ապացուցելով Աստծու դեմ բարձրացված մեղադրանքների անհիմն լինելը՝ ինքը ուրախացնում է Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։
Տոկալով ծառայության մեջ՝ դու նույնպես կարող ես ուրախացնել Եհովայի սիրտը։ Իսկ ի՞նչ կարող ես անել, երբ զգում ես, որ ինչ–ինչ խոչընդոտների պատճառով քարոզչական եռանդդ մարում է։ Քրիստինան, որ արդեն երիտասարդ չէ և առողջական խնդիրներ ունի, ասում է. «Տարիքս արդեն այն չէ։ Հաճախ եմ հոգնում և ընկճվում։ Առողջությունս վատացել է։ Առօրյա հոգսերը լուծելը արդեն հեշտ չէ։ Այս ամենի պատճառով եռանդս կարող է ժամանակավորապես թուլանալ»։ Ինչպե՞ս կարող ես շարունակել ուրախությամբ ծառայել՝ չնայած նման խոչընդոտներին։
Ընդօրինակիր մարգարեներին
Թագավորության հավատարիմ քարոզիչները կարող են տոկալ քարոզչական գործում, եթե ձգտեն ունենալ մարգարեների մտածելակերպը։ Քննենք Երեմիայի օրինակը։ Երբ նա մարգարե նշանակվեց, սկզբում տատանվում էր։ Սակայն կարողացավ իր դժվարին նշանակման մեջ մնալ ավելի քան 40 տարի, որովհետև սովորեց լիովին վստահել Եհովային (Երեմ. 1։6; 20։7–11)։
Երեմիայի օրինակը քաջալերում է Հենրիկ անունով մի եղբոր։ Նա ասում է. «Ավելի քան 70 տարի է՝ ծառայում եմ Եհովային ու երբեմն վհատվել եմ մարդկանց թշնամական վերաբերմունքից և անտարբերությունից։ Այդ պահերին հիշում եմ Երեմիային. նա սիրում էր Եհովային ու մտերիմ փոխհարաբերություններ ուներ նրա հետ, ինչը մարգարեին ուժ էր տալիս, որ շարունակի իր գործը» (Երեմ. 1։17)։ Ռաֆալին նույնպես ոգեշնչում է Երեմիայի օրինակը։ Նա ասում է. «Երեմիան ապավինեց Եհովային և չկենտրոնացավ իր վրա կամ իր զգացմունքների վրա։ Չնայած բոլորը թշնամաբար էին տրամադրված նրա հանդեպ, նա անվախորեն շարունակեց իր ծառայությունը։ Ես աշխատում եմ միշտ հիշել Երեմիային»։
Եսայիա մարգարեի օրինակը ևս շատերին օգնում է տոկալու ծառայության մեջ։ Աստված նրան հայտնեց, որ մարգարեի հայրենակիցները չեն լսելու նրան։ «Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու»,— ասաց Եհովան։ Արդյո՞ք սա նշանակում էր, որ Եսայիայի ծառայությունը դատապարտված էր ձախողման։ Աստծու տեսանկյունից՝ ո՛չ։ Եսայիան, երբ նշանակվեց մարգարե, ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Ես. 6։8–10)։ Մարգարեն մինչև վերջ նվիրված մնաց իր գործին։ Իսկ դու այդպե՞ս ես արձագանքում քարոզելու պատվերին։
Որպեսզի չընկճվենք ու որպեսզի Եսայիայի պես շարունակենք մեր ծառայությունը, պետք է ձգտենք չկենտրոնանալ մարդկանց անտարբերության կամ բացասական արձագանքի վրա։ Ռաֆալն ասում է. «Ես ջանում եմ ուշադրություն չդարձնել վատ խոսքերին։ Իմ տարածքում ապրող մարդիկ իրավունք ունեն արձագանքելու այնպես, ինչպես ուզում են»։ Աննան ավելացնում է. «Ես թույլ չեմ տալիս, որ միտքս կենտրոնացած մնա տհաճ կամ վհատեցնող բաների վրա։ Ինչպե՞ս եմ դա անում։ Աղոթում եմ Եհովային և ծառայության գնալուց առաջ կարդում և քննում եմ օրվա խոսքը։ Այդպես բոլոր բացասական մտքերն անմիջապես չքանում են»։
Եզեկիել մարգարեն ծառայում էր Բաբելոն գերի տարված կամակոր հրեաների մեջ (Եզեկ. 2։6)։ Եթե նա նրանց չհաղորդեր Աստծու խոսքերը, և ինչ–որ ամբարիշտ, առանց նախազգուշացում ստանալու, մահանար, Եզեկիելը անձամբ էր պատասխան տալու։ Եհովան ասաց նրան. «Նորա արիւնը քո ձեռքից կ’պահանջեմ» (Եզեկ. 3։17, 18)։
Հենրիկը փորձում է Եզեկիելի տեսակետն ունենալ։ Նա ասում է. «Ես ուզում եմ մաքուր լինել բոլոր մարդկանց արյունից։ Բացի այդ, թանկագին կյանքեր են վտանգի տակ» (Գործ. 20։26, 27)։ Իսկ Զբիգնևն ասում է. «Եզեկիելը պետք է ակտիվորեն շարունակեր իր գործը՝ անկախ մարդկանց վերաբերմունքից։ Այդ միտքն օգնում է ինձ քարոզչական գործին նայել Արարչի տեսանկյունից»։
Դու մենակ չես
Քարոզչական գործում մենք մենակ չենք։ Պողոս առաքյալի նման՝ մենք էլ կարող ենք ասել. «Աստծու համագործակիցներն ենք» (1 Կորնթ. 3։9)։ Քրիստինան, խոստովանելով, որ երբեմն ընկճվում է, ասում է. «Հենց այս պատճառով էլ անընդհատ աղաչում եմ Եհովային, որ ինձ ուժ տա։ Նա միշտ իմ կողքին է»։ Աստծու սուրբ ոգին, անշուշտ, կարող է զորացնել մեզ, որ շարունակենք մեր ծառայությունը (Զաք. 4։6)։
Երբ մասնակցում ենք քարոզչությանը, սուրբ ոգին նաև օգնում է մեզ դրսևորելու «ոգու պտղի» հատկությունները (Գաղ. 5։22, 23)։ Դա, իր հերթին, օգնում է մեզ, անկախ ամեն ինչից, շարունակելու քարոզչական գործը։ Հենրիկն ասում է. «Ծառայությունը կերտում է իմ անձնավորությունը։ Սովորում եմ համբերել, նրբանկատ լինել և իսկույն չվհատվել»։ Չնայած զանազան դժվարություններին՝ ծառայության մեջ տոկալը կարող է օգնել քեզ ավելի հաճախ և լիարժեքորեն դրսևորելու ոգու պտուղը։
Այս եզակի գործին մասնակցում են նաև հրեշտակները (Հայտն. 14։6)։ Աստվածաշունչը հայտնում է, որ «բյուր բյուրավոր ու հազար հազարավոր» հրեշտակներ կան (Հայտն. 5։11)։ Հիսուսի առաջնորդությամբ այս ոգեղեն էակներն աջակցում են Աստծու ծառաներին։ Հիշո՞ւմ ես այս մասին, երբ գնում ես քարոզելու։
«Երբ մտածում եմ, որ հրեշտակները մեզ հետ են ծառայության ժամանակ, անչափ ոգևորվում եմ,— ասում է Աննան։— Նրանց միջոցով Եհովայի ու Հիսուսի ցույց տված օգնությունը շատ արժեքավոր է»։ Ի՜նչ մեծ պատիվ է համագործակցել հավատարիմ հրեշտակների հետ։
Մենք զորության մեկ այլ աղբյուր էլ ունենք։ Մեր շուրջը կան բազմաթիվ հավատարիմ Վկաներ, որոնք օրհնություն են մեզ համար։ Անկասկած, մենք զգում ենք Առակաց 27։17–ում գրված խոսքերի ճշմարտացիությունը. «Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը»։
Քարոզիչների հետ համագործակցելը հրաշալի հնարավորություն է տալիս մեզ սովորելու նոր արդյունավետ մեթոդներ։ էլժբիետան ասում է. «Տարբեր քարոզիչների հետ համագործակցելով՝ ես հնարավորություն եմ ստանում սեր դրսևորելու թե՛ հավատակիցներիս և թե՛ մյուսների հանդեպ»։ Փորձիր ծառայել տարբեր քարոզիչների հետ։ Դա քո ծառայությունը հետաքրքիր կդարձնի։
Քո մասին հոգ տար
Որպեսզի շարունակենք խանդավառությամբ ծառայել, պետք է լավ պլանավորենք մեր գործերը, անձնական ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենանք և բավականաչափ հանգստանանք։ Այլ խոսքով՝ պետք է հոգ տանենք մեր հոգևոր և ֆիզիկական առողջության մասին։
«Աշխատասէրի մտածողութիւնները [«ծրագիրները», ԱԱ] միայն դէպի առատութիւն են»,— կարդում ենք Առակաց 21։5–ում։ 88–ամյա Զիգմունտն ասում է. «Ծառայությանը կանոնավորաբար մասնակցելով՝ կարողանում եմ որոշակի նպատակների հասնել։ Գործերս այնպես եմ պլանավորում, որ բավարար ժամանակ ունենամ քարոզչության համար»։
Սուրբգրային խոր գիտելիքներ ձեռք բերելով՝ մենք հոգևորապես կամրանանք և պատրաստված կլինենք ծառայելու։ Ինչպես որ ապրելու համար է հարկավոր միշտ սնվել, այնպես էլ քարոզչական գործում հարատևելու համար անհրաժեշտ է կանոնավորաբար հոգևորապես սնվել։ Աստծու Խոսքից ամեն օր սնվելը և «ճիշտ ժամանակին տրվող կերակուրն» ընդունելը մեզ կարող են լցնել քարոզչական եռանդով (Մատթ. 24։45–47)։
Էլժբիետան մեծ փոփոխություններ արեց ապրելակերպի մեջ, որպեսզի բարելավի ծառայությունը։ Նա ասում է. «Զգալիորեն կրճատեցի հեռուստացույց դիտելու ժամանակը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեմ ծառայությանը պատրաստվելուն։ Ամեն երեկո Աստվածաշունչ կարդալիս մտածում եմ այն մարդկանց մասին, ում հանդիպել եմ իմ տարածքում։ Փորձում եմ գտնել այնպիսի սուրբգրային համարներ ու հոդվածներ, որոնք կարող են օգնել նրանց»։
Եթե բավականաչափ հանգստանաս, ապա կկարողանաս ուժերդ վերականգնել և լիարժեքորեն մասնակցել քարոզչությանը։ Բայց չափից շատ հանգստանալը կարող է բացասաբար անդրադառնալ քո ծառայության վրա։ Անջեյ անունով մի եռանդուն քարոզիչ նկատում է. «Հանգստի պակասը բերում է գերհոգնածություն, իսկ դրանից դեպի վհատություն մեկ քայլ է։ Ամեն ինչ անում եմ, որ այս հարցում հավասարակշռված լինեմ» (Ժող. 4։6)։
Չնայած մեր բոլոր ջանքերին՝ քչերն են դրականորեն արձագանքում բարի լուրին։ Բայց Եհովան երբեք չի մոռանա մեր աշխատանքը (Եբր. 6։10)։ Նույնիսկ եթե շատերը չեն ուզում խոսել մեզ հետ, նրանք գուցե մեր այցելության մասին խոսեն մեր գնալուց հետո։ Արդյունքը կարող է լինել նույնը, ինչպիսին որ Եզեկիելի դեպքում էր. մարդիկ «կ’իմանան որ մարգարէ է եղել իրանց մէջը» (Եզեկ. 2։5)։ Ճիշտ է, մեր ծառայությունը հեշտ չէ, բայց այն զգալի օգուտներ է բերում թե՛ մեզ և թե՛ մեզ լսողներին։
Զիգմունտը նշում է. «Ծառայությունն օգնում է հագնելու նոր անձնավորությունը, սիրել Աստծուն ու մերձավորին»։ Անջեյն ասում է. «Մեծ պատիվ է մասնակցել այս փրկարար աշխատանքին։ Չէ՞ որ այն երբեք չի կրկնվի նման մասշտաբով և նման հանգամանքներում»։ Դու նույնպես կարող ես առատ օրհնություններ քաղել, եթե տոկաս ծառայության մեջ (2 Կորնթ. 4։1, 2)։
[նկար 31–րդ էջի վրա]
Մեր հոգևոր և ֆիզիկական առողջության մասին հոգ տանելն օգնում է, որ տոկանք ծառայության մեջ