Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 6/15 էջ 28–31
  • Ինչո՞ւ և ինչպե՞ս վստահել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ և ինչպե՞ս վստահել
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է նշանակում պատասխանատվություն վստահել
  • Ինչու վստահել
  • Ինչու են ոմանք վարանում
  • Ինչպես վստահել
  • Համեստ մարդը մարզում է ուրիշներին և չի վարանում պատասխանատվություններ վստահել նրանց
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Խոնարհությամբ և համեստությամբ քայլիր քո Աստծու հետ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երեցնե՛ր, պատրաստեք եղբայրներին պարտականություններ կրելու
    2002 Դիտարան
  • Պատասխանատվություններ վստահել հավատարիմ մարդկանց
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2009 Դիտարան
w09 6/15 էջ 28–31

Ինչո՞ւ և ինչպե՞ս վստահել

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ վստահելը գալիս է վաղնջական ժամանակներից, երբ դեռ չկար Երկիր մոլորակը։ Իր միածին Որդուն արարելուց հետո Եհովան այդ «հմուտ վարպետի» (ՆԱ) միջոցով ստեղծեց տիեզերքը (Առակ. 8։22, 23, 30; Հովհ. 1։3)։ Այնուհետև նա ստեղծեց առաջին մարդկանց և նրանց պատվիրեց «լցնել երկիրը և տիրել նրան» (Ծննդ. 1։28)։ Արարիչը Ադամին ու Եվային հանձնարարեց ընդարձակել Եդեմի պարտեզը, մինչև որ ամբողջ երկիրը դրախտ դառնա։ Այո՛, հենց սկզբում ակնհայտ դարձավ, որ պատասխանատվություն վստահելը բնորոշ է Եհովայի կազմակերպության գործելակերպին։

Ի՞նչ է նշանակում պատասխանատվություն վստահել։ Ինչո՞ւ երեցները պետք է սովորեն ժողովի որոշ գործեր հանձնել ուրիշներին և ինչպե՞ս կարող են դա անել։

Ի՞նչ է նշանակում պատասխանատվություն վստահել

«Վստահել» նշանակում է «մեկին հավատալով՝ վստահ լինելով որևէ բան հանձնարարել՝ հանձնել. մեկի՝ մի բանի պատասխանատվությունը վստահորեն դնել մեկի վրա, ապահով զգալով մի բանի մասին՝ մեկին հանձնարարել մի բան» (Արդի հայերենի բացատրական բառարան)։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ վստահելը ենթադրում է ուրիշների ներգրավվածություն։ Իսկ սա էլ, բնականաբար, նշանակում է պատասխանատվությունների և իրավունքների մասնակի փոխանցում։

Երբ քրիստոնյան հանձնարարություն է ստանում, ապա նրանից ակնկալվում է կատարել այն, տեղեկացնել գործերի ընթացքի մասին հանձնարարություն տվողին և խորհուրդ հարցնել նրանից։ Այնուամենայնիվ, այդ գործի պատասխանատուն, ի վերջո, լիազորող եղբայրն է։ Նա պետք է հետևի հանձնարարության կատարմանը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տա։ Բայց ոմանք գուցե հարցնեն. «Եթե դու ինքդ կարող ես գործն անել, ի՞նչ կարիք կա այն հանձնարարել մեկ ուրիշի»։

Ինչու վստահել

Եհովան մենակ ստեղծեց իր Որդուն, բայց մնացած ամեն ինչը նա ստեղծեց նրա հետ, այլ խոսքով՝ Որդին ներգրավվեց արարչագործության մեջ։ Այո՛, «նրա միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա, տեսանելի բաները և անտեսանելի բաները» (Կող. 1։16)։ Ինչ խոսք, Արարիչը կարող էր ամեն ինչ ինքնուրույն անել, բայց նա ցանկացավ, որ իր Որդին էլ վայելի բեղմնավոր աշխատանքի պատճառած ուրախությունը (Առակ. 8։31)։ Դրա շնորհիվ Որդին ավելի շատ բան սովորեց իր Հոր մասին։ Կարելի է ասել՝ Եհովան այս հնարավորությունն օգտագործեց իր միածին Որդուն կրթելու համար։

Ընդօրինակելով իր Հորը՝ Հիսուս Քրիստոսը երկրի վրա եղած ժամանակ պատասխանատվություններ վստահեց ուրիշներին։ Նա քիչ–քիչ կրթեց իր աշակերտներին, հետո նրանց ներգրավվեց քարոզչական գործի մեջ։ Սկզբում Հիսուսը ուղարկեց 12 առաքյալներին, այնուհետև 70 ուրիշ աշակերտների (Ղուկ. 9։1–6; 10։1–7)։ Երբ հետագայում եկավ այն վայրերը, որտեղ նրանք քարոզել էին, արդեն լավ հիմք էր դրված, որի վրա նա կարող էր կառուցել։ Իսկ երբ եկավ ժամանակը, որ Քրիստոսը թողներ երկիրը, նա իր աշակերտներին, որոնք արդեն ուսուցում էին ստացել, ավելի մեծ պատասխանատվություններ վստահեց, այդ թվում նաև համաշխարհային քարոզչական գործը (Մատթ. 24։45–47; Գործ. 1։8)։

Պատասխանատվություն վստահելը և լիազորություն փոխանցելը դարձավ քրիստոնեական ժողովի հատկանշական գիծը։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասաց. «Այս բաները փոխանցիր հավատարիմ մարդկանց, որոնք էլ, իրենց հերթին, բավականաչափ որակյալ կլինեն ուրիշներին սովորեցնելու համար» (2 Տիմոթ. 2։2)։ Նրա խոսքերից տեսնում ենք, որ փորձառուները պետք է կրթեն այլ եղբայրների, իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, ուրիշների։

Եթե երեցը իր պատասխանատվությունների մի մասը փոխանցի այլ եղբայրների, ապա նրանք նույնպես կվայելեն ուսուցանելու և հովվելու պատճառած ուրախությունը։ Բացի այդ, նա կարող է դա անել հենց այն պատճառով, որ մարդու հնարավորությունները սահմանափակ են։ Աստվածաշունչն ասում է. «Խոնարհների [«Համեստների», ՆԱ] հետ իմաստութիւն կայ» (Առակ. 11։2)։ Համեստ մարդը գիտակցում է, որ իր հնարավորությունները սահմանափակ են։ Եթե փորձես ամեն ինչ ինքդ անել, ապա ուժասպառ կլինես, իսկ ընտանիքդ կզրկվի այն ժամանակից, որը կարող էիր տրամադրել նրան։ Ուստի իմաստուն կլինի պատասխանատվության բեռը կիսել ուրիշների հետ։ Օրինակ՝ եղբայրը, որը ծառայում է երեցների խորհրդի կոորդինատոր, կարող է խնդրել ուրիշ երեցների, որ անցկացնեն ժողովի ֆինանսական հաշիվների ստուգումը։ Ծանոթանալով հաշիվներին՝ նրանք կարող են տեղեկանալ ժողովի ֆինանսական դրությանը։

Որոշակի լիազորություններ փոխանցելով այլ եղբայրների՝ երեցը նրանց հնարավորություն է տալիս ձեռք բերելու փորձ և հմտություն։ Սակայն դա երեցին նաև հնարավորություն է տալիս ստուգելու նրանց ունակությունները։ Այդպիսով երեցները կարող են «փորձել» նրանց՝ տեսնելու, թե ով կարող է ապագայում դառնալ ծառայող օգնական (1 Տիմոթ. 3։10)։

Վերջապես, երբ երեցները եղբայրներին պատասխանատվություններ են վստահում, դրանով նրանք նպաստում են, որ փոխադարձ ջերմ կապվածություն առաջանա։ Պողոսը իր միսիոներական ծառայության ընթացքում կրթեց Տիմոթեոսին։ Նրանց երկուսի միջև ջերմ փոխհարաբերություններ հաստատվեցին։ Առաքյալը Տիմոթեոսին անվանեց «հավատի մեջ.... հարազատ զավակ» (1 Տիմոթ. 1։2)։ Եհովան և Հիսուսը նույնպես մտերմացան իրար հետ, երբ միասին ստեղծում էին տիեզերքը։ Նմանապես, ինչ–որ գործ վստահելով մյուսներին՝ երեցները կարող են մտերմանալ նրանց հետ։

Ինչու են ոմանք վարանում

Որոշ երեցներ դժվարանում են իրենց պատասխանատվությունների մի մասը փոխանցել ուրիշներին, թեև գիտեն դրա առավելությունների մասին։ Պատճառը, հնարավոր է, այն է, որ նրանց թվում է, թե այդպիսով իրենց իշխանությունը կթուլանա։ Նրանք գուցե մտածում են, որ իրենք պետք է միշտ ղեկին լինեն։ Սակայն հիշենք, որ նախքան երկինք բարձրանալը Հիսուսը իր աշակերտներին կարևոր աշխատանք հանձնարարեց՝ գիտենալով հանդերձ, որ նրանք իր արած գործերից ավելի մեծ գործեր են անելու (Մատթ. 28։19, 20; Հովհ. 14։12)։

Այլ երեցներ էլ նախկինում գուցե պատասխանատվություններ են վստահել եղբայրներին, բայց ակնկալվող արդյունքը չեն տեսել։ Ուստի հիմա մտածում են, թե իրենք կարող են գործը ավելի լավ ու արագ անել։ Բայց ինչպե՞ս վարվեց Պողոսը։ Այո՛, նա գիտեր, որ պատասխանատվություն վստահելը ճիշտ է և օգտակար, բայց նաև հասկանում էր, որ վստահության արժանացած անձնավորությունը միշտ չէ, որ կարդարացնի իր սպասելիքները։ Պողոսը առաջին միսիոներական շրջագայության ժամանակ կրթեց իր երիտասարդ ուղեկից Մարկոսին։ Բայց առաքյալը խոր հիասթափություն ապրեց, երբ Մարկոսը թողեց իր նշանակումը և վերադարձավ տուն (Գործ. 13։13; 15։37, 38)։ Սակայն դա պատճառ չեղավ, որ Պողոսը այլևս ոք ոքի չսովորեցնի։ Հետագայում նա երիտասարդ Տիմոթեոսին առաջարկեց իր հետ գնալ շրջագայական ծառայության։ Իսկ երբ Տիմոթեոսը պատրաստ էր ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու, Պողոսը նրան թողեց Եփեսոսում՝ լիազորելով նշանակել ժողովի վերակացուներ և ծառայող օգնականներ (1 Տիմոթ. 1։3; 3։1–10, 12, 13; 5։22)։

Նմանապես, այսօր երեցները չպետք է դադարեն եղբայրներին սովորեցնելուց զուտ այն պատճառով, որ նրանցից մեկը չի արդարացրել իրենց սպասելիքները։ Կարևոր է սովորել վստահել ուրիշներին և ուսուցանել նրանց։ Սա իմաստության դրսևորում է։ Իսկ ի՞նչ պետք է հաշվի առնեն երեցները, երբ ուզում են պատասխանատվություն տալ որևէ մեկին։

Ինչպես վստահել

Պատասխանատվություն վստահելիս հաշվի առ եղբոր որակներն ու ընդունակությունները։ Երբ Երուսաղեմում ամենօրյա սննդի բաշխման հետ կապված խնդիր ծագեց, առաքյալները ընտրեցին «բարի համբավ ունեցող [այսինքն՝ փորձված] յոթ մարդ.... ոգով և իմաստությամբ լցված» (Գործ. 6։3)։ Տրամաբանենք։ Եթե անհատը անվստահելի է, և դու նրան ինչ–որ գործ ես հանձնարարում, ապա, ըստ ամենայնի, նա չի անի դա։ Ուստի իմաստուն կլինի չփորձված եղբորը նախ փոքր հանձնարարություններ տալ։ Եթե նա դրանք անի, ապա կարելի է ավելի մեծ պատասխանատվություն վստահել։

Բայց պետք է հաշվի առնել նաև այլ բաներ։ Բնավորությունները, ընդունակությունները և փորձառությունը տարբեր են լինում։ Օրինակ՝ եթե եղբայրը մարդամոտ է և կենսուրախ, ապա նա թերևս կարող է լինել սպասարկու։ Այն եղբայրը, ով պարտաճանաչ է ու կազմակերպված, թերևս կարող է լինել ժողովի քարտուղարի լավ օգնական։ Իսկ այն քույրը, ով լավ է հասկանում գեղագիտությունից, կարող է ձևավորել Հիշատակի երեկոյի ծաղիկները։

Հանձնարարություններ տալիս հստակ բացատրիր, թե ինչ է ակնկալվում։ Հովհաննես Մկրտիչը իր աշակերտներին Հիսուսի մոտ ուղարկելուց առաջ բացատրեց, թե ինչ է ուզում իմանալ, և թե ինչ բառերով պետք է ձևակերպեն հարցը (Ղուկ. 7։18–20)։ Իսկ ահա Հիսուսը, երբ իր աշակերտներին պատվիրեց հրաշքով ստացված սննդի մնացորդը հավաքել, մանրամասնորեն չբացատրեց, թե ինչպես անել այդ հանձնարարությունը (Հովհ. 6։12, 13)։ Տեսնում ենք, որ շատ բան կախված է գործի բնույթից և օգնականի որակներից ու ընդունակություններից։ Ե՛վ հանձնարարություն ստացողը, և՛ հանձնարարություն տվողը պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ արդյունքի են ուզում հասնել, և թե օգնականը որքան հաճախ պետք է տեղյակ պահի լիազորողին գործի կատարման ընթացքի մասին։ Նրանք երկուսն էլ պետք է իմանան, թե ինչ հարցեր են թողնված հանձնարարությունը ստանձնած եղբոր հայեցողությանը։ Եթե գործի համար հարկավոր է սահմանել ժամկետ, ապա շատ ավելի լավ կլինի եղբոր հետ քննարկել, թե երբ այն պետք է ավարտվի, և ոչ թե նրան պարզապես տեղեկացնել, որ հանձնարարությունը պետք է կատարված լինի մինչև այսինչ օրը։

Պատասխանատվություն ստանձնած քրիստոնյային պետք է տրամադրել անհրաժեշտ ամեն բան, իսկ եթե պետք է, նաև օգնել։ Գուցե տեղին լինի տրված հանձնարարության մասին հայտնել ուրիշներին։ Երբ Հիսուսը Պետրոսին վստահեց «երկնքի թագավորության բանալիները», նա այդ մասին խոսեց մյուս աշակերտների ներկայությամբ (Մատթ. 16։13–19)։ Նույն ձևով էլ, առանձին դեպքերում լավ կլինի ժողովին տեղյակ պահել, թե ով է պատասխանատու այսինչ գործի համար։

Սակայն հարկավոր է զգույշ լինել։ Եթե պատասխանատվություն ես վստահել, բայց նաև անհարկի միջամտում ես, փաստորեն, հանձնարարություն ստացածին ասում ես. «Ես քեզ չեմ վստահում»։ Իհարկե, երբեմն արդյունքը չի լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին որ ակնկալում էիր։ Բայց եթե եղբորը որոշակի ազատություն տաս, նա, հավանաբար, ձեռք կբերի վստահություն և փորձ։ Իհարկե, սա չի նշանակում անտարբեր լինել այն բանի հանդեպ, թե ինչպես է եղբայրը կատարում հանձնարարությունը։ Թեև Եհովան արարչագործության մեջ իր Որդուն ինչ–որ պատասխանատվություն վստահեց, այնուամենայնիվ Նա մի կողմ չքաշվեց։ Աստված Հմուտ վարպետին ասաց. «Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք» (Ծննդ. 1։26)։ Եվ այսպես, քո խոսքերով ու գործողություններով աջակցիր հանձնարարություն ստացած եղբորը և գովիր նրան իր ջանքերի համար։ Եթե նա չի կատարում հանձնարարությունն այնպես, ինչպես որ պետք է, մի վարանիր լրացուցիչ խորհուրդ տալ կամ օգնություն առաջարկել, որովհետև, ի վերջո, դու ես պատասխանատու այդ գործի համար (Ղուկ. 12։48)։ Իսկ երբ աշխատանքն ավարտվի, եղբայրը օգուտներ կքաղի, եթե հակիրճ ամփոփես արդյունքները։

Այո՛, շատերն են օգուտներ քաղում՝ ստանալով հանձնարարություններ երեցներից, որոնք անկեղծորեն հետաքրքրվում են նրանց հաջողություններով։ Բոլոր երեցները պետք է իմանան, թե ինչու և ինչպես պատասխանատվություններ վստահեն մյուսներին։ Վստահելով՝ նրանք կընդօրինակեն Եհովային։

[շրջանակ 29–րդ էջի վրա]

ԵԹԵ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՍ

• հնարավորություն ես տալիս, որ ուրիշներն էլ ուրախություն ստանան

• արդյունքում ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարվում

• իմաստություն և համեստություն ես դրսևորում

• ուսուցանում ես ուրիշներին

• հավատում ես, որ եղբայրդ պատասխանատվության զգացում ունի

[շրջանակ 30–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ՎՍՏԱՀԵԼ

• Տվյալ գործի վրա նշանակիր համապատասխան մարդու

• Հստակ բացատրիր, բաց հաղորդակցություն պահիր

• Քննարկիր, թե ինչ արդյունքներ են ակնկալվում

• Ապահովիր բոլոր անհրաժեշտ միջոցներով

• Հետաքրքրվիր գործի կատարման ընթացքով, արտահայտիր վստահություն

• Հիշիր, որ վերջնական արդյունքի համար դու ես պատասխանատու

[նկարներ 31–րդ էջի վրա]

Վստահել նշանակում է տալ հանձնարարություն և հետևել կատարման ընթացքին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը