Հավիտենական կյանք երկրի վրա. կորած հույսը գտնվում է
«Ով Դանիէլ փակիր այս խօսքերը.... մինչեւ վերջի ժամանակը. շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ» (ԴԱՆ. 12։4)։
1, 2. Ի՞նչ հարցեր կքննարկենք այս հոդվածում։
ԱՅՍՕՐ միլիոնավոր մարդիկ լավ հասկանում են, թե ինչ սուրբգրային հիմքեր կան հավատալու, որ մարդը հնարավորություն ունի հավիտյան ապրելու դրախտ–երկրի վրա (Հայտն. 7։9, 17)։ Մարդկության պատմության սկզբում Աստված հստակ ցույց տվեց, որ մարդը ստեղծվել է ոչ թե մի քանի տարի, այլ հավիտյան ապրելու համար (Ծննդ. 1։26–28)։
2 Հին իսրայելացիները հույս ունեին, որ մարդը մի գեղեցիկ օր կգտնի Ադամի կորցրած կատարելությունը։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները բացատրում են, թե ինչպես Աստված հնարավոր կդարձնի հավիտենական կյանքը երկրի վրա։ Ժամանակի ընթացքում այդ հույսը կորավ, բայց հետո գտնվեց։ Ինչպե՞ս այդ ամենը տեղի ունեցավ, և ինչպե՞ս այդ հույսը հայտնի դարձավ միլիոնավոր մարդկանց։ Քննենք այս հարցերը։
Հույսը պարուրվում է մշուշով
3. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ հավիտենական կյանքի հույսը պարուրվեց մշուշով։
3 Հիսուսը կանխագուշակեց, որ սուտ մարգարեները աղավաղելու են իր ուսմունքները, և մարդկանց մեծամասնությունը մոլորվելու է (Մատթ. 24։11)։ Պետրոս առաքյալը քրիստոնյաներին նախազգուշացրեց. «Ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն» (2 Պետ. 2։1)։ Իսկ Պողոս առաքյալը նշեց. «Կգա մի ժամանակ, երբ [մարդիկ] չեն հանդուրժի առողջ ուսմունքը, այլ սեփական ցանկությունների համեմատ՝ իրենց համար ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար» (2 Տիմոթ. 4։3, 4)։ Սատանան մոլորեցնում է մարդկանց և հավատուրաց քրիստոնեության միջոցով քողարկում է, թե իրականում որն է Աստծու նպատակը մարդու և երկրի առնչությամբ (կարդա՛ 2 Կորնթացիներ 4։3, 4)։
4. Ի՞նչը մերժեցին հավատուրաց կրոնական առաջնորդները։
4 Աստվածաշունչը բացատրում է, որ Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է, որը փշրելու է և վերջ է դնելու մարդկային բոլոր իշխանություններին (Դան. 2։44)։ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում Սատանան անդունդում է լինելու, մահացածները հարություն են առնելու և մարդկությունը հասնելու է կատարելության (Հայտն. 20։1–3, 6, 12; 21։1–4)։ Սակայն քրիստոնեական աշխարհի հավատուրաց կրոնական առաջնորդները այլ գաղափարներ են որդեգրել։ Օրինակ՝ Օրիգենես Ալեքսանդրացին, որը եկեղեցու հայրերից է (երրորդ դար), դատապարտեց նրանց, ովքեր հավատում էին Հազարամյակի երկրային օրհնություններին։ Իսկ կաթոլիկ աստվածաբան Օգոստինոսը (354–430 թթ.) «համոզված էր, որ ոչ մի հազարամյակ էլ չի լինելու» (The Catholic Encyclopedia)a։
5, 6. Ինչո՞ւ էին Օրիգենեսն ու Օգոստինոսը ընդդիմանում հազարամյակի գաղափարին։
5 Ինչո՞ւ էին Օրիգենեսն ու Օգոստինոսը ընդդիմանում հազարամյակի գաղափարին։ Օրիգենեսը Կղեմես Ալեքսանդրացու աշակերտներից էր, որը հունական ավանդույթներից ընդունել էր անմահ հոգու գաղափարը։ Օրիգենեսի վրա մեծ ազդեցություն են թողել հոգու մասին Պլատոնի գաղափարները։ Աստվածաբան Վերներ Յագերը նշում է, որ Օրիգենեսը քրիստոնեական դավանաբանությանը ներհյուսեց հոգու և նրա ապագայի մասին Պլատոնի գաղափարը։ Այսպիսով՝ Օրիգենեսը Հազարամյակի երկրային օրհնությունները «տեղափոխեց» հոգևոր ոլորտ։
6 Նախքան 33 տարեկանում «քրիստոնյա» դառնալը Օգոստինոսը նեոպլատոնական էր, այսինքն՝ հարում էր Պլատոնի փիլիսոփայության մի ուղղության, որը երրորդ դարում զարգացրել էր Պլոտինը։ Չնայած հավատափոխությանը՝ Օգոստինոսը հոգով ու սրտով մնաց նեոպլատոնական։ «Նրա ուղեղը մի հալաման էր, որտեղ լիակատար իրար խառնվեցին Նոր Կտակարանի կրոնը և հունական փիլիսոփայության պլատոնական ավանդույթները» (The New Encyclopædia Britannica)։ Օգոստինոսը Հայտնություն 20–րդ գլխում նկարագրված Հազարամյա Իշխանությանը «այլաբանական բացատրություն տվեց։ Հետագայում այս բացատրությունը.... որդեգրվեց Արևմուտքի աստվածաբանների կողմից, և հազարամյա թագավորության հանդեպ հավատը իր նախկին ձևակերպմամբ այլևս աջակցություն չգտավ» (The Catholic Encyclopedia)։
7. Ո՞ր կեղծ հավատալիքը քողով ծածկեց երկրի վրա հավիտյան ապրելու հույսը և ինչպե՞ս։
7 Հին բաբելոնական այն գաղափարը, որ մարդն ունի մարմնի մեջ բնակվող անմահ հոգի կամ ոգի, սև քողով ծածկեց երկրի վրա հավիտյան ապրելու հույսը։ Այդ գաղափարը տարածվեց ամենուրեք և որդեգրվեց նաև քրիստոնեական աշխարհի կողմից։ Աստվածաբանները Գրությունները ծռեցին այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե Աստծու Խոսքը սովորեցնում է՝ իբր բոլոր լավ մարդիկ գնում են երկինք։ Ըստ այս տեսակետի՝ մարդու կյանքը երկրի վրա ժամանակավոր է. այստեղ նա փորձվում է, որպեսզի պարզվի, թե արդյոք արժանի է ապրելու երկնքում։ Նման մի բան պատահեց այն հույսին, որ հրեաներն ունեին երկրի վրա հավիտյան ապրելու առնչությամբ։ Նրանք աստիճանաբար ընդունեցին անմահ հոգու մասին գաղափարը, և նրանց սկզբնական հույսը՝ հավիտենական կյանք երկրի վրա, սկսեց մարել։ Այնինչ Աստվածաշունչը բոլորովին այլ կերպ է ներկայացնում մարդուն։ Նա ֆիզիկական էակ է, ոչ թե ոգի. Եհովան առաջին մարդուն ասաց. «Հող էիր դու» (Ծննդ. 3։19)։ Մարդու հավիտենական տունը երկիրն է և ոչ թե երկինքը (կարդա՛ Սաղմոս 104։5; 115։16)։
Ճշմարտությունը փայլատակում է խավարում
8. Ի՞նչ են ասել 17–րդ դարի որոշ գիտնականներ մարդկանց հույսի մասին։
8 Սատանան մեծ ջանքեր է թափել, որ կեղծ քրիստոնեական կրոնները չուսուցանեն երկրի վրա հավիտյան ապրելու գաղափարը։ Բայց նրան միշտ չի հաջողվել մշուշով պարուրել ճշմարտությունը։ Դարեր առաջ ճշմարտությունը փայլատակեց խավարում. Աստվածաշնչի մի քանի խորաքնին ընթերցողներ հասկացան որոշ բաներ, թե ինչպես է Աստված մարդկությանը կրկին կատարյալ դարձնելու (Սաղ. 97։11; Մատթ. 7։13, 14; 13։37–39)։ 17–րդ դարում Աստվածաշնչի թարգմանությունը և տպագրությունը մեծ թափ առավ, և Սուրբ Գիրքը շատ ավելի մատչելի դարձավ։ 1651 թ.–ին մի գիտնական գրեց, որ «Ադամի պատճառով մարդիկ զրկվեցին Դրախտից և Երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորությունից», սակայն Քրիստոսի միջոցով «բոլոր մարդիկ կկենդանանան Երկրի վրա։ Այլ տրամաբանություն լինել չի կարող» (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։21, 22)։ Անգլիացի հանրաճանաչ բանաստեղծ Ջոն Միլթոնը (1608–1674) գրեց «Դրախտ կորուսյալ» պոեմը և դրա շարունակությունը՝ «Դրախտ վերադարձյալ»–ը։ Իր աշխատություններում Միլթոնը գրել է այն վարձատրության մասին, որը հավատարիմները կստանան դրախտ–երկրում։ Ճիշտ է, նա ամբողջ կյանքում ուսումնասիրեց Աստվածաշունչը, բայց նաև ընդունեց, որ սուրբգրային ճշմարտությունը լիովին հասկանալ հնարավոր չի լինի, մինչև որ չսկսվի Քրիստոսի ներկայությունը։
9, 10. ա) Ի՞նչ է գրել Իսահակ Նյուտոնը մարդկանց հույսի մասին։ բ) Ինչո՞ւ էր Նյուտոնը կարծում, որ Քրիստոսի ներկայությունը հեռավոր ապագայում է լինելու։
9 Հռչակավոր մաթեմատիկոս Իսահակ Նյուտոնը (1642–1727) նույնպես մեծ հետաքրքրություն ուներ Աստվածաշնչի հանդեպ։ Նա հասկանում էր, որ սրբերը հարություն կառնեն երկնային կյանքի և Քրիստոսի հետ անտեսանելի կերպով կիշխեն (Հայտն. 5։9, 10)։ Իսկ Թագավորության հպատակների մասին գրեց. «Դատաստանի օրից հետո երկրի վրա կշարունակեն ապրել մահկանացուներ, ընդ որում ոչ միայն 1000 տարի, այլև հավիտյան»։
10 Ըստ Նյուտոնի՝ Քրիստոսի ներկայությունը լինելու էր դարեր անց։ Պատմաբան Ստիվեն Սնոբելենը ասում է. «Պատճառներից մեկը, թե ինչու էր Նյուտոնը կարծում, որ Աստծու Թագավորությունը հեռավոր ապագայում է լինելու, այն էր, որ նա ոչ մի հույս չէր կապում հավատուրաց եկեղեցու և նրա՝ լայնորեն տարածված Երրորդության ուսմունքի հետ»։ Բարի լուրը դեռևս ծածկված էր շղարշով։ Նյուտոնը չէր տեսնում որևէ քրիստոնեական շարժում, որը կարող էր քարոզել այդ լուրը։ Նա գրեց. «Դանիելի մարգարեությունները և Հովհաննեսի [«Հայտնություն» գրքում գրված] մարգարեությունները չենք կարող հասկանալ, մինչև որ չգա վերջի ժամանակը.... «Հետո,— ասում է Դանիելը,— շատերը այս ու այն կողմ կվազեն, և գիտությունը կշատանա»։ Քանզի Ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերում, և դրանից հետո կգա մեծ նեղությունը և աշխարհի վերջը։ Արմավենու ճյուղեր բռնած մարդկանց բազմությունը, որը դուրս է գալիս այդ մեծ նեղությունից, չի կարող լինել անհաշվելի և չի կարող լինել բոլոր ազգերից, մինչև որ Ավետարանը չքարոզվի» (Դան. 12։4; Մատթ. 24։14; Հայտն. 7։9, 10)։
11. Ինչո՞ւ Միլթոնի և Նյուտոնի օրերում մարդկանց մեծամասնության համար հավիտենական կյանքի հույսը շարունակում էր պարուրված մնալ մշուշով։
11 Միլթոնի և Նյուտոնի օրերում եկեղեցու դավանաբանությանը հակառակ տեսակետներ արտահայտելը վտանգավոր էր։ Ուստի այդ հեղինակների աստվածաշնչյան ուսումնասիրությունների մեծ մասը հրապարակվեցին միայն նրանց մահից հետո։ 16–րդ դարի Ռեֆորմացիան չփոխեց անմահ հոգու մասին ուսմունքը։ Հիմնական բողոքական եկեղեցիները շարունակեցին սովորեցնել Օգոստինոսի այն գաղափարը, որ Հազարամյակն արդեն սկսվել է և պետք չէ դրան սպասել ապագայում։ Արդյո՞ք «գիտությունը շատացավ վերջի ժամանակում»։
«Գիտութիւնը պիտի շատանայ»
12. Ե՞րբ էր «գիտությունը շատանալու»։
12 «Վերջի ժամանակի» վերաբերյալ Դանիելը մի անչափ հուսադրող մարգարեություն գրեց (կարդա՛ Դանիէլ 12։3, 4, 9, 10)։ «Այդ ժամանակ արդարները արևի նման պայծառ կշողան» (Մատթ. 13։43)։ Ինչպե՞ս «գիտությունը շատացավ վերջի ժամանակում»։ Քննենք մի քանի պատմական զարգացումներ, որոնք տեղի ունեցան 1914–ից տասնամյակներ առաջ, մի թվական, երբ «վերջի ժամանակը» սկսվեց։
13. Ի՞նչ գրեց Չարլզ Թեյզ Ռասելը մարդու կատարելության վերականգնման հարցը քննելուց հետո։
13 19–րդ դարի վերջում անկեղծ մարդկանց մի խումբ փորձում էր հասկանալ «առողջ խոսքերի օրինակը» (2 Տիմոթ. 1։13)։ Նրանցից էր Չարլզ Թեյզ Ռասելը։ 1870–ին նա և ճշմարտությունը փնտրող մի քանի մարդիկ Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ կազմավորեցին։ 1872–ին նրանք քննեցին մարդու կատարելության վերականգնման հարցը։ Ավելի ուշ Ռասելը գրեց. «Մինչև այդ պահը մենք չէինք նկատել, որ մեծ տարբերություն կա այժմ փորձության ենթարկվող եկեղեցու [օծյալ քրիստոնյաների ժողովի] պարգևի և աշխարհի հավատարիմների պարգևի միջև»։ Վերջիններիս պարգևն է՝ «վերադարձ դեպի մարդու էության կատարելություն, որը մի ժամանակ Եդեմում վայելում էր մարդկության նախահայր Ադամը»։ Ռասելն ընդունում էր, որ Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ իրեն օգնել են ուրիշները։ Ովքե՞ր։
14. ա) Ինչպե՞ս էր Հենրի Դանը հասկացել Գործեր 3։21 համարը։ բ) Ըստ Դանի՝ ովքե՞ր են հավիտյան ապրելու երկրի վրա։
14 Նրանցից մեկը Հենրի Դանն էր։ Նա գրեց «բոլոր բաների վերականգնման ժամանակների մասին, ինչի մասին որ Աստված խոսեց հնում ապրած իր սուրբ մարգարեների բերանով» (Գործ. 3։21)։ Դանը գիտեր, որ այդ վերականգնման մեջ էր մտնում մարդու կատարելության վերականգնումը Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։ Նա քննեց նաև մի հարց, որը շատերին հանգիստ չէր տալիս. «Ովքե՞ր են հավիտյան ապրելու երկրի վրա»։ Դանը բացատրեց, որ միլիոնավոր մարդիկ հարություն կառնեն, կսովորեն ճշմարտությունը և հնարավորություն կունենան հավատ ընծայելու Քրիստոսին։
15. Ի՞նչ էր հասկացել Ջորջ Սթորզը հարության վերաբերյալ։
15 1870–ին Ջորջ Սթորզը նույնպես եկավ այն եզրակացության, որ անարդարները հարություն կառնեն, և նրանց հավիտյան ապրելու հնարավորություն կտրվի։ Սթորզը նաև Գրություններից հասկացավ, որ հարություն առած այն մարդիկ, ովքեր կմերժեն այդ հնարավորությունը, «կմահանան, նույնիսկ եթե «մեղավորը հարյուր տարեկան լինի»» (Ես. 65։20, ԱԱ)։ Նա ապրում էր Բրուքլինում (Նյու Յորք) և «Աստվածաշնչի հետազոտող» պարբերագրի խմբագիրն էր (Bible Examiner)։
16. Ի՞նչն էր Աստվածաշունչ ուսումնասիրողներին զատում քրիստոնեական աշխարհից։
16 Ռասելը Աստվածաշնչից հասկացավ, որ եկել է ժամանակը բարի լուրը քարոզելու ամենուր։ Ուստի 1879–ին նա սկսեց հրատարակել «Սիոնի Դիտարան և Քրիստոսի ներկայության մունետիկ» պարբերագիրը, որն այժմ կոչվում է «Դիտարան. ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»։ Մինչ այդ մատների վրա կարելի էր հաշվել նրանց, ովքեր գիտեին, թե իրականում ինչ հույս կարող են մարդիկ ունենալ, այնինչ այդ ժամանակ բազմաթիվ երկրներում արդեն կային Աստվածաշունչ ուսումնասիրողների խմբեր, որոնք ստանում և ուսումնասիրում էին «Դիտարանը»։ Քրիստոնեական աշխարհից նրանց զատում էր այն ուսմունքը, ըստ որի՝ միայն քչերն են գնալու երկինք, իսկ միլիոնավոր մարդիկ կատարյալ են դառնալու և ապրելու են երկրի վրա։
17. Ինչպե՞ս «գիտությունը շատացավ»։
17 Կանխագուշակված «վերջի ժամանակը» սկսվեց 1914–ին։ Շատացա՞վ մարդկության հույսի մասին գիտությունը (Դան. 12։4)։ 1913–ին Ռասելի քարոզները տպագրվում էին 2 000 թերթերում, որոնք ընթերցում էր 15 000 000 մարդ։ 1914–ի վերջում ավելի քան 9 000 000 մարդ երեք մայրցամաքներում դիտեց «Արարչության լուսադրաման»։ Այն ներառում էր ֆիլմեր և սլայդներ, որոնք բացատրում էին Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը։ 1918–1925 թթ.-ին Եհովայի ծառաները ավելի քան 30 լեզվով ամբողջ աշխարհում ներկայացրին «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթը, որը բացատրում էր երկրի վրա հավիտյան ապրելու հույսը։ 1934–ին Եհովայի վկաները հասկացան, որ ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու երկրի վրա, պետք է մկրտվեն։ Այս բանի ըմբռնումը նրանց նոր եռանդ հաղորդեց Թագավորության բարի լուրը քարոզելու գործում։ Այսօր ևս երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարը միլիոնավոր մարդկանց սրտերը լցնում է Եհովայի հանդեպ երախտագիտությամբ։
Առջևում «փառահեղ ազատությունն» է
18, 19. Ինչպիսի՞ կյանք է նկարագրված Եսայիա 65։21–25 համարներում։
18 Եսայիա մարգարեն 2 700 տարի առաջ գրեց, թե ինչպիսի կյանք է վայելելու Աստծու ժողովուրդը երկրի վրա (կարդա՛ Եսայիա 65։21–25)։ Որոշ ծառեր, որ կային այն ժամանակ, ըստ ամենայնի, ապրում են մինչև օրս։ Կարո՞ղ ես պատկերացնել քեզ այդքան երկար ապրելիս, պատկերացնել, որ ուժեղ ես և առողջ։
19 Այն ժամանակ կյանքը չի լինի ընդամենը մեկ կարճ քայլ՝ օրորոցից դեպի գերեզման։ Մարդիկ կառուցելու, տնկելու և սովորելու անվերջ հնարավորություններ կունենան։ Խորհիր, թե ինչքան շատ ընկերներ կունենաս և թե ինչպիսի փոխհարաբերություններ կվայելես նրանց հետ։ Ի՜նչ «փառահեղ ազատություն» կվայելեն «Աստծու զավակները» (Հռոմ. 8։21)։
[ծանոթագրություն]
a Օգոստինոսը պնդում էր, թե Աստծու Թագավորության Հազարամյա Իշխանությունը եկեղեցու հիմնադրմամբ արդեն իսկ սկսվել է, ուստի այն չի կարող լինել ապագայում։
Կարո՞ղ ես բացատրել
• Երկրի վրա հավիտյան ապրելու հույսը ինչպե՞ս պարուրվեց մշուշով։
• 17–րդ դարում Աստվածաշնչի որոշ ընթերցողներ ի՞նչ հասկացան։
• Ինչպե՞ս ավելի շատ լույս սփռվեց մարդկության ճշմարիտ հույսի վրա նախքան 1914 թվականը։
• Երկրային հույսի մասին գիտությունը ինչպե՞ս շատացավ։
[նկարներ 13–րդ էջի վրա]
Բանաստեղծ Ջ. Միլթոնը (ձախում) և մաթեմատիկոս Ի. Նյուտոնը (աջում) գիտեին երկրի վրա հավիտյան ապրելու հույսի մասին
[նկարներ 15–րդ էջի վրա]
Աստվածաշունչ ուսումնասիրողները Գրություններից հասկացան, որ ժամանակն է ճշմարիտ հույսը հռչակելու ամենուր