Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 8/15 էջ 18–22
  • Մնա Աստծու սիրո մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մնա Աստծու սիրո մեջ
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող ենք մնալ Աստծու սիրո մեջ
  • Առանձնահատուկ նվեր՝ Եհովայից
  • Սիրիր նրանց, ում սիրում է Եհովան
  • Հարգիր նրանց, ում Աստված իշխանություն է տվել
  • Մաքուր մնա Աստծու աչքում
  • «Սա է Աստծու հանդեպ սերը»
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Աստծու և մեր միջև սերը կարող է հարատև լինել
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Մնա Աստծու սիրո մեջ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Նամակ Կառավարիչ մարմնից
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
2009 Դիտարան
w09 8/15 էջ 18–22

Մնա Աստծու սիրո մեջ

«Պահե՛ք ձեզ Աստծու սիրո մեջ, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը՝ հավիտենական կյանքի հեռանկարն ունենալով» (ՀՈՒԴԱ 21)։

1, 2. Ինչպե՞ս է Եհովան ցույց տվել իր սերը մեր հանդեպ, և որտեղի՞ց գիտենք, որ նրա սիրո մեջ մնալու համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք։

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մեր հանդեպ իր սերը ցույց է տվել բազմաթիվ կերպերով։ Բայց Եհովայի սիրո մեծագույն դրսևորումը Հիսուսի քավիչ զոհն է։ Մարդկանց հանդեպ Աստծու սերն այնքան մեծ էր, որ նա իր սիրելի Որդուն ուղարկեց երկիր՝ մահանալու մեզ համար (Հովհ. 3։16)։ Եհովան այդպես վարվեց, որովհետև ուզում է, որ մենք հավիտյան ապրենք ու հավիտյան էլ վայելենք նրա սերը։

2 Բայց կարո՞ղ ենք ասել, որ Եհովան մեզ միշտ կպահի իր սիրո մեջ, անկախ այն բանից, թե ինչպես ենք վարվում և ինչ որոշումներ ենք կայացնում։ Ո՛չ։ Հուդա 21–ում մեզ հորդոր է տրվում. «Պահե՛ք ձեզ Աստծու սիրո մեջ, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը՝ հավիտենական կյանքի հեռանկարն ունենալով»։ «Պահե՛ք ձեզ Աստծու սիրո մեջ» արտահայտությունից երևում է, որ մենք պետք է որոշակի քայլեր անենք, որպեսզի մնանք Աստծու սիրո մեջ։ Իսկ ի՞նչ քայլեր։

Ինչպե՞ս կարող ենք մնալ Աստծու սիրո մեջ

3. Ըստ Հիսուսի՝ ի՞նչ էր իրեն անհրաժեշտ Հոր սիրո մեջ մնալու համար։

3 Այս հարցի պատասխանը գտնում ենք Հիսուսի խոսքերում, որոնք նա ասաց իր վերջին գիշերը։ Հովհաննես 15։10–ում կարդում ենք. «Եթե դուք իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես որ ես պահեցի Հոր պատվիրանները և մնում եմ նրա սիրո մեջ»։ Անշուշտ, Հիսուսը գիտեր, որ իր Հոր մոտ բարի անուն ունենալու համար ինքը անպայման պետք է պահի նրա պատվիրանները։ Եթե կատարյալ Որդին էր պահում Հոր պատվիրանները, ապա մի՞թե մենք էլ չպիտի նույնն անենք։

4, 5. ա) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային։ բ) Ինչո՞ւ պատճառ չկա խորշելու այն մտքից, որ պետք է հնազանդվենք Եհովայի պատվիրաններին։

4 Մենք Եհովայի հանդեպ մեր սերը գլխավորապես ցույց ենք տալիս՝ նրան հնազանդվելով։ Հովհաննես առաքյալը այդ միտքն արտահայտեց այսպես. «Սա է Աստծու [հանդեպ] սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանրաբեռնող չեն» (1 Հովհ. 5։3)։ Իհարկե, այսօրվա աշխարհում հնազանդության միտքն անգամ տհաճություն է պատճառում շատերին։ Բայց նկատենք, որ «նրա պատվիրանները ծանրաբեռնող չեն»։ Եհովան մեզ չի պատվիրում անել մի բան, ինչը մեր ուժերից վեր է։

5 Օրինակ՝ կխնդրեի՞ր քո մտերիմ ընկերոջը տեղափոխել մի բան, որը, գիտես, չի կարող անգամ տեղից շարժել։ Իհարկե ոչ։ Եհովան շատ ավելի բարի է ու շատ ավելի լավ է հասկանում, որ մեր կարողությունները սահմանափակ են։ Աստվածաշունչը վստահեցնում է. «[Եհովան] յիշում է որ հող ենք մենք» (Սաղ. 103։14)։ Նա երբեք չի պահանջում ավելին, քան կարող ենք անել։ Ուստի ոչ մի պատճառ չունենք խորշելու այն մտքից, որ պետք է հնազանդվենք Եհովայի պատվիրաններին։ Հակառակը՝ հասկանում ենք, որ հնազանդվելով մեր երկնային Հորը՝ ցույց ենք տալիս, որ իսկապես սիրում ենք նրան և ուզում ենք մնալ նրա սիրո մեջ։

Առանձնահատուկ նվեր՝ Եհովայից

6, 7. ա) Ի՞նչ է խիղճը։ բ) Օրինակով պարզաբանիր, թե ինչպես է խիղճն օգնում մեզ մնալու Աստծու սիրո մեջ։

6 Շատ անգամ ստիպված ենք լինում կայացնելու որոշումներ, որոնք առնչվում են Աստծու հանդեպ մեր հնազանդությանը։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ այդ որոշումները ներդաշնակ են նրա կամքին։ Եհովան մեզ տվել է մի նվեր, որը կարող է մեծապես օգնել հնազանդություն դրսևորելու հարցում։ Այդ նվերը խիղճն է։ Իսկ ի՞նչ է խիղճը։ Դա հատուկ ունակություն է՝ քննելու սեփական արարքները, մղումները և որոշումները։ Այն կարծես ներքին դատավոր լինի, որն օգնում է մեզ որոշումներ կայացնելու զանազան իրավիճակներում, խորհելու արդեն իսկ կատարած քայլերի շուրջ և գնահատելու դրանց լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ լինելը (կարդա՛ Հռոմեացիներ 2։14, 15)։

7 Ինչպե՞ս է խիղճը մեզ օգնում։ Քննենք մի օրինակ։ Ճանապարհորդն անցնում է անծայրածիր անապատով։ Չկան ո՛չ ճանապարհներ, ո՛չ ցուցանշաններ և ո՛չ էլ նույնիսկ արահետներ։ Բայց նա շարունակում է վստահ քայլել իր նշանակետի ուղղությամբ։ Ի՞նչն է նրան օգնում։ Նա ունի կողմնացույց, որի վրա նշված են հորիզոնի չորս կողմերը, և որի մագնիսական սլաքը միշտ ցույց է տալիս դեպի հյուսիս։ Առանց կողմնացույցի՝ ճանապարհորդն անհույս կկորչեր։ Նմանապես, առանց խղճի՝ մարդն «անհույս կկորչի», եթե կայացնի բարոյականությանը, վարվելակերպին և արդարությանը առնչվող որոշումներ։

8, 9. ա) Ո՞ր դեպքերում մեր խիղճը չի կարող օգնել մեզ։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր խիղճն իսկապես օգտակար լինի։

8 Կողմնացույցը, սակայն, միշտ չէ, որ կարող է անխափան գործել։ Օրինակ՝ եթե ճանապարհորդը մագնիս դնի կողմնացույցի մոտ, ապա սլաքը կշեղվի և ցույց չի տա հյուսիսը։ Նույնը կարելի է ասել մեր խղճի մասին։ Եթե մեր սրտի եսասիրական ցանկություններին չափազանց մեծ տեղ տանք, ապա մեր խղճի «սլաքը» ցույց չի տա ճիշտ ուղղությունը։ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ «խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած» (Երեմ. 17։9; Առակ. 4։23)։ Բացի այդ, եթե ճանապարհորդը չունենա ճշգրիտ, վստահելի քարտեզ, նրա կողմնացույցը գրեթե օգուտ չի տա։ Նմանապես, եթե չապավինենք Աստծու Խոսքի վստահելի, անփոփոխ առաջնորդությանը, մեր խիղճը առանձնապես օգտակար չի լինի մեզ համար (Սաղ. 119։105)։ Ցավոք, այս աշխարհում շատերը չափազանց մեծ տեղ են տալիս իրենց սրտի ցանկություններին և գրեթե կամ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում Աստվածաշնչի չափանիշներին (կարդա՛ Եփեսացիներ 4։17–19)։ Ահա թե ինչու են այդքան շատ մարդիկ, խիղճ ունենալով հանդերձ, ահավոր բաներ անում (1 Տիմոթ. 4։2)։

9 Մենք պետք է վճռենք երբեք չնմանվել նրանց։ Փոխարենը՝ եկեք թույլ տանք, որ Աստծու Խոսքը կրթի ու դաստիարակի մեր խիղճը, եթե ուզում ենք, որ այն իսկապես օգտակար լինի մեզ համար։ Մենք պետք է լսենք Աստվածաշնչով կրթված մեր խղճի ձայնին և չպետք է թույլ տանք եսասիրական մղումներին լռեցնելու այն։ Միևնույն ժամանակ պիտի հաշվի առնենք մեր սիրելի եղբայրների և քույրերի խիղճը։ Պետք է ամեն ջանք թափենք, որ չգայթակղեցնենք նրանց՝ հիշելով, որ մեր եղբոր կամ քրոջ խիղճը կարող է ավելի զգայուն լինել, քան մերը։

10. Ի՞նչ ենք այժմ քննելու։

10 Մենք ցույց կտանք, որ սիրում ենք Եհովային ու հնազանդվում ենք նրան, եթե՝ 1) սիրենք նրանց, ում սիրում է Եհովան, 2) հարգենք նրանց, ում Աստված իշխանություն է տվել և 3) ջանանք մաքուր մնալ Աստծու աչքում։ Ինչ խոսք, այս երեք հարցերից յուրաքանչյուրում Աստվածաշնչով կրթված խիղճը կարևոր դեր է խաղում։ Այժմ առանձին–առանձին քննենք դրանք։

Սիրիր նրանց, ում սիրում է Եհովան

11. Ինչո՞ւ պետք է սիրենք նրանց, ում սիրում է Եհովան։

11 Առաջին՝ մենք պետք է սիրենք նրանց, ում սիրում է Եհովան։ Ընկերներն ինչ–որ իմաստով նման են սպունգի։ Ինչպես որ սպունգն է ներծծում հեղուկը, այնպես էլ նրանք են ընդօրինակում միմյանց։ Մեր Արարիչը շատ լավ գիտի, որ լավ ընկերները դրական ազդեցություն են թողնում, իսկ վատ ընկերները՝ բացասական։ Ուստի պատահական չէ նրա հետևյալ իմաստուն խորհուրդը. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ [«չարիքի կը հանդիպի», ԱԱ, ծնթ.]» (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։33)։ Մեզանից ոչ ոք չի ուզում «չարիքի հանդիպել»։ Բոլորս էլ ուզում ենք «իմաստուն դառնալ»։ Ինչ խոսք, ոչ ոք չի կարող Եհովային ավելի իմաստուն դարձնել, և ոչ ոք չի կարող բացասաբար ազդել նրա վրա։ Այնուամենայնիվ, նա ամեն մեկի հետ չէ, որ ընկերություն է անում, ինչով և լավ օրինակ է թողնում մեզ։ Իսկ ո՞ւմ հետ է Եհովան ընկերություն անում։

12. Ո՞ւմ հետ է Եհովան նախընտրում ընկերանալ։

12 Եհովան նահապետ Աբրահամի մասին ասաց, որ նա իր «սիրելին» է, կամ՝ իր «ընկերը» (ՆԱ) (Ես. 41։8)։ Այս մարդն աչքի էր ընկնում հավատարմությամբ, արդարությամբ ու հնազանդությամբ (Հակ. 2։21–23)։ Ահա այդպիսի ընկերներ է իր համար ընտրում Եհովան։ Եթե Եհովան ընտրում է նման ընկերների, մի՞թե մենք ևս այդպիսի ընտրություն չպիտի անենք, այսինքն՝ «քայլենք» (ԱԱ) իմաստունների հետ, ինչի շնորհիվ ինքներս իմաստուն կդառնանք։

13. Ի՞նչը կօգնի քեզ ճիշտ կողմնորոշվելու ընկերների ընտրության հարցում։

13 Ի՞նչը կօգնի քեզ ճիշտ կողմնորոշվելու այս հարցում։ Աստվածաշնչյան օրինակներն ուսումնասիրելը։ Հիշիր Հռութի և նրա սկեսուր Նոեմիի, Դավթի և Հովնաթանի, Տիմոթեոսի և Պողոսի միջև եղած մտերմությունը (Հռութ 1։16, 17; Ա Թագ. 23։16–18; Փիլիպ. 2։19–22)։ Նման մտերմության հիմքում ընկած էր մի բան, որը ամենակարևորն էր. նրանք անկեղծորեն սիրում էին Եհովային։ Կարո՞ղ ես գտնել այնպիսի ընկերների, որոնք սիրում են Եհովային այնքան շատ, ինչքան դու։ Համոզված եղիր՝ քրիստոնեական ժողովում այդպիսի մարդիկ շատ կան։ Նրանք այնպես չեն անի, որ դու «չարիքի հանդիպես»։ Հակառակը՝ կօգնեն քեզ հնազանդվելու Եհովային, հոգևորապես աճելու և «ոգու համար ցանելու» (կարդա՛ Գաղատացիներ 6։7, 8)։ Նրանք կօգնեն քեզ մնալու Աստծու սիրո մեջ։

Հարգիր նրանց, ում Աստված իշխանություն է տվել

14. Ինչո՞ւ ենք հաճախ դժվարանում հարգել իշխանությունը։

14 Երկրորդ՝ մենք պետք է հարգանքով վերաբերվենք նրանց, ում Աստված իշխանություն է տվել։ Բայց ինչո՞ւ ենք երբեմն դժվարանում այդպես վարվել։ Պատճառներից մեկն այն է, որ իշխանություն ունեցող մարդիկ անկատար են։ Բացի դրանից, մենք ինքներս ենք անկատար։ Մեր մեջ ի ծնե ըմբոստանալու հակում կա, և մենք պայքարում ենք դրա դեմ։

15, 16. ա) Ինչո՞ւ է կարևոր հարգել նրանց, ում Եհովան վստահել է իր ժողովրդի հոգածությունը։ բ) Ի՞նչ կարևոր դասեր ենք քաղում այն բանից, թե ինչպես Եհովան արձագանքեց Մովսեսի դեմ ուղղված իսրայելացիների ըմբոստությանը։

15 Բայց գուցե մտածես. «Եթե անկատար մարդկանց իշխանությունը հարգելը դժվար է, ուրեմն իմաստ չունի ջանքեր գործադրել»։ Իմաստ ունի, որովհետև հարցը վերաբերում է այն բանին, թե, ի վերջո, ում ենք ուզում ենթարկվել որպես իշխանի կամ ղեկավարի։ Եթե Եհովան է մեր Գերիշխանը, ուրեմն պետք է հարգենք նրա իշխանությունը։ Իսկ եթե չենք հարգում նրա իշխանությունը, չենք կարող նրան կոչել մեր Ղեկավարը։

16 Նաև պետք է նկատի ունենանք, որ Եհովան իր իշխանությունը սովորաբար բանեցնում է անկատար մարդկանց միջոցով. Աստված իր ժողովրդի հոգածությունը նրանց է վստահում։ Ինչպե՞ս նա կարձագանքի, եթե ըմբոստանանք այդ մարդկանց դեմ (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13)։ Երբ իսրայելացիները տրտնջացին ու ապստամբեցին Մովսեսի դեմ, Եհովան նրանց քայլերն ընդունեց որպես իր դեմ ուղղված ըմբոստություն (Թուոց 14։26, 27)։ Աստված չի փոխվել։ Եթե երբևէ ըմբոստանանք այն մարդկանց դեմ, ում նա իշխանություն է տվել, մենք ըմբոստացած կլինենք հենց նրա դեմ։

17. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր իշխանություն ունեն քրիստոնեական ժողովում։

17 Պողոս առաքյալը պարզաբանում է, թե ինչպես պետք է վերաբերվենք նրանց, ովքեր իշխանություն ունեն քրիստոնեական ժողովում։ Նա գրեց. «Հնազանդվե՛ք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, և հպատակվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար՝ իբրև այնպիսիներ, որոնք հաշիվ պետք է տան. որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբր. 13։17)։ Ինչ խոսք, հնազանդություն սովորելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Բայց հիշենք, որ դա կօգնի մեզ մնալու Աստծու սիրո մեջ։ Մի՞թե չարժե դրա համար ամեն ջանք թափել։

Մաքուր մնա Աստծու աչքում

18. Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ միշտ մաքուր լինենք։

18 Երրորդ՝ մենք ջանում ենք մաքուր լինել Եհովայի աչքում։ Սովորաբար ծնողը ամեն ինչ անում է, որ իր երեխան մաքուր լինի։ Ինչո՞ւ։ Մաքուր լինելը էապես նպաստում է երեխայի առողջությանն ու բարօրությանը։ Բացի այդ, մաքուր երեխան պատիվ է բերում իր ընտանիքին։ Նրան նայելով՝ կարելի է եզրակացնել, թե որքան սիրող և ուշադիր են նրա ծնողները։ Նմանապես, Եհովան ուզում է, որ մենք մաքուր լինենք։ Նա գիտի, որ մաքրությունը շատ կարևոր է մեր բարօրության համար։ Նաև գիտի, որ մեր մաքրությամբ պատիվ ենք բերում իրեն՝ մեր երկնային Հորը։ Սա շատ կարևոր է, քանի որ մարդիկ, տեսնելով, թե մենք որքան շատ ենք տարբերվում այս պիղծ աշխարհից, գուցե ցանկանան գալ դեպի Աստված ու ծառայել իրեն։

19. Որտեղի՞ց գիտենք, որ ֆիզիկական մաքրությունը կարևոր է։

19 Ո՞ր հարցերում պետք է մաքուր մնանք։ Բոլոր։ Հնում Եհովան իր ժողովրդին՝ Իսրայելին, պարզորոշ ասել էր, որ ֆիզիկական մաքրությունը շատ կարևոր է (Ղեւտ. 15։31)։ Մովսիսական օրենքում կային կանոններ արտաթորանքները հողով ծածկելու, տարբեր ամաններ մաքրելու, ձեռքերը, ոտքերն ու հագուստները լվանալու վերաբերյալ (Ելից 30։17–21; Ղեւտ. 11։32; Թուոց 19։17–20; Բ Օրին. 23։13, 14)։ Իսրայելացիներին հիշեցում էր տրվում, որ իրենց Աստվածը՝ Եհովան, սուրբ է, այսինքն՝ մաքուր և անարատ։ Սուրբ Աստծու ծառաները պետք է նրա պես սուրբ լինեն (կարդա՛ Ղեւտացոց 11։44, 45)։

20. Ո՞ր առումներով պետք է մաքուր մնանք։

20 Փաստորեն, մենք պետք է սուրբ լինենք ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքնապես։ Մենք ձգտում ենք մեր միտքը մաքուր պահել։ Մենք հավատարիմ ենք մնում Եհովայի՝ բարոյական մաքրությանը վերաբերող չափանիշներին՝ անկախ նրանից, թե սեռական հարցերում որքան է ապականված աշխարհը։ Իսկ որ ամենակարևորն է, ջանք չենք խնայում մաքուր պահել մեր երկրպագությունը՝ խուսափելով կեղծ կրոնական պղծություններից։ Մենք միշտ հիշում ենք Եսայիա 52։11–ում գրված հորդորը. «Հեռացէք, հեռացէք, այնտեղից դուրս եկէք, պիղծ բանի մի դպչիք, դուրս եկէք նորա միջիցը, մաքուր եղէք»։ Հոգևորապես մաքուր լինելու համար մենք չենք փորձում անգամ դիպչել մի բանի, ինչը մեր երկնային Հայրը կրոնական առումով անմաքուր է համարում։ Դա է պատճառը, որ, օրինակ, խուսափում ենք այսօրվա աշխարհում տարածված կեղծ կրոնական տոնակատարություններից ու տոներից։ Այո՛, հեշտ չէ մաքուր մնալը։ Բայց Եհովայի ծառաները ջանում են միշտ մաքուր մնալ, որովհետև գիտեն. այդպես իրենք կմնան Աստծու սիրո մեջ։

21. Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մնում ենք Աստծու սիրո մեջ։

21 Եհովան ուզում է, որ մենք իր սիրո մեջ մնանք հավիտյան։ Բայց մեզնից յուրաքանչյո՛ւրը պետք է ամեն ինչ անի, որ մնա Աստծու սիրո մեջ։ Այս հարցում մեզ կօգնի Հիսուսի օրինակին հետևելը ու Եհովայի ասածներին հնազանդվելը։ Վարվելով այսպես՝ կկարողանանք վստահ լինել, որ ոչինչ չի կարող «բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Հռոմ. 8։38, 39)։

Հիշո՞ւմ ես

• Ինչպե՞ս կարող է մեր խիղճն օգնել մեզ, որ մնանք Աստծու սիրո մեջ։

• Ինչո՞ւ պետք է սիրենք նրանց, ում Եհովան է սիրում։

• Ինչո՞ւ է կարևոր հարգանքով վերաբերվել իշխանությանը։

• Որքանո՞վ է կարևոր մաքրությունը Աստծու ժողովրդի համար։

[շրջանակ/​նկար 20–րդ էջի վրա]

ԳԻՐՔ, ՈՐՆ ՕԳՆՈՒՄ Է ԼԱՎ ՎԱՐՔ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ

2008/2009 թթ. մարզային համաժողովում հայտարարվեց 224–էջանոց նոր գրքի լույսընծայման մասին՝ «Մնա Աստծու սիրո մեջ»։ Ո՞րն է այս գրքի նպատակը։ Այն քրիստոնյաներին օգնում է ճանաչելու և սիրելու Եհովայի չափանիշները՝ գլխավորապես կենտրոնանալով քրիստոնեական վարքի վրա։ «Մնա Աստծու սիրո մեջ» գրքի ուշադիր ուսումնասիրությունը կխորացնի մեր համոզվածությունը, որ Եհովայի չափանիշներին հետևելը լավագույն ապրելակերպն է, և որ այն մեզ կառաջնորդի հավիտենական կյանքի։

Գիրքը նաև օգնում է տեսնելու, որ Եհովային հնազանդվելը բեռ չէ։ Ընդհակառակը՝ հնազանդվելով Աստծուն՝ ցույց ենք տալիս, որ նրան շատ ենք սիրում։ Գիրքը կմղի մեզ ինքնաքննության. «Ինչո՞ւ եմ հնազանդվում Եհովային»։

Ցավոք, ոմանք հեռանում են Եհովայի սիրուց. խնդիրը սովորաբար սխալ վարքն է լինում և ոչ թե սուրբգրային չափանիշները լավ չհասկանալը։ Ուստի շատ կարևոր է ավելի ու ավելի շատ սիրել ու գնահատել Եհովայի օրենքներն ու սկզբունքները, որոնցով առաջնորդվում ենք մեր առօրյայում։ Վստահ ենք, որ այս նոր հրատարակությունը կօգնի Եհովայի բոլոր գառնուկներին հաստատակամորեն անելու ճիշտը, փաստելու Սատանայի ստախոս լինելը և, որ ամենակարևորն է, մնալու Աստծու սիրո մեջ (Հուդա 21)։

[նկար 18–րդ էջի վրա]

«Եթե դուք իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես որ ես պահեցի Հոր պատվիրանները և մնում եմ նրա սիրո մեջ»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը