Փողը իսկական երջանկություն բերո՞ւմ է
ՍՈՆՅԱՆ ծնվել է Իսպանիայում։ Նա իր մոր հետ միշտ հաճախել է ժողովի հանդիպումներին։ Սակայն երբ մեծացավ, տեղափոխվեց Լոնդոն և արժեթղթերի շուկայում սկսեց աշխատել որպես պարտատոմսերի բրոքեր։
Սոնյան սիրում էր իր աշխատանքը։ Նա ոչ միայն մեծ գումարներ էր վաստակում, այլև պատասխանատու էր իր հաճախորդների հսկայական ներդրումների համար։ Ժամանակի ընթացքում նա մեծ հաջողությունների հասավ։ Կանոնավորաբար Սոնյան աշխատում էր օրական 18 ժամ, երբեմն էլ քնում էր ընդամենը երկու կամ երեք ժամ։ Նրա կյանքը կենտրոնացած էր այդ աշխատանքի վրա։ Սակայն անսպասելի մի դեպք շրջադարձային եղավ նրա համար. Սոնյան կաթված ստացավ, թերևս իր լարված գրաֆիկի պատճառով։ Եվ այս ամենը ընդամենը 30 տարեկանում։
Նրա մարմնի մի կողմը կաթվածահար էր եղել։ Բժիշկները վստահ չէին, որ Սոնյան երբևէ կկարողանա նորից խոսել։ Նրա մայրն անմիջապես ժամանեց Անգլիա՝ աղջկան հոգ տանելու համար։ Երբ Սոնյան ի վիճակի եղավ քայլելու, մայրն ասաց. «Ես պետք է գնամ ժողովի հանդիպումներին, և դու նույնպես պետք է ինձ հետ գաս, քանի որ ես չեմ կարող քեզ թողնել այս վիճակում»։ Սոնյան համաձայնվեց։ Ի՞նչ եղավ արդյունքը։
Սոնյան պատմում է. «Շատերը ինձ ջերմությամբ ողջունեցին։ Այն, ինչ լսում էի այնտեղ, ճշմարտություն էր։ Նրանցից մեկն ինձ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Մեծ ուրախությամբ համաձայնվեցի։ Ցավոք, ծանոթներս չէին այցելում ինձ, սակայն ես նոր ընկերներ ձեռք բերեցի, որոնք ջերմ ու հոգատար էին իմ հանդեպ»։
Ժամանակի ընթացքում Սոնյայի խոսելու կարողությունը վերականգնվեց։ Նա նաև սկսեց հոգևորապես առաջադիմել։ Գրեթե մեկ տարի էլ չէր անցել, երբ մկրտվեց։ Նրա ընկերներից շատերը լիաժամ քարոզիչներ էին։ Սոնյան տեսնում էր, թե ինչ ուրախություն են նրանք ստանում իրենց ծառայությունից։ «Ես էլ եմ ցանկանում նրանց պես լինել,— ասում էր նա,— ուզում եմ իմ լավագույնը տալ Եհովային»։ Այսօր Սոնյան ծառայում է որպես լիաժամ քարոզիչ։
Ի՞նչ դաս քաղեց Սոնյան իր հետ տեղի ունեցածից։ Նա պատմում է. «Թեև շատ փող էի վաստակում, սակայն միշտ լարված էի ու անապահովության զգացում ունեի, այդ պատճառով էլ ինձ դժբախտ էի համարում։ Ի վերջո հասկացա, որ կյանքում ամենակարևորը իմ երկնային Հոր՝ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալն է։ Այժմ ես իսկապես երջանիկ եմ»։
«Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է,— գրել է Պողոս առաքյալը,— որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և ամեն կողմից իրենց շատ ցավերով խոցեցին» (1 Տիմոթեոս 6։10)։ Սոնյան իր սեփական փորձից կարող է ասել, որ այս խոսքերը ճշմարիտ են։