Պատերազմը և քրիստոնեությունը
«Բարոյական ո՞ր սկզբունքի խախտում է պատերազմը։ Հանցա՞նք է այն, թե՞ մեղք։ Սա առեղծված է»։ ՕԼԻՎԵՐ Օ’ԴՈՆՈՎԱՆ, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐ
ՊԱՏԵՐԱԶՄԻՆ նվիրված թանգարանում (Կանադա) ցուցադրված նկարներից մեկը կոչվում է «Զոհաբերություն»։ Այս կտավը ստեղծվել է առաջին աշխարհամարտի մոտիվներով։ Նկարում պատկերված են զինվորների դիակներ, ճակատամարտից փրկվածներ և ընտանիքներ, որոնք սպասում են նրանց վերադարձին։ Կտավում վերից վար խոցված Հիսուս Քրիստոսն է՝ խաչին գամված։ Որոշ դիտորդներ ցնցվում են այն մտքից, որ Հիսուսը՝ «Խաղաղության իշխանը», պատկերված է դաժան պատերազմի տեսարանում (Եսայիա 9։6)։ Ոմանք էլ երախտապարտության զգացումով են լցվում իրենց հայրենակիցների հանդեպ, որոնք իրենց կյանքն են զոհել, և կարծում են, թե Աստված ու իր Որդին ակնկալում են, որ քրիստոնյաները կպայքարեն հանուն իրենց ազգի անվտանգության ու ազատության։
Կրոնական առաջնորդները դարեր շարունակ այնպիսի քարոզներ են կարդացել, որոնցում պատերազմների կոչեր են հնչել։ Մ.թ. 417–ին եկեղեցու հայրերից մեկը՝ աստվածաբան Օգոստինոսը, գրել է. «Չպետք է մտածել, որ Աստված չի ընդունում նրան, ով զինվոր է և զենք է կրում պատերազմելու համար։ ....Մենք պայքարում ենք անտեսանելի թշնամիների դեմ՝ ձեզ համար աղոթելով։ Իսկ դուք մեզ պաշտպանելու համար պայքարում եք տեսանելի թշնամիների դեմ՝ պատերազմելով»։ 13–րդ դարում Թովմա Աքվինացին բացատրեց, որ «պատերազմները օրինական և արդարացի են, քանի դեռ նրանք թշնամիներից պաշտպանում են խեղճերին և ողջ ազգին»։
Իսկ ո՞րն է քո տեսակետը պատերազմի վերաբերյալ։ Երբ պատերազմ է սկսվում հանուն «վեհ նպատակների»՝ պաշտպանելու ազգի անկախությունը, ազատագրելու հարստահարվողներին, արդյոք Աստված հավանություն տալի՞ս է դրան։ Ո՞ր բարոյական սկզբունքն է արտացոլում Աստծու տեսակետը այդ հարցի վերաբերյալ, որով պետք է առաջնորդվի քրիստոնյան։
Հիսուս Քրիստոսի օրինակը
Հնարավո՞ր է իմանալ, թե որն է Աստծու տեսակետը մեր օրերում տեղի ունեցող պատերազմների վերաբերյալ։ Պողոս առաքյալը հասկանում էր, որ մեզ համար դժվար կլինի իմանալ դա։ Նա գրեց. «Ո՞վ իմացավ Եհովայի միտքը, որ սովորեցնի նրան»։ Բայց մենք Քրիստոսի միտքն ունենք» (1 Կորնթացիներ 2։16)։ Մեզ օգնելու համար Եհովան ուղարկեց իր Որդուն, որ օրինակ լինի մեզ համար։ Այն, ինչ ասաց և արեց Հիսուսը, արտացոլեց Եհովայի մտածելակերպն ու տեսակետը։ Ի՞նչ ասաց Հիսուսը պատերազմների վերաբերյալ և ինչպե՞ս վարվեց։
Կռվելու համար ավելի լուրջ պատճառ, քան Հիսուսին պաշտպանելն էր, չի կարող լինել։ Առաքյալներից մեկն էլ էր այդպես մտածում։ Երբ Աստծու Որդուն մատնեցին և զինված ամբոխը ձերբակալեց նրան գիշերվա կեսին, նրա ընկերը՝ Պետրոսը, «ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և քահանայապետի ծառային զարկելով՝ կտրեց նրա ականջը»։ Արդյոք նա ճի՞շտ վարվեց։ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։47–52)։
Հիսուսի արձագանքը անակնկալի չբերեց նրանց։ Երկու տարի առաջ նա ասել էր. «Լսել եք, որ ասվեց. «Սիրի՛ր մերձավորիդ և ատի՛ր թշնամուդ»։ Բայց ես ասում եմ ձեզ. շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում ինչպես արդարների, այնպես էլ անարդարների վրա» (Մատթեոս 5։43–45)։ Տրամաբանակա՞ն է մտածել, որ քրիստոնյան կարող է սիրել և աղոթել իր թշնամիների համար, եթե պատերազմում է նրանց դեմ։
Պատմությունը փաստում է, որ քրիստոնյաները շատ թշնամիներ են ունեցել։ Օրինակ՝ հռոմեացիները դատապարտեցին ու մահապատժի ենթարկեցին Հիսուս Քրիստոսին։ Այնուհետև սկսեցին հալածել նաև նրա հետևորդներին և մահվան դատապարտել ցանկացած մեկին, ով ասում էր, որ քրիստոնյա է։ Աստծու Որդին կանխագուշակեց, որ քրիստոնյաներին կստիպեն զենք վերցնել և ըմբոստանալ Հռոմի իշխանության դեմ, ինչպես անում էին որոշ հրեաներ։ Այդ պատճառով իր հետևորդների մասին ասաց. «Նրանք աշխարհի մի մասը չեն, ինչպես որ ես էլ աշխարհի մի մասը չեմ» (Հովհաննես 17։16)։ Քրիստոնյաները նախընտրեցին չեզոք լինել քաղաքական հարցերում։ Ոչ մի անարդարացի վերաբերմունք կամ սպառնալիք իրենց կամ իրենց երկրի դեմ, չէր արդարացնի նրանց մասնակցությունը պատերազմական գործողություններին։
Աստծու Թագավորության կողմնակիցները
Անկեղծ քրիստոնյաները պահպանեցին իրենց չեզոքությունը, ինչպես Հիսուսն էր ցանկացել, որ անեն։ Հիշենք, թե ինչ պատահեց Իկոնիոնում՝ Փոքր Ասիայի հնագույն քաղաքներից մեկում։ «Երբ ուրիշ ազգերի մարդիկ ու հրեաները իրենց իշխանների հետ փորձեցին հարձակվել [Պողոսի և Բառնաբասի] վրա, որ անարգեն և քարկոծեն, տեղեկանալով այդ մասին՝ նրանք փախան Լիկաոնիայի Լյուստրա և Դերբե քաղաքները ու դրանց շրջակա վայրերը և այնտեղ բարի լուրն էին հռչակում» (Գործեր 14։5–7)։ Ուշադրություն դարձրու, որ երբ թշնամիները փորձեցին հարձակվել նրանց վրա, քրիստոնյաները զենք չվերցրին իրենց պաշտպանելու համար, ոչ էլ նույն ձևով հատուցեցին։ Նրանք շարունակեցին քարոզել «բարի լուրը»։ Իսկ ի՞նչ բարի լուր էր դա։
Քրիստոնյաներն անում էին այն, ինչ Հիսուսն էր անում։ Նա ասաց. «Ես.... պետք է Աստծու թագավորության բարի լուրը հռչակեմ» (Ղուկաս 4։43)։ Հիսուսն ու իր հետևորդներն Աստծու Թագավորության կողմնակիցներն էին։ Քրիստոսը այդ Թագավորությունը պաշտպանելու համար չօգտագործեց հրեաների զինված ուժերը։ Նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ» (Հովհաննես 18։36)։
«Իրար մեջ սեր ունեցեք»
Ճշմարիտ քրիստոնյաները պատերազմական ժամանակներում չեզոքություն են պահում։ Հիսուսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհաննես 13։35)։ Միլիոնավոր մարդիկ ուրախ են, որ միացել են այն մարդկանց, ովքեր այսպիսի սեր են դրսևորում, նույնիսկ երբ նրանց ծաղրում, բանտարկում կամ սպանում են զենք չվերցնելու պատճառով։
Երբ նացիստական զորքերը գրավեցին Եվրոպան, ըստ տվյալների՝ մոտ 10 000 Վկաներ բանտարկվեցին չեզոքություն պահելու պատճառով։ Նրանցից 3 000–ը ուղարկվեց համակենտրոնացման ճամբարներ։ Նույն ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում ավելի քան 4 300 Վկաներ ազատազրկվեցին, քանի որ մերժեցին ծառայել բանակում։ Ե՛վ գերմանացի, և՛ ամերիկացի Վկաները զենք չվերցրին ու չկռվեցին ո՛չ իրենց եղբայրների և ո՛չ էլ որևէ մեկի դեմ։ Ինչպե՞ս կարող էին նրանք զենք վերցնել և միևնույն ժամանակ ասել, որ սիրում են իրար։
Շատերի կարծիքով՝ պատերազմական գործողություններն անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար։ Խորհենք։ Թեև առաջին դարի քրիստոնյաները դաժանորեն հալածվեցին, սակայն վրեժխնդիր չեղան։ Նրանք շարունակեցին ապրել։ Հռոմեական հզոր կայսրությունը չկարողացավ ոչնչացնել նրանց։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաների թիվն աճում է, և նրանք շարունակում են չեզոքություն պահել։ Հակառակորդների դեմ պայքարելու փոխարեն՝ նրանք ապավինում են Աստծուն։ Աստվածաշնչում գրված է. «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ տեղ թողեք ցասմանը, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմեացիներ 12։19)։
[շրջանակ 30–րդ էջի վրա]
ԱՍՏԾՈՒ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
Քրիստոնեությունից դարեր առաջ կազմավորվել էր հին Իսրայելը, որն Աստծու ընտրյալ ժողովուրդն էր։ Այդ ազգն ուներ իր բանակը և պատերազմներ էր մղում իր թշնամիների դեմ։ Նախքան Քանան մտնելը, մի երկիր, որը Աստված խոստացել էր տալ Աբրահամին, իսրայելացիները հրահանգ ստացան. «Քո Եհովայ Աստուածը [յոթ ազգերին] քո ձեռքը տայ, եւ դու նորանց զարկես, այն ժամանակ նորանց անպատճառ բնաջինջ անես. նորանց հետ ուխտ չ’անես եւ նորանց չ’ողորմես» (Բ Օրինաց 7։1, 2)։ Ուստի Իսրայելի զորավար Հեսուն բնաջնջեց բոլոր թշնամի ազգերին, «ինչպես որ Իսրայէլի Աստուածը Եհովան պատուիրել էր» (Յեսու 10։40)։
Արդյո՞ք դրանք դաժան պատերազմներ էին, որոնց ժամանակ իսրայելացիները գրավում էին շրջակա ազգերի տարածքները։ Ամենևի՛ն։ Այդ ժողովուրդների մեջ տարածված էր կռապաշտությունը, արյունահեղությունը, նրանք հայտնի էին այլասերված վարքով։ Նրանք նույնիսկ ողջակեզ էին անում իրենց երեխաներին (Թուոց 33։52; Երեմիա 7։31)։ Աստծու սրբությունը, արդարությունն ու իր ժողովրդի հանդեպ սերը մղում էին նրան երկիրը մաքրելու ամեն տեսակի պղծությունից։ Եհովան քննել էր յուրաքանչյուրի սիրտը, մի բան, որը չի կարող անել ոչ մի զորավար, և կենդանի էր թողել նրանց, ովքեր պատրաստ էին մերժելու չարությունը և ծառայելու իրեն։
[նկար 31–րդ էջի վրա]
Հիսուսն ակնկալո՞ւմ էր, որ իր հետևորդները կպայքարեն իրեն կամ հավատակիցներին պաշտպանելու համար
[նկար 31–րդ էջի վրա]
Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարից դուրս եկած մի խումբ Եհովայի վկաներ (1945)