Գիրք, որը կօգնի քո երեխային հիշելու Ստեղծչին
«ՅԻՇԻՐ քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը»,— գրեց իմաստուն Սողոմոն թագավորը մոտ 3 000 տարի առաջ (Ժող. 12։1)։ Այսօր քրիստոնյա երիտասարդներն իրենց ձեռքի տակ բազմաթիվ միջոցներ ունեն, որոնց օգնությամբ նրանք կարող են հետևել աստվածաշնչային այս հորդորին։ Դրանցից մեկը «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքն է (երկրորդ հատոր, անգլ., ռուս.), որը լույս տեսավ «Առաջնորդվենք Աստծու սուրբ ոգով» մարզային համաժողովին (2008 թ.)։
Գրքի կազմի մյուս կողմում տպված է Կառավարիչ մարմնի նամակը՝ ուղղված երիտասարդներին։ Այնտեղ գրված է. «Մենք աղոթում ենք, որ այս հրատարակության մեջ տեղ գտած տեղեկությունները օգնեն ձեզ դիմադրելու այն ճնշումներին և գայթակղություններին, որ ունենում են այսօր պատանիները։ Գիրքը կօգնի, որ ձեր կյանքում Աստծու կամքին ներդաշնակ որոշումներ կայացնեք»։
Ինչ խոսք, ծնողներն ուզում են իրենց երեխաների մեջ սերմանել Եհովայի մտածելակերպը և դաստիարակել նրանց «Եհովայի խրատով» (Եփես. 6։4)։ Սակայն երբ երեխաները հասնում են պատանեկության շրջանին, նրանցից շատերն իրենց անվստահ են զգում և, հետևաբար, առաջնորդության կարիք ունեն։ Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել իրենց երեխաներին լավագույնս օգտվելու այս հրատարակությունից։ Քննենք հետևյալ առաջարկները։
▪ Ձեռք բեր քո օրինակը և ամբողջությամբ ծանոթացիր գրքին։ Դա նշանակում է, որ չպետք է պարզապես կարդաս այն։ Փորձիր հասկանալ, թե ինչ կերպով են գրքում արտահայտված մտքերը։ Ուշադրություն դարձրու, որ գիրքը ոչ միայն ասում է, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ, այլև մարզում է երիտասարդների «ըմբռնողականությունը» (Եբր. 5։14)։ Այնտեղ նաև գործնական խորհուրդներ են տրվում, թե ինչպես կարելի է միշտ ճիշտն անել։ Օրինակ՝ 15–րդ գլխում («Ինչպե՞ս կարող եմ դիմադրել հասակակիցներիս ճնշմանը») պատանիներին չի խրախուսվում, որ հասակակիցների առաջարկներին պարզապես ասեն՝ ոչ։ Այստեղ բացատրվում է, թե ինչպես կարելի է աստվածաշնչային սկզբունքների միջոցով լուծել խնդիրները և պատրաստ լինել «պատասխան տալու յուրաքանչյուր մարդու» (Կող. 4։6)։
▪ Ուշադրություն դարձրու հոդվածին կից հարցերին։ Թեև այս հարցերը նախատեսված են երեխաների համար, սակայն ծնողներն էլ գրքի իրենց անձնական օրինակը կարդալիս կարող են գրավոր պատասխանել այդ հարցերինa։ Օրինակ՝ 16–րդ էջում ժամադրության վերաբերյալ հարցերը քննելիս ծնողը կարող է պատկերացնել, թե ինչպես կպատասխաներ այդ հարցին, եթե լիներ իր երեխայի տարիքին։ Գուցե բաց թողնված տեղերում գրես քո պատասխանը։ Այնուհետև հարցրու ինքդ քեզ. «Այս հարցի վերաբերյալ իմ տեսակետը փոխվե՞լ է տարիների ընթացքում։ Ի՞նչ եմ սովորել այս ընթացքում։ Ինչպե՞ս կարող եմ անձնական փորձս փոխանցել երեխայիս»։
▪ Մի՛ փորձիր մտնել երեխայիդ «աշխարհ»։ Հոդվածներին կից շրջանակներն ու աղյուսակները նախատեսված են երեխայի ծածուկ մտքերը դուրս բերելու համար, ինչը նրանք կարող են անել կա՛մ գրավոր կերպով, կա՛մ պարզապես խորհելով այդ թեմայի շուրջ։ Քո նպատակն է իմանալ, թե ինչ կա երեխայիդ սրտում և ոչ թե նրա գրքում։ 3–րդ էջում տեղ գտած «Խոսք՝ ծնողներին» բաժնում գրված է. «Որպեսզի ձեր երեխան անկեղծորեն արտահայտի իր մտքերը գրավոր կերպով, մի ստիպիր, որ նա ցույց տա իր գրածը։ Գուցե հետագայում նրանք ասեն ձեզ, թե ինչ են գրել իրենց գրքում»։
Ընտանեկան ուսումնասիրության ձեռնարկ
«Երիտասարդների հարցերը» (երկրորդ հատոր) գիրքը հիանալի ձեռնարկ է ընտանեկան երկրպագության ժամանակ ուսումնասիրելու համար։ Իսկ ինչպե՞ս օգտագործել գիրքը, եթե այն չունի պարբերությունների համար նախատեսված հարցեր։ Կարող ես ուսումնասիրության այնպիսի ձև մշակել, որն արդյունավետ կլինի քո՛ երեխայի պարագայում։
Օրինակ՝ որոշ ընտանիքներ հարմար են գտել 132 և 133 էջերում զետեղված «Ի՞նչ անեմ, երբ ինձ վրա ճնշում են բանեցնում» շրջանակը քննելիս ցույց տալ երեխաներին, թե ինչպես կարող են կիրառել այդ առաջարկները գործնականում։ Այնտեղ նշված առաջին հարցը կօգնի երեխայիդ հասկանալու, թե ինչն է իր համար ամենադժվար փորձությունը։ Ճնշմանը կուլ գնալու կամ դիմադրելու հետևանքները քննարկելուց հետո երեխային խորհուրդ է տրվում մտածել մի քանի տարբերակների մասին, օրինակ՝ կա՛մ տեղի տալ ծաղրանքին, կա՛մ դիմադրել ճնշմանը, կա՛մ «հակահարված» տալ։ Օգնիր, որ երեխադ պատրաստ լինի տվյալ իրավիճակին հարմար պատասխան տալու վստահությամբ և համոզվածությամբ (Սաղ. 119։46)։
Բաց հաղորդակցություն
«Երիտասարդների հարցերը» (երկրորդ հատոր) գիրքը քաջալերում է պատանիներին հաղորդակցվել ծնողների հետ։ Օրինակ՝ «Ինչպե՞ս կարող եմ զրուցել մայրիկիս և հայրիկիս հետ սեքսի մասին» (էջ 63, 64) և «Խոսիր ծնողներիդ հետ» (էջ 189) շրջանակներում գործնական առաջարկներ են արվում, թե ինչպես զրույց սկսել այսպիսի նուրբ թեմաների շուրջ։ 13–ամյա մի աղջիկ ասում է. «Այս գիրքը քաջություն է տվել ինձ, որ ծնողներիս ասեմ այն, ինչ մտածում եմ, նույնիսկ պատմեմ այն բաների մասին, որ արդեն արել եմ»։
Գիրքը խրախուսում է պատանիներին այլ կերպերով էլ հաղորդակցվել։ Յուրաքանչյուր գլխի վերջում կա մի շրջանակ՝ «Ի՞նչ ես կարծում»։ Այս շրջանակը կարելի է քննարկել ընտանիքով։ Յուրաքանչյուր գլխում կա նաև մեկ ուրիշ շրջանակ՝ «Նախապես մտածիր»։ Այս շրջանակը պատանիներին հնարավորություն է տալիս գրի առնելու այդ գլխից սովորած կարևոր մտքերը, որոնք հարկավոր է կիրառել։ Շրջանակի վերջում պատանիներին հարց է ուղղված՝ «Ի՞նչ կուզեի հարցնել ծնող(ներ)իս այս թեմայի վերաբերյալ»։ Այս հարցի օգնությամբ նրանք կարող են իրենց ծնողներից արժեքավոր խորհուրդներ ստանալ։
Հասիր նրանց սրտին
Քո նպատակը պետք է լինի հասնել երեխայիդ սրտին։ «Երիտասարդների հարցերը» (երկրորդ հատոր) գիրքը կարող է օգնել քեզ այս հարցում։ Տեսնենք, թե ինչպես է մի հայր կարողացել այս գրքի շնորհիվ իր աղջկա հետ բաց հաղորդակցություն պահպանել։
Նա պատմում է. «Ես ու Ռեբեկան սիրում ենք գնալ զբոսանքի, միասին հեծանիվ քշել կամ մեքենա վարել։ Նման միջավայրում աղջիկս ազատ է իրեն զգում և իր սիրտը բացում է իմ առաջ»։
Նա շարունակում է. «Առաջին բանը, որ ուսումնասիրեցինք գրքից, Կառավարիչ մարմնի նամակն էր և «Խոսք՝ ծնողներին» հավելվածը։ Ես հորդորեցի աղջկաս իր զգացմունքների մասին ազատորեն գրել գրքի իր օրինակում, ինչպես որ խորհուրդ է տրվում 3–րդ էջում։ Ես հավաստիացրի նրան, որ երբեք չեմ կարդա այն, ինչ գրել է իր գրքում»։
«Ես թույլ տվեցի, որ Ռեբեկան ինքը ընտրի, թե ինչ հերթականությամբ կցանկանա քննարկել գիրքը։ Առաջին գլուխներից մեկը, որ նա ընտրեց, «Պե՞տք է խաղամ էլեկտրոնային խաղեր» գլուխն էր։ Իմ մտքով երբեք չէր անցնի, որ նա այդ թեման կընտրի։ Սակայն Ռեբեկան պատճառ ուներ։ Նրա ընկերները խաղում են բռնությամբ լի էլեկտրոնային խաղեր։ Ես լրիվ անտեղյակ էի այդ խաղերից ու չգիտեի, թե ինչ կեղտոտ բառապաշար է օգտագործվում այդ խաղերի ժամանակ։ Բայց ամեն բան իր տեղն ընկավ, երբ քննարկեցինք 251–րդ էջի՝ «Նախապես մտածիր» շրջանակը։ Ռեբեկան մտածեց, թե ինչ կպատասխանի, եթե որևէ մեկը ստիպի իրեն խաղալ այդպիսի մի խաղ»։
«Այդ օրվանից աղջիկս միշտ պատմում է ինձ, թե ինչ է գրում իր գրքում։ Մեր ուսումնասիրությունը կարծես անդադար զրույց լինի։ Սկզբում կարդում ենք, հետո աղջիկս ուզում է խոսել, քննարկել նկարները, շրջանակները։ Այս ամենը հնարավորություն է տալիս ինձ նրան պատմելու իմ պատանեկան տարիների մասին, նա էլ պատմում է ինձ, թե ինչ է կատարվում այսօր պատանիների շրջանում։ Ես ուրախանում եմ, որ Ռեբեկան ուզում է ամեն բան պատմել ինձ»։
Անկասկած, բոլոր ծնողները շատ ուրախացան, երբ լույս տեսավ այս գիրքը։ Այժմ դուք, ծնողնե՛ր, հնարավորություն ունեք լավագույնս օգտվելու այս հրատարակությունից։ Կառավարիչ մարմինը վստահ է, որ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» (երկրորդ հատոր) գիրքը բազում օրհնություններ կբերի ձեր ընտանիքին։ Թող որ այս հրաշալի ձեռնարկը օգնի բոլորին, հատկապես պատանիներին «շարունակելու ընթանալ ոգով» (Գաղ. 5։16)։
[Ծանոթագրություն]
a Հոդվածին կից այս հարցերը գործնական են բոլոր տարիքի մարդկանց համար։ Օրինակ՝ 221–րդ էջում գտնվող «Զսպիր բարկությունդ» շրջանակը կարող է օգտակար լինել թե՛ ծնողների համար, թե՛ տղաների ու աղջիկների։ Օգտակար են նաև «Ի՞նչ անեմ, երբ ինձ վրա ճնշում են բանեցնում» (էջ 132, 133), «Իմ ամսական բյուջեն» (էջ 163) և «Իմ նպատակները» (էջ 314) շրջանակները։
[Շրջանակ 30–րդ էջի վրա]
Ինչ են ասում որոշ պատանիներ
«Սա այնպիսի գիրք է, որ կարդալիս քո ձեռքում պետք է անպայման մատիտ լինի, այն հարկավոր է կարդալ խորհրդածելով։ Գիրքը կազմված է այնպես, ասես անձնական օրագիր լինի, այդ պատճառով թույլ է տալիս քեզ առանձնանալ և խորհել կյանքի լավագույն ուղով ընթանալու մասին» (Նիկոլա)։
«Ծանոթներս, անգամ լավ միտումներ ունեցող մարդիկ ճնշում էին բանեցնում ինձ վրա, որ ես սկսեմ ժամադրվել։ Այս գրքի առաջին բաժինը օգնեց ինձ հասկանալու, որ անկախ այն բանից, թե ինչ են ասում ուրիշները, ես պատրաստ չեմ այդ քայլին» (Կատրինա)։
««Մտածո՞ւմ ես մկրտության մասին» շրջանակը օգնեց ինձ լրջորեն վերաբերվելու մկրտությանը։ Այն մղեց ինձ վերանայելու անձնական ուսումնասիրության և աղոթելու սովորություններս» (Աշլի)։
«Թեև մեծացել եմ ճշմարտության մեջ, սակայն այս գիրքը օգնեց ինձ մտածելու, թե ինչ քայլեր պետք է անեմ իմ կյանքում։ Այն նաև օգնեց ինձ բաց հաղորդակցություն պահել ծնողներիս հետ» (Զամիրա)։
[Նկար 31–րդ էջի վրա]
Ծնողները պետք է ամբողջությամբ ծանոթանան գրքին
[Նկար 32–րդ էջի վրա]
Նպատակ դիր հասնել երեխայիդ սրտին