Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 6/15 էջ 10–14
  • Շարունակիր կերտել ժողովը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շարունակիր կերտել ժողովը
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Իրենց մոտ վերցրին»
  • «Լավ վկայություն ուներ»
  • «Սփոփե՛ք վհատված հոգիները»
  • «Մեծահոգաբար ներեք ու մխիթարեք նրան»
  • «Նա օգտակար է ինձ»
  • Ժողովը և դու
  • Նրանք «զորացնում էին ժողովները»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Քրիստոնյաները մեկը մյուսի կարիքն ունեն
    2002 Դիտարան
  • Քարոզիր աշակերտներ պատրաստելու նպատակով
    2003 Դիտարան
  • Շարունակեք «կերտել միմյանց»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2010 Դիտարան
w10 6/15 էջ 10–14

Շարունակիր կերտել ժողովը

«Շարունակե՛ք մխիթարել միմյանց և կերտել միմյանց» (1 ԹԵՍԱՂ. 5։11)։

1. Ի՞նչ օրհնություններ է բերում քրիստոնեական ժողովի անդամ լինելը, այնուհանդերձ, ի՞նչ դժվարությունների կարող ենք բախվել։

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ժողովի անդամ լինելը, անշուշտ, մեծ օրհնություն է։ Դու լավ հարաբերություններ ես վայելում Եհովայի հետ, ապավինում ես նրա Խոսքին, որը պաշտպանում է քեզ Աստծու սկզբունքներից շեղված ապրելակերպից և դրա վատ հետևանքներից։ Շրջապատված ես իսկական ընկերներով, որոնք քեզ միայն բարիք են ցանկանում։ Օրհնությունները կարող ենք անվերջ թվարկել։ Այնուհանդերձ, քրիստոնյաներից շատերը պայքարում են տարբեր խնդիրների դեմ։ Ոմանք օգնության կարիք ունեն՝ հասկանալու Աստծու Խոսքի խոր ճշմարտությունները։ Ուրիշներն էլ հիվանդ են, վհատված կամ տառապում են իրենց կայացրած անխոհեմ որոշումների հետևանքների պատճառով։ Ի վերջո, բոլորս ապրում ենք Աստծուց օտարացած աշխարհում։

2. Ինչպե՞ս պետք է արձագանքենք մեր հավատակիցների դժվարություններին և ինչո՞ւ։

2 Իհարկե, մեզանից ոչ ոք չի ցանկանա տեսնել, թե ինչպես են մեր հավատակիցները տառապում կամ պայքարում տարբեր դժվարությունների դեմ։ Հակառակը՝ նման դեպքերում մենք ձգտում ենք աջակցել մեր եղբայրներին ու քույրերին։ Պողոս առաքյալը, ընդգծելով այս միտքը, ժողովը համեմատեց մարմնի հետ և ասաց, որ «եթե մեկ անդամը տառապում է, մյուս բոլոր անդամներն էլ են տառապում նրա հետ» (1 Կորնթ. 12։12, 26)։ Աստվածաշնչում արձանագրված են դեպքեր, երբ ժողովի անդամները օգնել են ուրիշներին՝ հաղթահարելու դժվարությունները։ Այժմ կքննենք դրանք։ Այդ ընթացքում մտածիր, թե ինչպես կարող ես նույն կերպով աջակցել նրանց, ովքեր հայտնվել են նման հանգամանքներում։ Ինչպե՞ս կարող ես հոգևորապես օգնել հավատակիցներիդ և այդպիսով կերտել Եհովայի ժողովը։

«Իրենց մոտ վերցրին»

3, 4. Ինչպե՞ս Ակյուղասն ու Պրիսկիղան օգնեցին Ապողոսին։

3 Եփեսոսում բնակություն հաստատելու ժամանակ Ապողոսն արդեն եռանդուն քարոզիչ էր։ «Գործեր» գրքում կարդում ենք. «Քանի որ բոցավառվում էր ոգով, ճշգրտորեն խոսում ու սովորեցնում էր Հիսուսի մասին, սակայն միայն Հովհաննեսի մկրտությանն էր ծանոթ»։ Պատճառը, թե ինչու Ապողոսը չգիտեր «Հոր և Որդու և սուրբ ոգու անունով» մկրտելու մասին, հավանաբար այն է, որ նա քարոզվել էր կա՛մ Հովհաննես Մկրտչի աշակերտների, կա՛մ Հիսուսի հետևորդների կողմից մինչև մ.թ 33 թ. Պենտեկոստեն։ Թեև Ապողոսը նախանձախնդիր էր, սակայն որոշ բաներ դեռ չգիտեր։ Տեսնենք, թե ինչպես նրան օգնեց հավատակիցների ընկերակցությունը (Գործ. 1։4, 5; 18։25; Մատթ. 28։19)։

4 Երբ քրիստոնյա ամուսիններ Ակյուղասն ու Պրիսկիղան լսեցին, թե ինչպես է Ապողոսը համարձակորեն խոսում ժողովարանում, նրան իրենց մոտ տարան և ավելի շատ բան սովորեցրին (կարդա՛ Գործեր 18։24–26)։ Դա սիրո դրսևորում էր։ Վստահաբար, Ակյուղասն ու Պրիսկիղան նրբանկատորեն խոսեցին Ապողոսի հետ, որ նա չկարծի, թե իրեն քննադատում են։ Նա պարզապես ծանոթ չէր վաղ քրիստոնեական ժողովի պատմությանը։ Անկասկած, Ապողոսը երախտապարտ էր իր նոր ընկերներին՝ կարևոր մանրամասներ հայտնելու համար։ Այս տեղեկությունները իմանալու շնորհիվ Ապողոսը «մեծ օգնություն եղավ» Աքայիայի եղբայրներին և հիմնովին վկայություն տվեց (Գործ. 18։27, 28)։

5. Ի՞նչ օգնություն են ցույց տալիս Թագավորության հազարավոր քարոզիչներ, և ի՞նչ է լինում արդյունքը։

5 Այսօր քրիստոնեական ժողովում շատերը երախտապարտ են նրանց, ովքեր օգնել են իրենց հասկանալու Աստվածաշունչը։ Շատ ուսուցիչներ ու աշակերտներ մտերիմ ընկերներ են դարձել։ Հաճախ որպեսզի մարդկանց օգնենք հասկանալու ճշմարտությունը, պետք է ամիսներ շարունակ կանոնավորաբար զրույցներ վարենք նրանց հետ։ Թագավորության քարոզիչները պատրաստ են զոհողություններ անելու, քանի որ հասկանում են, որ դրանից կախված է այդ մարդկանց կյանքը (Հովհ. 17։3)։ Ի՜նչ ուրախություն է տեսնել, թե ինչպես են մարդիկ հոգևորապես առաջադիմում, ապրում ճշմարտության համաձայն և նվիրում իրենց կյանքը՝ Եհովայի կամքը կատարելու համար։

«Լավ վկայություն ուներ»

6, 7. ա) Ինչո՞ւ Պողոսը Տիմոթեոսին ընտրեց որպես ուղեկից։ բ) Ի՞նչն օգնեց Տիմոթեոսին հոգևորապես առաջադիմելու։

6 Երբ Պողոսն ու Շիղան միսիոներական երկրորդ շրջագայության ժամանակ գնացին Լյուստրա, հանդիպեցին Տիմոթեոս անունով մի երիտասարդի, որը մոտ 20 տարեկան էր։ «Նա լավ վկայություն ուներ Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրներից»։ Տիմոթեոսի մայրը՝ Եվնիկեն, և տատը՝ Լոիդան, նվիրված քրիստոնյաներ էին, սակայն նրա հայրը քրիստոնյա չէր (2 Տիմոթ. 1։5)։ Հավանաբար, Պողոսը ծանոթացել էր այդ ընտանիքի հետ, երբ առաջին անգամ էր այցելել այդ տարածք մի քանի տարի առաջ։ Սակայն այս անգամ նա հատուկ ուշադրություն դարձրեց Տիմոթեոսին, քանի որ նա մի յուրահատուկ երիտասարդ էր։ Ուստի տեղի երեցների խորհրդի հավանությամբ՝ Տիմոթեոսը սկսեց ուղեկցել Պողոսին միսիոներական շրջագայության ժամանակ (կարդա՛ Գործեր 16։1–3)։

7 Տիմոթեոսը շատ բան ուներ սովորելու իր ավագ համագործակցից։ Եվ ժամանակի ընթացքում նա հոգևորապես այնքան առաջադիմեց, որ Պողոսը նրան ուղարկեց այցելելու ժողովները որպես իր ներկայացուցիչ։ Գրեթե 15 տարի Տիմոթեոսը վայելում էր Պողոսի ընկերակցությունը, ինչի արդյունքում անփորձ ու թերևս ամաչկոտ երիտասարդը դարձավ հրաշալի վերակացու (Փիլիպ. 2։19–22; 1 Տիմոթ. 1։3)։

8, 9. Ի՞նչ կարող են անել ժողովի անդամները, որպեսզի քաջալերեն երիտասարդներին։ Բե՛ր օրինակ։

8 Այսօր էլ քրիստոնեական ժողովում կան երիտասարդներ, ովքեր հոգևորապես առաջադիմելու հնարավորություններ ունեն։ Եթե հոգևոր մարդիկ քաջալերեն ու ընկերակցեն նրանց հետ, ապա նրանք նույնպես կառաջադիմեն ու մեծ պատասխանատվություններ կստանձնեն Եհովայի ժողովում։ Նայի՛ր շուրջդ։ Ժողովում տեսնո՞ւմ ես երիտասարդների, ովքեր կարող են Տիմոթեոսի նման ավելին անել ծառայության մեջ։ Քո օգնության և քաջալերանքի շնորհիվ նրանք կարող են դառնալ ռահվիրաներ, բեթելցիներ, միսիոներներ կամ շրջագայող վերակացուներ։ Ի՞նչ կարող ես անել, որ օգնես նրանց՝ հասնելու այս նպատակներին։

9 Մարտինը, որն արդեն 20 տարի ծառայում է Բեթելում, երախտագիտությամբ է հիշում մոտ 30 տարի առաջ շրջագայող վերակացուի հետ ունեցած զրույցը, երբ ծառայում էին միասին։ Վերակացուն ոգևորությամբ պատմել էր երիտասարդ ժամանակ Բեթելում ծառայած տարիների մասին։ Եղբայրը քաջալերել էր Մարտինին քննել իր հանգամանքները՝ տեսնելու, թե կարող է ծառայել Եհովայի տանը։ Այս հիշարժան զրույցը մեծ ազդեցություն ունեցավ Մարտինի՝ հետագայում կայացրած որոշումների վրա։ Ո՞վ գիտի, գուցե քո խոսքերն էլ քաջալերեն երիտասարդներին, եթե նրանց հետ զրուցես հոգևոր նպատակներ դնելու մասին։

«Սփոփե՛ք վհատված հոգիները»

10. Ի՞նչ ապրումներ ունեցավ Եպաֆրոդիտոսը և ինչո՞ւ։

10 Եպաֆրոդիտոսը երկար և հոգնեցուցիչ ճանապարհորդություն էր կատարել Փիլիպպեից Հռոմ, որպեսզի այցելեր բանտում գտնվող Պողոս առաքյալին։ Նա եկել էր որպես փիլիպպեցիների կողմից ուղարկված պատվիրակ։ Եպաֆրոդիտոսը ոչ միայն իր հետ բերել էր նրանց նվերները, այլև պլանավորել էր մնալ Պողոսի հետ, որ օգներ վերջինիս այդ ծանր հանգամանքներում։ Ցավոք, Հռոմում եղած ժամանակ այս եղբայրը «մահամերձ լինելու աստիճան հիվանդացավ»։ Նա իրեն մեղավոր էր զգում, քանի որ չէր կարողացել կատարել իր առաքելությունը, ու այդ պատճառով վհատության մեջ էր ընկել (Փիլիպ. 2։25–27)։

11. ա) Ինչո՞ւ մեզ չպետք է զարմացնի այն, որ մեր հավատակիցներից ոմանք տառապում են դեպրեսիայով։ բ) Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը Եպաֆրոդիտոսի առնչությամբ։

11 Այսօր էլ մարդիկ տարբեր խնդիրների պատճառով տառապում են դեպրեսիայով։ Եհովայի ծառաները բացառություն չեն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 5 մարդուց 1–ը իր կյանքի ինչ–որ շրջանում ընկնում է դեպրեսիայի մեջ։ Ընտանիքի կարիքները հոգալու, առողջական խնդիրների, հուսալքության կամ այլ գործոնների պատճառով անհատը կարող է վհատվել։ Նման դեպքերում կարևոր է ուրիշների ցուցաբերած օգնությունը։ Իսկ ինչպե՞ս կարող էին փիլիպպեցիները օգնել Եպաֆրոդիտոսին։ Պողոսը հորդորեց. «Ձեր սովորության պես՝ ամենայն ուրախությամբ ընդունեք նրան Տիրոջով և այսպիսի մարդկանց թանկ գնահատեք, որովհետև հանուն Տիրոջ գործի նա քիչ էր մնում մահանար՝ իր հոգին վտանգի ենթարկելով, որպեսզի ամբողջովին լրացնի ձեր բացակայությունը և ձեր փոխարեն՝ ինքը ծառայություն մատուցի ինձ» (Փիլիպ. 2։29, 30)։

12. Ի՞նչը կարող է մխիթարել վհատվածներին։

12 Մենք նույնպես պետք է քաջալերենք մեր հավատակիցներին, ովքեր վհատված են կամ տառապում են դեպրեսիայով։ Անկասկած, կան դրական բաներ, որ կարող ենք ասել նրանց ծառայության մասին։ Հավանաբար, նրանք մեծ փոփոխություններ են կատարել իրենց կյանքում, որ Աստծու ծառա դառնան կամ լիաժամ ծառայություն սկսեն։ Մենք գնահատում ենք նրանց կատարած ջանքերը և կարող ենք վստահեցնել, որ Եհովան նույնպես գնահատում է։ Եթե տարիքը կամ առողջական խնդիրները թույլ չեն տալիս, որ հավատարիմ ծառաներն անեն այն, ինչ արել են ժամանակին, միևնույնն է, նրանք արժանի են մեր խոր գնահատանքին՝ իրենց երկար տարիների ծառայության համար։ Անկախ մեր հավատակիցների ունեցած խնդիրներից՝ Եհովան խորհուրդ է տալիս իր բոլոր հավատարիմ ծառաներին. «Սփոփե՛ք վհատված հոգիները, թիկո՛ւնք կանգնեք թույլերին, երկայնամի՛տ եղեք բոլորի հանդեպ» (1 Թեսաղ. 5։14)։

«Մեծահոգաբար ներեք ու մխիթարեք նրան»

13, 14. ա) Ի՞նչ լուրջ քայլի դիմեց Կորնթոսի ժողովը և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ եղավ ընկերակցությունից զրկելու արդյունքը։

13 Առաջին դարի Կորնթոսի ժողովում լուրջ խնդիր էր ծագել. անդամներից մեկը առանց զղջալու պոռնկություն էր գործում։ Նրա վարքը սպառնում էր ժողովի մաքրությանը և մեծ աղմուկ էր բարձրացրել նույնիսկ անհավատների մեջ։ Ուստի Պողոսը հստակ ասաց, որ այդ մարդը պետք է զրկվի ժողովի ընկերակցությունից (1 Կորնթ. 5։1, 7, 11–13)։

14 Այս խրատը լավ արդյունք տվեց։ Ժողովը պաշտպանվեց ապականիչ ազդեցությունից, իսկ մեղք գործած անհատը սթափվեց և անկեղծորեն զղջաց։ Պողոսն իր երկրորդ նամակում նշեց, որ եթե մարդու գործերը ցույց են տալիս, որ զղջում է, ապա նա պետք է վերականգնվի։ Սակայն դա բավարար չէր։ Առաքյալը նաև խորհուրդ տվեց, որ ժողովը «մեծահոգաբար ների ու մխիթարի [զղջացող մեղավորին], որ չլինի թե այդպիսի անհատը կուլ գնա իր ծայրահեղ տրտմությանը» (կարդա՛ 2 Կորնթացիներ 2։5–8)։

15. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք զղջացող անհատին, որը վերականգնվել է։

15 Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Անշուշտ, մենք տխրում ենք, երբ որևէ մեկը զրկվում է ընկերակցությունից։ Հնարավոր է՝ նա անարգել է Աստծու անունը և վարկաբեկել ժողովի բարի համբավը։ Գուցե մեղք է գործել անձամբ մեր դեմ։ Այնուհանդերձ, երբ նշանակված երեցները Եհովայի առաջնորդությամբ քննում են այդ դեպքը և որոշում են, որ զղջացող անհատը պետք է վերականգնվի, ապա դա ցույց է տալիս, որ վերջինիս Եհովան է ներել (Մատթ. 18։17–20)։ Մի՞թե մենք էլ չպետք է ընդօրինակենք Նրան։ Իսկ եթե կոպիտ լինենք և չներենք, կնշանակի, որ հակառակվում ենք Եհովային։ Որպեսզի նպաստենք ժողովի միասնությանն ու խաղաղությանը և ունենանք Եհովայի հավանությունը, պետք է մեղք գործողին, որն իսկապես զղջացել է և վերականգնվել, «հավաստիացնենք մեր սիրո մեջ» (Մատթ. 6։14, 15; Ղուկ. 15։7)։

«Նա օգտակար է ինձ»

16. Ինչո՞ւ էր Պողոսը հիասթափվել Մարկոսից։

16 Աստվածաշնչյան մեկ այլ արձանագրություն ցույց է տալիս, որ մենք չպետք է բացասաբար տրամադրվենք մեզ հիասթափեցրած մարդկանց դեմ։ Հովհաննես Մարկոսը, օրինակ, խորապես հիասթափեցրել էր Պողոս առաքյալին։ Տեսնենք, թե ինչպես։ Երբ Պողոսն ու Բառնաբասը սկսեցին իրենց առաջին միսիոներական շրջագայությունը, Մարկոսը միացավ նրանց։ Սակայն ճանապարհորդության կեսից անհայտ պատճառներով լքեց իր համագործակիցներին և տուն վերադարձավ։ Պողոսն այնքան էր հիասթափվել, որ երբ ծրագրում էր իր երկրորդ շրջագայությունը, չհամաձայնվեց Բառնաբասի հետ Մարկոսին նորից իրենց հետ վերցնել։ Հաշվի առնելով, թե ինչ էր տեղի ունեցել առաջին շրջագայության ժամանակ՝ Պողոսը չցանկացավ, որ Մարկոսը ճանապարհորդի իրենց հետ (կարդա՛ Գործեր 13։1–5, 13; 15։37, 38)։

17, 18. Որտեղի՞ց գիտենք, որ Պողոսի և Մարկոսի տարաձայնությունը հարթվեց, և ի՞նչ ենք սովորում այս դեպքից։

17 Ակներևաբար, Մարկոսը թույլ չտվեց, որ Պողոսի արձագանքը չափազանց վշտացնի իրեն, և Բառնաբասի հետ շարունակեց իր միսիոներական գործունեությունը մի ուրիշ տարածքում (Գործ. 15։39)։ Մարկոսը հավատարիմ էր ու վստահելի, և դա երևում է այն բանից, թե ինչ գրեց Պողոսը նրա մասին տարիներ անց։ Այդ ժամանակ առաքյալը բանտարկված էր Հռոմում և նամակ էր գրում Տիմոթեոսին, որ իր մոտ գա։ Նույն նամակում նա գրեց. «Քեզ հետ վերցրու Մարկոսին և բեր, որովհետև նա օգտակար է ինձ ծառայության համար» (2 Տիմոթ. 4։11)։ Այո՛, Պողոսը կրկին վստահում էր Մարկոսին։

18 Մարկոսը եռանդուն միսիոներ դառնալու համար լավ հատկություններ էր զարգացրել։ Նա չէր գայթակղվել Պողոսի արձագանքից։ Երկուսն էլ հոգևոր մարդիկ էին և թույլ չտվեցին, որ բացասական տրամադրվածությունը թշնամանքի վերածվի։ Հակառակը՝ Պողոսը հետագայում ընդունեց, որ Մարկոսը հրաշալի համագործակից է։ Այս դեպքից կարող ենք դաս քաղել։ Երբ եղբայրները հարթում են դժվարություններն ու խնդիրները, պետք է շարունակեն օգնել ուրիշներին հոգևորապես առաջադիմելու։ Ուստի եթե նկատենք ուրիշների դրական կողմերը, կկարողանանք կերտել ժողովը։

Ժողովը և դու

19. Ժողովի բոլոր անդամներն ինչպե՞ս կարող են օգնել իրար։

19 Այս «չափազանց դժվար ժամանակներում» ժողովիդ եղբայրներն ու քույրերը քո օգնության կարիքն ունեն, իսկ դու՝ նրանց (2 Տիմոթ. 3։1)։ Երբեմն մեր հավատակիցները չեն կողմնորոշվում՝ ինչպես անել այն, ինչ ճիշտ է։ Սակայն Եհովան գիտի, թե ինչ պետք է անեն նրանք, և որպեսզի շարունակաբար ճիշտ ուղով ընթանան, նա կարող է օգնել ժողովի տարբեր անդամների միջոցով, այդ թվում նաև քո (Ես. 30։20, 21; 32։1, 2)։ Անպայման ձգտիր կիրառել Պողոսի հորդորը. «Շարունակե՛ք մխիթարել միմյանց և կերտել միմյանց, ինչպես արդեն անում եք» (1 Թեսաղ. 5։11)։

Հիշո՞ւմ ես

• Ինչո՞ւ է կարևոր կերտել ժողովը։

• Ո՞ր խնդիրների դեպքում կարող ես օգնել ուրիշներին։

• Ինչո՞ւ մենք ունենք ժողովի աջակցության կարիքը։

[Նկար 11–րդ էջի վրա]

Եթե հավատակիցը դժվար իրավիճակում է, մենք կարող ենք աջակցել նրան

[Նկար 12–րդ էջի վրա]

Ժողովի երիտասարդներից շատերը ավելին անելու մեծ հնարավորություններ ունեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը