Ո՞վ կարող է ազատել նրանց, ովքեր աղաղակում են օգնության համար
«Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր.... Որովհետեւ նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է» (ՍԱՂ. 72։1, 12)։
1. Դավթի օրինակից ի՞նչ ենք սովորում Աստծու ողորմության մասին։
ՈՐՔԱ՜Ն է ջերմանում մեր սիրտը այս խոսքերից, որոնք հավանաբար գրի է առել հին Իսրայելի Դավիթ թագավորը։ Այդ խոսքերը գրելուց տարիներ առաջ նրա խիղճը տանջում էր, քանի որ շնություն էր գործել Բերսաբեի հետ։ Այդ ժամանակ Դավիթը աղաչել էր Աստծուն. «Քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները.... Իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է.... Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը» (Սաղ. 51։1–5)։ Այո՛, Եհովան ողորմածաբար հաշվի է առնում, որ մենք մեղավոր ենք։
2. Ինչի՞ մասին է 72-րդ սաղմոսը։
2 Եհովան հասկանում է, թե ինչ խղճուկ վիճակում ենք։ Ինչպես կանխագուշակվել էր, Աստծու օծյալ թագավորը «կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ» (Սաղ. 72։12, 13)։ Իսկ ինչպե՞ս է նա օգնության ձեռք մեկնելու։ 72-րդ սաղմոսը պատասխանում է այս հարցին։ Թեև այս երգը Դավթի որդու՝ Սողոմոնի թագավորության մասին է, այն նախաշողն է այն բանի, թե ինչպես է Աստծու Որդի Հիսուս Քրիստոսի Թագավորությունը ազատելու մարդկանց տառապանքից։
Քրիստոսի իշխանության նախաշողը
3. Ի՞նչ խնդրեց Սողոմոնը, և ի՞նչ տվեց Աստված նրան։
3 Այն բանից հետո, երբ ծեր Դավիթը կարգադրեց, որ Սողոմոնը թագավոր լինի, նա հստակ հրահանգներ տվեց իր որդուն, որոնք վերջինս հավատարմորեն կատարեց (Գ Թագ. 1։32–35; 2։1–3)։ Հետագայում Եհովան երազում երևաց Սողոմոնին և ասաց. «Խնդրիր թէ քեզ ինչ տամ»։ Նա ընդամենը մի բան խնդրեց. «Տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու բարիի ու չարի մէջտեղը ջոկելու»։ Սողոմոնի համեստ խնդրանքի դիմաց Աստված նրան տվեց այն, ինչ խնդրել էր, դեռ մի բան էլ ավել (Գ Թագ. 3։5, 9–13)։
4. Ինչպե՞ս նկարագրեց Սողոմոնի իշխանությունը Սաբայի թագուհին։
4 Եհովան օրհնեց Սողոմոնին։ Նրա թագավորության ժամանակ մարդիկ ապրում էին խաղաղ ու հանգիստ. դա մի ժամանակաշրջան էր, որ երբևէ չի եղել ոչ մի մարդկային իշխանության օրոք (Գ Թագ. 4։25)։ Նրանց թվում, ովքեր գալիս էին տեսնելու Սողոմոնին՝ մեծահամբավ կառավարչին, Սաբայի թագուհին էր, որը եկավ մեծ շքախմբով։ Նա ասաց Սողոմոնին. «Ճշմարիտ է եղել այն խօսքը, որ ես լսել եմ իմ երկրումը.... ինձ կէսը չեն պատմել. դու իմ լսած համբաւիցը աւելի իմաստութիւն եւ բարիք ունես» (Գ Թագ. 10։1, 6, 7)։ Ինչ խոսք, Հիսուսը ավելի մեծ իմաստություն դրսևորեց և իրավամբ կարող էր ասել իր մասին. «Ահա Սողոմոնից էլ մեծն է այստեղ» (Մատթ. 12։42)։
Ազատում տառապանքից Մեծ Սողոմոնի իշխանության օրոք
5. Ի՞նչ է բացահայտում 72-րդ սաղմոսը, և Հիսուսն ի՞նչ ցույց տվեց, երբ երկրի վրա էր։
5 Եկեք այժմ քննենք 72-րդ սաղմոսը և տեսնենք, թե ինչ օրհնություններ կբերի Հիսուս Քրիստոսի՝ Մեծ Սողոմոնի իշխանությունը (կարդա՛ Սաղմոս 72։1–4)։ Այս սաղմոսը բացահայտում է, թե Եհովան ինչ տեսակետ ունի իր Որդու՝ «Խաղաղութեան իշխանի» «իշխանութեան» մասին (Ես. 9։6, 7)։ Աստծու առաջնորդությամբ Մեծ Սողոմոնը «կդատէ.... խեղճերին» և «խեղճերի որդիքը կփրկէ»։ Նրա իշխանությունը խաղաղություն և արդարություն կբերի։ Երբ երկրի վրա էր, Հիսուսը ցույց տվեց, թե ինչ է իրագործելու իր Հազարամյա Իշխանությունը (Հայտն. 20։4)։
6. Հիսուսի գործերն ինչպե՞ս են նախապատկերում այն, թե ինչ է նա անելու իր Թագավորության օրոք։
6 Քննենք Հիսուս Քրիստոսի կատարած գործերից մի քանիսը, որոնք նախապատկերն են այն բանի, թե ինչ է նա անելու մարդկության համար՝ իրագործելով 72-րդ սաղմոսի խոսքերը։ Մեզ շատ է տպավորում այն, թե ինչ մեծ կարեկցանք էր նա դրսևորում տառապող մարդկանց հանդեպ (Մատթ. 9։35, 36; 15։29–31)։ Օրինակ՝ մի անգամ մի բորոտ մոտեցավ Հիսուսին ու խնդրեց. «Եթե միայն ուզենաս, կարո՛ղ ես մաքրել ինձ»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Եվ այդ մարդը բուժվեց (Մարկ. 1։40–42)։ Ավելի ուշ նա հանդիպեց մի այրու, որի միակ որդին մահացել էր։ Աստծու Որդին «խղճաց նրան» ու մահացածին ասաց. «Վե՛ր կաց»։ Ու տղան կենդանացավ (Ղուկ. 7։11–15)։
7, 8. Ի՞նչ գործեր էր անում Հիսուսն աստվածատուր զորությամբ։
7 Եհովան Հիսուսին հրաշքներ գործելու զորությամբ էր օժտել։ Այդ զորությամբ նա բուժեց մի կնոջ, «որ տասներկու տարի արյունահոսություն ուներ»։ Թեև կինը «շատ բժիշկների կողմից բազում չարչարանքներ էր կրել, ծախել էր իր ողջ ունեցվածքը», սակայն նրա վիճակը ավելի էր վատացել։ Դա էր պատճառը, որ նա ամբոխի մեջ մտավ և դիպավ Հիսուսին՝ խախտելով Օրենքը նրանց մասին, ովքեր «արեան ծորում» ունեն (Ղեւտ. 15։19, 25)։ Աստծու Որդին զգաց, որ իրենից ինչ-որ ուժ գնաց, ուստի հարցրեց, թե ով իրեն դիպավ։ «Վախենալով ու դողալով»՝ այդ կինը «ընկավ նրա առաջ ու պատմեց ողջ ճշմարտությունը»։ Հասկանալով, որ Եհովան է բուժել կնոջը՝ Հիսուսը բարությամբ վերաբերվեց նրան և ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր» (Մարկ. 5։25–27, 30, 33, 34)։
8 Հիսուսը աստվածատուր զորությամբ բուժում էր հիվանդներին, և դա, հավանաբար, մեծ ազդեցություն էր թողնում ականատեսների վրա։ Օրինակ՝ շատերն, անկասկած, տպավորվեցին, երբ տեսան, թե ինչպես Հիսուսը բուժեց ժողովրդին նախքան հայտնի Լեռան քարոզն ասելը (Ղուկ. 6։17–19)։ Երբ Հովհաննես Մկրտիչը աշակերտներից երկուսին ուղարկեց Հիսուսի մոտ՝ համոզվելու, որ նա Մեսիան է, նրանք տեսան, թե ինչպես Հիսուսը «շատերին բուժեց ախտերից, ծանր հիվանդություններից և չար ոգիներից ու շատ կույրերի տեսողություն շնորհեց»։ Այնուհետև Քրիստոսն ասաց նրանց. «Իմացրե՛ք Հովհաննեսին, ինչ որ լսեցիք ու տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է պատմվում» (Ղուկ. 7։19–22)։ Հավանաբար այդ լուրը քաջալերեց Հովհաննեսին։
9. Հիսուսի հրաշքները ինչի՞ նախաշողն էին։
9 Ճիշտ է, երբ Հիսուսը երկրի վրա էր, նա մարդկանց ազատեց տառապանքից, բայց դա ժամանակավոր էր։ Նրանք, ում նա բուժեց կամ հարություն տվեց, հետո մահացան։ Սակայն երկրի վրա Աստծու Որդու կատարած հրաշքները նախաշողն էին այն բանի, որ մարդիկ ազատվելու են տառապանքից Մեսիական իշխանության ժամանակ։
Առջևում դրախտ-երկիրն է
10, 11. ա) Որքա՞ն են տևելու Թագավորության օրհնությունները, և ինչի՞ նման է լինելու Հիսուսի իշխանությունը։ բ) Ո՞վ է լինելու Հիսուսի հետ դրախտում, և ո՞ր դեպքում նա կարող է ապրել հավիտյան։
10 Փորձիր պատկերացնել, թե ինչպիսին կլինի կյանքը դրախտում (կարդա՛ Սաղմոս 72։5–9)։ Միակ ճշմարիտ Աստծու ծառաները կվայելեն կյանքը այնքան, որքան արևն ու լուսինը գոյություն կունենան, այո՛, հավիտյան։ Հիսուս Քրիստոս Թագավորը կթարմացնի նրանց, «ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը»։
11 Երբ պատկերացնում ես, թե ինչ հրաշալի կատարում է ունենալու այս սաղմոսը, մի՞թե սիրտդ չի թրթռում դրախտ-երկրում հավիտյան ապրելու հույսից։ Վստահաբար, ցցին գամված հանցագործի սիրտը թրթռաց, երբ Հիսուսն ասաց նրան. «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկ. 23։43)։ Հիսուսի Հազարամյա Իշխանության օրոք այդ մարդը կյանքի կվերադառնա։ Եվ եթե ենթարկվի Քրիստոսի իշխանությանը, ապա հնարավորություն կունենա հավիտյան ապրելու կատարյալ ու երջանիկ կյանքով։
12. Քրիստոսի Հազարամյա Իշխանության օրոք ի՞նչ հնարավորություն է բացվելու հարություն առած անարդարների առաջ։
12 Մեծ Սողոմոնի՝ Հիսուս Քրիստոսի իշխանության օրոք «կծաղկի արդարը» (Սաղ. 72։7)։ Թագավորը մեծ սեր և ջերմ հոգատարություն կցուցաբերի մարդկանց հանդեպ, ինչպես որ անում էր երկրի վրա եղած ժամանակ։ Աստծու խոստացած նոր աշխարհում նույնիսկ հարություն առած «անարդարներին» հնարավորություն կտրվի իրենց կյանքը ներդաշնակեցնելու Եհովայի չափանիշներին և ապրելու հավիտյան (Գործ. 24։15)։ Իհարկե, նրանց, ովքեր չեն հնազանդվի Աստծու պահանջներին, թույլ չի տրվի շարունակել ապրել և խաթարել նոր աշխարհի խաղաղությունն ու անդորրը։
13. Որքա՞ն ընդարձակ են լինելու Թագավորության սահմանները, և ինչո՞ւ դրախտում խաղաղությունը չի խաթարվի։
13 Այն, որ Մեծ Սողոմոնի իշխանության սահմանները տարածվելու են ողջ երկրով մեկ, երևում է հետևյալ խոսքերից. «Նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. եւ Գետիցը [Եփրատից] մինչեւ երկրի ծայրերը։ Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն» (Սաղ. 72։8, 9)։ Այո՛, Հիսուս Քրիստոսը կղեկավարի ողջ երկրի վրա (Զաք. 9։9, 10)։ Նրանք, ովքեր կգնահատեն նրա իշխանությունը և դրա բերած օրհնությունները, հոժարակամորեն «կխոնարհուին»։ Իսկ անզեղջ մեղավորները կոչնչանան, անգամ եթե «հարիւր տարեկան» էլ լինեն (Ես. 65։20)։ Նրանք «փոշի կլիզեն»։
Հիսուսը կարեկցում է մեզ
14, 15. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը հասկանում է մարդկանց զգացմունքները և «կ’փրկէ խեղճին որ աղաղակում է»։
14 Մեղավոր մարդկությունը խղճուկ վիճակում է և օգնության կարիք ունի։ Սակայն մեզ համար հույսի դուռ է բացված (կարդա՛ Սաղմոս 72։12–14)։ Հիսուսը՝ Մեծ Սողոմոնը, կարեկցում է մեզ, քանի որ հասկանում է, որ անկատար ենք։ Ավելին, նա տառապեց հանուն արդարության, և Աստված թույլ տվեց, որ նա ենթարկվի այդ փորձությանը։ Աստծու Որդին այնքան ծանր էմոցիոնալ վիճակում էր, որ «նրա քրտինքը դարձավ արյան կաթիլների նման, որ գետին էին թափվում» (Ղուկ. 22։44)։ Հետո տանջանքի ցցի վրա բացականչեց. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մատթ. 27։45, 46)։ Չնայած իր կրած բոլոր տառապանքներին և Սատանայի՝ նրան Եհովայից հեռացնելու ջանքերին՝ Հիսուսը ապացուցեց, որ հավատարիմ է Աստծուն։
15 Կարող ենք վստահ լինել, որ Հիսուսը տեսնում է մեր ցավը ու «կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի»։ Ինչպեսև իր Հայրը, Քրիստոսը հոգատարությամբ ու սիրով «կլսի խեղճերին» և «կբժշկի սրտով կոտրուածներին եւ կփաթաթի՝ նորանց խոցերը» (Սաղ. 69։33; 147։3)։ Հիսուսը կարող է «ցավակից լինել մեր թուլություններին», քանի որ նա «մեզ նման փորձվել է բոլոր առումներով» (Եբր. 4։15)։ Որքա՜ն ուրախալի է իմանալ, որ Թագավոր Հիսուս Քրիստոսը այժմ իշխում է երկնքում և փափագում է մարդկանց ազատել տառապանքից։
16. Ինչո՞ւ էր Սողոմոնը կարողանում կարեկցել իր հպատակներին։
16 Սողոմոնը, անկասկած, «խղճում էր տկարին», քանի որ իմաստուն էր և խորաթափանց։ Բացի այդ, նրա կյանքում էլ տխուր ու ողբալի իրադարձություններ էին եղել։ Օրինակ՝ նրա եղբայր Ամնոնը բռնաբարեց իր քրոջը՝ Թամարին, իսկ մյուս եղբայրը՝ Աբիսողոմը, այդ հանցանքի համար սպանեց Ամնոնին (Բ Թագ. 13։1, 14, 28, 29)։ Աբիսողոմը ապօրինի կերպով գրավեց Դավթի գահը, սակայն հաջողության չհասավ, իսկ ավելի ուշ սպանվեց Հովաբի կողմից (Բ Թագ. 15։10, 14; 18։9, 14)։ Հետագայում Սողոմոնի եղբայր Ադոնիան նույնպես փորձեց նենգաբար գրավել նրա գահը։ Եթե դա նրան հաջողվեր, Սողոմոնը կսպանվեր (Գ Թագ. 1։5)։ Այն, որ թագավորը հասկանում էր մարդու տառապանքները, երևում է տաճարի նվիրման ժամանակ ասված նրա աղոթքից։ Իր հպատակների մասին մտահոգված՝ նա խնդրեց. «Ամեն մարդ որ իր ցաւը եւ ախտը գիտէ.... Դու [Եհո՛վա].... ներիր. եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ» (Բ Մնաց. 6։29, 30)։
17, 18. Ինչպիսի՞ «ցաւ» ունեն Աստծու որոշ ծառաներ, և ի՞նչն է օգնել նրանց տոկալու։
17 Գուցե երբեմն մեր սրտում «ցաւ» զգանք անցյալում տեղի ունեցած որոշ դեպքերի պատճառով։ 30-ն անց Մարիանa, որը Եհովայի վկա է, ասում է. «Ես բոլոր հիմքերն ունեմ երջանիկ լինելու, սակայն հաճախ իմ անցյալի պատճառով ամաչում ու զզվում եմ ինձանից։ Դրա պատճառով շատ եմ տխրում և ուզում եմ լաց լինել, ասես ամեն ինչ երեկ էր պատահել։ Հիշողությունները անարժեքության ու մեղավորության զգացումով են համակում ինձ»։
18 Եհովայի ծառաներից շատերին ծանոթ են այս զգացումները։ Սակայն ի՞նչը կարող է ուժ տալ նրանց, որ տոկան։ Մարիան ասում է. «Մտերիմ ընկերներս ու հավատակիցներս ուրախության մեծ աղբյուր են ինձ համար։ Ես նաև փորձում եմ կենտրոնանալ Եհովայի ապագա խոստումների վրա և վստահ եմ, որ օգնության համար աղաղակելու փոխարեն՝ ես ուրախությամբ կբացականչեմ» (Սաղ. 126։5)։ Մենք պետք է մեր հույսը դնենք Աստծու Որդու՝ նշանակված Իշխանի վրա, որի մասին կանխագուշակվել էր. «Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին» (Սաղ. 72։13, 14)։ Որքա՜ն մխիթարական են այս խոսքերը։
Նոր աշխարհում առատություն է սպասում մեզ
19, 20. ա) Ըստ 72-րդ սաղմոսի՝ ի՞նչ խնդիր կլուծի Թագավորությունը։ բ) Ո՞ւմ ենք պարտական Քրիստոսի իշխանության համար, և ի՞նչ զգացումներով ես պարուրվում դու։
19 Փորձիր պատկերացնել, թե ինչ ապագա է սպասում արդար մարդկանց Աստծու նոր աշխարհում, երբ իշխի Մեծ Սողոմոնը։ Եհովան խոստանում է. «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղ. 72։16)։ Քանի որ ցորենը սովորաբար չի աճում սարերի գագաթներին, այս խոսքերը ընդգծում են, թե որքան բերրի կդառնա երկիրը։ Նրա պտուղը «Լիբանանի պէս պիտի ըլլայ» (ԱԱ)։ Լիբանանում Սողոմոնի իշխանության ժամանակ առատ բերք էր լինում։ Միայն մտածիր. այլևս սննդի պակաս չի լինի, չեն լինի նաև թերսնվող և սովամահ եղող մարդիկ։ Բոլորը կմասնակցեն «խնջոյքին.... պարարտ բաներով» (Ես. 25։6–8; 35։1, 2)։
20 Ո՞ւմ ենք պարտական այս բոլոր օրհնությունների համար։ Առաջին հերթին Հավիտենական Թագավորին և Տիեզերքի Իշխանին՝ Եհովա Աստծուն։ Բոլորս այդ ժամանակ ուրախությամբ կկրկնենք այս գեղեցիկ և սիրտ ջերմացնող երգի վերջին խոսքերը. «Նորա [Թագավոր Հիսուս Քրիստոսի] անունը կ’լինի յաւիտեան. դեռ քանի որ արեգակը կ’կենայ. նորա անունը կ’մնայ, եւ կ’օրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կ’տան նորան։ Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. որ մինակ նա է հրաշք անող։ Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն» (Սաղ. 72։17–19)։
[Ծանոթագրություն]
a Անունը փոխված է։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ի՞նչ է նախապատկերում 72-րդ սաղմոսը։
• Ո՞վ է Մեծ Սողոմոնը, և որքա՞ն ընդարձակ է լինելու նրա իշխանությունը։
• 72-րդ սաղմոսում նկարագրված օրհնություններից ո՞րն է քեզ համար ամենագրավիչը։
[Նկար 29–րդ էջի վրա]
Ի՞նչ էր նախապատկերում Սողոմոնի բարգավաճ իշխանությունը
[Նկար 32–րդ էջի վրա]
Արժե՛ ամեն ջանք ներդնել դրախտում Մեծ Սողոմոնի իշխանության ներքո կյանք ստանալու համար