Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 10/15 էջ 3–7
  • «Ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը»
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սխալ հակում. խուսափի՛ր դրանից
  • Ունենանք «Քրիստոսի միտքը»
  • Ինչպես Եհովան վարվեց Մովսեսի հետ
  • Ինչպես Եհովան վարվեց Աբրահամի հետ
  • Դասեր մեզ համար
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
  • Հասկանանք ու գնահատենք Մեծ Մովսեսի դերը
    2009 Դիտարան
  • Որքա՞ն լավ ես ճանաչում Եհովային
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ երեւոյթների վրայ հիմնուած»
    1998 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 10/15 էջ 3–7

«Ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը»

««Ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը, որ սովորեցնի նրան»։ Իսկ մենք Քրիստոսի միտքն ունենք» (1 ԿՈՐՆԹ. 2։16)։

1, 2. ա) Ի՞նչ դժվարությունների են բախվում շատ մարդիկ։ բ) Ի՞նչ պետք է հիշենք մեր ու Եհովայի մտածելակերպի վերաբերյալ։

ԵՐԲԵՎԷ քեզ համար դժվար եղե՞լ է հասկանալ ուրիշի մտածելակերպը։ Գուցե վերջերս ես ամուսնացել և զգում ես, որ լիովին չես հասկանում կողակցիդ մտածելակերպը։ Տղամարդիկ ու կանայք մտածում և անգամ խոսում են տարբեր կերպերով։ Նույնիսկ որոշ մշակույթներում տղամարդիկ ու կանայք խոսում են միևնույն լեզվի տարբեր բարբառներով։ Բացի այդ, տարբեր մշակույթների ու լեզուների պատճառով մարդկանց մտածելակերպն ու վարվելակերպը տարբերվում է։ Սակայն որքան լավ ճանաչես ուրիշներին, այնքան ավելի լավ կհասկանաս, թե ինչպես են մտածում նրանք։

2 Ուստի չպետք է զարմանանք, որ մեր մտածելակերպը շատ է տարբերվում Եհովայի մտածելակերպից։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան իսրայելացիներին ասաց. «Ձեր մտքերը իմ մտքերը չեն, և իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն»։ Ապա այս փաստը պատկերավոր կերպով նկարագրելով՝ շարունակեց. «Որովհետև ինչպես որ երկինքն է երկրից բարձր, այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից, ու իմ մտքերը՝ ձեր մտքերից» (Ես. 55։8, 9)։

3. Ո՞ր երկու միջոցներով կարող ենք «Եհովայի հետ մտերմություն» ունենալ։

3 Սակայն մի՞թե կարող ենք եզրակացնել, որ նույնիսկ չպետք է փորձենք հասկանալ Եհովայի մտածելակերպը։ Իհա՛րկե ոչ։ Թեև երբեք չենք կարողանա լիարժեքորեն հասկանալ Աստծու բոլոր մտքերը, այնուամենայնիվ, Աստվածաշունչը հորդորում է «Եհովայի հետ մտերմություն» ունենալ (կարդա՛ Սաղմոս 25։14; Առակներ 3։32)։ Կերպերից մեկը, որով կարող ենք ավելի մոտենալ Եհովային, նրա գործելակերպին ուշադրություն դարձնելը ու այն հաշվի առնելն է, ինչպես որ գրված է Աստվածաշնչում (Սաղ. 28։5)։ Իսկ մյուս միջոցը «Քրիստոսի միտքն» իմանալն է, քանի որ Քրիստոսը «անտեսանելի Աստծու պատկերն է» (1 Կորնթ. 2։16; Կող. 1։15)։ Աստվածաշնչյան արձանագրություններն ուսումնասիրելու համար ժամանակ հատկացնելով և դրանց շուրջ խորհրդածելով՝ կկարողանանք հասկանալ, թե ինչպիսին է Եհովան և ինչպիսի մտածելակերպ ունի։

Սխալ հակում. խուսափի՛ր դրանից

4, 5. ա) Ո՞ր սխալ հակումից պետք է խուսափենք։ Բացատրի՛ր։ բ) Ինչպիսի՞ սխալ մտածելակերպ որդեգրեցին իսրայելացիները։

4 Երբ խորհում ենք Եհովայի գործելակերպի մասին, պետք է խուսափենք նրան մարդկային չափանիշներով դատելու հակումից։ Եհովան հենց դա էր ակնարկում Սաղմոս 50։21-ում. «Դու կարծեցիր, թե ես էլ քեզ նման կդառնամ»։ Նմանատիպ խոսքեր ասաց մի աստվածաշնչագետ ավելի քան 175 տարի առաջ. «Մարդիկ հակված են Աստծուն դատելու իրենց չափանիշներով և կարծում են, թե Աստված ենթարկվում է այն նույն օրենքներին, որոնց պետք է հետևեն մարդիկ»։

5 Մենք պետք է զգույշ լինենք, որ Եհովայի մասին պատկերացում չկազմենք մեր չափանիշների ու ցանկությունների հիման վրա։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Սուրբ Գիրքն ուսումնասիրելիս Եհովայի որոշ գործողություններ հնարավոր է մեր սահմանափակ անկատար տեսանկյունից այդքան էլ ճիշտ չթվան։ Հին իսրայելացիները հենց այդպիսի մտածելակերպ էին որդեգրել և հետևաբար սխալ եզրահանգման էին եկել այն մասին, թե ինչպես է Աստված վարվում իրենց հետ։ Ուշադրություն դարձրու, թե Եհովան ինչ ասաց նրանց. «Դուք կասեք. «Եհովայի ճանապարհն անարդար է»։ Բայց լսի՛ր, խնդրեմ, ո՛վ Իսրայելի տուն, ի՞մ ճանապարհն է անարդար, չէ՞ որ ձեր ճանապարհներն են անարդար» (Եզեկ. 18։25)։

6. Ի՞նչ դաս սովորեց Հոբը, և ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել նրա հետ տեղի ունեցածից։

6 Որպեսզի խուսափենք Եհովային մեր սեփական չափանիշներով դատելու ծուղակն ընկնելուց, կարևոր է ընդունել, որ մեր մտածելակերպը սահմանափակ ու երբեմն էլ շատ սխալ է։ Հոբը նույնպես պետք է ընդուներ այդ փաստը։ Տառապանքները նրան հուսահատության մեջ էին գցել, ու ավելի մեծ հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն՝ նա կենտրոնացել էր իր եսի վրա։ Սակայն Եհովան սիրով օգնեց նրան տեսնելու ողջ պատկերը։ Նա ավելի քան 70 հարց տվեց Հոբին, որոնցից ոչ մեկին վերջինս չկարողացավ պատասխանել, և այդպիսով ցույց տվեց, որ Հոբի մտածելակերպը սահմանափակ է։ Հոբը խոնարհաբար ընդունեց Եհովայի խրատը և շտկեց իր մտածելակերպը (կարդա՛ Հոբ 42։1–6)։

Ունենանք «Քրիստոսի միտքը»

7. Ինչո՞ւ Հիսուսի վարվելակերպը քննելը կօգնի մեզ հասկանալու Եհովայի մտածելակերպը։

7 Հիսուսն իր բոլոր խոսքերով և արարքներով կատարելապես ընդօրինակեց Հորը (Հովհ. 14։9)։ Հետևաբար, նրա վարվելակերպը քննելը կօգնի մեզ հասկանալու Եհովայի մտածելակերպը (Հռոմ. 15։5; Փիլիպ. 2։5)։ Եկեք այժմ նկատի առնենք Ավետարաններից երկուսում արձանագրված դեպքերը։

8, 9. Ինչպես արձանագրված է Հովհաննես 6։1–5-ում, ի՞նչը մղեց Հիսուսին հարց ուղղելու Փիլիպոսին, և ինչո՞ւ նա դա արեց։

8 Մոտենում էր 32թ. Պասեքը։ Հիսուսի առաքյալները նոր էին վերադարձել Գալիլեայում կատարած քարոզարշավից։ Քանի որ հոգնած էին, Հիսուսը նրանց տարավ Գալիլեայի ծովի հյուսիսարևելյան ափին գտնվող մի մեկուսի վայր։ Սակայն հազարավոր մարդիկ հետևեցին նրանց։ Այն բանից հետո, երբ Հիսուսը բուժեց այդ բազմությանը և շատ բաներ սովորեցրեց նրանց, մի հարց առաջացավ։ Այդ մեկուսի վայրում որտեղի՞ց մարդիկ պետք է ուտելու որևէ բան գտնեին։ Նրանց մասին մտածելով՝ Հիսուսը հարցրեց Փիլիպոսին, որն այդ կողմերից էր. «Որտեղի՞ց հաց գնենք այս մարդկանց համար, որ ուտեն» (Հովհ. 6։1–5)։

9 Ինչո՞ւ Հիսուսն այս հարցն ուղղեց Փիլիպոսին։ Մի՞թե նա չգիտեր, թե ինչ պետք է անի։ Իհա՛րկե գիտեր։ Ուրեմն ի՞նչ ի մտի ուներ նա։ Հովհաննես առաքյալը, որը նույնպես այդտեղ էր, բացատրում է. «[Հիսուսը] այդպես ասաց, որ ստուգի նրան, որովհետև գիտեր, թե ինչ պիտի անի» (Հովհ. 6։6)։ Աստծու Որդին ուզում էր տեսնել, թե որքան էին հոգևորապես աճել իր աշակերտները։ Այս հարցն ուղղելով՝ նա հրավիրեց նրանց ուշադրությունը այդ ժողովրդին կերակրելու խնդրի վրա ու հնարավորություն տվեց, որ արտահայտեն իրենց հավատը այն բանի վերաբերյալ, թե ինչ կարող է անել ինքը։ Սակայն աշակերտները չօգտվեցին ընձեռված հնարավորությունից։ Ակնհայտ դարձավ, թե իրականում որքան սահմանափակ է նրանց մտածելակերպը (կարդա՛ Հովհաննես 6։7–9)։ Այնուհետև Հիսուսը ցույց տվեց, որ կարող է մի այնպիսի բան անել, որը նրանց մտքով անգամ չէր անցնի. նա հրաշքով կերակրեց հազարավոր քաղցած մարդկանց (Հովհ. 6։10–13)։

10-12. ա) Հավանաբար, ինչո՞ւ Հիսուսն անմիջապես չկատարեց հույն կնոջ խնդրանքը։ Բացատրի՛ր։ բ) Ի՞նչ ենք այժմ քննելու։

10 Հետևյալ արձանագրությունը նույնպես կարող է օգնել մեզ հասկանալու Հիսուսի մտածելակերպը։ Այդ մեծ բազմությանը կերակրելուց կարճ ժամանակ անց Հիսուսն ու իր առաքյալները ուղևորվեցին հյուսիս՝ Իսրայելի սահմանից այն կողմ՝ Տյուրոսի ու Սիդոնի կողմերը։ Այնտեղ նրանք հանդիպեցին մի հույն կնոջ, որը աղաչեց Աստծու Որդուն բուժել իր աղջկան։ Սկզբում Հիսուսը ուշադրություն չդարձրեց նրան։ Սակայն երբ այդ կինը շարունակեց աղաչել, Քրիստոսն ասաց նրան. «Նախ երեխաները թող կշտանան, որովհետև ճիշտ չէ երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել» (Մարկ. 7։24–27)։

11 Ինչո՞ւ Հիսուսը սկզբում հրաժարվեց այդ կնոջն օգնելուց։ Արդյոք փորձո՞ւմ էր նրան, ինչպես Փիլիպոսին, որ տեսնի, թե ինչ արձագանք կտա։ Արդյոք այդպիսով ուզո՞ւմ էր հնարավորություն տալ, որ արտահայտի իր հավատը։ Նրա ձայնի տոնը, որը, սակայն, գրավոր խոսքից չի երևում, չհուսալքեց կնոջը։ Ուշադրություն դարձնենք, որ նա ասաց «շնիկներ», որով մեղմեց համեմատությունը։ Հավանաբար, Հիսուսը վարվեց այն ծնողի նման, որը մտադիր է կատարել երեխայի խնդրանքը, բայց սկզբում ցույց չի տալիս իր տրամադրվածությունը, քանի որ ցանկանում է ստուգել նրա վճռականությունը։ Ինչ էլ որ եղած լիներ պատճառը, Հիսուսը հոժարակամորեն կատարեց կնոջ խնդրանքը, երբ նա արտահայտեց իր հավատը (կարդա՛ Մարկոս 7։28–30)։

12 Այս երկու Ավետարանների արձանագրությունների շնորհիվ կարող ենք հասկանալ «Քրիստոսի միտքը»։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես այդ արձանագրությունները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալու Եհովայի միտքը։

Ինչպես Եհովան վարվեց Մովսեսի հետ

13. Ինչպե՞ս է Հիսուսի մտածելակերպը հասկանալը օգնում մեզ։

13 Հիսուսի մտածելակերպը հասկանալը օգնում է մեզ ընկալելու Աստվածաշնչի դժվարըմբռնելի հատվածները։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու Եհովայի խոսքերին, որոնք նա ասաց Մովսեսին այն բանից հետո, երբ իսրայելացիները ոսկե հորթ պատրաստեցին երկրպագելու համար. «Ես նայեցի այս ժողովրդին ու տեսա, որ նա համառ ժողովուրդ է։ Ուստի թո՛ղ ինձ, որ բարկությունս բորբոքվի նրանց դեմ, ու ես ոչնչացնեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ» (Ելք 32։9, 10)։

14. Ինչպե՞ս Մովսեսն արձագանքեց Եհովայի խոսքերին։

14 Այնուհետև կարդում ենք. «Մովսեսը սկսեց մեղմացնել իր Աստված Եհովայի բարկությունը՝ ասելով. «Ո՛վ Եհովա, ինչի՞ համար քո բարկությունը բորբոքվի քո ժողովրդի դեմ, որին Եգիպտոսից հանեցիր մեծ զորությամբ ու զորավոր ձեռքով։ Ինչո՞ւ եգիպտացիները ասեն. «Նա չար միտումով հանեց նրանց, որպեսզի սպանի լեռներում ու բնաջնջի երկրի երեսից»։ Զսպիր քո բորբոքված բարկությունը և մի՛ պատժիր քո ժողովրդին։ Հիշիր Աբրահամին, Իսահակին, Իսրայելին՝ քո ծառաներին, որոնց քո անձով երդվեցիր ու ասացիր. «Ես կշատացնեմ ձեր սերունդը երկնքի աստղերի չափ և այս ամբողջ երկիրը, որը ցույց տվեցի, ձեր սերնդին կտամ, որպեսզի նա դարեդար տիրի դրան»»։ Այդ ժամանակ Եհովան ափսոսաց, որ մտադրվել էր չարիք բերել իր ժողովրդի վրա, ինչի մասին ասել էր»a (Ելք 32։11–14)։

15, 16. ա) Ի՞նչ հնարավորություն բացվեց Մովսեսի առաջ Եհովայի խոսքերի պատճառով։ բ) Ի՞նչ իմաստով Եհովան «ափսոսաց»։

15 Մի՞թե անհրաժեշտ էր, որ Մովսեսն ուղղեր Եհովայի մտածելակերպը։ Բոլորովի՛ն։ Թեև Եհովան ասաց, թե ինչ է ուզում անել, սակայն դա նրա վերջնական վճիռը չէր։ Իրականում, Աստված այդպես փորձում էր իր ծառային, ինչպես որ Հիսուսն ավելի ուշ փորձեց Փիլիպոսին և հույն կնոջը։ Մովսեսին հնարավորություն տրվեց արտահայտելու իր տեսակետըb։ Եհովան միջնորդ էր նշանակել նրան իր և Իսրայելի միջև և հարգեց իր իսկ նշանակումը։ Արդյոք Մովսեսը կվրդովվե՞ր այդ ազգի վրա։ Արդյոք նա առիթից կօգտվե՞ր, կխրախուսե՞ր Եհովային մոռանալ Իսրայելին և հզոր ազգ առաջ բերել իր հետնորդներից։

16 Մովսեսի պատասխանը բացահայտեց իր հավատն ու վստահությունը Եհովայի արդարության հանդեպ։ Նրա արձագանքը ցույց տվեց, որ ոչ թե իր սեփական շահն է փնտրում, այլ մտահոգված է Եհովայի անվան սրբացմամբ։ Մովսեսը չէր ցանկանում, որ այն անարգվի։ Այդպիսով նա ցույց տվեց, որ հասկանում է «Եհովայի միտքը» այդ հարցի վերաբերյալ (1 Կորնթ. 2։16)։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Քանի որ Եհովան վերջնականապես չէր որոշել, թե ինչ է անելու, Սուրբ Գիրքն ասում է, որ նա «ափսոսաց»։ Եբրայերենում այս բառը պարզապես կարող է նշանակել, որ Եհովան չբերեց այն աղետը, որը ուզում էր բերել ողջ ազգի վրա։

Ինչպես Եհովան վարվեց Աբրահամի հետ

17. Ինչպե՞ս Եհովան մեծ համբերություն դրսևորեց Աբրահամի հանդեպ։

17 Մեկ այլ օրինակ, թե ինչպես է Եհովան հնարավորություն տալիս իր ծառաներին արտահայտելու իրենց հավատը և վստահությունը, Աբրահամի օրինակն է։ Աստված թույլ տվեց, որ նա հայտնի իր խնդրանքը Սոդոմի վերաբերյալ։ Այդ ժամանակ Եհովան մեծ համբերություն դրսևորեց՝ թույլ տալով նրան իրար հետևից ութ հարց տալ։ Խոսելու ընթացքում Աբրահամը համոզվածությամբ հետևյալն ասաց. «Անհնար է, որ դու այդպես վարվես, արդար մարդուն ամբարշտի հետ սպանես, որպեսզի արդար մարդուն պատահի այն, ինչ ամբարշտին։ Դա անհնար է։ Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի» (Ծննդ. 18։22–33)։

18. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Եհովան վարվեց Աբրահամի հետ։

18 Ի՞նչ ենք սովորում այս արձանագրությունից Եհովայի մտածելակերպի մասին։ Նա կարիք ունե՞ր, որ Աբրահամը տրամաբանի իր հետ, որպեսզի ինքը ճիշտ որոշում կայացնի։ Ո՛չ։ Անշուշտ, Եհովան հենց սկզբից պարզապես կարող էր ասել, թե ինչու է կայացրել այդ որոշումը։ Սակայն այս հարցերի միջոցով Աստված ժամանակ տվեց իր ծառային ընդունելու այդ որոշումը և հասկանալու Իր մտածելակերպը։ Այն նաև հնարավորություն տվեց Աբրահամին հասկանալու, թե որքան խորն է Եհովայի կարեկցանքը և որքան արդար է նա։ Այո՛, Եհովան ընկերոջ պես վարվեց Աբրահամի հետ (Ես. 41։8; Հակ. 2։23)։

Դասեր մեզ համար

19. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հոբին։

19 Ի՞նչ սովորեցինք «Եհովայի մտքի» մասին։ Մենք պետք է թույլ տանք, որ Աստծու Խոսքն օգնի մեզ ճիշտ կերպով հասկանալու այն։ Երբեք չպետք է մտածենք, որ Եհովան մեզ նման սահմանափակումներ ունի, ու չպետք է դատենք նրան մեր չափանիշներով և մտածելակերպով։ Հոբն ասաց. «[Աստված] ինձ պես մարդ չէ, որ պատասխանեմ նրան, և որ դատվենք միասին» (Հոբ 9։32)։ Երբ սկսում ենք հասկանալ Եհովայի միտքը, Հոբի պես մղվում ենք բացականչելու. «Ահա սրանք նրա ճանապարհների եզրերն են, և ընդամենը շշուկ է լսվում նրա մասին։ Բայց ո՞վ կարող է հասկանալ նրա հզոր որոտը» (Հոբ 26։14)։

20. Ի՞նչ պետք է անենք, եթե Աստվածաշունչ կարդալիս հանդիպենք դժվարըմբռնելի հատվածի։

20 Ուրեմն երբ Աստվածաշունչ կարդալիս հանդիպենք դժվարըմբռնելի հատվածի, որը հատկապես առնչվում է Եհովայի մտածելակերպին, ի՞նչ պետք է անենք։ Եթե փնտրտուքներ անելուց հետո չգտնենք հստակ պատասխանը, կարող ենք դա լավ առիթ համարել տեսնելու, թե որքան ենք վստահում Եհովային։ Հիշիր՝ երբեմն որոշ մտքեր հնարավորություն են տալիս մեզ դրսևորելու մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ Եհովան միշտ վարվում է իր հատկություններին ներդաշնակ։ Եկեք խոնարհաբար ընդունենք, որ չենք հասկանում այն ամենը, ինչ նա անում է (Ժող. 11։5)։ Այդ ժամանակ կհամաձայնենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին. «Օ՜, որքա՜ն առատ են Աստծու օրհնությունները, և որքա՜ն խորն են նրա իմաստությունն ու գիտելիքները։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի նրա ճանապարհները, որովհետև «ո՞վ կարողացավ իմանալ Եհովայի միտքը, կամ ո՞վ եղավ նրան խորհրդատու»։ Կամ «ո՞վ առաջինը տվեց նրան, որ հետո իրեն փոխհատուցվի»։ Չէ՞ որ բոլոր բաները նրանից, նրանով և նրա համար են։ Թող նրան լինի փառքը հավիտյան։ Ամեն» (Հռոմ. 11։33–36)։

[ծանոթագրություններ]

a Նմանատիպ խոսքեր արձանագրված են նաև Թվեր 14։11–20-ում։

b Ըստ որոշ գիտնականների՝ «թող ինձ» թարգմանված եբրայերեն դարձվածը, որը հանդիպում է Ելք 32։10-ում, կարելի է համարել հրավեր, ակնարկ, որ Մովսեսին թույլ է տրվում միջնորդելու, կամ՝ «կանգնելու» Եհովայի և այդ ազգի միջև առաջացած «ճեղքի մեջ» (Սաղ. 106։23; Եզեկ. 22։30)։ Ինչ էլ որ նշանակեր այն, ակներևաբար, Մովսեսի համար հեշտ էր անկաշկանդ արտահայտել իր կարծիքը Եհովային։

Հիշո՞ւմ ես

• Ի՞նչը կօգնի մեզ խուսափելու Եհովային մեր չափանիշներով դատելու հակումից։

• Ինչպե՞ս է Հիսուսի վարվելակերպը հասկանալը օգնում մեզ «Եհովայի հետ մտերմություն» ունենալու։

• Ի՞նչ սովորեցիր Մովսեսի ու Աբրահամի հետ Եհովայի ունեցած զրույցներից։

[նկարներ 5-րդ էջի վրա]

Ի՞նչ ենք սովորում Եհովայի մտածելակերպի մասին այն բանից, թե ինչպես նա վարվեց Մովսեսի և Աբրահամի հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը