Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 12/1 էջ 18–21
  • Ինչո՞ւ նրանք մերժեցին Մեսիային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ նրանք մերժեցին Մեսիային
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Չիրականացած ակնկալիքներ
  • Մերժված՝ կրոնական առաջնորդների կողմից
  • Կանխակալ կարծիք և հալածանք
  • Նախազգուշացնող օրինակներ մեզ համար
  • Մեսիա՝ փրկության միջոց
    2009 Դիտարան
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հիսուս Քրիստոս՝ Աստծո գիտության բանալի
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
2010 Դիտարան
w10 12/1 էջ 18–21

Ինչո՞ւ նրանք մերժեցին Մեսիային

ՄԱՐԴԻԿ հիանում էին Հիսուսի խոսքերով ու ապշում էին՝ նրա կատարած հրաշքները տեսնելով։ Շատերը «հավատացին նրան» և ընդունեցին, որ նա է խոստացյալ Մեսիան, կամ՝ Քրիստոսը։ Նրանք հետևյալ կերպ էին տրամաբանում. «Երբ որ Քրիստոսը գա, մի՞թե ավելի շատ հրաշքներ կանի, քան այս մարդն արեց» (Հովհաննես 7։31)։

Սակայն, չնայած փաստերին, մարդկանց մեծ մասը, ովքեր տեսան ու լսեցին Հիսուսին, չհավատացին նրան։ Ցավալի է, բայց նույնիսկ նրանցից ոմանք, ովքեր հավատացին, հետագայում հեռացան նրանից։ Իսկ ո՞րն էր պատճառը, որ շատերն անտեսեցին անհերքելի փաստերը և չընդունեցին Հիսուսին որպես Մեսիայի։ Եկեք քննենք պատճառները։ Սակայն կարդալու ընթացքում մտածեք, թե արդյոք նմանատիպ սխալ թույլ տալու վտանգի առաջ կանգնած չեք անձամբ դուք։

Չիրականացած ակնկալիքներ

Այն ժամանակաշրջանում, երբ ծնվեց Հիսուսը, հրեաները սպասում էին Մեսիայի հայտնվելուն։ Իսկ երբ Մարիամն ու Հովսեփը մանուկ Հիսուսին տաճար բերեցին, նրանք հանդիպեցին այն մարդկանց, ովքեր «սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը», ինչը, ըստ իրենց, տեղի էր ունենալու խոստացյալ Մեսիայի ձեռքով (Ղուկաս 2։38)։ Հետագայում մարդիկ, տեսնելով Հովհաննես Մկրտչի գործերը, մտածում էին. «Գուցե նա՞ է Քրիստոսը» (Ղուկաս 3։15)։ Իսկ ի՞նչ էին ակնկալում հրեաները Մեսիայից։

Հրեաները սպասում էին, որ Մեսիան կգա, կազատի իրենց Հռոմի լծից և երկրի վրա կվերահաստատի Իսրայելի թագավորությունը։ Նախքան Հիսուսը կսկսեր իր ծառայությունը, մի շարք խարիզմատիկ առաջնորդներ էին հայտնվել և կոչ էին անում ըմբոստանալ տիրող քաղաքական համակարգի դեմ։ Այդ մարդկանց գործերը ակներևաբար ազդել էին ժողովրդի ակնկալիքների վրա։

Հիսուսը, սակայն, բոլորովին տարբերվում էր այդ կեղծ մեսիաներից։ Նա մարդկանց չէր հրահրում բռնության, այլ իր ունկնդիրներին սովորեցնում էր սիրել իրենց թշնամիներին և հնազանդվել իշխանություններին (Մատթեոս 5։41–44)։ Մարդիկ նույնիսկ փորձեցին Հիսուսին թագավոր դարձնել, սակայն նա մերժեց նրանց։ Հիսուսն ասաց, որ իր թագավորությունը չի լինելու «այս աշխարհի մի մասը» (Հովհաննես 6։15; 18։36)։ Չնայած դրան՝ Մեսիայի մասին սխալ պատկերացումները խոր արմատներ էին գցել մարդկանց սրտերում։

Օրինակ՝ Հովհաննես Մկրտիչն անձամբ էր տեսել և լսել այն հրաշքների մասին, որոնք ապացուցում էին, որ Հիսուսն է Աստծու Որդին։ Սակայն երբ բանտարկված էր, նա իր աշակերտներին ուղարկեց Հիսուսի մոտ, որ հարցնեն նրան. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք» (Մատթեոս 11։3)։ Հավանաբար նա ուզում էր իմանալ, թե արդյոք Հիսուսն է այն խոստացյալ Ազատարարը, ով իրականացնելու էր հրեաների սպասելիքները։

Հիսուսի աշակերտների համար էլ էր դժվար հասկանալ, որ նա պետք է սպանվեր և հետո հարություն առներ։ Մի անգամ, երբ Հիսուսը բացատրեց, որ Մեսիան պետք է չարչարվի ու մահանա, Պետրոսը «նրան մի կողմ տարավ ու սկսեց սաստել» (Մարկոս 8։31, 32)։ Նա դեռ չէր ըմբռնել, թե ինչպես կարող է Հիսուսի մահը կապված լինել որպես Մեսիա նրա ունեցած դերի հետ։

Մ.թ. 33-ի Պասեքից առաջ Երուսաղեմ մտնելիս Հիսուսին դիմավորեց մի բազմություն։ Մարդիկ ոգևորված բացականչելով ողջունում էին նրան որպես թագավորի (Հովհաննես 12։12, 13)։ Բայց այս տրամադրվածությունը շատ արագ փոխվեց։ Մեկ շաբաթվա ընթացքում Հիսուսին ձերբակալեցին և մահվան դատապարտեցին։ Իսկ նրա մահից հետո աշակերտներից երկուսը սգալով ասացին. «Մենք հույս ունեինք, թե այս մարդը նա էր, ով պետք է ազատեր Իսրայելը» (Ղուկաս 24։21)։ Նույնիսկ երբ հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին, նրանք դեռ կարծում էին, թե Մեսիան իր թագավորությունը հաստատելու է երկրի վրա։ Նրանք հարցրին Հիսուսին. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»։ Այո՛, Մեսիայի հետ կապված սխալ ակնկալիքները ասես դրոշմված էին Հիսուսի ունկնդիրների մտքում ու սրտում (Գործեր 1։6)։

Այն բանից հետո միայն, երբ Հիսուսը համբարձվեց երկինք և սուրբ ոգին թափեց իր աշակերտների վրա, նրանք հասկացան, որ Մեսիան իշխելու է որպես երկնային թագավոր (Գործեր 2։1–4, 32–36)։ Դրանից հետո Պետրոս և Հովհաննես առաքյալները սկսեցին խիզախորեն քարոզել Հիսուսի հարության մասին և փաստել, որ ունեն Աստծու հավանությունը՝ անձամբ հրաշքներ գործելով (Գործեր 3։1–9, 13–15)։ Երուսաղեմում հազարավոր մարդիկ ընդունեցին նրանց խոսքերը և դարձան հավատացյալներ։ Սակայն հրեա առաջնորդներին դա դուր չեկավ։ Ինչպես որ հակառակվում էին Հիսուսին, նրանք սկսեցին հակառակվել նաև նրա առաքյալներին ու աշակերտներին։ Բայց ի՞նչն էր պատճառը, որ հրեա կրոնական առաջնորդները այդքան համառորեն մերժեցին Հիսուսին։

Մերժված՝ կրոնական առաջնորդների կողմից

Նախքան Հիսուսի երկիր գալը հրեաների մտածելակերպը և վարվելակերպը արդեն շեղվել էր ներշնչյալ գրքերում գրված հրահանգներից։ Կրոնական առաջնորդները՝ սադուկեցիները, փարիսեցիները և դպիրները, կարևորում էին մարդկային ավանդույթները՝ դրանք ավելի բարձր դասելով Աստծու գրավոր Խոսքից։ Նրանք հաճախ էին Հիսուսին մեղադրում Օրենքը խախտելու մեջ, քանի որ նա շաբաթ օրը հրաշքով բուժում էր մարդկանց։ Խստորեն դատապարտելով նրանց ուսմունքները, որոնք չէին համապատասխանում սուրբ գրքերին՝ Հիսուսը հարցականի տակ էր դնում և՛ նրանց հեղինակությունը, և՛ այն պնդումը, թե իրենք ունեն Աստծու հավանությունը։ Ի տարբերություն նրանց՝ Հիսուսը մեծացել էր համեստ միջոցներ ունեցող ընտանիքում և կրոնական կրթություն չէր ստացել։ Ուստի զարմանալի չէ, որ այս հպարտ մարդկանց համար դժվար էր ընդունել, որ Հիսուսը Մեսիան է։ Նրանք այնքան էին չարացած Հիսուսի հանդեպ, որ «խորհուրդ արին նրա դեմ, որ վերացնեն նրան» (Մատթեոս 12։1–8, 14; 15։1–9)։

Իսկ ինչպե՞ս էին կրոնական առաջնորդները բացատրում այն փաստը, որ Հիսուսը կարողանում էր հրաշքներ գործել։ Նրանք չէին հերքում, որ դրանք իսկապես հրաշքներ են։ Բայցևայնպես, անարգելով Հիսուսին՝ փորձում էին քայքայել նրա հանդեպ մարդկանց հավատը՝ այդ կարողությունը վերագրելով Սատանային։ Նրանք ասում էին. «Այս մարդը դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեհեղզեբուղի օգնությամբ» (Մատթեոս 12։24)։

Կար նաև մեկ այլ լուրջ պատճառ, թե ինչու նրանք մերժեցին Հիսուսին որպես Մեսիայի։ Երբ նա հարություն տվեց Ղազարոսին, տարբեր կրոնական խմբերի առաջնորդներ միասին խորհուրդ արեցին ու ասացին. «Ի՞նչ պիտի անենք։ Այս մարդը բազում հրաշքներ է անում։ Եթե այսպես թողնենք, բոլորը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերցնեն թե՛ մեր վայրը, թե՛ մեր ազգը»։ Վախենալով, որ կկորցնեն իրենց դիրքն ու հեղինակությունը՝ կրոնական առաջնորդները գաղտնի որոշեցին սպանել և՛ Հիսուսին, և՛ Ղազարոսին (Հովհաննես 11։45–53; 12։9–11)։

Կանխակալ կարծիք և հալածանք

Առաջին դարի կրոնական առաջնորդների վերաբերմունքը հասարակության մեջ ձևավորել էր կանխակալ կարծիք. մարդիկ թշնամաբար էին վերաբերվում նրանց, ովքեր ընդունում էին Հիսուսին որպես Մեսիայի։ Իրենց դիրքով հպարտանալով՝ կրոնականները ստորացնում էին ցանկացած մեկին, ով հավատում էր Հիսուսին՝ ասելով. «Իշխաններից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատա՞ց նրան» (Հովհաննես 7։13, 48)։ Սակայն կրոնական առաջնորդներից ոմանք, օրինակ, Նիկոդեմոսը և արիմաթեացի Հովսեփը, դարձան Հիսուսի աշակերտները, թեև վախի պատճառով նրանք գաղտնի էին պահում դա (Հովհաննես 3։1, 2; 12։42; 19։38, 39)։ Հրեա կրոնական առաջնորդները հայտարարել էին, որ «եթե որևէ մեկը նրան որպես Քրիստոս ընդունի, ժողովարանից պետք է վտարվի» (Հովհաննես 9։22)։ Ուստի այդ մարդիկ հասարակության կողմից արհամարհվում և մերժվում էին։

Առաքյալների և Հիսուսի հետևորդների հանդեպ հակառակությունն այնքան ուժգնացավ, որ նրանց դեմ դաժան հալածանք սկսվեց։ Համարձակորեն քարոզելու պատճառով առաքյալները տարվեցին Սինեդրիոնի՝ հրեական գերագույն ատյանի առաջ (Գործեր 5։40)։ Մի անգամ էլ հակառակորդները կեղծ մեղադրանքներ ներկայացրին Ստեփանոս աշակերտի դեմ, ինչի պատճառով Սինեդրիոնը նրան մահվան դատապարտեց, ու նրան քարկոծելով սպանեցին։ Այդ դեպքից հետո «Երուսաղեմում եղող ժողովի դեմ մեծ հալածանք սկսվեց. բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ» (Գործեր 6։8–14; 7։54–8։1)։ Սողոսը, որը հետագայում դարձավ առաքյալ և հայտնի է Պողոս անունով, նույնպես մասնակցում էր քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքին, ինչին աջակցում էր թե՛ քահանայապետը, թե՛ «երեցների ամբողջ խորհուրդը» (Գործեր 9։1, 2; 22։4, 5)։

Նույնիսկ այսպիսի ծանր հանգամանքների ներքո Հիսուսի մահից տարիներ անց քրիստոնեությունը արագորեն տարածվեց։ Հազարավոր մարդիկ դարձան հավատացյալներ։ Սակայն, չնայած դրան, առաջին դարում Պաղեստինի տարածքում քրիստոնյաները փոքրամասնություն էին կազմում։ Հասարակության առաջ որպես քրիստոնյա ներկայանալով՝ մարդիկ ոչ միայն կարող էին արտաքսվել երկրից, այլև գուցե դաժան վերաբերմունքի արժանանային։

Նախազգուշացնող օրինակներ մեզ համար

Ինչպես տեսանք, առաջին դարում սխալ պատկերացումների, հասարակության մեջ տարածված կանխակալ կարծիքի և հալածանքի պատճառով էր, որ շատերը չընդունեցին Հիսուսին։ Այսօր նույնպես Հիսուսի և նրա ասածների մասին սխալ պատկերացումները կարող են նույն ազդեցությունն ունենալ։ Օրինակ՝ շատերին սովորեցրել են, որ Աստծու Թագավորությունը իրենց սրտում է կամ պետք է հաստատվի մարդկանց ջանքերի շնորհիվ։ Ոմանք էլ իրենց հույսը կապում են գիտության կամ տեխնիկայի հետ՝ կարծելով, թե դրանց միջոցով կարելի է լուծել մարդկության խնդիրները։ Այդպես վարվելով՝ նրանք բոլորովին անտեսում են Մեսիայի հանդեպ հավատ ունենալու կարևորությունը։ Մեր օրերում շատ քննադատներ էլ ասում են, որ Հիսուսի ծառայության մասին Աստվածաշնչի արձանագրությունները չեն համապատասխանում պատմական փաստերին։ Այդ խոսքերով նրանք քայքայում են մարդկանց հավատը Հիսուսի՝ Մեսիայի հանդեպ։

Այսպիսի կարծիքների և անհիմն եզրակացությունների ազդեցության արդյունքում շատերը շփոթության մեջ են և չգիտեն, թե որն է Մեսիայի դերը, կամ էլ ընդհանրապես անհրաժեշտ չեն համարում մտածել այդ մասին։ Սակայն նրանց համար, ովքեր ցանկանում են քննել բոլոր փաստերը, այսօր կան ավելի շատ ապացույցներ, որ Հիսուսը Մեսիան է, քան առաջին դարում։ Մենք ունենք ամբողջական Եբրայերեն Գրությունները, որտեղ կարող ենք գտնել Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարեությունները, և բացի դրանից, չորս Ավետարանները, որտեղ գրված են, թե ինչպես են այդ մարգարեությունները կատարվել Հիսուսի կյանքի ընթացքումa։

Այո՛, փաստերը քիչ չեն, և մեզնից յուրաքանչյուրը կարող է քննել դրանք ու տեղեկացված լինելով՝ ճիշտ պատկերացում կազմել։ Դա շատ կարևոր և հրատապ քայլ է, քանի որ Աստվածաշունչը հայտնում է, որ լինելով Աստծու Թագավորության Մեսիական Թագավորը՝ Հիսուսը շուտով գործի է անցնելու և բնաջինջ է անելու երկիրը կործանողներին։ Այնուհետև նա հաստատելու է արդար իշխանություն, որի ներքո Աստծու Խոսքին հնազանդվող մարդիկ երկրի վրա դրախտային պայմաններում վայելելու են կյանքը հավիտյան (Դանիել 2։44; Հայտնություն 11։15, 18; 21։3–5)։ Այս հրաշալի ապագայի հեռանկարը կարող ես ունենալ նաև դու, եթե այսօրվանից արդեն ջանքեր թափես ավելի շատ բան իմանալու Հիսուսի մասին և նրա հանդեպ հավատ դրսևորես քո գործերով։ Թող որ Հիսուսի հետևյալ խոսքերը հասնեն քո սրտին. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում «Մարգարեություններ Մեսիայի վերաբերյալ» աղյուսակը (էջ 200)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[մեջբերում 20-րդ էջի վրա]

Եթե ապրեիր Հիսուսի օրերում, կընդունեի՞ր, որ նա է Մեսիան

[նկար 21-րդ էջի վրա]

Թույլ մի՛ տուր, որ կանխակալ կարծիքները հետ պահեն քեզ Հիսուսի մասին ճշմարտությունն իմանալուց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը