Բարի լուր աղքատների համար
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ վստահեցնում է մեզ. «Աղքատը հավերժ չի մոռացվի» (Սաղմոս 9։18)։ Այն նաև մեր Ստեղծչի մասին հետևյալն է ասում. «Դու բաց ես անում քո ձեռքը և գոհացնում ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղմոս 145։16)։ Այս հույսը լոկ երազանք չէ։ Ամենակարող Աստված ի զորու է տրամադրելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է աղքատությանը վերջ դնելու համար։ Իսկ ինչի՞ կարիք ունեն աղքատները։
Աֆրիկացի մի տնտեսագետ նշում է, որ աղքատ երկրները «բարեսիրտ դիկտատորի» կարիք ունեն։ Այլ կերպ ասած՝ աղքատությանը կարող է վերջ դնել նա, ով ունի և՛ զորություն, և՛ բարի սիրտ։ Նաև ավելացնենք, որ այդ կառավարիչը պետք է լինի ամբողջ աշխարհի ղեկավարը, քանի որ ծայրահեղ աղքատությունը հաճախ ազգերի միջև անհավասարության արդյունքն է։ Ավելին, նա պետք է ի զորու լինի վերացնելու աղքատության պատճառը՝ մեր եսասիրական հակումը։ Սակայն ինչպե՞ս կարող ենք այդպիսի կատարյալ կառավարիչ գտնել։
Աստված ուղարկեց Հիսուսին, որ աղքատներին բարի լուր քարոզի։ Հիսուսը Եհովայից ստացած իր այս հանձնարարության մասին կարդաց Աստծու Խոսքից. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ» (Ղուկաս 4։16–18)։
Ի՞նչ է բարի լուրը
Աստված Հիսուսին Թագավոր է նշանակել։ Սա իսկապես բարի լուր է։ Նա կատարյալ ղեկավար է և կարող է վերացնել աղքատությունը, քանի որ 1) իշխելու է ողջ մարդկության վրա և զորություն ունի իր նպատակներն իրականացնելու, 2) աղքատներին կարեկցանքով է վերաբերվում և իր հետևորդներին սովորեցնում է հոգ տանել նրանց մասին և 3) կարող է վերացնել աղքատության պատճառը՝ մեր ժառանգած եսասիրական հակումը։ Եկեք քննենք բարի լուրի այս երեք երեսակները։
1. Հիսուսը իշխանություն ունի բոլոր ազգերի վրա։ Աստծու Խոսքը Հիսուսի մասին ասում է. «Նրան տրվեց իշխանություն.... որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան» (Դանիել 7։14)։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան շատ օգուտներ կքաղենք, եթե ամբողջ մարդկության վրա իշխի միայն մեկ կառավարություն։ Այլևս ոչ ոք չի պայքարի երկրի ռեսուրսներին տիրանալու համար։ Բոլորն էլ հավասարապես կօգտվեն դրանցից։ Հիսուսը վստահեցրեց, որ կլինի ողջ երկրի Ղեկավարը և որ զորություն ունի իրականացնելու իր նպատակները։ Նա ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել» (Մատթեոս 28։18)։
2. Հիսուսը կարեկցում է աղքատներին։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը կարեկցանքով էր վերաբերվում աղքատներին։ Երբ մի կին, որն իր բոլոր միջոցները ծախսել էր բուժվելու համար, դիպավ Հիսուսի վերնազգեստին՝ հուսալով, որ կապաքինվի, վերջինս բարությամբ վարվեց նրա հետ։ Այդ կինը 12 տարի շարունակ արյունահոսությամբ էր տառապում և, անշուշտ, սակավարյունություն ուներ։ Ըստ Օրենքի՝ ում որ նա դիպչեր, անմաքուր կհամարվեր։ Բայցևայնպես, Հիսուսն ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր» (Մարկոս 5։25–34)։
Հիսուսի ուսմունքները զորություն ունեն փոխելու մարդկանց սրտերը, որպեսզի նրանք էլ կարողանան կարեկցանք դրսևորել ուրիշների հանդեպ։ Քննենք այն պատասխանը, որ նա տվեց մի մարդու, ով ուզում էր իմանալ, թե ինչպես կարելի է հաճեցնել Աստծուն։ Այդ մարդը գիտեր, որ Աստված ուզում է՝ սիրենք մեր դրացուն, ուստի հարցրեց Հիսուսին. «Ո՞վ է իմ մերձավորը»։
Հիսուսը բերեց բոլորիս հայտնի օրինակը։ Մի մարդ, որը Երուսաղեմից ճանապարհվում էր դեպի Երիքով, ավազակների ձեռքն ընկավ։ Նրանք թալանեցին այդ մարդուն և «կիսամեռ» թողնելով՝ հեռացան։ Քահանան, որն իջնում էր այդ ճանապարհով, տեսնելով նրան՝ հակառակ կողմով անցավ-գնաց։ Այդպես վարվեց նաև ղևտացին։ «Բայց մի սամարացի, որ անցնում էր այդ ճանապարհով, տեսավ նրան ու խղճահարվեց»։ Նա մաքրեց այդ մարդու վերքերը, տարավ նրան իջևանատուն, վճարեց իջևանատիրոջը, որ հոգ տանի նրան։ «Ըստ քեզ.... ո՞ր մեկը մերձավոր եղավ ավազակների ձեռքն ընկած մարդու համար»,— հարցրեց Հիսուսը։ Այդ մարդը պատասխանեց. «Նա, ով ողորմածաբար վարվեց»։ Ապա Հիսուսն ասաց. «Դու էլ այդպես արա» (Ղուկաս 10։25–37)։
Նրանք, ովքեր դառնում են Եհովայի վկաներ, ուսումնասիրում են Հիսուսի ուսմունքները և փոխում են իրենց վերաբերմունքը կարիքավորների հանդեպ։ Լատվիացի մի գրող իր՝ «Կանայք ԽՍՀՄ-ի կալանավայրերում» գրքում գրում է, որ ինքը Պոտմայի բանտարկյալների ճամբարում աշխատելու տարիներին՝ 1960-ականների կեսերին, հիվանդացավ։ «Այդ ողջ ընթացքում [Վկաները] սրտացավորեն խնամում էին ինձ։ Ավելի լավ չէր էլ կարող լինել»,— նշում է նա։ Ապա ավելացնում է. «Եհովայի վկաները իրենց պարտքն են համարում օգնել յուրաքանչյուրին՝ անկախ իրենց կրոնական կամ ազգային պատկանելությունից»։
Երբ ֆինանսական ճգնաժամի պատճառով Անկոնի (Էկվադոր) Եհովայի վկաներից ոմանք կորցրին իրենց աշխատանքը և զրկվեցին եկամտի աղբյուրից, որոշեցին փող վաստակել՝ ուտելիք պատրաստելով ու այն վաճառելով տեղի ձկնորսներին, երբ վերջիններս տուն էին վերադառնում գիշերային ձկնորսությունից (տե՛ս նկարը)։ Ժողովի բոլոր անդամները, այդ թվում նաև երեխաները համագործակցում էին իրար հետ։ Նրանք ճաշի պատրաստություն էին տեսնում գիշերվա ժամը մեկին, որպեսզի ժամը չորսին, երբ ձկնորսները ափ էին վերադառնում, ճաշն արդեն պատրաստ լիներ։ Վաստակած գումարը եղբայրները բաշխում էին ըստ կարիքի։
Նման դեպքերը ցույց են տալիս, որ Հիսուսի օրինակներն ու ուսմունքները իսկապես ի զորու են փոխելու մարդկանց վերաբերմունքը կարիքավորների հանդեպ։
3. Հիսուսն ի զորու է փոխելու մարդու մեղավոր հակումները։ Մեզանից ոչ ոք զերծ չէ եսասիրական հակումից, և դա անհերքելի փաստ է։ Աստվածաշունչն այդ հակումը կոչում է «մեղք»։ Նույնիսկ Պողոս առաքյալը գրեց. «Ուստի իմ պարագայում այս օրենքն եմ գտնում. երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է»։ Ապա ավելացրեց. «Ո՞վ կազատի ինձ մահվան ենթակա այս մարմնից։ Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիներ 7։21–25)։ Այստեղ Պողոսը նկատի ուներ, թե ինչպես է Աստված Հիսուսի միջոցով փրկելու ճշմարիտ երկրպագուներին ժառանգած մեղավոր հակումներից, որոնցից է եսասիրությունը՝ աղքատության բուն պատճառը։ Ինչպե՞ս էր դա կատարվելու։
Հիսուսի մկրտությունից որոշ ժամանակ անց Հովհաննես Մկրտիչը ներկաներին ասաց. «Ահա՛ Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1։29)։ Շուտով երկրի վրա կապրեն այնպիսի մարդիկ, ովքեր ազատված կլինեն ժառանգած մեղքից, այդ թվում եսասիրական հակումից (Եսայիա 11։9)։ Հիսուսը կվերացնի աղքատության պատճառը։
Որքա՜ն ուրախալի է մտածել այն ժամանակների մասին, երբ բոլոր մարդկանց կարիքները բավարարված կլինեն։ Աստծու Խոսքն ասում է. «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4։4)։ Բանաստեղծական ոճով գրված այս խոսքերը հրաշալի կերպով նկարագրում են այն ժամանակները, երբ բոլորը կունենան բավականություն պատճառող աշխատանք, կլինեն ապահով և լիարժեքորեն կվայելեն կյանքը, կյանք, որը զերծ կլինի աղքատությունից։ Եվ այս ամենը ի փառս Եհովայի։