Ինչպե՞ս սովորեցնել երեխային Աստծու մասին. ո՞րն է լավագույն մեթոդը
«Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն, և արմատավորիր դրանք քո երեխաների մեջ ու խոսիր դրանց մասին, երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում» (2 ՕՐԵՆՔ 6։6, 7)։
ԵՐԲԵՄՆ ծնողները կարող են զգալ, որ երեխա դաստիարակելու պատասխանատվությունը ծանր բեռ է իրենց համար։ Երբ ուզում են այդ մասին խորհուրդ գտնել, ընկնում են խորհուրդների տարափի տակ՝ չիմանալով ինչ անել։ Հարազատներն ու ընկերները «չեն զլանում» խորհուրդ տալուց։ Գրքերը, ամսագրերը և ինտերնետային կայքերը մշտապես առաջարկում են խորհուրդներ, որոնք, սակայն, երբեմն հակասում են իրար։
Ի տարբերություն այս ամենի՝ Աստվածաշունչը պարունակում է վստահելի և գործնական խորհուրդներ։ Այն ոչ միայն ասում է, թե ինչ սովորեցնեն երեխային, այլև՝ ինչպես սովորեցնեն։ Ինչպես տեսնում ենք վերոհիշյալ աստվածաշնչյան համարներից, ծնողները պետք է ամեն օր կերպեր փնտրեն, որպեսզի իրենց երեխայի հետ խոսեն Աստծու մասին։ Ստորև բերվում է Աստվածաշնչի վրա հիմնված չորս առաջարկ, թե ինչպես սովորեցնել երեխային Աստծու մասին։ Հազարավոր ծնողներ այս խորհուրդները օգտակար են համարում։
1. Սովորեցրու Աստծու ստեղծագործությունների միջոցով։ Պողոս առաքյալը գրեց. «[Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով, այնպես որ նրանք արդարացում չունեն» (Հռոմեացիներ 1։20)։ Ծնողը շատ բան կարող է անել, որ Աստված երեխայի համար իրական դառնա։ Նա կարող է նրա ուշադրությունը հրավիրել Աստծու ստեղծագործությունների և դրանցում արտացոլված Նրա հատկությունների վրա։
Հիսուսն այս մեթոդն օգտագործում էր իր աշակերտներին ուսուցանելիս։ Մի անգամ նա ասաց. «Ուշադիր նայեք երկնքի թռչուններին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ ամբարների մեջ հավաքում, բայց ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք նրանցից ավելի թանկ եք» (Մատթեոս 6։26)։ Հիսուսն այստեղ աշակերտների ուշադրությունը հրավիրեց Եհովայի սիրո և կարեկցանքի վրա։ Ավելին, նա օգնեց նրանց հասկանալու, թե ինչպես է իրենց երկնային Հայրը դրսևորում այդ հատկությունները։
Իմաստուն Սողոմոն թագավորը խոսեց մրջյունների բնազդային իմաստության մասին, որը Աստված էր տվել նրանց, և այս փոքրիկ էակների միջոցով մի արժեքավոր բան սովորեցրեց։ «Գնա մրջյունի մոտ, ո՛վ ծույլ, տես նրա ճանապարհները և իմաստուն դարձիր։ Թեև նա չունի ղեկավար, հսկիչ կամ իշխան, բայց իր կերակուրը ամռանն է պատրաստում և իր ուտելիքի պաշարը հնձի ժամանակ է հավաքում» (Առակներ 6։6–8)։ Աստվածաշնչյան այս խոսքերը ցույց են տալիս, որ ծնողը կարող է իր զավակին օգնել հասկանալու, թե որքան կարևոր է արժեքավոր նպատակներ դնել կյանքում և ջանալ հասնել դրանց։
Ծնողը կարող է Հիսուսի և Սողոմոնի մեթոդով կրթել երեխային, եթե՝ 1) հարցնի նրան, թե ինչ բույսեր ու կենդանիներ է սիրում, 2) ավելի շատ բան իմանա այդ բույսերի ու կենդանիների մասին, 3) ցույց տա, թե ինչ կարելի է սովորել Աստծու մասին այդ ստեղծագործություններից։
2. Ընդօրինակիր Հիսուսի վերաբերմունքը։ Հիսուսը շատ կարևոր բաներ ուներ ասելու։ Բայց նա նաև բավական ժամանակ էր տրամադրում ուրիշներին լսելու համար, և որպեսզի նրանք արտահայտվեին, հարցեր էր տալիս։ Հիսուսին խորապես հետաքրքրում էր, թե ինչ են մտածում և զգում մարդիկ (Մատթեոս 17։24, 25; Մարկոս 8։27–29)։ Նմանապես, ծնողը շատ կարևոր բաներ ունի ասելու իր երեխային, սակայն որպեսզի կարողանա սովորեցնել Աստծու մասին, պետք է ընդօրինակի Հիսուսին, այսինքն՝ խրախուսի երեխային ազատորեն արտահայտելու իր զգացումները։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե երեխան վատ է պահում իրեն կամ չի կարողանում կիրառել սովորածը։ Տեսնենք, թե ինչպես էր վարվում Հիսուսը առաքյալների հետ։ Ժամանակ առ ժամանակ նրանց միջև թեժ վիճաբանություն էր ծագում. նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ լինել խոնարհ։ Սակայն Հիսուսը շարունակ համբերում էր և բազմիցս ընդգծում խոնարհ լինելու կարևորությունը (Մարկոս 9։33, 34; Ղուկաս 9։46–48; 22։24, 25)։ Այն ծնողը, որն ընդօրինակում է Հիսուսին, համբերատարությամբ շտկում է իր երեխային և, եթե հարկ կա, նույն բանը կրկնում է այնքան, մինչև որ երեխան լիովին հասկանա դրա կարևորությունըa։
3. Սովորեցրեք ձեր օրինակով։ Դուք իմաստնորեն կվարվեք, եթե հետևեք այն խորհրդին, որ Պողոս առաքյալը տվեց Հռոմում ապրող քրիստոնյաներին։ Նա գրեց. «Դու, որ սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում։ Դու, որ քարոզում ես՝ «մի՛ գողացիր», ի՞նքդ ես գողանում» (Հռոմեացիներ 2։21)։
Այդ խորհուրդը տեղին է, քանի որ երեխային ավելի շատ տպավորում են ծնողի գործերը, քան խոսքերը։ Հավանականությունը շատ ավելի մեծ է, որ երեխան կիրառի ծնողի ասածները, եթե ծնողն ինքը կիրառի իր սովորեցրածը։
4. Սկսեք կրթել մանկուց։ Պողոս առաքյալի միսիոներական ծառայության համագործակիցը՝ Տիմոթեոսը, գերազանց հեղինակություն էր վայելում իր շրջապատում (Գործեր 16։1, 2)։ Պատճառներից մեկն այն էր, որ նա «վաղ մանկությունից» սովորել էր «սուրբ գրքերը»։ Տիմոթեոսի մայրն ու տատը ոչ միայն կարդում էին սուրբ գրքերը նրա համար, այլև օգնում էին տրամաբանելու կարդացածի շուրջ (2 Տիմոթեոս 1։5; 3։14, 15)։
Որտեղ կարելի է լրացուցիչ խորհուրդներ գտնել
Եհովայի վկաները լույս են ընծայել հրատարակություններ, որոնց միջոցով ծնողները երեխաներին կարող են սովորեցնել Աստծու մասին ճշմարտությունը։ Մի քանիսը գրված են փոքր երեխաների համար։ Մի քանիսն էլ կարող են օգնել ծնողներին և նրանց դեռահաս երեխաներին անկաշկանդ հաղորդակցվելու իրար հետb։
Ինչ խոսք, նախքան երեխային Աստծու մասին սովորեցնելը ծնողը պետք է իմանա այն դժվար հարցերի պատասխանները, որոնք երեխան գուցե տա, օրինակ՝ «ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը», «ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ», «որտե՞ղ են գտնվում մահացածները»։ Եհովայի վկաները հաճույքով կօգնեն ձեզ գտնելու այս և այլ հարցերի պատասխանները, որպեսզի դուք և ձեր ընտանիքի անդամները կարողանաք մտերմանալ Աստծու հետ (Հակոբոս 4։8)։
[ծանոթագրություններ]
a Եբրայերեն բառը, որը 2 Օրենք 6։7 համարում թարգմանվել է «արմատավորել», ունի նույն բանը հաճախակի կրկնելու իմաստ։
b Փոքր երեխային ծնողը կարող է կրթել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքով, որտեղ քննարկվում են Հիսուսի սովորեցրած բաները, կամ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքով, որը Աստվածաշնչի ճշմարտությունները ներկայացնում է մատչելի լեզվով։ Պատանիների համար կարելի է օգտագործել «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը (հատոր 1, 2, ռուս.)։