Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 8/15 էջ 3–5
  • Իմաստությամբ օգտվենք ինտերնետից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իմաստությամբ օգտվենք ինտերնետից
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Տեղեկությունը վստահելի՞ է, թե՞ ոչ
  • Խնայո՞ւմ է ժամանակը, թե՞ խլում
  • Համապատասխա՞ն է Աստծու չափանիշներին
  • Ուղարկե՞լ, թե՞ ոչ
  • Զգուշացե՛ք վտանգներից Ինտերնետ ցանցից օգտվելիս
    1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչպես սովորեցնել պատանուն անվտանգ օգտվել ինտերնետից
    2014 Արթնացե՛ք
  • Հարցերի արկղ
    2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Ինչո՞վ է վտանգավոր օնլայն շփումը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Ավելին
2011 Դիտարան
w11 8/15 էջ 3–5

Իմաստությամբ օգտվենք ինտերնետից

ԻՆՉՊԵՍ որ տպագրության գյուտն էր մեծ հեղաշրջում, այնպես էլ ինտերնետի ստեղծումն էր մեծ հեղաշրջում տեղեկատվության ու հաղորդակցության ոլորտում։ Ինտերնետը աշխարհով մեկ տարածված մի համընդհանուր ցանց է, որի միջոցով ամբողջ աշխարհում մարդիկ կարողանում են հաղորդակցվել իրար հետ։ Մուտք գործելով ինտերնետ՝ հնարավոր է ամենատարբեր թեմաների շուրջ փաստեր, տվյալներ ու կարծիքներ գտնել։

Հաղորդակցվելու կարողությունը հրաշալի պարգև է՝ տրված մեր Արարչի կողմից։ Հաղորդակցությունը մտքերի և տեղեկությունների փոխանակման միջոց է։ Եհովան առաջինն էր, որ հաղորդակցվեց Ադամի ու Եվայի՝ մարդկային առաջին ընտանիքի հետ։ Նա պարզ ու հստակ տեղեկություններ տվեց նրանց, թե ինչպես կարող են ապրել իմաստալից կյանքով (Ծննդ. 1։28–30)։ Սակայն մարդկության պատմության վաղ շրջանում պատահած դեպքերը ցույց են տալիս, որ հաղորդակցության պարգևը կարող է սխալ գործածվել։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Սատանան սխալ տեղեկություն հայտնեց Եվային։ Վերջինս ընդունեց նրա ասածը և այն փոխանցեց Ադամին, ինչն էլ իր հերթին կործանարար ազդեցություն թողեց ողջ մարդկության վրա (Ծննդ. 3։1–6; Հռոմ. 5։12)։

Ի՞նչ կարելի է ասել ինտերնետի օգտագործման մասին։ Ճիշտ է, այն կարող է արժեքավոր տեղեկություն հաղորդել, խնայել մեր ժամանակը և տարբեր օգտակար ծառայություններ մատուցել, սակայն կարող է նաև սխալ տեղեկություն տալ, խլել մեր ողջ ժամանակը և բարոյապես ապականել։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք իմաստությամբ օգտվել ինտերնետից։

Տեղեկությունը վստահելի՞ է, թե՞ ոչ

Սխալ կլինի մտածել, թե ինտերնետում գտած բոլոր տեղեկությունները ճիշտ են և օգտակար։ Ինտերնետում որոնման ծրագիրը կարելի է նմանեցնել սունկ հավաքող մի խումբ մարդկանց, որոնք հավաքում են իրենց հանդիպած բոլոր սնկերը՝ թե՛ ուտելի, թե՛ թունավոր, և դրանք լցնում են միևնույն տարայի մեջ, իսկ հետո մատուցում մեզ։ Կուտե՞ս քեզ մատուցված ցանկացած սունկ։ Իհա՛րկե ոչ։ Ինտերնետի որոնման ծրագիրը միլիարդավոր ցանցային էջերից հավաքում է հնարավոր ամեն տեղեկություն։ Ուստի մեզանից խորաթափանցություն է պահանջվում՝ զանազանելու օգտակարը վնասակարից, որպեսզի մեր միտքը չթունավորվի։

1993​թ.-ին հրատարակված հայտնի մի պարբերագրում ծաղրանկար էր արված, որտեղ երկու շուն նստած էին համակարգչի առջև։ Մի շունը մյուսին ասում էր. «Ինտերնետում ոչ ոք չգիտի, որ դու շուն ես»։ Դարեր առաջ Սատանան, թաքցնելով իր ինքնությունը (ինչպես շատերն են անում այսօր ինտերնետում), օձի միջոցով խոսեց Եվայի հետ և ասաց, որ նա կարող է լինել Աստծու պես։ Այսօր ինտերնետ մուտք գործող ցանկացած մարդ, առանց իր անձնական տվյալները նշելու, կարող է ներկայանալ որոշակի բնագավառում մասնագետ կամ գիտակ, քանի որ չկան հաստատված կանոններ, թե ովքեր կարող են իրենց սեփական գաղափարներն ու խորհուրդները, նաև նկարներ ու տեղեկություններ տեղադրել ինտերնետում։

Ինտերնետից օգտվելիս Եվայի պես դյուրահավատ մի՛ եղիր։ Փոխարենը՝ զգուշություն ցուցաբերիր և ամեն տեղեկության իսկույն մի՛ հավատա։ Նախ ճշտիր հետևյալը. 1) Ո՞վ է հեղինակը, և արդյոք կարելի՞ է վստահել նրան։ 2) Ինչո՞ւ է նա այդ նյութը հրատարակել, որո՞նք են նրա մղումները, և արդյոք առաջ չի՞ քաշում իր սեփական կարծիքը։ 3) Նշո՞ւմ է, թե որ աղբյուրներից է վերցրել այդ տեղեկությունը, որպեսզի հնարավոր լինի ստուգել։ 4) Թա՞րմ է արդյոք այդ տեղեկությունը։ Առաջին դարում Պողոս առաքյալը Տիմոթեոսին մի խորհուրդ տվեց, որը կիրառելի է նաև այսօր։ Նա գրեց. «Պահպանիր այն, ինչ վստահված է քեզ՝ հեռու մնալով դատարկ զրույցներից, որոնք պղծում են սուրբ բաները, ինչպես նաև կեղծ գիտության հակասող գաղափարներից» (1 Տիմոթ. 6։20)։

Խնայո՞ւմ է ժամանակը, թե՞ խլում

Եթե իմաստությամբ օգտվենք ինտերնետից, կխնայենք մեր ժամանակը, ուժերն ու դրամական միջոցները։ Օրինակ՝ առանց տնից դուրս գալու՝ կարող ենք ինտերնետի միջոցով գնումներ կատարել։ Կարող ենք նախապես համեմատել առաջարկվող ապրանքների գները, ինչի շնորհիվ կխնայենք մեր գումարը։ Այսօր շատերի կյանքը հեշտացրել են բանկային օնլայն ծառայությունները։ Ֆինանսական հարցերը կարող են լուծվել ցանկացած ժամանակ տնային հարմարավետ պայմաններում։ Ինտերնետի միջոցով կարող ենք կողմնորոշվել, թե ճանապարհորդելու համար ինչ երթուղի ընտրենք, որը կլինի թե՛ հարմար, թե՛ էժան, և հենց ինտերնետով էլ գնել տոմսերը։ Չնչին ջանքերի արդյունքում կարելի է գտնել անհրաժեշտ հեռախոսահամարները, հասցեները և տեղեկություն այն մասին, թե ինչպես հասնել մեր ուզած վայրը։ Եհովայի վկաների մասնաճյուղերը ամբողջ աշխարհում օգտվում են ինտերնետի որոշ ծառայություններից, որպեսզի խնայեն ժամանակը, ուժերը և դրամական միջոցները։

Սակայն ինտերնետն ունի նաև իր բացասական կողմը։ Այն կարող է չափազանց մեծ ժամանակ խլել մեզանից։ Ոմանց համար այն դարձել է պարզապես հետաքրքիր խաղալիք։ Նրանք ժամեր շարունակ համակարգչի առջև նստած ինտերնետային խաղեր են խաղում, գնումներ են կատարում, «չաթով» են զբաղվում, նամակներ են գրում, փնտրտուքներ են անում և ինտերնետի էջերն են «թերթում»։ Արդյունքում անտեսվում են ավելի կարևոր բաները, որոնք առնչվում են ընտանիքին, ընկերներին և ժողովին։ Ինտերնետը կարող է նույնիսկ կախվածություն առաջացնել։ Ըստ 2010​թ. մի հաշվետվության՝ Կորեայում պատանիների 18,4 տոկոսը իրենց ժամանակի մեծ մասը վատնում է ինտերնետի վրա։ Գերմանացի հետազոտողները նշում են, որ «ավելի ու ավելի շատ կանայք բողոքում են, որ իրենց ամուսինները կախվածություն ունեն ինտերնետից»։ Իսկ մի կին գանգատվում էր, որ ինտերնետն իր ամուսնուն անճանաչելիորեն փոխել է և կործանել իրենց ամուսնությունը։

Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկը նամակ ստացավ մի մարդուց, որն իրեն անվանում էր «ինտերնետամոլ»։ Նա երբեմն օրը տասը ժամ անցկացնում էր ինտերնետում։ Այդ անհատը գրում է, որ «սկզբում դա անվնաս զբաղմունք էր թվում»։ Սակայն հետո ավելացնում է. «Ժամանակի ընթացքում սկսեցի բաց թողնել ժողովի հանդիպումները և դադարեցի աղոթելուց»։ Նա առանց նախապատրաստվելու էր գնում հանդիպումներին, և ուշքն ու միտքն այն էր, թե երբ պիտի «նորից մտնի ինտերնետ»։ Բարեբախտաբար, գիտակցելով իր խնդրի լրջությունը՝ նա քայլեր ձեռնարկեց այն լուծելու համար։ Թող որ երբեք ինտերնետից նման կախվածություն չունենանք։

Համապատասխա՞ն է Աստծու չափանիշներին

1 Թեսաղոնիկեցիներ 5։21, 22-ում կարդում ենք. «Հավաստիացեք ամեն ինչում, կառչեք բարուն։ Հեռու մնացեք ամեն տեսակ չարությունից»։ Անհրաժեշտ է հավաստիանալ, որ ինտերնետում մեր գտած նյութը ունի Աստծու հավանությունը և համապատասխան է նրա բարձր չափանիշներին։ Այն պետք է բարոյական տեսակետից անառարկելի լինի և քրիստոնյային վայել։ Այսօր հատկապես մեծ տարածում է գտել ինտերնետային պոռնկագրությունը, և եթե զգույշ չլինենք, հեշտությամբ կընկնենք դրա ծուղակը։

Իմաստուն կլինի հարցնել ինքներս մեզ. «Այն, ինչ տեսնում եմ էկրանին, իսկույն կթաքցնե՞մ, եթե ինչ-որ մեկը՝ ամուսինս, ծնողներս կամ քրիստոնյա եղբայրը մտնի սենյակ»։ Եթե դրական ենք պատասխանում այս հարցին, ճիշտ կվարվենք, եթե ինտերնետից օգտվենք միայն մյուսների ներկայությամբ։ Ինչ խոսք, ինտերնետը մարդկանց համար հեշտացրել է հաղորդակցվելն ու գնումներ կատարելը, սակայն այն նաև սրտում «շնություն գործելու» լիովին նոր ձև է մտցրել (Մատթ. 5։27, 28)։

Ուղարկե՞լ, թե՞ ոչ

Ինտերնետից օգտվողները կարող են նաև տեղեկություններ ստանալ և տարածել։ Թեև մենք ազատություն ունենք այս հարցում, սակայն նաև պատասխանատվություն ենք կրում մեր ուղարկած տեղեկության համար։ Արդյո՞ք այդ տեղեկությունը արժանահավատ է և բարոյական չափանիշներին համապատասխան։ Կարո՞ղ ենք երաշխավորել, որ այն, ինչ գրում կամ փոխանցում ենք մյուսներին, ստույգ է։ Կամ թույլտվություն ունե՞նք այն փոխանցելուa։ Արդյո՞ք այդ տեղեկությունը օգտակար է և կերտիչ։ Ի՞նչ մղումներով ենք ուզում, որ ուրիշներն էլ իմանան այդ մասին։ Արդյոք չե՞նք ուզում պարզապես տպավորել նրանց։

Ճիշտ օգտագործելու դեպքում էլեկտրոնային փոստն, իրոք որ, արժեքավոր բան է։ Բայց այն կարող է հեղեղել մեզ ոչ անհրաժեշտ տեղեկություններով։ Արդյոք չե՞նք ծանրաբեռնում մեր բոլոր ծանոթներին՝ «հեռարձակելով» վերջին լուրերը կամ ուղարկելով ոչ կարևոր տեղեկություններ, որոնք ընթերցելը կարող է խլել նրանց թանկարժեք ժամանակը։ Չպե՞տք է քննենք մեր շարժառիթները նախքան ուղարկելու կոճակը սեղմելը։ Իրականում, ինչո՞ւ ենք ուզում այդ տեղեկությունն ուղարկել։ Նախկինում մարդիկ նամակների միջոցով իրենց ընտանիքի անդամներին ու ընկերներին տեղեկություններ էին հայտնում իրենց մասին։ Արդյոք չպե՞տք է այդ նպատակին ծառայի նաև էլեկտրոնային փոստը։ Ինչո՞ւ հայտնել ուրիշներին մի բան, ինչը չենք կարող ստուգել, որ ճիշտ է։

Ուրեմն, ի՞նչ կարելի է ասել ինտերնետից օգտվելու վերաբերյալ։ Ճիշտ կլինի՞ ընդհանրապես հրաժարվել։ Որոշ դեպքերում գուցե։ Օրինակ՝ այն «ինտերնետամոլը», որի մասին խոսվեց վերևում, հենց այդպես վարվեց, որպեսզի ձերբազատվի տարիների կախվածությունից։ Սակայն ինտերնետը կարող է օգտակար լինել, եթե թույլ տանք, որ «խորհելու կարողությունը պահպանի և խորաթափանցությունը պաշտպանի» մեզ (Առակ. 2։10, 11)։

[ծանոթագրություն]

a Նույնը կարելի է ասել նաև նկարների վերաբերյալ։ Ճիշտ է, ազատ ենք նկարելու հարցում, սակայն ազատ չենք դրանք տարածելու՝ առավել ևս նշելով այդ մարդկանց անուններն ու բնակության վայրը։

[նկար 4-րդ էջի վրա]

Ինչպե՞ս կարող ես խուսափել սխալ տեղեկությունների զոհը դառնալուց

[նկար 5-րդ էջի վրա]

Ինչի՞ մասին պետք է մտածես նախքան նամակն ուղարկելու կոճակը սեղմելը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը