Մեր ընթերցողները հարցնում են
Արդյոք Երկիր մոլորակը կործանվելո՞ւ է 2012թ.-ին
▪ «Ֆրանսիական գյուղ են հորդում ապոկալիպսիսին հավատացողները։ Նրանք հավատում են, որ աշխարհը վերանալու է 2012թ. դեկտեմբերի 21-ին, որը, մայա ցեղի հին օրացույցի համաձայն, 5125 տարի տևող ցիկլի ավարտն է» (BBC News)։
Ի հեճուկս աղետագույժ կրոնական առաջնորդների, կեղծ գիտնականների և 21-րդ դարի կանխատեսողների՝ Երկիր մոլորակը չի կործանվելու։ Մեր երկրագունդը շարունակելու է իր գոյությունը ինչպես 2012թ.-ին, այնպես էլ հետագա տարիներին։
Աստվածաշունչն ասում է. «Մի սերունդ գնում է, մի սերունդ գալիս է, բայց երկիրը մնում է հավիտյան» (Ժողովող 1։4)։ Իսկ Եսայիա 45։18-ում գրված է. «Այսպես է ասում Եհովան.... երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը, Նա, ով հաստատեց այն, զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն. «Ես Եհովան եմ, և ուրիշը չկա»»։
Բերենք մի օրինակ։ Հոգատար հայրը ժամեր է տրամադրում իր որդու համար խաղալիք նավակ, իսկ աղջկա համար խաղալիք տուն պատրաստելուն։ Աշխատանքն ավարտելով՝ նա խաղալիքները սիրով նվիրում է նրանց։ Երեխաները ցնծում են։ Մի՞թե սիրող հայրը կարճ ժամանակ անց կվերցնի այդ խաղալիքները և ջարդուփշուր կանի։ Սա դաժանություն կլիներ։ Նույն ձևով, Աստված երկիրը ստեղծել է գլխավորապես մարդու՝ իր ստեղծագործության համար, որպեսզի նա վայելի այն, ինչպես որ երեխան է հաճույքով խաղում իր համար պատրաստված խաղալիքով։ Առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, Աստված ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան ու իշխեք ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա.... Այնուհետև Աստված նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1։27, 28, 31)։ Աստված չի հրաժարվել երկրի վերաբերյալ իր նպատակից. նա թույլ չի տա, որ մոլորակը կործանվի։ Իր բոլոր խոստումների մասին Աստված վճռականորեն ասել է. «Այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի այն, ինչ կամենում եմ, և կիրագործի այն, ինչի համար ուղարկել եմ նրան» (Եսայիա 55։11)։
Բայցևայնպես, Եհովան «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Իր Խոսքում նա խոստանում է. «Ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա։ Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից» (Առակներ 2։21, 22)։
Ե՞րբ է սա տեղի ունենալու։ Ոչ մի մարդ չգիտի այդ մասին։ Հիսուսն ասաց. «Այդ օրվա կամ ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մարկոս 13։32)։ Եհովայի վկաները չեն փորձում կանխագուշակել, թե Աստված երբ է վերացնելու ամբարիշտներին։ Թեև նրանք գիտեն «վախճանի նշանը» և հավատում են, որ մարդկությունը ապրում է Աստվածաշնչում նշված «վերջին օրերում», սակայն չեն կարող ճշգրտորեն իմանալ, թե «վերջը» երբ է գալու (Մարկոս 13։4–8, 33; 2 Տիմոթեոս 3։1)։ Նրանք գիտեն, որ վախճանի գալը լիովին կախված է իրենց երկնային Հորից և նրա Որդուց։
Իսկ մինչ այդ Եհովայի վկաները քարոզում են բարի լուրը Աստծու Թագավորության՝ մի երկնային կառավարություն մասին, որը ղեկավարելու է Երկիր մոլորակը և այն դարձնելու է չքնաղ դրախտ։ Ինչպես գրված է Սաղմոս 37։29-ում, «արդարները կժառանգեն այն և հավիտյան բնակվեն նրանում»։
[նկար 10-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Image Science and Analysis Laboratory, NASA-Johnson Space Center