Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
1 Որպեսզի Աստվածաշունչ ուսումնասիրողը հոգևորապես աճի ու դառնա Հիսուս Քրիստոսի աշակերտ, հարկավոր է ամեն ինչ նախօրոք լավ մտածել ու պլանավորել։ Ուսումնասիրություն սկսելիս անցկացնողը պետք է լավ հիշի, թե որն է դրա նպատակը. ուսումնասիրողին օգնել դառնալու պտուղ բերող աշակերտ (Մատթ. 13։23)։ Ուստի սովորեցրու նրան պահել բոլոր այն բաները, որ պատվիրեց Հիսուսը (Մատթ. 28։19, 20)։ Օգնիր նրան հասկանալ, որ ուսումնասիրությունը պետք է անցկացվի ամեն շաբաթ, այսպես նա Աստծո Խոսքից հիմնական գիտելիքներ ձեռք կբերի։ Նաև նրբանկատորեն նշիր, որ հույժ կարևոր է հոգևորապես աճել՝ կյանքում կիրառելով սովորածը (Առակ. 22։17; Փիլիպ. 3։16)։ Սակայն հատկապես ո՞ր հարցերում պետք է զգացվի, որ նա աճում է։
2 Ժամանակ առ ժամանակ քարոզիչը պետք է մտածի Աստվածաշունչ ուսումնասիրողի առաջադիմությունների մասին։ Հարցրու ինքդ քեզ. «Նախապատրաստվո՞ւմ է նա ուսումնասիրությանը՝ կարդալով Աստվածաշնչից այն համարները, որոնք նշված են, բայց մեջբերված չեն (Գործք 17։11; Ա Թեսաղ. 2։13)։ Իր բառերո՞վ է մեկնաբանում։ Ցույց տալի՞ս են նրա մեկնաբանությունները, որ գնահատում է Աստվածաշնչից սովորած ճշմարտությունը (Առակ. 2։1–6)։ Տեղին կլինի՞ նրան քաջալերել, որ Ընկերության լրացուցիչ հրատարակություններ կամ Աստվածաշունչ ընթերցի։ Նա առաջադիմե՞լ է այնքան, որ հասկանա օրվա խոսքը քննելու կարևորությունը։
3 Իր խոսքով, վերաբերմունքով ու վարքով արդյոք ցո՞ւյց է տալիս, որ ընդունում է Աստվածաշնչի բարոյական նորմերը (Ա Կորնթ. 6։9, 10)։ Փոփոխություն մտցնո՞ւմ է անձնական կյանքում (Եփես. 4։22–24)։ Աստվածաշնչի ճշմարտությունների հանդեպ երախտագիտությունը մղո՞ւմ է նրան իր սովորած բաների մասին պատմելու բարեկամներին, աշխատակիցներին կամ հարևաններին (Ղուկ. 6։45)։ Եթե ֆիզիկապես ի վիճակի է և հանգամանքներն էլ թույլ են տալիս, կանոնավորապես հաճախո՞ւմ է քրիստոնեական հանդիպումներին» (Եբր. 10։23–25)։ Ուշադրություն դարձնելով այս ոլորտներում ուսումնասիրողի առաջադիմության վրա՝ կկարողանանք որոշել, թե ինչ չափով է նա ‘խոնարհությամբ ընդունում իր մեջ սերմված խոսքը’ (Յակ. 1։21)։
4 Դադարեցնել անպտուղ ուսումնասիրությունները։ Եթե բավական ժամանակ համբերությամբ օգնում ես ուսումնասիրող անհատին, սակայն վերջինս կարևոր քայլեր չի կատարում առաջադիմելու, լավ կլինի ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել՝ փնտրելով արժանավոր ուրիշ մարդկանց (Մատթ. 10։11–13)։ Կախված հանգամանքներից՝ գուցե հարկ լինի դադարեցնել ուսումնասիրությունը։ Անկեղծորեն գովիր նրան կատարած որոշ առաջադիմությունների համար, սակայն նշիր, որ եթե անհատը սովորում է Աստվածաշնչի ճշմարտությունները, ապա նա պետք է դրանք կիրառի կյանքում։ Օգտագործելով Հիսուսի՝ սերմնացանի առակը՝ քննարկիր հողի չորս տեսակներից յուրաքանչյուրը, այնուհետև ցույց տուր, թե այդ առակն ինչպես է շեշտում Թագավորության լուրին դրականորեն արձագանքելու կարևորությունը։ Սա կարող է օգնել նրան հասկանալու, թե ինչն է նրան ետ պահել առաջադիմելուց։ Կարող ես նրան ասել, թե ինչ ես նկատել ամբողջ ուսումնասիրության ընթացքում։ Եղիր բարեհամբույր, բայցև անկեղծ ու պարզ (Ա Կորնթ. 14։8, 9)։ Հայտնիր նրան, որ ուսումնասիրությունը կարելի է վերականգնել, երբ անհրաժեշտ փոփոխությունները կատարի։ Սակայն հարկավոր է ժամանակ առ ժամանակ այցելել նրան՝ ոգևորելու։
5 Եթե քո քարոզչական տարածքում հանդիպում ես մարդկանց, ովքեր ուսումնասիրել են նախկինում, խելամիտ քայլ կլինի քո կողմից պարզել, թե ինչքան ժամանակ են նրանք ուսումնասիրել, ում հետ և ինչու են նրանք դադարեցրել։ Եթե հայտնի է, թե ով է նրա հետ ուսումնասիրություն անցկացրել, լավ կլինի ուսումնասիրությունը վերսկսելուց առաջ քննարկել այդ հարցը նրա ու ժողովի ծառայողական կոմիտեի երեցներից մեկի հետ։ Հնարավոր է՝ կան հանգամանքներ, որոնց դու տեղյակ չես։ Որոշ մարդիկ տարիներ շարունակ ուսումնասիրել են տարբեր քարոզիչների հետ՝ առանց առաջադիմելու։ Մենք պետք է մեր ժամանակը հատկացնենք այն անհատներին, ովքեր իսկապես հետաքրքրվում են ճշմարտությամբ։
6 Անկախ նրանից՝ դադարեցնում ենք Աստվածաշնչի ուսումնասիրությունը, թե այն վերսկսում նախկինում ուսումնասիրած անհատի հետ, լավ կլինի մտքեր քննարկել տվյալ անձնավորության հետ 2000 թ. դեկտեմբերի 1–ի «Դիտարանի» «Ինչո՞ւ ես ծառայում Աստծուն» և 1992 թ. օգոստոսի 1–ի համարի (ռուս.) «Ետ դարձեք դեպի ինձ, և ես էլ կդառնամ դեպի ձեզ» հոդվածներից։ Մարզելով մեր ընդունակությունները Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնելու մեջ՝ դեռ բազում մարդկանց կօգնենք սովորել, ընդունել և կիրառել Աստվածաշնչի ճշմարտությունը։ Արդյունքում՝ նրանք Եհովա Աստծո հետ մտերիմ հարաբերություններ կզարգացնեն և, ի վերջո, հավիտենական կյանք ձեռք կբերեն (Փիլիպ. 4։9; Յովհ. 17։3)։