Հարգանք ցուցաբերո՞ւմ ես Թագավորության սրահի հանդեպ
1 «Տես ի՜նչքան բարի եւ ի՜նչքան ցանկալի է, որ եղբարք իրար հետ մէկտեղ բնակուեն» (Սաղ. 133։1)։ Թագավորության սրահում անցկացվող հանդիպումները նպաստում են մեր եղբայրների հետ ունեցած միասնությանը, և մենք, միմյանց քաջալերելով, խրախուսում ենք սիրո և բարի գործերի (Եբր. 10։24, 25)։
2 Քանի որ Թագավորության սրահը մեր կյանքում անչափ կարևոր դեր ունի, ուստի մենք կարող ենք հարց տալ ինքներս մեզ՝ արդյոք հարգանք ցուցաբերո՞ւմ ենք Թագավորության սրահի հանդեպ։ Թագավորության սրահը ճշմարիտ երկրպագության կենտրոն է այն վայրում, որտեղ այն գտնվում է։ Ուստի մենք պետք է շատ բարձր գնահատենք այն։ Յուրաքանչյուրս պետք է ձգտի Սրահը մաքուր ու բարվոք վիճակում պահել։ Ժամանակ առ ժամանակ Գրքի ուսումնասիրության մեր խումբը նշանակվում է մաքրելու Սրահը։ Եթե մեր հանգամանքները թույլ են տալիս, ապա մենք պետք է սիրով մասնակցենք Սրահի մաքրությանը։ Այդպես ցույց կտանք, որ բարձր ենք գնահատում մեր հանդիպման վայրը և ցանկանում ենք, որ այն միշտ մաքուր ու գրավիչ լինի։
3 Անկախ այն բանից՝ մեր խումբն է նշանակված մաքրելու Սրահը, թե՝ ոչ՝ բոլորս էլ կարող ենք ցույց տալ մեր հոգատարությունը Թագավորության սրահի հանդեպ։ Ինչպե՞ս։ Անելով հասարակ մի բան՝ Սրահ մտնելիս մաքրենք մեր կոշիկները, որպեսզի հատակը չկեղտոտենք։ Դա կարևոր է հատկապես անբարենպաստ եղանակին։ Եթե օգտվում ենք զուգարանից, կարող ենք սրբել լվացարանը ու մեզանից հետո ամեն ինչ մաքուր թողնել։ Գրականության սեղանի մոտ ծառայող եղբայրները կարող են Սրահի հանդեպ իրենց հոգատարությունը ցույց տալ՝ անմիջապես հավաքելով դատարկ արկղերը։ Աղբը հարկավոր է գցել աղբարկղը։ Եթե հատակին նկատենք ոչ պետքական թղթի կտոր կամ այլ բան, ինքներս կվերցնենք այն ու չենք սպասի, որ ուրիշն անի դա։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2000 թ. հոկտեմբերի համարում (էջ 7) տրվում են խորհուրդներ այն մասին, որ հայտարարությունների տախտակը հարկավոր է կոկիկ վիճակում պահել։ Եղբայրները պետք է համագործակցեն նախագահող վերակացուի հետ, որպեսզի այդ խորհուրդները կիրառվեն։
4 Նույն սկզբունքները վերաբերում են համաժողովներին։ Համաժողովի անցկացման վայրը մաքուր երկրպագության կենտրոն է՝ անկախ այն բանից՝ դա Համաժողովների սրահ է, թե որևէ այլ շենք։ Մենք պետք է հարգանք ցույց տանք այդ վայրի հանդեպ։ Նախքան այդտեղից հեռանալը հարկավոր է ստուգել, որ մեր նստած տեղում աղբ չլինի։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք օգնելու և չմտածենք, թե աղբը կհավաքեն նրանք, ովքեր նշանակված են մաքրելու սրահը։
5 Երբ միևնույն Սրահից մի քանի ժողով է օգտվում։ Քանի որ շինությունները թանկ են, շատ Թագավորության սրահներից օգտվում են մեկից ավելի ժողովներ։ Քաղաքներում մեկ Թագավորության սրահից կարող է հինգ–վեց ժողով օգտվել։ Այդ ժողովներից յուրաքանչյուրը պետք է ցույց տա իր հոգատարությունը Թագավորության սրահի հանդեպ՝ գիտակցելով, որ այն պատկանում է Եհովային, և որ այնտեղ երկրպագություն է մատուցվում նրան։ Սակայն Թագավորության սրահը բարձր գնահատելու համար մենք պետք է սիրենք ոչ միայն Եհովային, այլ նաև այդ Սրահից օգտվող մեր եղբայրներին։
6 Սովորաբար Թագավորության սրահի մաքրությունն արվում է ժողովի յուրաքանչյուր հանդիպումից հետո։ Եթե Սրահից օգտվում են մեկից ավելի ժողովներ, ապա յուրաքանչյուր հանդիպումից հետո հարկավոր է որոշ չափով մաքրել Սրահը, որպեսզի այն կոկիկ ու մաքուր վիճակում լինի, երբ մյուս ժողովի անդամները գան Սրահ։ Դա վերաբերում է նաև շաբաթ–կիրակի օրերին, երբ մեկ ժողովի հանդիպման ավարտից կարճ ժամանակ անց իր հանդիպումն է անցկացնում մեկ այլ ժողով։ Եթե ժամանակը թույլ է տալիս, ապա լավ կլինի նախքան հաջորդ ժողովի անդամների գալը որոշ չափով մաքրել Սրահը։ Եթե նույն օրը մի քանի ժողովներ են օգտվում Սրահից, օրվա վերջում այն կեղտոտ կլինի, եթե ոչ մի ժողով չմաքրի այն։
7 Ինչպես որ հոգևոր հարցերում ենք միաբանված «միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ», այնպես էլ եկեք Թագավորության սրահի հանդեպ հարգանք ցույց տալու հարցում միասնական լինենք (Ա Կորնթ. 1։10)։