Նոր անձնավորությունը հագնենք
1 Քրիստոնյաները բարձր են գնահատում ճշմարտության գիտությունը։ Մենք սովորել ենք խուսափել աշխարհային մարդկանց ընթացքից։ Քանի որ այդ անհատներն «օտարացած են Աստծու կեանքից.... նրանց մտքերը մթագնուած են» (Եփես. 4։18)։ Մենք սովորել ենք փոխել նախկինում ունեցած մեր աշխարհային մտածելակերպը՝ «հանելով» հին անձնավորությունը և «հագնելով» նորը (Եփես. 4։22—24)։
2 Հին անձնավորությունը առաջնորդում է բարոյական կյանքի շարունակական անկմանը, որի արդյունքը ապականություն է և մահ։ Ուստի, Թագավորության պատգամին արձագանքող անհատներին հորդորում ենք թողնել նախկին բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և անվայել խոսքերը։ Ովքեր ցանկանում են Աստծո բարեհաճությունն ունենալ, պետք է իրենց վրայից վճռականորեն և ամբողջությամբ «հանեն» հին անձնավորությունն այնպես, ինչպես կեղտոտ հագուստը կհանեին (Կող. 3։8, 9)։
3 Միտքը նորոգել։ Նոր անձնավորությունը «հագնելու» մեջ մտնում է միտքը նորոգելը (Եփես. 4։23)։ Ինչպե՞ս կարող է անհատը նորոգել իր միտքը կամ մտածելակերպը, որպեսզի տրամադրված լինի ճիշտ ուղով ընթանալու։ Դա կարելի է անել կանոնավորաբար և եռանդով Աստծո Խոսքն ուսումնասիրելով և դրա նշանակության շուրջը խորհրդածելով։ Արդյունքում նոր մտածելակերպ է զարգանում, և անհատն իրերին սկսում է նայել Աստծո և Քրիստոսի տեսանկյունից։ Տվյալ անձնավորության ապրելակերպը փոխվում է այն դեպքում, երբ նա «հագնում» է մի շարք քրիստոնեական հատկանիշներ, ինչպիսիք են՝ գութը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը (Կող. 3։10, 12—14)։
4 Նոր անձնավորությունը «հագնելով»՝ ինքներս մեզ աշխարհից անջատ ենք պահում։ Մեր ապրելակերպով տարբերվում ենք մյուսներից։ Մենք ճշմարտությունն ենք խոսում, և մեր խոսքերը բարենպաստ ազդեցություն են թողնում ուրիշների վրա։ Մենք զսպում ենք մեր բարկությունը, դառնությունը, աղաղակը, հայհոյությունը և ամեն վատ բան՝ փոխարինելով դրանք արդար, աստվածային հատկություններով։ Մենք ներողամտություն ենք ցուցաբերում, ինչ որ սովորաբար պահանջվում է մեզանից։ Այս ամենը մենք անում ենք ուրախությամբ և ի սրտե (Եփես. 4։25—32)։
5 Երբեք մի՛ «հանեք» նոր անձնավորությունը, առանց որի չեք կարող Եհովային ընդունելի ծառայություն մատուցել։ Թող ձեր «հագած» նոր անձնավորությունը օգնի մարդկանց ճշմարտությանը դառնալու և թող այն փառավորի Եհովային՝ մեր նոր, հրաշալի անձնավորության Ստեղծիչին (Եփես. 4։24)։