Կրթությունդ և հոգևոր նպատակակետերդ
1 Ընդհանուր կրթություն ստանալու շնորհիվ, լինելով երիտասարդ, դու կկարողանաս վարժ կարդալ և գրել սովորել, ինչպես նաև ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել աշխարհագրությունից, պատմությունից, մաթեմատիկայից և գիտության այլ ճյուղերի մասին։ Ուսման ընթացքում սովորում ես հստակորեն մտածել, փաստերը վերլուծել, պրոբլեմների լուծումը գտնել և գործուն մտքեր զարգացնել։ Այսպիսի կրթությունը օգտակար կլինի կյանքիդ բոլոր մարզերում։ Իսկ այն ինչպե՞ս կառնչվի հոգևոր նպատակակետերիդ հետ, և ինչպե՞ս կարող է ստացածդ կրթությունն օգնել քեզ «խոհեմութիւն եւ խորհուրդ [«մտածելու ունակություն», ՆԱ]» ձեռք բերել (Առակ. 3։21, 22)։
2 Օգտակար եղիր Աստծուն ծառայելու գործում։ Դպրոցում սովորելիս ուշադիր եղիր դասերի ընթացքում և լավ պատրաստիր տնային առաջադրանքները։ Երբ վարպետանաս վարժ կարդալու և ուսումնասիրելու մեջ՝ ավելի հեշտությամբ կարող ես քննել Աստծո Խոսքը և հոգևոր ամուր վիճակում մնալ (Գործք 17։11)։ Ընդհանուր գիտելիքները կօգնեն քեզ առնչվել տարբեր ծագում, տարբեր հետաքրքրություններ և հավատալիքներ ունեցող մարդկանց հետ, որոնց կհանդիպես ծառայության ընթացքում։ Դպրոցում ստացած կրթությունը քեզ համար օգտակար կլինի Աստծո կազմակերպության մեջ քրիստոնեական պատասխանատվություններ կրելիս (համեմատիր Բ Տիմոթէոս 2։21; 4։11)։
3 Սովորիր ինքդ հոգալ քո կարիքները։ Լավ սովորելու դեպքում կարող ես ձեռք բերել այնպիսի ունակություններ, որոնք անհրաժեշտ են կրթություն ստանալուց հետո ապրուստ հայթայթելու համար (համեմատիր Ա Տիմոթէոս 5։8)։ Ուշադրությամբ ընտրիր առարկաները։ Փոխանակ կենտրոնանալու աշխատանքի սահմանափակ հնարավորություններ ունեցող ասպարեզի վրա, ընտրիր այնպիսի մասնագիտություն կամ արհեստ, որը քեզ հարմար աշխատանք գտնելու հնարավորություն կտա, որտեղ էլ որ ապրելու լինես (Առակ. 22։29, Արևմ. Աստ.)։ Նման ուսումը կօգնի քեզ կարիքներդ հոգալու, եթե որոշես ծառայել այնտեղ, որտեղ ավելի մեծ պահանջ կա (համեմատիր Գործք 18։1—4)։
4 Ընդհանուր կրթությունը կօգնի քեզ ընդարձակել ծառայությունդ։ Աշխատիր այնպիսի ասպարեզ ընտրել, որ կարողանաս և՛ հոգ տանել քո մասին և՛, միաժամանակ, առաջ գնալ Եհովային ծառայելու գործում։ Այդպես վարվելով՝ ստացածդ ուսումը կօժանդակի քեզ հասնելու հոգևոր նպատակակետերիդ։