Մենք բարի լուր ենք քարոզում
1 Ի՜նչ հիանալի առանձնաշնորհում ունենք մենք՝ «բարի բաների աւետիս» ունեցողներս (Հռովմ. 10։15)։ Մենք կազդուրիչ լուր ենք հաղորդում այն մարդկանց, ովքեր մտահոգ և հուսախաբ վիճակում են։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, որպեսզի հասկանան, որ մենք «բարիք [ենք] աւետում» (Ես. 52։7)։
2 Լավ լուր նախապատրաստիր։ Ծառայության ժամանակ մեր զրույցները բարենպաստ ազդեցություն կթողնեն, եթե դրական բաների մասին խոսենք։ Ուրեմն, երբ նախապատրաստվում ենք մեր մատուցումներին և գրականություն առաջարկելուն, պետք է աշխատենք մեր հաղորդած լուրի դրական կողմերն ընդգծել։ Աստվածաշնչով հիմնավորված հույսը համոզվածությամբ և խանդավառությամբ հաղորդելով՝ մենք կարող ենք ոգևորիչ արդյունքներ ակնկալել (Առակ. 25։11)։
3 Ճիշտ է՝ մենք մեր կարեկցանքն ենք արտահայտում այն մարդկանց, ովքեր պատմում են, թե ինչպես են իրենց վրա ազդում աշխարհի գնալով վատթարացող իրավիճակները, սակայն, միաժամանակ, պետք է ցույց տանք նրանց, որ մարդկային խնդիրների միակ իրական լուծումը կարող է բերել Աստծո Թագավորությունը։ Նույնիսկ երբ նկատի ենք առնում Եհովայի «վրէժխնդրութեան օրը», հարկավոր է ցույց տալ նրանց, թե ինչ առումով է դա իսկապես ‘աղքատների համար ավետիք’ կամ բարի լուր նշանակում (Ես. 61։1, 2)։ Մենք կարող ենք հավաստիացնել մեր զրուցակցին, որ այն ամենը, ինչ որ Եհովան անում է, վերջնական արդյունքում մեծ ուրախություն կբերի և հնարավոր լավագույն ավարտը կունենա։
4 Ճշմարտությունն ուրախությա՛մբ ներկայացրու։ Երբ մարդիկ տեսնում են մեր դեմքի ուրախ արտահայտությունը և նկատում մեր ձայնում հնչող համոզվածությունը, ավելի են հակվում մեզ լսելու։ Եթե մենք լավատեսորեն տրամադրված լինենք, մեր ունկնդիրները կզգան, որ մենք ‘ուրախանում ենք հույսով’ (Հռովմ. 12։12)։ Եվ գուցե դա նրանց ավելի տրամադրի դեպի բարի լուրը։ Անշուշտ, ամեն պատճառ ունենք միշտ լավատեսորեն և ուրախությամբ տրամադրված լինելու մեր ծառայության յուրաքանչյուր մարզում։
5 Որպես բարի լուրի տարածողներ՝ մենք պարզապես լուրը հաղորդելուց ավելին ենք անում։ Մեր քարոզը արտացոլում է նաև ավելի լավ կյանքի հաստատ հույսը թե՛ հիմա, և թե՛ ապագայում (Ա Տիմոթ. 4։8)։ Քանի որ մենք մարդկանց հետ զրուցում ենք անհատապես, մեր դրական տրամադրվածությունը պետք է դրսևորվի մեր խոսքերում՝ օգնելով նրանց ընդունել բարի լուրը։ Մեր խոսքերին և խոսելակերպին ուշադրություն դարձնելով՝ եկեք օգնենք անկեղծ սիրտ ունեցող անհատներին ընդունելու բարի լուրը, որը մենք քարոզում ենք։