Կարո՞ղ ենք 2000 թ. ապրիլ ամիսը երբևէ եղածներից լավագույնը դարձնել
1 Ապրիլի 19–ը՝ չորեքշաբթի օրվա երեկոն, մեր ծառայողական տարվա ամենանշանակալից օրը կլինի։ Այդ օրը՝ արեգակը մայր մտնելուց հետո, աշխարհի բոլոր մասերում Եհովայի վկաների յուրաքանչյուր խումբ և ժողով կհիշեն Քրիստոսի մահվան հիշատակը։ Որտեղ էլ որ ապրելիս լինենք, Հիսուս Քրիստոսի զոհաբերության հիշատակի օրը տարվա ամենանշանավոր օրը կլինի։ Հիշատակի երեկոյի ամսաթիվը կարելի է գտնել Եհովայի վկաների «2000 թ. օրացույցում»՝ ապրիլ ամսվա տակ։
2 Ամբողջ ապրիլ ամիսը հիանալի հնարավորություն է բացում մեր առջև՝ ամբողջ հոգով ցույց տալու մեր գնահատանքը Եհովայի շնորհի հանդեպ, որը նա արտահայտեց՝ իր Որդուն զոհաբերելով։ Ինչպե՞ս։ Պողոս առաքյալը գրում է. «Քրիստոսի սէրն ստիպում է մեզ քննելու այս բանը, որ, եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին. եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար» (Բ Կորնթ. 5։14, 15)։ Այո՛, հենց ապրիլը դարձնելով Թագավորությունը քարոզելու ամենաեռուն ամիսը՝ մենք ցույց կտանք, որ ապրում ենք ոչ թե մեզ համար, այլ՝ նրա, ով իր կյանքը զոհեց հանուն մեզ։
3 Ապրիլին ծառայիր որպես ենթառահվիրա։ Պողոս առաքյալը գործնական օրինակ թողեց մեզ համար. նա գրում է. «Ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծու շնորհը աւետարանելու» (Գործք 20։24)։ Մենք էլ ունենք Եհովա Աստծո մասին հիմնավոր վկայություն տալու նույն առանձնաշնորհումը։ Ի նկատի ունենալով այդ հանգամանքը՝ կցանկանայինք ապրիլը դարձնել ենթառահվիրայական ծառայության լավագույն ամիսը։
4 2000 թ. ապրիլն իր հինգ հանգստյան օրերով շատերի համար ենթառահվիրայական ծառայություն սկսելու հիանալի հնարավորություն կստեղծի։ 1999 թ. ապրիլին գրանցվեց մեր հանրապետությունում երբևիցե նկատված ենթառահվիրաների բարձրագույն թիվը՝ 835, որը կազմում էր քարոզիչների ընդհանուր թվի 16 տոկոսը։ Կես տարի անց՝ նոյեմբերին, քարոզիչների ընդհանուր թիվն աճեց 8 տոկոսով։ Դա նշանակում է, որ մենք կարո՛ղ ենք գերազանցել ենթառահվիրաների նախորդ բարձրագույն թվին։ Բացի այդ, շատերին ծառայության այս ձևին մասնակցելու հնարավորություն տվեց պահանջվող ժամերի քանակի նվազեցումը։ Յուրաքանչյուր մկրտված քարոզիչ պետք է աղոթքով խորհրդածի, թե ի վիճակի՞ է արդյոք ապրիլ ամսին ենթառահվիրայություն վերցնել։
5 Օգտվելով «2000 թ. օրացույցից»՝ հիմա արդեն կարող ես ապրիլ ամսվա համար գրաֆիկ կազմել։ Որոշիր, թե ո՛ր օրերին ի վիճակի կլինես մասնակցելու ծառայությանը, ապա հաշվիր բոլոր այն ժամերը, որոնք, ըստ քեզ, կարող ես տրամադրել այդ ամսվա քարոզչությանը։ Դրան գումարիր նաև այն ժամերը, որոնք կարող ես անցկացնել թե՛ պաշտոնական, և թե՛ ոչ պաշտոնական վկայություն տալով։ Այդ բոլորը միասին հասնո՞ւմ է ենթառահվիրաներից պահանջվող ժամերի քանակին՝ 50 ժամի։ Եթե տեսնում ես, որ ժամերի քանակը չի բավականացնում, կարո՞ղ ես որոշ փոփոխություններ մտցնել գրաֆիկիդ մեջ՝ ծառայությանը ավելի շատ ժամեր տրամադրելով։ Քեզ անհրաժեշտ է օրական ընդամենը 1 ժամ 40 րոպե տրամադրել քարոզչությանը, որպեսզի ամսվա վերջում 50 ժամը լրանա։
6 Այժմ, երբ նվազել է նաև ընդհանուր ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակը, չե՞ս պատրաստվում լիաժամ ծառայություն սկսել։ Ինչո՞ւ սպասել ամառվա սկսվելուն։ Ձմեռն արդեն ետևում է, իսկ ապրիլը հիանալի ամիս է լիաժամ ծառայություն սկսելու համար։ Եթե վստահ չես կարողություններիդ վրա, որ ի վիճակի ես լրացնելու ընդհանուր ռահվիրաներից պահանջվող 70 ժամը, ինչո՞ւ ապրիլը չսկսել ենթառահվիրայությամբ՝ առջևում հետապնդելով 70 ժամ ծառայելու նպատակ։ Եթե մեկ անգամ համոզվես դրանում, հավանաբար, ավելի շատ կձգտես ընդհանուր ռահվիրաների շարքերը մտնել որքան հնարավոր է շուտ («Մեր ծառայությունը» գիրքը, էջ 113, 114, ռուս.)։
7 Լրիվ մասնակցություն ունեցիր՝ որպես բարի լուրի քարոզիչ։ Բոլորիս՝ թե՛ քարոզիչներիս, և թե՛ ռահվիրաներիս տածած անկեղծ սերը Աստծո և դրացու հանդեպ, մղում է մեզ, հաշվի առնելով մեր անձնական հանգամանքները, հնարավոր ամեն բան անել Եհովային ծառայելու մեջ (Ղուկ. 10։27)։ Այդպես վարվելով՝ մենք անկեղծորեն ցույց կտանք, որ «տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների» (Ա Տիմոթ. 4։10)։ Ահա թե ինչո՛ւ ենք ակնկալում ապրիլ ամսին տեսնել ժողովի բոլոր անդամների մասնակցությունը ծառայության մեջ. իսկ դա հնարավոր է, եթե յուրաքանչյուր քարոզիչ մասնակցի Թագավորության գործին։
8 Եկեք չմոռանանք Հիսուսի հորդորը. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»։ Այս խոսքերն ասելուց անմիջապես հետո նա կանչեց իր 12 առաքյալներին և ուղարկեց նրանց քարոզելու (Մատթ. 9։37, 38; 10։1, 5, 7)։ Մոտ մեկ տարի անց, երբ այդ տասներկուսը հմտացան քարոզչության մեջ, Հիսուսը «նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց.... ուղարկեց»՝ նույն հրահանգները տալով. «Հունձն առատ է։ ....Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար» (Ղուկ. 10։1, 2)։ Աստվածաշնչի «Գործք Առաքելոց» գիրքն արձանագրում է, թե Եհովան ինչպես պատասխանեց այդ քարոզիչների աղոթքներին։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին աշակերտների թիվը հասավ մոտ 120–ի։ Այնուհետև, հաջորդ բարձրագույն թվերը եղան 3 000–ը և 5 000–ը (Գործք 1։15; 2։41; 4։4)։ Դրանից հետո «աշակերտների թիւը.... մեծապէս շատանում էր» (Գործք 6։7)։ Նմանապես, այսօր մենք էլ պետք է խնդրենք Տիրոջը, որպեսզի ավելանա Թագավորության քարոզիչների թիվը։ Մեր աղոթքների հետ ներդաշնակ՝ ժողովի յուրաքանչյուր քարոզիչ որոշակի քայլեր պետք է ձեռք առնի ամեն ամիս ծառայությանը մասնակցելու համար։
9 Ուշադրությամբ զննիր «2000 թ. օրացույցում» ապրիլ ամիսը։ Քանի որ վերջինս սկսվում է շաբաթ և կիրակի օրերով, կարո՞ղ ես ծառայություն ծրագրել հենց այդ հանգստյան օրերին՝ այդպիսով ամիսը ծառայությամբ սկսելով։ Ի վիճակի՞ ես ժողովի Գրքի ուսումնասիրության քո խմբի հետ ամսվա ընթացքում մասնակցել «Ծառայություն ամսագրերով» միջոցառմանը։ Ի՞նչ կարծիքի ես կիրակի օրերը մեկ կամ ավելի ժամեր ծառայությանը տրամադրելու մասին։ Ուրախալի է, որ օրերն ավելի կերկարեն, հետևաբար, մութը ուշ կընկնի։ Կարո՞ղ ես որոշ ժամանակ տրամադրել երեկոյան ժամերին քարոզելուն։ Եվ, վերջապես, մի մոռացիր ոչ պաշտոնական վկայություն տալ ցանկացած առիթի դեպքում՝ լինի դա աշխատանքի վայրում, թե դպրոցում, կամ էլ առօրյա այլ գործունեությունների ժամանակ։ Նշիր այն օրերը, երբ կարող ես որոշ ժամանակ տրամադրել ծառայությանը. գործածիր օրացույցը, որպեսզի հետևես ամսվա ընթացքում ծառայությանդ ժամերին։
10 Ապրիլը նաև հարմար ամիս է բոլոր նրանց համար, ովքեր որակելի են և ովքեր հավանություն են ստացել երեցների կողմից ծառայություն սկսել որպես չմկրտված քարոզիչներ։ Եթե ինչ–որ մեկի հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, այդ անհատի մոտ բավականաչափ առաջադիմություն նկատե՞լ ես. եթե այո՛, ապա դիմիր նախագահող վերակացուին նրա հետ զրուցելու համար, որպեսզի լուծվի նրա՝ բարի լուրի քարոզիչ դառնալու հարցը։ Իսկ եթե չմկրտված երեխաներ ունես, նրանց հոգեվոր առաջադիմության մասին խորհրդակցո՞ւմ ես երեցների հետ։ Գուցե ապրիլը նրանց համար բարենպաստ ժամանա՞կ լինի քարոզիչ դառնալու համար (տես «Մեր ծառայությունը» գիրքը, էջ 97—101, ռուս.)։
11 Որպեսզի 2000 թ. ապրիլը մեզ համար դառնա լավագույն ամիսը, հարկավոր է, որպեսզի բոլորս մասնակցենք ծառայությանը և ապա ամսվա վերջում անդրադառնանք մեր ծառայության հաշվետվությանը (համեմատիր Մարկոս 6։30)։ Նորերս չմկրտված քարոզիչ դարձած անհատներին, որոնք առաջին անգամ են մասնակցել քարոզչությանը, պետք է հորդորել, որպեսզի ժամանակին հանձնեն իրենց ծառայության հաշվետվությունը։ Անելով մեր ուժերի ներածին չափով՝ մենք մեր բաժինը կունենանք ապրիլ ամսվա հաշվետվության մեջ, ինչպես նաև Եհովայի անունը փառաբանելու գործում քարոզչությանը մեր եռանդուն մասնակցությամբ։
12 Հրավիրիր մարդկանց Հիշատակի երեկոյին։ Մեզ չի՞ հուզի արդյոք Հիշատակի երեկոյին ներկաների մի նոր բարձրագույն թիվ տեսնելը։ Անշուշտ կհուզի։ Դա կնշանակի, որ ավելի, քան երբևէ, մեծ թվով մարդիկ մեկտեղ են հավաքվել՝ Եհովայի և Հիսուս Քրիստոսի հօգուտ մեզ ցուցաբերած սիրո մեծագույն արտահայտությունների առիթով իրենց գնահատանքն արտահայտելու համար (Յովհ. 3։16; 15։13)։ Անհրաժեշտ ամեն բան արա, որպեսզի ոչինչ չխոչընդոտի քեզ և քո ընտանիքին Հիշատակի երեկոյին ներկա գտնվելու համար։
13 Հիմա արդեն ժամանակն է՝ մարդկանց Հիշատակի երեկոյին հրավիրելու։ Կազմիր անվանացուցակ և նշիր այն անհատների անունները, ում կցանկանայիր հրավիրել։ Հաշվի առ նրանց, ովքեր նախկինում ուսումնասիրել են Աստվածաշունչը, ովքեր հիմա են ուսումնասիրում, և նրանց, ում կրկնակի այցելություններ ես կատարում։ Ավելացրու նաև քեզ ծանոթ աշխատակիցների, դպրոցականների և հարևանների անունները, ինչպես նաև այն անձանց, ում հետ առհասարակ առնչվում ես։ Չմոռանաս ընդգրկել նաև մյուս ծանոթներիդ ու բարեկամներիդ։ Ցուցակը կազմելուց հետո աշխատիր լրջորեն վերաբերվել դրան, իսկ ցուցակումդ նշված անձնավորություններին անձամբ հրավիրիր։ Հստակորեն բացատրիր նրանց Հիշատակի երեկոյի անցկացման տեղի ու ժամի մասին։ Ապրիլի 19–ին նախորդող մոտակա օրերին վերոհիշյալ անհատներին կրկին հիշեցրու՝ անձամբ այցելելով կամ հեռաձայնելով։ Առաջարկիր նրանց այդ օրը քեզ հետ միասին այցելել միջոցառման վայրը։
14 Համաձայն Ընկերության կողմից նախապես տրված հրահանգի՝ երեցների խորհուրդը հատուկ աշխատանքներ կտանի իրենց տարածքի բոլոր ոչ ակտիվ քարոզիչներին հորդորելու համար, որպեսզի վերջիններս ներկա գտնվեն Հիշատակի երեկոյին (Մատթ. 18։12—14)։ Երեցները կվերանայեն Ընկերության 1999 թ. փետրվարի 2–ի նամակը։ Ժողովի քարտուղարը պետք է կազմի բոլոր ոչ ակտիվ քարոզիչների ցուցակը, իսկ ծառայողական վերակացուն կնշանակի այն երեցներին, ովքեր պետք է նրանց այցելեն և հրավիրեն այդ միջոցառմանը։ Հնարավորին չափ շուտ կատարած այդ քաջալերիչ հովվական այցելությունը հնարավոր է օգնի այդպիսի քարոզիչներին՝ ծառայությանը դարձյալ ակտիվորեն մասնակցելու նույնիսկ ապրիլ ամսին։ Նրանց կթարմացնի որևէ փորձառու անհատի հետ քարոզչությանը մասնակցելը։
15 Հորդորիր լիարժեք օգնություն ցույց տալ ապրիլ ամսում։ Որպեսզի 2000 թ. ապրիլը լինի ամենապտղաբեր ամիսը, անհրաժեշտ է, որ բոլոր երեցները, ծառայողական օգնականներն ու ընտանիքների գլուխները միմյանց հետ սերտ համագործակցեն։ Երեցները պետք է ջանք թափեն աշխատանքները լավ կազմակերպելու և առաջնորդությունն իրենց ձեռքը վերցնելու համար (Եբր. 13։7)։ Միջոցներ պետք է ձեռք առնել, որպեսզի քարոզչական ծառայության հանդիպումներ կազմակերպվեն շաբաթվա և՛ ընթացիկ, և՛ հանգստյան օրերին։ Կարելի է քարոզչական ծառայության լրացուցիչ հանդիպումներ ծրագրել ճաշից հետո և երեկոյան ժամերին ծառայելու համար։ Ապրիլի համար ծրագրված ամբողջական գրաֆիկը պետք է փակցվի հայտարարությունների տախտակին։ Նախօրոք պետք է նշանակել որևէ մեկին՝ ծառայության յուրաքանչյուր հանդիպումն անցկացնելու նպատակով։ Լավ կլինի բավարար չափով մատչելի տարածքներ լինեն, որպեսզի յուրաքանչյուր խումբ ապահովված լինի տարածքով։
16 Ապրիլ ամսվա «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը յուրահատուկ հոդվածներ են պարունակելու։ «Աստված պահանջում է» գրքույկը կառաջարկենք բոլոր հետաքրքրվող անհատներին և կաշխատենք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսել։ Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է նախապես մեծ թվով պարբերագրեր և գրքույկներ ձեռքի տակ ունենալ։
17 Ամսվա վերջում Գրքի ուսումնասիրությունների ղեկավարները և նրանց փոխարինողները կզգուշացնեն իրենց խմբի անդամներին, որպեսզի յուրաքանչյուր քարոզիչ ժամանակին՝ ամիսն ավարտվելուց անմիջապես հետո, հանձնի հաշվետվությունը։ Հաշվետվությունները կարելի է հանձնել նույնիսկ ապրիլի վերջին օրը՝ կիրակի՝ ամսի 30–ին։ Եթե դրանից հետո քարտուղարը հաշվետությունները կարգավորելիս նկատի, որ ոմանք դեռ չեն հանձնել, կարող է բարյացակամորեն հիշեցնել նրանց, որ վերջին ժամկետը մայիսի 6–ն է, քանի որ այդ ժամանակ նա պետք է ժողովի հաշվետվությունը Ընկերությանը ներկայացնի։ Քարտուղարը կարող է օգնության համար դիմել Գրքի ուսումնասիրությունների ղեկավարներին՝ քարոզիչների հետ անհատապես կապ հաստատելու նպատակով։
18 Աստծո ժողովրդի համար Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող ժամանակը կարևոր ժամանակաշրջան է։ Այդ ժամանակամիջոցում մեզանից յուրաքանչյուրը պետք է զբաղված լինի Եհովային ծառայելով։ Դա հնարավոր է, եթե ամեն մեկն առանձին վերցրած իր հնարավորության սահմաններում լրիվ մասնակցություն բերի այդ գործում՝ որպես բարի լուրի քարոզիչ, եթե նրանք, ովքեր կարող են, ենթառահվիրայություն վերցնեն, և եթե մենք բաց չթողնենք Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին մարդկանց հրավիրելու առիթները։ Եկեք անկեղծ աղոթքով Եհովայից առատ օրհնություններ խնդրենք, իսկ մենք, մեր հերթին, ջանանք 2000 թ. ապրիլը երբևէ եղած լավագույն ամիսը դարձնել՝ այդ ամենով հանդերձ Աստծուն փառք ու գովություն բերելով (Եբր. 13։15)։
[3 էջի վրայի շրջանակը]
Ենթառահվիրաներ
Երբևիցե գրանցված բարձրագույն թիվը՝ 835
(Ապրիլ, 1999 թ.)
[4 էջի վրայի շրջանակը]
Քարոզիչների ընդհանուր թիվը
Երբևէ գրանցված բարձրագույն թիվը՝ 5 469
(Նոյեմբեր, 1999 թ.)
[5 էջի վրայի շրջանակը]
Հիշատակի երեկոյի ներկաների թիվը
Երբևիցե գրանցված ամենաբարձր թիվը՝ 16 027
(1999 թ.)