Հարցերի արկղ
◼ Ինչո՞ւ է օգտակար ընդունել ելույթ ունեցող եղբոր՝ սուրբգրային համարները բաց անելու հրավերը։
Կախված նրանից, թե ինչպիսին է քննարկվելիք նյութը և թե արդյոք այն ընդգրկում է Աստվածաշնչի որևէ հատվածի համար առ համար քննարկում, պարզ կդառնա, թե ելույթ ունեցողը ունկնդիրներին քանի համար կհրավիրի բաց անել։
Կարևոր է հիշել համարները ընթերցելու նպատակներից մեկը. նախ՝ որպեսզի փաստերով ցույց տրվի, որ ելույթում հնչող մտքերը հիմնված են Աստվածաշնչի վրա (Գործք 17։11)։ Եվ երկրորդ՝ սուրբգրային համարներն ընթերցվում են, որպեսզի ցույց տրվի, թե ինչպես են Գրությունները հիմնավորում քննարկվող թեման, որը և ամրապնդում է բոլորի հավատը։ Եթե որևէ հիմնական համար ընթերցվելիս Աստվածաշնչով հետևենք, մեջբերված խոսքը կրկնակի անգամ ավելի կտպավորվի մեր մտքում։ Սուրբգրային համարները բաց անելուց զատ՝ օգտակար է նաև գրառումներ կատարել և ասված մտքերի միջև եղած կապին հետևել։
Թեև Ընկերության կողմից կազմված կոնսպեկտներում հնարավոր է, որ մեծ թվով Աստվածաշնչի համարներ տրված լինեն նյութը զարգացնելու համար, սակայն դրանք նշված են ելույթ ունեցողին նախապատրաստվելիս օգնելու նպատակով։ Դրանց օգնությամբ նա կկարողանա մանրամասն տեղեկություններ ձեռք բերել կամ լրացուցիչ օգնություն ստանալ Աստվածաշնչի վրա հիմնված սկզբունքները հասկանալու և թեմայի զարգացման ընթացքն ավելի խորը ըմբռնելու մեջ։ Ելույթը ներկայացնող եղբայրը որոշում է, թե որ համարներն են կարևոր դեր խաղում ելույթը զարգացնելու մեջ և հրավիրում է ունկնդիրներին հետևել սուրբգրային համարի ընթերցանությանն ու բացատրությանը։ Ելույթ ունեցողը կարող է պարզապես հիշատակել ու պատմել մյուս՝ իր խոսքերը հիմնավորող համարների բովանդակությունը, սակայն նման դեպքերում պարտադիր չէ, որ ունկնդիրները բաց անեն դրանք։
Ելույթ ունեցողն իր ընտրած սուրբգրային համարները պետք է կարդա անմիջապես Աստվածաշնչից և ոչ թե համակարգչի վրա տպագրած թղթից։ Երբ նա հրավիրում է ունկնդիրներին հետևել որևէ համարի ընթերցանությանը, պետք է հստակորեն արտասանի Աստվածաշնչի տվյալ գրքի անվանումը, գլուխը և համարը(ները)։ Որպեսզի ունկնդիրները հասցնեն գտնել համարը, նա մի փոքր դադար է տալիս, մինչ նրանց որևէ հարց ուղղելը կամ մի քանի բառով այն կարդալու պատճառը բացատրելը։ Համարը կրկնելը նույնպես օգնում է ունկնդիրներին հիշել այն։ Սակայն խորհուրդ չի տրվում հայտնել համարի էջը, քանի որ ունկնդիրների ձեռքին կարող են Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ լինել, որտեղ տվյալ համարի էջերը գուցե չհամընկնեն։ Գրություններից ընթերցվող համարները բաց անելով՝ ունկնդիրները կզգան Աստծո Խոսքի անմիջական ներգործությունն իրենց վրա (Եբր. 4։12)։