Փառաբանիր Եհովային բարի գործերով
1 Սաստիկ փոթորկի ենթարկված մարդուն որքա՜ն մեծ սփոփանք կարող է բերել ապաստան գտնելը։ Եթե ապաստանում տաք ու ապահով է, և տանտերերը հյուրասեր են, ապա մարդը ուրախ է այնտեղ գտնվելու համար։ Թագավորության քարոզչության գործը մարդկանց ուղղում է Սատանայի համակարգից դեպի ճիշտ այդպիսի մի ապաստան։ Կարո՞ղ է արդյոք մեր ապրելակերպը օգնել մարդկանց տեսնել, թե որքան գրավիչ է այդ ապաստանը։ Անշո՛ւշտ, քանի որ Հիսուսն ասաց, որ մարդիկ ‘կտեսնեն մեր բարի գործերն ու կփառավորեն մեր Հորը, որը երկնքում է’ (Մատթ. 5։16)։
2 Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վարքը, որպեսզի, մեր գործերը տեսնելով, մարդիկ ձգտեն դեպի Եհովան ու նրա կազմակերպությունը։ Դրա համար անհրաժեշտ է թույլ տալ, որպեսզի Ղուկաս 6։31 և 10։27 համարներում արձանագրված Հիսուսի խոսքերը կյանքում մեզ առաջնորդեն ամեն օր։ Այդ ժամանակ մենք կմղվենք սիրել մարդկանց՝ տարբերվելով այս սառն ու անտարբեր աշխարհից։
3 Լաստանավով ճամփորդելիս մի քույր նկատել էր ծովային հիվանդությամբ տառապող մի կնոջ, որն ի վիճակի չէր հոգ տանել իր մանկահասակ երեխային։ Քույրն առաջարկել էր իր օգնությունը՝ երեխային խնամելու համար։ Երբ կինը հարցրել էր, թե ինչպես կարող է հայտնել իր շնորհակալությունը, քույրը պատասխանել էր. «Խնդրում եմ՝ լսեք Եհովայի վկաներին, երբ հաջորդ անգամ նրանք ձեզ այցելեն»։ Կինն այդպես էլ վարվել էր, և հիմա նա ու իր ամուսինը Եհովայի վկաներ են։ Բարի գործեր տեսնելով էր, որ նրանք այլ կերպ էին արձագանքել Թագավորության պատգամին։
4 Կյանքի բոլոր ոլորտներում։ Տեսնելով մեր վարքը բնակավայրում, աշխատատեղում կամ դպրոցում, ինչպես նաև զվարճանալիս՝ մարդկանց մոտ որոշակի կարծիք է ձևավորվում մեր մասին և մեր կրոնի։ Ուստի, հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ են մտածում իմ և իմ ընտանիքի մասին մեզ տեսնողները։ Արդյոք հարևանները մեր բնակարանն ու բակը մաքուր և խնամվա՞ծ են տեսնում։ Մեր աշխատակիցները կամ համադասարանցիները մեզ ճշտապահ և աշխատասե՞ր են համարում։ Համեստ և հարգանք ներշնչո՞ղ է մեր արտաքինը»։ Մեր բարի գործերով մենք Եհովայի երկրպագությունն ավելի հրապուրիչ ենք դարձնում մարդկանց համար։
5 Պետրոսը զգուշացրեց, որ քրիստոնյաները ծաղրանքի էին ենթարկվելու (Ա Պետ. 4։4)։ Համոզվիր, որ վարքդ բամբասանքի առիթ չի տալիս (Ա Պետ. 2։12)։ Եթե մեր ամենօրյա գործերը փառավորեն Աստծուն, որին մենք երկրպագում ենք, այդ ժամանակ մենք բարձր պահված ճրագի պես մարդկանց ուշադրությունը կուղղենք Եհովայի տրամադրած ապաստանի վրա (Մատթ. 5։14–16)։