«Աստուծոյ խօսքը.... զօրաւոր [է]»
1 «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր»,— գրեց Պողոս առաքյալը (Եբր. 4։12, ԱԹ)։ Ի՞նչ ի նկատի ուներ նա՝ այս խոսքերն ասելով։ Իրոք որ, Աստվածաշնչում արձանագրված Աստծո խոսքը՝ բարի լուրը, կարող է մեծ ազդեցություն գործել մարդկանց վրա։ Աստվածաշնչում պարունակված իմաստությունը ի զորու է մարդու կյանքը բարեփոխելու։ Դարձյալ Աստվածաշնչի՛ տված մխիթարությունն ու հույսն է, որ մարդկանց մերձեցնում է Կյանքի Աղբյուրին՝ Եհովա Աստծուն։ Նրանում պարփակված լուրը անկեղծ սրտով մարդկանց կարող է ուղղել դեպի հավիտենական կյանքի առաջնորդող ճանապարհը։ Սակայն, մարդկանց քարոզելիս այդ ազդեցությունները տեսնելու համար մենք պետք է Աստվածաշունչը գործածենք։
2 Ամեն առիթով սուրբգրային որևէ համար կարդացեք։ Նկատվել է, որ բնակարանի մուտքի մոտ քարոզելիս շատ քարոզիչներ դադարել են Աստվածաշունչը գործածելուց։ Կարելի՞ է նույնը ասել նաև ձեր մասին։ Քանի որ շատ մարդիկ, կարծես, ժամանակ չեն ունենում երկար խոսակցության համար, հնարավոր է, որ հենց դա է եղել պատճառը, որ դուք աստիճանաբար անցել եք միայն մեկ մեթոդի՝ գրականություն առաջարկելուն կամ սուրբգրային ինչ–որ համար ընդամենը ձեր բառերով ասելուն։ Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր քարոզիչներին Աստվածաշնչի բարի լուրը ներկայացնելիս փորձել առնվազն մեկ սուրբգրային համար կարդալ, ինչը կօգնի տանտիրոջը տեսնել, որ մեր ավետիսը իրոք հիմնված է Աստծո Խոսքի վրա։
3 Թեև քչերն են կանոնավորաբար ընթերցում Աստվածաշունչը, այնուամենայնիվ, մարդիկ ընդհանուր առմամբ հարգանքով են վերաբերվում Սուրբ Գրքի ընթերցանությանը։ Նույնիսկ մշտապես զբաղված անհատներն են երբեմն մեկ կամ երկու րոպե հատկացնում անմիջապես Աստծո Խոսքից կարդացվող բարի լուրը լսելուն։ Եթե ջերմ տոնով ընթերցվի համապատասխան սուրբգրային համարը և հակիրճ բացատրություն տրվի, Եհովայի խոսքը կարող է բարենպաստ ազդեցություն թողնել ունկնդրի վրա։ Իսկ ինչպե՞ս բացման խոսքերից անցնել Աստվածաշնչից համար ընթերցելուն։
4 Փորձեք Աստվածաշունչը գործածել պարբերագրեր տարածելիս։ Այս մեթոդը հաջողությամբ կիրառում է մի շրջագայող վերակացու պարբերագրեր տարածելիս։ Նա գրպանում փոքր չափսի Աստվածաշունչ է կրում. պարբերագրերն առաջարկելուց ու մի հոդված ներկայացնելուց հետո առանց դանդաղելու նա բացում է Աստվածաշունչը և հոդվածի հետ առնչվող մի համար կարդում։ Դա կարելի է անել՝ պարզապես հարցնելով. «Ի՞նչ եք կարծում, արդյոք ոգևորիչ չէ՞ այս խոստումը», ապա շարունակել՝ ընթերցելով նախօրոք պատրաստած մի համար։
5 Նպատակ դրեք ձեր առջև յուրաքանչյուր զրուցակցի հետ խոսելիս մեկ կամ երկու համար կարդալ Աստվածաշնչից։ Այդ խոսքերի մղիչ ուժը կարող է ճանապարհ բացել, որպեսզի ավելի շատ անհատներ մոտենան Աստծուն (Յովհ. 6։44)։