Շարունակեք «բարին գործել»
1 Դուք հիանալի քայլ եք կատարել՝ Եհովա Աստծո ծառան դառնալով։ Սակայն այս ճգնաժամային օրերում խնդիրը հետևյալն է՝ շարունակել «բարին գործել» (Գաղ. 6։9)։ Թեև դրա համար լուրջ ջանքեր են հարկավոր, բայց դուք կարո՛ղ եք դա անել։ Ինչպե՞ս։
2 Հիսուսի մտածելակերպը զարգացնելով։ Հիսուսի նման դուք էլ կարող եք դիմադրել փորձություններին, եթե ձեր ուշադրությունը կենտրոնացնեք Թագավորության հույսի վրա (Եբր. 12։2, 3)։ Վստահ եղեք, որ Եհովան սիրում է ձեզ և ուզում է, որ դուք հաջողության հասնեք (Բ Պետ. 3։9)։ Ամբողջությամբ նրան ապավինեք և համոզված եղեք, որ նա կօգնի ձեզ (Ա Կորնթ. 10։13, ԱԹ)։ Հաճախակի աղոթեք Եհովային և նրանից օգնություն խնդրեք տոկալու համար (Հռովմ. 12։12)։ Պետք է ուրախ լինեք՝ գիտակցելով, որ համբերելով դուք Աստծո հաճությանը կարժանանաք (Հռովմ. 5։3–5)։ Հիսուս Քրիստոսի ունեցած «նույն մտածելակերպը» (ՆԱ) ձեր մեջ զարգացնելը բավարարվածության զգացում կպատճառի ձեզ և կուրախացնի Եհովայի սիրտը (Հռովմ. 15։5; Առակ. 27։11)։
3 Շարունակելով բարին գործել։ Օգտվեք այն միջոցառումներից, որ Եհովան պատրաստել է իր ծառաների համար, որպեսզի նրանք շարունակեն բարին գործել։ Լավ մշակված գրաֆիկ ունեցեք Աստվածաշնչի ընթերցանության և Սուրբ Գրքի վրա հիմնված հրատարակությունների ուսումնասիրության համար, որոնք ստանում ենք հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի միջոցով։ Մանրակրկիտորեն պատրաստվեք ժողովի բոլոր հանդիպումներին, բաց մի թողեք դրանք և աշխատեք միշտ մասնակցություն ունենալ։ Քրիստոնեական հանդիպումներից առաջ և հետո ջերմորեն հաղորդակցվեք հոգևոր քույր–եղբայրների հետ։ Ծառայության հետ կապված հասանելի նպատակներ դրեք ձեր առաջ, որպեսզի լիարժեք մասնակցություն ունենաք քարոզչության մեջ և կատարելագործեք բարի լուրը մարդկանց հաղորդելու ձեր հմտությունները։
4 Ահա թե ինչպես կարող եք շարունակել բարին գործել և, միևնույն ժամանակ, մեծ ուրախություն ստանալ։ Այդ առնչությամբ իտալացի մի եղբայր ասաց. «Երբ ամբողջ օրը Եհովային ծառայելուց հետո երեկոյան վերադառնում եմ տուն, իսկապես հոգնածություն եմ զգում։ Բայց նաև ինձ երջանիկ եմ զգում և շնորհակալություն հայտնում Եհովային՝ իր պարգևած ուրախության համար. ուրախություն, որ ոչ ոք չի կարող խլել ինձանից»։ Այսպիսով՝ շարունակեք բարին գործել և դուք նույնպես մեծ ուրախություն կստանաք։