Բարի լուրը հասցնենք օտարախոս մարդկանց
1 Մենք տեսնում ենք, թե ինչպես են իրականանում Աստծո խոսքերը։ Մարդիկ՝ «ազգերի ամեն լեզուներից», հարում են ճշմարիտ երկրպագությանը (Զաք. 8։23)։ Ինչպե՞ս են Եհովայի վկաներն օգնում «բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից» հավաքված այս մարդկանց, որպեսզի նրանք մաքուր լինեն Եհովայի առջև ու ‘մեծ նեղությունից’ վերապրելու հույսը ունենան (Յայտն. 7։9, 14)։
2 Աստծո կազմակերպությունը օգնության է հասնում։ Կառավարիչ մարմնի հոգածությամբ աստվածաշնչյան գրականությունը լույս է տեսնում մոտ 380 լեզուներով, որպեսզի մարդիկ ամենուր կարողանան հստակորեն ըմբռնել բարի լուրի կարևորությունը։ Այդքան լեզուներով գրականություն պատրաստելն ու հրատարակելը հսկայածավալ աշխատանք է։ Դրա համար հարկավոր է կազմավորել հմուտ թարգմանչական խմբեր ու անհրաժեշտ օգնություն ցույց տալ այդ գործունեությունն իրականացնելու համար, բացի այդ, տպագրել ու համապատասխան հասցեով առաքել պատրաստի գրականությունը։ Սակայն քարոզչությունը հիմնականում իրականացնում են Թագավորության քարոզիչները, ովքեր Աստվածաշնչի փրկարար լուրը հասցնում են մարդկանց։
3 Հաղթահարելով դժվարությունները։ Ներկայումս աշխարհի շատ վայրերում զգալիորեն աճել է օտարալեզու բնակչությունը։ Բարի լուրն այս մարդկանց հասցնելու համար գնալով ավելի ու ավելի շատ քարոզիչներ են ձգտում սովորել լեզուներ, որոնք տարածված են իրենց բնակության վայրում։ Ուրիշներն էլ ժեստերի լեզու են սովորում։ Աստծո Խոսքից բխող ճշմարտությունն ընդունում են մարդիկ, ովքեր երբեք չէին լսել Եհովայի մասին և Աստվածաշնչից ոչինչ չգիտեին (Հռովմ. 15։21)։
4 Կարո՞ղ ենք արդյոք մեր ամբողջ եռանդը ներդնել, որպեսզի բարի լուրը հռչակենք մեր տարածքում ապրող օտարախոս մարդկանց (Կող. 1։25)։ Շատ ժողովներ միջոցներ են ձեռնարկում իրենց տարածքի օտարալեզու համայնքին քարոզելու համար։ Քարոզիչները նախ մի պարզ ու հակիրճ մատուցում են սովորում տվյալ լեզվով։ Օրինակ. «Բարև ձեզ։ Կցանկանայի մի բարի լուր հայտնել։ [Ապա առաջարկում են այդ լեզվով առկա ինչ–որ թերթիկ կամ գրքույկ]։ Ցտեսություն»։ Եհովան անշուշտ օրհնում է այդ մատուցումները։
5 Թագավորության պատգամը հրապուրում է ամենատարբեր ծագում ունեցող մարդկանց։ Եկե՛ք առիթը բաց չթողնենք՝ այդ պատգամը նրանց հասցնելու։