Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
1 Այս անկայուն աշխարհում մեր հավատն ամուր պահելու համար մենք պետք է ապավինենք Եհովային։ Ինչպե՞ս կարող ենք դա մեր գործերով ցույց տալ։ Աստծուն ապավինելը ի՞նչ օգուտներ է բերում անձամբ մեզ ու մեր ընտանիքին։ Ինչպե՞ս է մեզ օգնում Սատանայի աշխարհի ազդեցությանը դիմադրելու համար։ 2003 ծառայողական տարվա ընթացքում կայանալիք շրջանային համաժողովը կպատասխանի այս հարցերին։ Համաժողովի խորագիրն է՝ «Ապավինիր Եհովային ու բարին գործիր» (Սաղ. 37։3)։
2 Մենք Եհովային պետք է ապավինենք ոչ միայն առանձին դեպքերում, երբ խիստ ենք զգում նրա օգնության կարիքը, այլև ամեն ժամանակ։ Այս միտքը ընդգծվում է բացման ելույթում, որի վերնագիրն է՝ «Եհովային ապավինիր ամեն ժամանակ» (Սաղ. 62։8)։ Չորս մասից բաղկացած «Ապավինենք Եհովային մեր գործերով» ելույթաշարը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես ձեռք բերել և կիրառել սուրբգրային գիտելիքները, որոնք մեզ կօգնեն լինել լավ ամուսիններ, լուծել ընտանեկան խնդիրները և հոգալ նյութական կարիքները։
3 Սատանայի աշխարհը փորձում է աղավաղված տեսակետ արմատավորել ճշտի և սխալի հանդեպ ու գցում է մեզ շփոթության մեջ, որպեսզի չկարողանանք տարբերել կարևորն անկարևորից (Ես. 5։20)։ Հետևյալ ելույթները՝ «Մերժիր կյանքի ունայնությունները» և «Հեռու եղիր չարից և բարին գործիր», կամրապնդեն մեր վճռականությունը՝ պահելու Եհովայի բարձր չափանիշները (Ամովս 5։14)։
4 Երբ Եհովան գործի անցնի՝ վերացնելու ներկա չար համակարգը, հարկ կլինի, որ Աստծո ծառաներն ամբողջովին ապավինեն իրեն։ Այս միտքը կընդգծվի հանրային ելույթում, որի վերնագիրն է՝ «Մոտ է ազատագրումն այս՝ ցավերով լի աշխարհից»։ Հետո կլսենք «Արժանի կլինե՞ս ապրել Աստծո Թագավորության ներքո» ելույթը, որը կհորդորի մեզ ինքնաքննություն կատարել։ Ծրագիրը կեզրափակվի «Վստահիր Եհովայի խոստումներին» քաջալերական ելույթով։
5 Ամեն մի համաժողովի ծրագրում առանձնահատուկ տեղ է գրավում մկրտության ելույթը։ Ովքեր ցանկանում են մկրտվել, պետք է այդ մասին հնարավորին չափ շուտ տեղեկացնեն իրենց ժողովի նախագահող վերակացուին, որպեսզի նա կարողանա անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
6 Այս անհանգիստ ժամանակներում միայն Եհովան կարող է լինել վստահության և կայունության իրական աղբյուր (Սաղ. 118։8, 9)։ Շրջանային համաժողովի ամբողջ ծրագրին ներկա գտնվելը կնպաստի, որ ամրացնենք մեր վստահությունը նրա հանդեպ։