Սիրով լի հոգատարություն ցույց տանք ‘որբերին’
1 Եհովան «որբերի հայր» է (Սաղ. 68։5)։ Հին իսրայելացիներին նա տվեց մի պատվիրան, որտեղ արտացոլված էր նրա հետաքրքրվածությունը նման անձանց բարօրությամբ։ Աստված ասաց. «Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։ Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը» (Ելից 22։22, 23)։ Մովսիսական օրենքով նաև ամրագրված էր, թե իսրայելացիները ինչ պետք է անեին այսպիսի մարդկանց նյութական կարիքները բավարարելու համար (Բ Օրին. 24։19–21)։ Ճշմարիտ քրիստոնյաներին նման հորդոր է տրվում. «Որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութեան մէջ» (Յակ. 1։27)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի սիրով լի հոգատարությունը, որ նա ցույց է տալիս այն երեխաների հանդեպ, ովքեր դաստիարակվում են միայնակ ծնողի կողմից կամ մեծանում են կրոնապես բաժանված ընտանիքում։
2 Հոգևոր դաստիարակություն։ Եթե դու միայնակ ծնող ես կամ ունես ամուսին, որը համամիտ չէ քո կրոնական համոզմունքներին, ապա քո երեխաների հետ կանոնավոր կերպով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելը գուցե դժվար լինի։ Բայց, այնուամենայնիվ, կանոնավորաբար ու նպատակային ուսումնասիրություն կատարելը խիստ կարևոր է, եթե ցանկանում ես, որ նրանք մեծանալով դառնան հավասարակշռված ու հասուն անձնավորություններ (Առակ. 22։6)։ Նրանց հետ ամեն օր հոգևոր հարցերի շուրջ խոսելը նույնպես կարևոր է (Բ Օրին. 6։6–9)։ Երբեմն գուցե քեզ վհատված զգաս, բայց մի հանձնվիր։ Եհովային աղոթիր զորության և առաջնորդության համար, որպեսզի կարողանաս քո երեխաներին ‘մեծացնել խրատով եւ Տիրոջ ուսմունքով’ (Եփես. 6։4)։
3 Եթե օգնության կարիք ես զգում քո սուրբգրային պարտականությունները կատարելու մեջ, հայտնիր այդ մասին երեցներին։ Նրանք կկարողանան գործնական խորհուրդ տալ կամ էլ օգնել քեզ, որ ընտանիքում լավ հոգևոր գրաֆիկ հաստատես։
4 Ինչպես կարող են մյուսներն օգնել։ Առաջին դարում Տիմոթեոսը Եհովայի եռանդուն ծառաներից մեկը դարձավ՝ չնայած այն բանին, որ մեծացել էր կրոնապես բաժանված ընտանիքում։ Նրա մայրն ու տատը մեծ ջանքեր էին թափել, որ նրան մանկությունից սովորեցնեին սուրբ գրությունները։ Անկասկած, նման ջանքեր գործադրելը կարևոր դեր խաղաց, որ Տիմոթեոսը Աստծո ծառա դառնար (Գործք 16։1, 2; Բ Տիմոթ. 1։5; 3։15)։ Բայց նրան օգնեց նաև շփումը մյուս քրիստոնյաների հետ, որոնց թվում էր նաև Պողոսը։ Վերջինս Տիմոթեոսի մասին ասաց, որ նա իր «սիրելի եւ հաւատարիմ որդին է Տէրով» (Ա Կորնթ. 4։17)։
5 Նմանապես այսօր։ Որքա՜ն մեծ օգուտներ են լինում, երբ հոգևորապես հասուն եղբայրներն ու քույրերը սիրով լի հոգատարություն են հանդես բերում ժողովի որբ երեխաների հանդեպ։ Գիտե՞ք, թե ինչ են նրանց անունները։ Զրուցե՞լ եք նրանց հետ քրիստոնեական հանդիպումների ժամանակ կամ այլ առիթներով։ Հրավիրեք նրանց՝ միասին գնալու ծառայության։ Գուցե երբեմն հնարավորություն ունենաք, որ ձեր ընտանեկան ուսումնասիրությունը կամ ժամանցը նրանց ու նրանց միայնակ կամ Վկա ծնողի հետ անցկացնեք։ Երբ այդ երեխաները ձեզ իրենց ընկերները համարեն, նրանք շատ ավելի տրամադրված կլինեն հետևել ձեր օրինակին ու արձագանքել ձեր քաջալերանքին (Փիլիպ. 2։4)։
6 Եհովային խորապես հետաքրքրում են որբ տղաներն ու աղջիկները, և նա օրհնում է մեր ջանքերը՝ օգնելու նրանց, որ յուրացնեն ճշմարտությունը։ Միայնակ ծնողի խնամքի ներքո կամ կրոնապես բաժանված ընտանիքում մեծացած երեխաներից շատերը, ստանալով քաջալերանք, այսօր հավատարմորեն ծառայում են որպես ռահվիրաներ, ծառայող օգնականներ, երեցներ, շրջագայող վերակացուներ, միսիոներներ, Բեթելի ընտանիքի անդամներ։ Թող որ բոլորս, ընդօրինակելով մեր երկնային Հորը, հնարավորություններ փնտրենք ‘մեր սիրտը լայնացնելու’ որբերի նկատմամբ (Բ Կորնթ. 6։11–13)։