Մեր երկրպագության վայրը լավ վիճակում պահենք
1 Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների ավելի քան 94 000 ժողով է գործում։ Այս ժողովների մեծամասնությունը Աստվածաշնչի ուսումնասիրության, ինչպես նաև քրիստոնեական հաղորդակցության համար հավաքվում է Թագավորության սրահում, որը ծառայում է որպես ճշմարիտ երկրպագության կենտրոն։
2 Սրահը հարկավոր է մաքրել կանոնավորաբար։ Սրահը մաքուր վիճակում պահելու համար կատարվող աշխատանքը մեր սուրբ ծառայության կարևոր մասերից է։ «Մեր ծառայությունը» գրքի (ռուս.) 62 էջում հետևյալն ենք կարդում. «Եղբայրները պետք է առանձնաշնորհում համարեն ոչ միայն Թագավորության սրահի պահպանման համար ֆինանսական միջոցներ տրամադրելը, այլև Սրահը մաքուր, ներկայացնելու համար պատշաճ և լավ վիճակում պահելու նպատակով իրենց ծառայություններն առաջարկելը։ Թագավորության սրահը թե՛ ներսից և թե՛ դրսից պետք է ինչպես հարկն է ներկայացնի Եհովայի կազմակերպությունը»։ Քանի որ Թագավորության սրահը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ օգտագործվում է, ուրեմն կանոնավորաբար մաքրելու, ինչպես նաև լավ վիճակում պահելու կարիք կա։ Սովորաբար այդ մասին հոգ են տանում Սրահից օգտվող ժողովից(ներից) կամավոր անհատներ։ Ինչպես աստվածաշնչյան ժամանակներում էր, այսօր ևս Եհովայի ծառաները պետք է ջանասեր լինեն մեր երկրպագության վայրը «նորոգելու եւ շինելու» գործում (Բ Մնաց. 34։10)։
3 Թագավորության սրահի շաբաթական մաքրության գրաֆիկը պետք է փակցված լինի հայտարարությունների տախտակին։ Գրքի ուսումնասիրության բոլոր խմբերը պետք է հերթով՝ շաբաթից շաբաթ, մաքրեն Սրահը՝ հետևելով մաքրության համար տրված ցուցումներին։ Բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են, մասնակցում են Թագավորության սրահը մաքուր ու ներկայացնելու համար պատշաճ վիճակում պահելու գործին, որն իսկապես առանձնաշնորհում է։ Ծնողների հսկողության ներքո երեխաները նույնպես կարող են մասնակցել մաքրությանը, որի շնորհիվ վերջիններս կսովորեն բարձր գնահատել այդ առանձնաշնորհումը։ Հատկապես այն դեպքում, երբ միևնույն Սրահից օգտվում են մեկից ավելի ժողովներ, շատ կարևոր է սերտ համագործակցությունը, որպեսզի մեր երկրպագության այս կարևոր մասի կատարումը չծանրանա միայն մի քանիսի վրա։
4 Մաքրության հետ կապված ցուցումների ցանկը կարելի է փակցնել, օրինակ, այնտեղ, որտեղ մաքրության պիտույքներն են պահվում։ Այդ ցանկում պետք է բացատրություններ տրվեն շաբաթական հերթապահության գործերի համար, օրինակ՝ փոշեծծիչով հատակը մաքրելը, պատուհանները սրբելը, գրականության սեղանի փոշին մաքրելը, աղբը թափելը, հատակը լվանալը և հայելիները մաքրելը։ Որոշ բաներ գուցե անհրաժեշտ լինի ավելի քիչ հաճախականությամբ անել, օրինակ՝ կահույքը փայլեցնելը, աթոռներն ու լամպերը մաքրելը, ինչպես նաև վարագույրները լվանալը։ Մաքրության համար գործածվող բոլոր քիմիական նյութերը պետք է պահել երեխաների համար անհասանելի տեղում, և դրանց վրա պետք է հստակորեն նշված լինի, թե ինչի՛ համար են նախատեսված։ Պետք է կարճ բացատրություն տրված լինի, թե ինչպես է անհրաժեշտ օգտագործել յուրաքանչյուր քիմիական նյութ։
5 Թագավորության սրահում անվտանգության միջոցները անչափ կարևոր են (Բ Օրին. 22։8)։ Այս առումով 4–րդ էջի շրջանակում տրված է ցանկ, որում թվարկվածները անհրաժեշտ է պարբերաբար ստուգել դժբախտ պատահարներից խուսափելու համար։
6 Ինչպես Թագավորության սրահը լավ վիճակում պահել։ Թագավորության սրահի խնամքի համար պատասխանատու է երեցների խորհուրդը։ Այս աշխատանքը կոորդինացնելու համար սովորաբար նշանակվում է որևէ երեց կամ ծառայող օգնական։ Նա կազմակերպում է Թագավորության սրահի ամենօրյա շահագործումը և հավաստիանում, որ այն մաքուր և լավ վիճակում լինի, ինչպես նաև բավարար քանակությամբ մաքրության պիտույքներ լինեն։ Կարևոր է, որ Սրահի ներսում կամ Սրահի շրջակայքում վտանգի աղբյուր հանդիսացող ոչինչ չլինի։ Երբ միևնույն Սրահից օգտվում են երկու կամ ավելի ժողովներ, երեցների խորհուրդների նախաձեռնությամբ կազմավորվում է շահագործման կոմիտե, որը կազմակերպում է բոլոր միջոցառումները, որոնք վերաբերում են շենքի և շրջակայքի մասին հոգ տանելուն։ Այս կոմիտեն գործում է երեցների խորհուրդների առաջնորդության ներքո։
7 Ամեն տարի Թագավորության սրահը մանրակրկիտ ստուգման է ենթարկվում։ Երեցների պատասխանատվության մեջ մտնում է ուշադրության արժանի բոլոր հարցերի համար միջոցներ ձեռնարկելը։ Կարելի է քարոզիչներին խնդրել, որ աջակցություն ցույց տան անհրաժեշտ վերանորոգումների և այլ կարգի գործերի համար։ Բոլոր քարոզիչները պետք է ուշադիր լինեն նույնիսկ ամենափոքր հարցերում և անհապաղ քայլեր ձեռնարկեն ուշադրության արժանի բաների համար։
8 Իմաստուն կերպով օգտագործենք ժողովի միջոցները։ Թագավորության սրահում, ինչպես նաև շրջակայքում անցկացվող աշխատանքի մեծ մասը կատարում են կամավորները։ Նրանց անձնազոհաբար գործադրված ջանքերը սիրո հրաշալի դրսևորում են և օգնում են զգալի չափով նվազեցնել ծախսերը։ Եթե անհրաժեշտություն է առաջանում կապալառու վարձել որոշակի գործերի համար, ինչպես օրինակ՝ վնասատուների դեմ պայքարելու կամ աղբը Սրահից տանելու, երեցները նման աշխատանքների համար փնտրում են ամենաձեռնտու տարբերակը։ Դա իրականացնելու համար նրանք սկզբում գրավոր ձևով մանրամասնորեն նկարագրում են կատարվելիք գործը և այն, թե ինչ նյութեր է հարկավոր։ Այդ տեղեկությունը տալիս են մի քանի մատակարարների, որպեսզի նրանք իրենց ծառայությունների գներն առաջարկելիս նույն պահանջներով շարժվեն։ Տարբեր մատակարարներից գնացուցակներ ստանալուց հետո երեցները կկարողանան ամենաձեռնտու առաջարկը ընտրել։ Այսպիսի կարգի հարկավոր է հետևել նույնիսկ այն դեպքում, երբ վերանորոգման գործը կատարելու կամ անհրաժեշտ նյութերը հարմար գներով ձեռք բերելու հարցում իր ծառայությունը առաջարկում է եղբայրը։
9 Երեցները նաև ամեն կերպ ձգտում են ստանալ կրոնական կազմակերպությունների համար նախատեսված հարկային և այլ կարգի զեղջերը, օրինակ՝ կոմունալ սպասարկությունների հետ կապված։ Երբ միևնույն Սրահից օգտվում են մեկից ավելի ժողովներ, շահագործման կոմիտեն առանձին դրամական ֆոնդ է պահում և ամեն ամիս գրավոր ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում յուրաքանչյուր երեցների խորհրդի։ Այսպիսով՝ երեցները տեղյակ են լինում, թե ինչպես են օգտագործվում եղած միջոցները։ Երեցները պատասխանատվություն են կրում ժողովի ֆինանսական միջոցները հարկ եղած ձևով ծախսելու համար։
10 Հիմնական նորոգում և վերակառուցում։ Երբ շահագործման կոմիտեն տեսնում է, որ ավելի մեծ միջոցներ են հարկավոր Թագավորության սրահը շահագործելու և լավ վիճակում պահելու համար, այդ հարցը ներկայացնում է երեցների խորհուրդներին՝ առաջնորդություն ստանալու։ Եթե որոշվի, որ հիմնական նորոգման կամ վերակառուցման կարիք կա, կամ որ տվյալ Սրահից օգտվող ժողովը(ները) կողմնակի օգնության կարիք ունի, երեցները կապ կհաստատեն մասնաճյուղի հետ։ Այս հմուտ, փորձառու եղբայրները օգտակար խորհուրդներ և առաջնորդություն կտան։ Եթե մեծ միջոցներ ներդնելու անհրաժեշտություն առաջանա, հարկավոր է ստույգ նախահաշիվ կազմել և բանաձև պատրաստել՝ ժողովի համաձայնության համար (տե՛ս 1994 թ. փետրվարի «Մեր թագավորական ծառայությունը», «Հարցերի արկղ», անգլ.)։
11 Մենք շատ բարձր ենք գնահատում Թագավորության սրահում միասին հավաքվելու առանձնաշնորհումը։ Չենք ցանկանում թեթևամտորեն վերաբերվել մեր հանդիպումներին, ոչ էլ ուզում ենք դրանք ընդունել որպես սովորական բան։ Բոլորս կարող ենք բաժին բերել մեզ քաջալերելու համար նախատեսված այս միջոցառման հաջող ընթացքի իրականացմանը՝ լիարժեք կերպով մասնակցելով Թագավորության սրահի մասին հոգ տանելու գործին։ Դա պատիվ է բերում մաքուր երկրպագությանը և փառք՝ Եհովայի անվանը։ Եկե՛ք վճռական լինենք մեր երկրպագության վայրը լավ վիճակում պահելու գործում։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ի՞նչ նպատակի է ծառայում Թագավորության սրահը։
2. Ինչո՞ւ է կարևոր Թագավորության սրահը մաքուր և ներկայացնելու համար պատշաճ վիճակում պահելը։
3. Ինչպե՞ս է կազմակերպվում Թագավորության սրահի մաքրությունը, և ո՞վ կարող է օգտվել այս առանձնաշնորհումից։
4. Ի՞նչ պետք է անել, որպեսզի ժողովը տեղյակ լինի, թե Թագավորության սրահը մաքրելիս ինչ գործեր է անհրաժեշտ անել։
5. Որքա՞ն կարևոր է անվտանգությունը, և ի՞նչը պետք է պարբերաբար ստուգել (տե՛ս 4–րդ էջի շրջանակը)։
6. Ինչպե՞ս է կոորդինացվում Թագավորության սրահը լավ վիճակում պահելու գործը։
7. ա) Ի՞նչ է արվում ամեն տարի՝ Թագավորության սրահը լավ վիճակում պահելու համար։ բ) Ո՞ր հարցերին պետք է պարբերաբար ուշադրություն դարձնել (տե՛ս 5–րդ էջի շրջանակը)։
8. Ի՞նչ կարգի պետք հետևել, երբ կապալառու վարձելու անհրաժեշտություն է զգացվում։
9. Ի՞նչ է արվում հավաստիանալու համար, որ ժողովի ֆինանսական միջոցները պատշաճ ձևով են օգտագործվում։
10. Ի՞նչ է հարկավոր անել, եթե հիմնական նորոգման և վերակառուցման կարիք է զգացվում։
11. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Թագավորության սրահում միասին հավաքվելու մեր առանձնաշնորհումը։
[4–րդ էջի վրայի շրջանակը]
Անվտանգության կանոններ
◻ Կրակմարիչները և հրդեհածորակները պետք է մատչելի տեղում լինեն. ամեն տարի հարկավոր է ստուգել դրանց վիճակը։
◻ Ելքերն ու աստիճանները պետք է հստակ նշված, լավ լուսավորված և հեշտ անցանելի լինեն, բազրիքները պետք է ապահով լինեն։
◻ Պահեստներում, զուգարաններում ու հանդերձարաններում պետք է մաքրություն ու կարգապահություն լինի։ Այնտեղ հրկիզվող նյութեր, անձնական իրեր և աղբ չպետք է լինի։
◻ Տանիքն ու ջրորդանները պետք է կանոնավորաբար ստուգվեն ու մաքրվեն։
◻ Մայթերն ու ավտոմեքենաների կայանները պետք է լուսավորված լինեն և զերծ լինեն այնպիսի բաներից, որոնց պատճառով մարդիկ գուցե սայթաքեն կամ ընկնեն։
◻ Էլեկտրական համակարգը, ջեռուցումը, նաև եթե կա, օդափոխության համակարգը պետք է ստուգվեն ու հարկ եղած ձևով սպասարկվեն։
◻ Ջրի ցանկացած արտահոսք հարկավոր է իսկույնևեթ դադարեցնել խոնավության հետ կապված լուրջ խնդիրներից խուսափելու համար։
◻ Դռները հարկավոր է փակել, երբ ներսում այլևս մարդ չկա։
Շենքի և շրջակայքի խնամքը
◻ Դրսից։ Տանիքը, դրսի պատերը, ներկված մասերը, պատուհանները և Թագավորության սրահի ցուցանակը լավ վիճակո՞ւմ են։
◻ Շրջակայքը։ Արդյոք այն լավ վիճակո՞ւմ է։ Իսկ մայթե՞րը, ցանկապա՞տը և ավտոմեքենաների կայա՞նը։
◻ Ներսում։ Գորգերը, վարագույրները, աթոռները, լուսավորության և սանիտարական տեխնիկայի սարքերը, պատերը, գրականության պահարանները և հանդերձարանները վայելուչ վիճակո՞ւմ են։
◻ Սարքավորումները։ Լուսավորման սարքերը, ջեռուցումը, ձայնային սարքավորումը, և եթե կա, օդափոխության սարքավորումը, ինչպես նաև օդորակիչները ինչպես հարկն է գործո՞ւմ են։
◻ Զուգարանները։ Մաքուր և սարքին վիճակո՞ւմ են։
◻ Ժողովի փաստաթղթերը։ Ժամանակին լրացվո՞ւմ են պահանջվող բոլոր իրավաբանական, հարկային և այլ փաստաթղթերն ու հաշվետվությունները, օրինակ՝ շենքի ու տարածքի շահագործման իրավունքների վերաբերյալ փաստաթղթերը, հարկային հաշվետվությունը, հարկերի, կոմունալ սպասարկությունների և այլնի զեղջերը։