Ցույց տուր երախտագիտությունդ
1 Չնայած այն բանին, որ ապրում ենք «չար ժամանակներ[ում]»՝ մենք շատ պատճառներ ունենք Եհովային շնորհակալ լինելու (Բ Տիմոթ. 3։1)։ Աստծուն երախտագետ լինելու ամենամեծ պատճառն այն է, որ նա իր Որդուն տվել է հանուն մեզ (Յովհ. 3։16)։ Բացի այդ, մենք հոգևոր սննդի առատություն ենք վայելում, մինչդեռ կեղծ կրոնին հարողները հոգևորապես քաղցած վիճակում են (Ես. 65։13)։ Մենք համաշխարհային եղբայրության մաս ենք կազմում և առանձնաշնորհում ունենք մասնակցելու ճշմարիտ երկրպագության տարածմանը (Ես. 2։3, 4; 60։4–10, 22)։ Ինչպե՞ս կարող ենք Եհովայի հանդեպ մեր երախտագիտությունը ցույց տալ այն օրհնությունների համար, որ նա առատորեն տալիս է մեզ (Կող. 3։15, 17)։
2 Ուրախ, սրտաբուխ ծառայություն։ Պողոս առաքյալը, երբ քննում էր ունեցածից ուրիշներին բաժին հանելու հարցը, գրեց. «Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթ. 9։7)։ Այս սկզբունքը կիրառելի է նաև Աստծուն մատուցվող ծառայության առնչությամբ։ Մեր երախտագիտությունն արտահայտվում է, երբ դրսևորում ենք մեր խանդավառությունը ճշմարտության հանդեպ, երբ ուրախություն ենք ապրում՝ ներկա լինելով քրիստոնեական հանդիպումներին, եռանդորեն մասնակցում ենք քարոզչական ծառայությանը և բերկրանքով կատարում ենք Աստծո կամքը (Սաղ. 107։21, 22; 119։14; 122։1; Հռովմ. 12։8, 11)։
3 Հին Իսրայելին տրված Օրենքում որոշ զոհաբերությունների համար կոնկրետ չափ սահմանված չէր։ Յուրաքանչյուր երկրպագու կարող էր իր երախտագիտությունն արտահայտել՝ զոհաբերելով Եհովայի «տուած օրհնութեան համեմատ» (Բ Օրին. 16։16, 17)։ Այսօր էլ երախտագիտությամբ լեցուն մեր սիրտը կմղի մեզ Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում անել այնքան, որքան թույլ են տալիս մեր հանգամանքները։ Հաճախ ամառային ամիսներին ավելի մեծ հնարավորություններ ենք ունենում մեր երախտագիտությունը ցույց տալու։ Ոմանք դպրոցական կամ աշխատանքային արձակուրդները, նաև երկարատև օրերը օգտագործում են, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնեն քարոզչական ծառայությանը, նույնիսկ ենթառահվիրա ծառայեն։ Իսկ դու կարո՞ղ ես ընդարձակել քո ծառայությունը այս տարի ամռանը։
4 ‘Աճենք գոհությունով’։ Եհովային մեր երախտագիտությունը հայտնելու անչափ կարևոր կերպերից մեկն է աղոթքով նրան շնորհակալություն հայտնելը (Ա Թեսաղ. 5։17, 18)։ Աստծո Խոսքը հորդորում է մեզ «աճել.... նորանում [կամ՝ հավատի մեջ] գոհութիւնով» (Կող. 2։7)։ Նույնիսկ եթե շատ զբաղված ենք լինում կամ ճնշումների ենք ենթարկվում, միշտ պետք է մեր ամենօրյա աղոթքներում շնորհակալության խոսքեր ուղղենք Եհովային (Փիլիպ. 4։6)։ Այո՛, թող որ մեր ծառայության, ինչպես նաև աղոթքների միջոցով մենք միշտ «շատ գոհանան[ք] Աստուծմէ» (Բ Կորնթ. 9։12, ԱԱ)։