Աչքդ պարզ պահիր
1. Ի՞նչ է նշանակում պարզ աչք ունենալ, և ինչո՞ւ է դա կարևոր։
1 Լեռան քարոզում Հիսուսը մարդկանց ուշադրությունը հրավիրեց այն բանին, թե ինչ մեծ ազդեցություն կարող է թողնել այլաբանական, կամ՝ հոգևոր աչքը մեր ամբողջ կյանքի վրա։ Նա ասաց. «Թէ որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսաւոր կ’լինի։ Բայց թէ որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խաւար կ’լինի» (Մատթէոս 6։22, 23)։ Պարզ աչքը կենտրոնացած է մեկ նպատակի վրա՝ Աստծո կամք անելու։ Այդպիսի աչքը չի շեղվում նյութականի մասին անտեղի մտահոգություններով (Մատթէոս 6։19–21, 24–33)։ Ի՞նչը կարող է օգնել մեզ պարզ պահել մեր աչքը։
2. Աստծո Խոսքը հորդորում է ի՞նչ հավասարակշռված տեսակետ ունենալ նյութական իրերի հանդեպ։
2 Գոհունակություն զարգացրու։ Ընտանիքի կարիքների մասին ինչպես հարկն է հոգ տանելը սուրբգրային պարտականություն է (Ա Տիմոթէոս 5։8)։ Բայց դա չի նշանակում, որ մենք անդադար պետք է ձգտենք լավագույն և ամենաժամանակակից իրերը ձեռք բերել (Առակաց 27։20; 30։8, 9)։ Դա անելու փոխարեն՝ Գրությունները մեզ հորդորում են գոհանալ ‘կերակրով և հագուստով’՝ կյանքի համար անհրաժեշտ բաներով (Ա Տիմոթէոս 6։8; Եբրայեցիս 13։5, 6)։ Այս խորհրդին հետևելը կարող է օգնել, որ մեր աչքը կենտրոնացած պահենք ճիշտ նպատակի վրա։
3. Ի՞նչը կօգնի, որ չծանրաբեռնենք ինքներս մեզ։
3 Իմաստուն կվարվենք, եթե ինքներս մեզ չծանրաբեռնենք անտեղի պարտքեր անելով ու այնպիսի իրեր ձեռք բերելով կամ նպատակներ հետապնդելով, որոնք շատ ժամանակ և ուշադրություն են խլում (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Նախքան որևէ գործ ձեռնարկելը աղոթքով ծանրութեթև արա այդ քայլը, ապա անկեղծորեն մտածիր, թե արդյո՞ք դա չի խանգարի քո հոգևոր նպատակներին։ Վճռիր հոգևորը առաջին տեղում դնել քո կյանքում (Փիլիպպեցիս 1։10; 4։6, 7)։
4. Ինչո՞ւ պետք է մեր կյանքը պարզեցնելու կերպեր փնտրենք։
4 Պարզեցրու ապրելակերպդ։ Գոյություն ունի մեկ ուրիշ միջոց, որը կօգնի չհրապուրվել նյութապաշտական ձգտումներով. դա մեր կյանքը պարզեցնելն է։ Մի եղբայր սեփական փորձով է համոզվել, որ իր ընտանիքը առանց նյութական ճոխ բարիքների էլ կարող է ապրել։ Նա ասում է. «Այժմ ես այնքան շատ բան կարող եմ անել ժողովում՝ եղբայրներիս ծառայելու համար։ Ես վստահ եմ, որ Եհովան օրհնում է իր բոլոր այն ծառաներին, որոնք ճշմարիտ երկրպագությունը անձնական շահերից վեր են դասում»։ Հնարավո՞ր է, որ դու էլ ավելի մեծ օրհնություններ վայելես՝ պարզեցնելով քո կյանքը։
5. Մեր աչքը պարզ պահելու համար ինչո՞ւ են մշտական ջանքեր հարկավոր։
5 Սատանայի ազդեցության, նրա նյութապաշտական աշխարհի և մեր անկատար մարմնի դեմ պայքարելու համար մշտական ջանքեր են հարկավոր։ Եկեք թույլ չտանք, որ մեր աչքերը թափառեն, այլ դրանք կենտրոնացած պահենք Աստծո կամքն անելու, ինչպես նաև հավիտենական կյանքի մեր թանկագին հույսի վրա (Առակաց 4։25; Բ Կորնթացիս 4։18)։