Մաս 10—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Սովորեցնենք ուսումնասիրողներին ծառայել տնետուն
1 Երբ երեցները տեսնում են, որ Աստվածաշունչ ուսումնասիրողը համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին, վերջինս կարող է սկսել ժողովի հետ միասին մասնակցել քարոզչական գործին (տե՛ս «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գիրքը, էջ 79–81, ռուս.)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողին սովորելու ծառայել տնետուն։
2 Պատրաստվեք միասին։ Լավ պատրաստվածությանը ոչինչ չի փոխարինի։ Ցույց տուր ուսումնասիրողին, թե նա ինչպես կարող է մատուցումներ գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում և «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկում, նաև օգնիր նրան ընտրել մի պարզ մատուցում, որը գործնական է ձեր տարածքի համար։ Սկզբից ևեթ խրախուսիր նրան ծառայության մեջ գործածել Աստվածաշունչը (Բ Տիմոթ. 4։2)։
3 Նոր քարոզչի համար շատ օգտակար է կրկնել մատուցումները։ Երբ նա կրկնում է մատուցումը, ցույց տուր նրան, թե ինչպես կարելի է նրբանկատորեն պատասխանել այն առարկություններին, որոնք տարածված են ձեր տարածքում (Կող. 4։6)։ Բացատրիր նրան, որ պարտադիր չէ՝ քարոզիչը իմանա յուրաքանչյուր հարցի պատասխանը, որ բարձրացնում է տանտերը։ Երբ այնպիսի հարց է տրվում, որի պատասխանը չգիտենք, հաճախ լավագույն միջոցն այն է, որ ասենք անհատին, թե կարող ենք փնտրտուքներ կատարել ու կրկին այցելել այդ հարցը քննարկելու համար (Առակ. 15։28)։
4 Քարոզեք միասին։ Երբ ուսումնասիրողի հետ առաջին անգամ գնում եք տնից տուն ծառայության, լավ կլինի, որ նա նախ տեսնի, թե ինչպես ես դու ներկայացնում այն մատուցումը, որը միասին պատրաստել եք։ Ապա թող նա էլ մասնակցի։ Որոշ դեպքերում ավելի լավ կլինի, որ նոր քարոզիչը ներկայացնի մատուցման միայն մի մասը, օրինակ՝ ընթերցի սուրբգրային համարը և դրա վերաբերյալ մեկնաբանություն տա։ Հաշվի առ ուսումնասիրողի անհատականությունը և կարողությունները (Փիլիպ. 4։5, ՆԱ)։ Առատաձեռն եղիր գովասանքի խոսքեր ասելու մեջ, մինչ ուսումնասիրողին սովորեցնում ես մասնակցել ծառայության տարբեր ձևերին։
5 Կարևոր է օգնել նոր քարոզչին, որ ծառայությանը մասնակցելու կանոնավոր գրաֆիկ ունենա և հնարավորության դեպքում ծառայի ամեն շաբաթ (Փիլիպ. 3։16)։ Որոշակի քայլեր ձեռնարկիր նրա հետ միասին ծառայելու համար և հորդորիր նրան համագործակցել նաև ուրիշ եռանդուն քարոզիչների հետ։ Այդ քարոզիչների օրինակը և նրանց հետ ընկերակցությունը կօգնեն նրան հմտանալ և ուրախություն գտնել տնից տուն ծառայելուց։