Մաս 12—Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
Օգնենք ուսումնասիրողներին Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել և անցկացնել
1 Երբ ուսումնասիրողները սկսում են մասնակցել քարոզչական ծառայությանը, նրանց կարող է վախեցնել այն միտքը, որ արդեն իրե՛նք պետք է ուսումնասիրություններ սկսեն և անցկացնեն։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց դրական տրամադրվածություն զարգացնել մեր ծառայության այս կարևոր մասի հանդեպ (Մատթ. 24։14; 28։19, 20)։
2 Երբ ուսումնասիրողը համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին, նա հավանաբար արդեն մասնակցում է Աստվածապետական ծառայության դպրոցին։ Պատրաստելով և ներկայացնելով ուսումնական առաջադրանքները՝ նա ստանում է ուսուցում, որը կօգնի իրեն զարգացնել ուսուցանելու հմտություններ, որոնք պետք է ունենա մշակը, որն ամաչելու պատճառ չունի և «ճշմարտութեան խօսքն ուղիղ [է] մատակարար[ում]» (Բ Տիմոթ. 2։15)։
3 Քո օրինակով սովորեցրու։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում էր՝ հստակ հրահանգներ տալով, ինչպես նաև իր օրինակով։ Նա ասաց. «Ամեն կատարեալն իր վարդապետի պէս կ’լինի» (Ղուկ. 6։40)։ Շատ կարևոր է ընդօրինակել Հիսուսին՝ ծառայության մեջ լավ օրինակ լինելով։ Տեսնելով, թե ինչպես ես դու վկայություն տալիս ծառայության ժամանակ՝ ուսումնասիրողը կհասկանա, որ կրկնակի այցելությունների նպատակը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելն է։
4 Բացատրիր, որ երբ մենք ուսումնասիրություն ենք առաջարկում, միշտ չէ, որ անհրաժեշտ է ամենայն մանրամասնությամբ պատմել, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը։ Հաճախ լավագույն կերպն այն է, որ դա ցույց տանք ուսումնասիրության ձեռնարկից մեկ կամ երկու պարբերության օգնությամբ։ Այդ մասին օգտակար խորհուրդներ կարելի է գտնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի 8–րդ էջում, ինչպես նաև 2002 թ. հունվարի համարի 6–րդ էջում։
5 Երբ հարմար է, առաջարկիր ուսումնասիրողին, որ քեզ հետ կամ մեկ ուրիշ փորձառու քարոզչի հետ գնա Աստվածաշնչի ուսումնասիրությունների։ Նա կարող է մեկնաբանություն տալ որևէ պարբերության կամ հիմնական սուրբգրային համարի վերաբերյալ։ Այդպիսով՝ տեսնելով, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը՝ նա ավելի շատ բան կսովորի Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնելու մասին (Առակ. 27։17; Բ Տիմոթ. 2։2)։ Գովիր նրան և խոսիր այն մասին, թե ինչպես նա կարող է կատարելագործվել։
6 Աստծու Խոսքի ուսուցիչ դառնալու համար ուսուցում ստանալը նոր քարոզիչներին կպատրաստի ‘բարի գործի’, այն է՝ անձա՛մբ ուսումնասիրություններ սկսել և անցկացնել (Բ Տիմոթ. 3։17)։ Որքա՜ն հաճելի է ուս–ուսի ծառայել նրանց հետ՝ հռչակելով այս սիրալիր հրավերը. «Նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի» (Յայտն. 22։17)։