Վկայություն՝ առանց խոսքերի
1 Եհովայի ֆիզիկական ստեղծագործությունը շատ բան է հայտնում նրա անտեսանելի հատկությունների մասին՝ մեկ բառ անգամ չարտահայտելով (Սաղ. 19։1–3; Հռովմ. 1։20)։ Նմանապես, մեր լավ վարքը, քրիստոնեական հատկությունները և համեստ արտաքինը վկայություն են տալիս առանց խոսքերի (Ա Պետ. 2։12; 3։1–4)։ Մեզանից յուրաքանչյուրի ցանկությունը պետք է լինի իր լավ վարքով «մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարե[լ] ամեն բաների մէջ» (Տիտոս 2։10)։
2 Ինչպե՞ս կարող են անկատար մարդիկ ավելի գրավիչ դարձնել Աստվածաշնչի ուսմունքները։ Դա հնարավոր է միայն Աստծու Խոսքի առաջնորդության և սուրբ ոգու զորության շնորհիվ (Սաղ. 119։105; 143։10)։ Աստծու խոսքը «կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է» (Եբր. 4։12)։ Այն թափանցում է մինչև մեր հոգու խորքը և օգնում է մեզ նոր անձնավորությունը հագնել (Կող. 3։9, 10)։ Սուրբ ոգին մեր մեջ ցանկալի հատկություններ է զարգացնում, ինչպես օրինակ՝ քաղցրություն, բարություն, հեզություն և ժուժկալություն (Գաղ. 5։22, 23)։ Մեզանից ամեն մեկը թույլ տալի՞ս է, որ Աստծու խոսքը և ոգին ազդեցություն գործեն իր կյանքի վրա (Եփես. 4։30; Ա Թեսաղ. 2։13)։
3 Ուրիշները նկատում են։ Երբ մենք ապրում ենք Եհովայի չափանիշներով և ձգտում ենք արտացոլել նրա հատկությունները, ուրիշները տեսնում են դա։ Քննենք մի մարդու օրինակը, որին իր աշխատակիցները ծաղրում էին կարճահասակ լինելու համար։ Մի քույր, որն աշխատում էր միևնույն աշխատասենյակում, միշտ նրան հարգանքով և արժանապատվությամբ էր վերաբերվում։ Դա մղեց նրան հարցնել այդ քրոջը, թե ինչու է նա այդքան տարբերվում մյուսներից։ Նա բացատրեց, որ հարգալից վերաբերմունք է ցուցաբերում, քանի որ կիրառում է աստվածաշնչյան սկզբունքները։ Քույրը նաև այդ մարդուն պատմեց Թագավորության հրաշալի հույսի մասին։ Այդ մարդը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և ի վերջո մկրտվեց։ Երբ նա վերադարձավ իր հայրենի երկիրը, հարազատները տպավորվեցին նրա լավ վարքով, և նրանցից մի քանիսը նույնպես ընդունեցին ճշմարտությունը։
4 Մենք կարող ենք մեր լավ վարքով, ինչպես նաև մեր տված վկայությամբ մղել մարդկանց փառաբանելու Աստծուն՝ լինի դա աշխատավայրում, դպրոցում թե հարազատների և հարևանների հետ առնչվելիս (Մատթ. 5։16)։