Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ տեսողական կապ հաստատելով
1 Հասարակական վայրերում և տնից տուն քարոզելիս նախքան զրույցը սկսելը մենք հաճախ տեսողական կապ ենք հաստատում մարդկանց հետ։ Այդ կարճ ժամանակահատվածում նրանց դեմքի արտահայտությունից կարող ենք կռահել, թե ինչպես են նրանք վերաբերվում մեր այցելությանը և թե ինչ տրամադրություն ունեն։ Նրանք նույնպես կարող են շատ բան նկատել մեր դեմքին նայելիս։ Մի կին այսպես արտահայտվեց Վկաներից մեկի այցելության մասին. «Ես միայն հիշում եմ, որ նրա ժպտացող դեմքին խաղաղություն կար։ Իմ մեջ հետաքրքրություն առաջացավ»։ Դա մղեց այդ կնոջը լսելու բարի լուրը։
2 Տեսողական կապ հաստատելը արդյունավետ միջոց է փողոցում կամ այլ հասարակական վայրերում մարդկանց հետ զրույց սկսելու համար։ Օրինակ՝ մի եղբայր նայում է իրեն մոտեցող մարդկանց աչքերի մեջ։ Հաստատելով տեսողական կապ՝ նա ժպտում է և հետո առաջարկում պարբերագրերը։ Այսպիսի մոտեցման շնորհիվ նա շատ գրականություն է տարածում և հաճելի զրույցներ ունենում։
3 Ինչպես հասկանալ մարդկանց զգացումները։ Տեսողական կապ պահպանելը կօգնի մեզ հասկանալ մարդկանց զգացումները։ Օրինակ՝ եթե անհատը դժվարանում է հասկանալ այն, ինչ մենք ասում ենք, կամ համամիտ չէ մեր ասած ինչ–որ մտքի հետ, դա սովորաբար երևում է նրա դեմքի արտահայտությունից։ Եթե նա զբաղված է կամ դառնում է անհամբեր, մենք դա նույնպես կնկատենք նրա դեմքին։ Այդ դեպքում կարող ենք փոփոխել մեր մատուցումը կամ կրճատել այն։ Մարդկանց զգացումների հանդեպ ուշադիր լինելը լավ միջոց է նրանց նկատմամբ անձնական հետաքրքրություն դրսևորելու համար։
4 Անկեղծություն և համոզվածություն։ Շատ մշակույթներում մարդու աչքերի մեջ նայելը անկեղծության նշան է համարվում։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես Հիսուսն արձագանքեց, երբ նրա աշակերտները հարցրեցին. «Ապա ո՞վ կարող է փրկուիլ»։ Աստվածաշնչում կարդում ենք. «Յիսուսն էլ նորանց մտիկ տալով [կամ՝ նայելով նրանց երեսին] ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է» (Մատթ. 19։25, 26)։ Անշուշտ Հիսուսի աչքերում արտահայտված համոզվածությունը կշիռ տվեց նրա խոսքերին։ Մենք նույնպես, տեսողական կապ պահպանելով, կարող ենք անկեղծությամբ ու համոզվածությամբ հաղորդել Թագավորության պատգամը (Բ Կորնթ. 2։17, ԱԱ; Ա Թեսաղ. 1։5, ՆԱ)։