Ընդօրինակիր մեր ուրախ Աստծուն՝ Եհովային
1 Եհովան ցանկանում է, որ մարդիկ ուրախ լինեն։ Աստծու Խոսքը մեր մեջ սպասումներ է առաջացնում այն հիանալի օրհնությունների նկատմամբ, որոնք Եհովան պատրաստել է մարդկության համար (Ես. 65։21–25)։ Մարդկանց համար պետք է ակնհայտ լինի, որ մենք ուրախություն ենք ստանում «երանելի Աստուծոյ փառաւոր աւետարան[ը]» քարոզելիս (Ա Տիմոթ. 1։11)։ Այն, թե ինչպես ենք մենք մարդկանց պատմում Թագավորության բարի լուրը, պետք է արտացոլի ճշմարտության հանդեպ մեր սերը և մարդկանց նկատմամբ մեր անկեղծ հետաքրքրությունը (Հռովմ. 1։14–16)։
2 Ճիշտ է, երբեմն դժվար է լինում ուրախ տրամադրվածություն պահպանել։ Որոշ տարածքներում քչերն են դրականորեն արձագանքում Թագավորության լուրին։ Գուցե լինեն օրեր, որ մենք դժվար իրավիճակներ դիմագրավենք մեր կյանքում։ Ուրախ ոգի պահպանելու համար մենք պետք է մտածենք այն մասին, որ մեր տարածքում բնակվող մարդիկ մեծապես կարիք ունեն լսելու և հասկանալու Թագավորության բարի լուրը, որ մենք քարոզում ենք (Հռովմ. 10։13, 14, 17)։ Խորհելով այս ամենի շուրջ՝ մենք կկարողանանք ուրախությամբ շարունակել մեր ծառայությունը՝ մարդկանց պատմելով այն միջոցառումների մասին, որ ողորմություն ցույց տալով՝ ձեռնարկել է Եհովան փրկության համար։
3 Կենտրոնացիր դրական բաների վրա։ Մենք պետք է ուշադիր լինենք այն հարցում, թե ինչի մասին ենք խոսում։ Թեև զրույցը կարող ենք սկսել՝ հիշատակելով որևէ խնդիր կամ իրադարձություն, որն անհանգստացնում է մարդկանց, սակայն մենք պետք է խուսափենք բացասական բաների մասին չափից շատ խոսելուց։ Մեզ հանձնարարված է բարի լուր քարոզել (Ես. 52։7; Հռովմ. 10։15)։ Այդ բարի լուրը մի պատգամ է, որը հիմնված է պայծառ ապագայի վերաբերյալ Աստծու խոստումների վրա (Բ Պետ. 3։13)։ Հիշելով դա՝ ձգտիր Աստվածաշնչի օգնությամբ ամոքել «կոտրած սիրտ ունեցողներին» (Ես. 61։1, 2)։ Դա կօգնի մեզանից յուրաքանչյուրին ուրախ ոգի պահպանել և դրական տրամադրվածություն ունենալ։
4 Մարդիկ անշուշտ կնկատեն մեր ուրախ տրամադրվածությունը։ Ուստի մեր տարածքում ապրող մարդկանց բարի լուրը քարոզելիս եկեք միշտ արտացոլենք մեր ուրախ Աստծու՝ Եհովայի դրական տրամադրվածությունը։