Օգնենք մարդկանց դառնալ Աստծու ընկերը
1 Այսօր բոլոր ազգերի պատկանող մարդիկ սովորում են Եհովայի ճանապարհների մասին (Ես. 2։2, 3)։ Սակայն որպեսզի այդ մարդիկ «համբերութիւնով պտուղ» տան, նրանք պետք է Եհովային սիրեն (Ղուկ. 8։15; Մարկ. 12։30)։ Առանց այդ սիրո նրանք ուժ չեն ունենա դիմադրելու վնասակար ազդեցություններին և քաջություն չեն ունենա անելու այն, ինչը ճիշտ է։ Կերպերից մեկը, որով կարող ենք օգնել մարդկանց, որ լավ փոխհարաբերություններ ունենան Եհովայի հետ, այն է, որ նրանք գնահատանք զարգացնեն նրա հատկությունների հանդեպ։ Հորդորիր նրանց խորհրդածել «Մոտեցիր Եհովային» գրքում տեղ գտած տեղեկության շուրջ։
2 Քո օրինակը։ Քո վարքը կարող է մեծ ազդեցություն գործել Աստվածաշունչն ուսումնասիրողների սրտերի վրա։ Երբ նրանք տեսնեն, թե որքան բարձր ես գնահատում Եհովայի հետ մտերմությունը, և թե ինչ ազդեցություն է այն թողնում քո կյանքի վրա, գուցե նրանք մղվեն անձամբ այդպիսի փոխհարաբերություններ զարգացնել (Ղուկ. 6։40)։ Այո՛, հաճախ մարդկանց վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում մեր վարքը, քան մեր խոսքերը։
3 Հիմնական կերպը, որով ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին սիրել Եհովային, իրենց օրինակն է (Բ Օրին. 6։4–9)։ Մի ամուսնական զույգ, որ ցանկանում էր երեխաներին դաստիարակել ճշմարտությամբ, խորհուրդ հարցրեց փորձառու ծնողներից։ Ամուսինն ասում է. «Մի բան, որ ասաց այդ ծնողներից յուրաքանչյուրը, ծնողի թողած օրինակն է»։ Ուստի իրենց ողջ կյանքի ընթացքով ծնողները կարող են լավ օրինակ լինել իրենց երեխաների համար այն հարցում, թե ինչ է նշանակում Եհովայի ընկերը լինել (Յակ. 2։23)։
4 Սրտաբուխ աղոթքը։ Դու կարող ես նաև օգնել մարդկանց, որ մտերմություն հաստատեն Եհովայի հետ՝ սովորեցնելով նրանց սրտանց աղոթել։ Կարող ես նրանց ուշադրությանը ներկայացնել Հիսուսի տիպար աղոթքը, ինչպես նաև շատ ուրիշ անկեղծ աղոթքներ, որոնք գրի են առնվել Սուրբ Գրություններում (Մատթ. 6։9, 10)։ Կարող ես քո անձնական աղոթքներով քո երեխաներին ու Աստվածաշունչ ուսումնասիրողներին սովորեցնել աղոթել։ Լսելով քո սրտանց խոսքերը՝ նրանք կտեսնեն, թե ինչ զգացումներ ունես դու Եհովայի հանդեպ։ Հորդորիր նրանց, որ «աղօթքում յարատեւե[ն]», երբ փորձությունների հանդիպեն (Հռովմ. 12։12)։ Երբ նրանք Եհովայից օգնություն ստանան կարիքի մեջ հայտնվելիս, կսկսեն վստահել ու սիրել նրան ինչպես իսկական ընկերոջ (Սաղ. 34։8; Փիլիպ. 4։6, 7)։