«Երջանիկ է այն մարդը, որը շարունակում է տոկալ փորձությանը»
1 Բոլոր քրիստոնյաներն էլ փորձություններ են կրում (2 Տիմոթ. 3։12)։ Փորձությունները կարող են լինել վատ առողջությունը, տնտեսական դժվարությունները, գայթակղությունը, հալածանքը և ուրիշ շատ բաներ։ Երբ Սատանան մեզ վրա փորձություններ է բերում, նրա նպատակն է այնպես անել, որ մենք ավելի քիչ ուշադրություն դարձնենք մեր քրիստոնեական ծառայությանը կամ նույնիսկ դադարենք Աստծուն ծառայելուց (Յոբ 1։9–11)։ Ինչպե՞ս կարող է փորձություններին տոկալը երջանկություն բերել (2 Պետ. 2։9)։
2 Պատրաստվիր փորձություններին։ Եհովան մեզ տվել է իր ճշմարիտ Խոսքը, որտեղ գրված է նաև Հիսուսի կյանքի և ուսուցումների մասին։ «Լսելով» և կատարելով Հիսուսի խոսքերը՝ մենք ամուր հիմք ենք դնում ու այդպիսով պատրաստվում ենք փորձություններին (Ղուկ. 6։47–49)։ Մենք ուժ ենք ստանում նաև այլ միջոցներից՝ մեր քրիստոնյա եղբայրներից, ժողովի հանդիպումներից, Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններից, որոնք ստանում ենք հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի կողմից։ Հաճախ նաև աղոթում ենք Աստծուն, որը պարգև է նրա կողմից (Մատթ. 6։13)։
3 Եհովան նաև մեզ հույս է տալիս։ Երբ մենք ամուր հավատ ենք զարգացնում Եհովայի խոստումների հանդեպ, մեր հույսը դառնում է ինչպես մի խարիսխ հոգու համար, և այն լինում է «և՛ հուսալի, և՛ հաստատ» (Եբր. 6։19)։ Աստվածաշնչյան ժամանակներում նավերը երբեք չէին հեռանում նավահանգստից առանց խարսխի, նույնիսկ եթե եղանակը բարենպաստ էր լինում։ Եթե հանկարծակի փոթորիկ բարձրանար, խարիսխը գցելը կպաշտպաներ նավը ժայռոտ ափերի հարվածելուց։ Նմանապես, Աստծու խոստումների հանդեպ այժմ հավատ զարգացնելով՝ ծանր փորձությունների հանդիպելիս մենք հաստատ կմնանք։ Փորձությունները կարող են հանկարծակիորեն առաջ գալ։ Թեև Պողոսի և Բառնաբասի քարոզչությունը սկզբում լավ ընդունվեց Լյուստրայում, սակայն իրավիճակը անմիջապես փոխվեց, երբ այնտեղ եկան հրեա հակառակորդները (Գործեր 14։8–19)։
4 Տոկունությունը երջանկություն է բերում։ Եթե մենք, չնայած հակառակությանը, հարատևենք քարոզչական գործում, ապա մտքի խաղաղություն կունենանք։ Մենք ուրախանում ենք, երբ Քրիստոսի անվան համար արժանի ենք լինում անարգանքի ենթարկվելու (Գործեր 5։40, 41)։ Փորձություններին տոկալը օգնում է մեզ լիարժեքորեն զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ խոնարհությունը, հնազանդությունը և տոկունությունը (Բ Օրին. 8։16; Եբր. 5։8; Հակ. 1։2, 3)։ Տոկունությունը սովորեցնում է մեզ Եհովային ապավինել, նրա խոստումներին վստահել և ապաստան գտնել նրա մոտ (Առակ. 18։10)։
5 Մենք գիտենք, որ փորձությունները ժամանակավոր են (2 Կորնթ. 4։17, 18)։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս դրսևորելու Եհովայի հանդեպ մեր խոր սերը։ Փորձություններին տոկալով՝ մենք պատասխան կտանք Սատանայի բարձրացրած մեղադրանքներին։ Ուստի մենք չենք հանձնվում։ «Երջանիկ է այն մարդը, որը շարունակում է տոկալ փորձությանը, որովհետև հավանության արժանանալով՝ նա կստանա կյանքի պսակը» (Հակ. 1։12)։