Հետևենք Հիսուսի թողած օրինակին
1. Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը։
1 Աշակերտներ պատրաստելու գործին մասնակցելիս մենք պետք է միշտ հիշենք, որ մեր օրինակը կարող է զորեղ ազդեցություն թողնել մեզ շրջապատող մարդկանց վրա։ Հիսուսը սովորեցնում էր և՛ խոսքերով, և՛ գործերով։ Մարդիկ տեսնում էին նրա խանդավառությունը, մարդկանց նկատմամբ ունեցած սերը, նաև այն, որ նա ցանկանում էր սրբացնել իր Հոր անունը և որ լցված է իր Հոր կամքը կատարելու վճռականությամբ (1 Պետ. 2։21)։
2. Ինչպե՞ս կարող է մեր օրինակն անդրադառնալ նրանց վրա, ովքեր համագործակցում են մեզ հետ ծառայության մեջ։
2 Տնետուն ծառայությանը մասնակցելիս։ Ինչպես Հիսուսի պարագայում էր, մեր օրինակը նույնպես անդրադառնում է մեզ հետ համագործակցողների վրա։ Երբ նոր և քիչ փորձ ունեցող քարոզիչները տեսնեն, թե ինչպես ենք մենք նախանձախնդրությամբ ծառայում, կսկսեն խորհել իրենց ծառայության որակի մասին։ Տեսնելով մեր ուրախությունն ու մարդկանց նկատմամբ անկեղծ հետաքրքրությունը՝ նրանք կհիշեն, որ այսպիսի հատկություններ դրսևորելը կարևոր է նաև իրենց ծառայության մեջ։ Երբ նրանք նկատեն, թե ինչպիսի ջանասիրությամբ ենք մենք օգտագործում Գրությունները, կատարում վերայցելություններ և անցկացնում Աստվածաշնչի ուսումնասիրություններ, կմղվեն նույնն անելու։
3. Աստվածաշնչի ուսումնասիրողները ի՞նչ կարող են սովորել մեր օրինակից և ինչպե՞ս։
3 Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս։ Հատկապես ուսումնասիրողներն են ուշադրություն դարձնում մեր վարքին։ Օրինակ՝ մենք գուցե բացատրենք նրանց ուսումնասիրությանը պատրաստվելու, աստվածաշնչյան համարներն ընթերցելու ու գլխավոր մտքերն ընդգծելու կարևորությունը, սակայն նրանք կնկատեն, թե արդյոք մենք ինքներս պատրաստվա՞ծ ենք (Հռոմ. 2։21)։ Եթե մենք գանք պայմանավորված ժամին, ապա նրանք ավելի վճռական կլինեն այն հարցում, որ թույլ չտան որևէ բանի խանգարելու Աստվածաշնչի իրենց ուսումնասիրությանը։ Նրանք նաև, անկասկած, կնկատեն ծառայության նկատմամբ ունեցած մեր անձնազոհ ոգին և մեր ամուր հավատը։ Ուստի զարմանալի չէ, որ այն անհատները, որոնց հետ ուսումնասիրող քարոզիչները սերտորեն հետևում են Հիսուսի օրինակին, հաճախ դառնում են նախանձախնդիր, արդյունավետ քարոզիչներ։
4. Ինչպե՞ս ենք ուրիշներին սովորեցնում մեր օրինակով ժողովի հանդիպումների ժամանակ։
4 Ժողովի հանդիպումներին ներկա գտնվելիս։ Բոլոր նրանք, ովքեր քրիստոնեական ժողովի մաս են կազմում, հնարավորություն ունեն ժողովի հանդիպումների ժամանակ ուրիշներին իրենց օրինակով սովորեցնելու։ Այն ուսումնասիրողները, որոնք սկսում են հաճախել ժողովի հանդիպումներին, օգուտներ են քաղում քրիստոնյաների լավ օրինակից։ Նրանք տեսնում են ջերմ եղբայրություն և քրիստոնեական միասնություն, ինչպես նաև այն, որ ժողովի անդամները համեստ հագուստ ու հարդարանք ունեն (Սաղ. 133։1)։ Նրանք նկատում են նաև, թե ինչպես ենք մենք հավատարմորեն հաճախում ժողովի հանդիպումներին և այնտեղ հանրապես խոսում մեր հավատի մասին։ Մի մարդ, որը եկել էր ժողովի հանդիպումներից մեկին, տպավորվեց այն բանից, թե ինչպես մի փոքրիկ աղջիկ արագորեն գտավ մի սուրբգրային համար իր Աստվածաշնչում և ուշադրությամբ հետևեց ընթերցանությանը։ Աղջկա օրինակը մղեց այդ մարդուն Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
5. Ինչո՞ւ մենք երբեք չպետք է թերագնահատենք լավ օրինակ ունենալու արժեքը։
5 Գրությունները մեզ հորդորում են հետևել մեր հավատակիցների լավ օրինակին (Փիլիպ. 3։17; Եբր. 13։7)։ Ուստի մենք պետք է հիշենք, որ եթե սերտորեն հետևենք Հիսուսի թողած օրինակին, ապա դա ուրիշների կողմից աննկատ չի մնա և կարող է դրական ազդեցություն թողնել նրանց վրա։ Հասկանալով սա՝ եկեք սրտանց հետևենք 1 Տիմոթեոս 4։16–ում արձանագրված հետևյալ խոսքերին. «Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն»։