Օգնիր Աստվածաշունչ ուսումնասիրողներին դառնալու բարի լուրի քարոզիչներ
1 Մատթեոս 28։19, 20–ում գրված Հիսուսի հանձնարարությունը, որը նա տվեց իր աշակերտներին, վերաբերում էր նաև ապագային։ Քրիստոսի աշակերտները ուսուցված էին, որպեսզի ավելի շատ աշակերտներ պատրաստեին, ովքեր իրենց հերթին կշարունակեին աշակերտներ պատրաստելու գործը։ Պետք է հիմք դրվեր բարի լուրի վերջնական համաշխարհային քարոզչության համար, և դա պետք է տեղի ունենար այն առանձնահատուկ վերջին օրերում, որոնցում մենք այժմ ապրում ենք (Մատթ. 24։14)։
2 Մենք կարող ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել մեր երեխաների և բոլոր ցանկացողների հետ։ Մենք սրտանց ուզում ենք օգնել նրանց գիտակցել, որ իրենք էլ պատասխանատվություն ունեն օգնելու ուրիշներին՝ դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտները (Ղուկ. 6։40)։
3 Պատրաստիր նրանց վկայություն տալու։ Խրախուսիր նրանց, ում հետ ուսումնասիրություն ես անցկացնում, պատմել ուրիշներին իրենց սովորած բաների մասին։ Պատմիր նրանց ոգևորիչ դեպքեր քարոզչական ծառայությունից։ Սովորեցրու երեխաներիդ, որ փոքր հասակից իրենց կարողացածի չափով իմաստալից կերպով մասնակցեն ծառայությանը (Սաղ. 148։12, 13)։ Խոսքերով և օրինակով ցույց տուր ծառայության հանդեպ քո երախտագիտությունը (1 Տիմոթ. 1։12)։
4 Եհովան օգտագործում է միայն նրանց, ովքեր ընդունում են նրա արդար չափանիշներն ու առաջնորդվում են դրանցով։ Իհարկե, նոր քարոզիչներն այնքան գիտելիքներ չունեն, որքան փորձառու, նվիրված և մկրտված քարոզիչները, սակայն նրանցից պահանջվում է, որ հավատան Աստվածաշնչի հիմնական ուսմունքներին և կարողանան բացատրել դրանք (տե՛ս «Կազմակերպված ենք», էջ 79–82)։ Նրանք պետք է ոչ մի ընդհանուր բան չունենան Մեծ Բաբելոնի հետ, միջամուխ չլինեն քաղաքականությանը, նաև կանոնավորաբար մասնակցեն ժողովի հանդիպումներին (Հայտն. 18։2, 4; Հովհ. 17։16; Եբր. 10։24, 25)։
5 Երբ նկատես, որ այն անհատը, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին, հայտնիր այդ մասին նախագահող վերակացուին։ Նա հոգ կտանի, որ երկու երեցներ հանդիպեն նրա հետ և որոշեն, թե արդյոք նա համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին, որպեսզի ժողովի հետ մասնակցի բարի լուրի քարոզչությանը։ Այդ ժամանակ դու առանձնաշնորհում կունենաս շարունակելու կրթել Աստվածաշունչ ուսումնասիրողին՝ գնալով նրա հետ քարոզչական ծառայության։