Դու կարո՛ղ ես լինել ուսուցիչ
1. Ի՞նչ առանձնաշնորհում ունի Թագավորության յուրաքանչյուր քարոզիչ։
1 Ճշմարտությունը որևէ մեկին սովորեցնելը մեծ հաճույք է պատճառում։ Մեր սիրտը լցվում է ջերմությամբ, երբ տեսնում ենք, թե ինչպես է անհատն արձագանքում Թագավորության լուրին։ Օգնելով նրան մոտենալու Տիեզերքի Գերիշխանին՝ յուրօրինակ ուրախություն ենք զգում (Հակ. 4։8)։ Թագավորության յուրաքանչյուր քարոզչի նպատակը պետք է լինի հոգևորապես քաղցած մարդուն սովորեցնել ճշմարտությունը և օգնել նրան, որ փոփոխություններ անի իր անձնավորության, հայացքների և վարքի մեջ (Մատթ. 28։19, 20)։
2. Ինչո՞ւ են ոմանք թերևս խուսափում ուսումնասիրություն անցկացնելուց, և ի՞նչը կօգնի նրանց հաղթահարել իրենց անվստահությունը։
2 Ապավինիր Եհովային։ Ոմանք, հնարավոր է, խուսափում են Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելուց։ Հին ժամանակներում եղել են Աստծու հավատարիմ ծառաներ, որոնք կարծում էին, թե բավականաչափ ունակություններ չունեն իրենց ստացած հանձնարարությունը կատարելու համար։ Մովսեսը, Երեմիան, Ամովսը և Աստծու ուրիշ ծառաներ, որոնք հասարակ մարդիկ էին, ունեցել են կասկածներ և իրենց անվստահ են զգացել։ Սակայն ապավինելով Եհովային՝ նրանք կարողացել են հաղթահարել դրանք և կարևոր հանձնարարություն կատարել (Ելից 4։10–12; Երեմ. 1։6, 7; Ամովս 7։14, 15)։ Պողոս առաքյալը նույնպես վստահ լինելու կարիք ուներ։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «համարձակությամբ լցվեց»։ Ինչպե՞ս։ Պողոսը բացատրում է՝ «մեր Աստծու շնորհիվ» (1 Թեսաղ. 2։2)։ Անշուշտ, մենք բոլորս էլ կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ կօգնի, կտա իմաստություն և զորություն, որ Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք (Ես. 41։10; 1 Կորնթ. 1։26, 27; 1 Պետ. 4։11)։
3, 4. Կրթվելու ի՞նչ հնարավորություններ ունենք, որոնց օգնությամբ կարող ենք դառնալ Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչ։
3 Սովորիր և հմտացիր։ Մեծ Ուսուցիչը՝ Եհովա Աստված, բազմաթիվ հնարավորություններ է տալիս մեզ, որ կանոնավորաբար հոգևոր կրթություն ստանանք։ Կրթվելով Եհովայից՝ դու կդառնաս ամբողջովին պատրաստված ուսուցիչ (Ես. 54։13; 2 Տիմոթ. 3։16, 17)։ Քո հասկացողությունը Աստվածաշնչից կավելանա, իսկ սուրբգրային ճշմարտություններն ուսուցանելու հմտությունդ կբարելավվի։ Թեև գլխավորապես նման ուսուցում մենք ստանում ենք Աստվածապետական ծառայության դպրոցում և Ծառայողական հանդիպման ժամանակ, սակայն բոլո՛ր հանդիպումները կարող են օգնել մեզ, որ դառնանք Աստծու Խոսքի հմուտ ուսուցիչ։
4 Ձգտիր նույնիսկ խոր ճշմարտությունները ուսուցանել պարզ ձևով։ «Ծառայության դպրոց» գրքի 227–րդ էջում գրված է. «Քննարկվող նյութը նախ ինքդ պետք է լավ հասկանաս, որպեսզի կարողանաս այն հասկանալի լեզվով բացատրել ուրիշներին»։ Հանդիպումներին մեկնաբանություններ տալը կօգնի քեզ մտապահել գլխավոր մտքերը, որոնք այնուհետև կարող ես օգտագործել ծառայության մեջ։ Ուստի լավ պատրաստվիր, և աստիճանաբար կլցվես վստահությամբ, որ դու կարող ես մարդկանց ուսուցանել Աստվածաշնչի ճշմարտությունները։
5. Ուրիշ ինչպե՞ս կարող ենք հմտանալ ուսուցանելու գործում։
5 Անկասկած, մենք հենց սկզբից միմյանցից ենք սովորում, թե ինչպես աշակերտ պատրաստել (Ղուկ. 10։1)։ Ուստի, եթե հնարավոր է, Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու հարցում համագործակցիր փորձառու քարոզիչների՝ ռահվիրաների, երեցների ու շրջագայող վերակացուների հետ։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես են նրանք սուրբգրային ճշմարտությունները բացատրում՝ օգտվելով ուսումնասիրության ձեռնարկում ընդգրկված նկարներից և մյուս ուսուցողական միջոցներից։ Հարցրու նրանց, թե ինչպես կարող ես ավելի լավ ուսուցիչ դառնալ (Առակ. 1։5; 27։17)։ Գնահատիր եղբայրներից և քույրերից ստացած կրթությունը, որովհետև այդ կրթությունը, ի վերջո, Աստծուց է բխում (2 Կորնթ. 3։5)։
6. Ի՞նչ է անհրաժեշտ անել Աստծու Խոսքի ուսուցիչ դառնալու համար։
6 Ապավինիր Եհովային։ Օգուտներ ստացիր նրա տված կրթությունից։ Աղոթիր, որ հմուտ ուսուցիչ դառնաս (Սաղ. 25։4, 5)։ Ինչ–որ մեկին օգնելը, որ դառնա Աստծու Խոսքի ուսուցիչ, մեծ ուրախություն է պարգևում։ Դու նույնպես կարող ես զգալ այդ ուրախությունը։