Մարզային համաժողովներ՝ Աստծուն երկրպագելու ուրախ ժամանակներ
1. Ի՞նչ նմանության կա Իսրայելի տարեկան տոնակատարությունների և ժամանակակից մարզային համաժողովների միջև։
1 Հովսեփը, Մարիամը, նրանց երեխաները և ուրիշներ միշտ գնում էին Երուսաղեմ՝ մասնակցելու տարեկան տոնակատարություններին։ Նրանք մի կողմ էին դնում իրենց հոգսերը և կենտրոնանում ավելի կարևոր բանի՝ հոգևորի վրա։ Այդ տոները հնարավորություն էին տալիս խորհրդածելու և զրուցելու Եհովայի բարության մասին, ինչպես նաև քննարկելու նրա Օրենքը։ Դրանք Աստծուն երկրպագելու ուրախ ժամանակներ էին։ Այսօր մենք նույնպես հնարավորություն ունենք ուրախությամբ երկրպագելու Եհովային։ Այդպիսի հնարավորություն են մեզ ընձեռելու գալիք մարզային համաժողովները։
2. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ներկա լինենք գալիք մարզային համաժողովին։
2 Անհրաժեշտ է նախապատրաստվել։ Նազարեթից Երուսաղեմ գնալու և Երուսաղեմից վերադառնալու համար Հիսուսն իր ծնողների, քույրերի ու եղբայրների հետ պետք է անցներ 200 կիլոմետր։ Թեև չգիտենք, թե քանի քույր ու եղբայր ուներ Հիսուսը, սակայն կարող ենք պատկերացնել, թե որքան ջանք պետք է թափեին Հովսեփն ու Մարիամը, որպեսզի ամբողջ ընտանիքով ներկա լինեն տոներին։ Իսկ դու նախապատրաստվե՞լ ես՝ ներկա լինելու համաժողովի բոլոր երեք օրերին։ Եթե աշխատում ես, գուցե հարկ լինի արձակուրդ վերցնել կամ խոսել գործատիրոջ հետ։ Կամ գուցե անհրաժեշտ է զգուշացնել ուսուցչին, որ երեխան կբացակայի դպրոցից։ Իսկ կարո՞ղ ես օգնել ժողովի՝ հատուկ կարիքներ ունեցող անդամին, որ նա քեզ հետ ներկա լինի համաժողովին (1 Հովհ. 3։17, 18)։
3. Ինչի՞ հնարավորություն էին տալիս հրեական տոները։
3 Կերտիչ ընկերակցություն։ Հրեական տոները մեծ հնարավորություն էին տալիս վայելելու հավատակիցների կերտիչ ընկերակցությունը։ Անկասկած, Հիսուսը, նրա ծնողները, քույրերն ու եղբայրները անհամբերությամբ սպասում էին այդ օրերին, որպեսզի տեսնեն իրենց հին ընկերներին։ Նրանք նաև ակնկալում էին նոր ընկերներ ձեռք բերել այն բազմաթիվ հրեաների և պրոզելիտների միջից, որոնց կհանդիպեին Երուսաղեմում կամ ճանապարհին։
4. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սովորական բան չենք համարում մեր միասնական եղբայրությունը։
4 Ինչո՞ւ է հավատարիմ և իմաստուն ծառան կազմակերպում համաժողովներ. չէ՞ որ այն ելույթները, որոնք լսում ենք համաժողովներում, մենք կարող էինք կարդալ տպագիր տեսքով։ Պատճառներից մեկն այն է, որ այդպես մենք կարող ենք քաջալերել իրար (Եբր. 10։24, 25)։ Ուստի պլանավորիր ամեն օր շուտ գալ համաժողովի վայր։ Այդպես, մինչև ծրագրի նախագահողը կհայտարարի, որ կհնչի երաժշտություն (որը տեղերը զբաղեցնելու ազդանշան է), դու կարող ես վայելել հավատակիցներիդ ընկերակցությունը։ Լավ կլինի՝ մի քիչ ուտելիք բերես քեզ հետ, որպեսզի ընդմիջմանը համաժողովի տարածքից դուրս չգաս սնունդ ձեռք բերելու նպատակով։ Դա հնարավորություն կտա շփվելու եղբայրների ու քույրերի հետ։ Մեր միասնական եղբայրությունը Եհովայի պարգևն է, որը չպետք է սովորական բան համարենք (Միք. 2։12)։
5. Ինչպե՞ս կարող ենք լիովին օգտվել համաժողովի ծրագրից։
5 Սովորելու ժամանակ։ Մանուկ հասակից Հիսուսը, օգտվելով տոների ընձեռած հնարավորությունից, սովորում էր իր երկնային Հոր մասին (Ղուկ. 2։41–49)։ Ինչպե՞ս կարող ենք մենք և մեր ընտանիքի անդամները լիովին օգտվել համաժողովից։ Ծրագրի ընթացքում աշխատիր վեր չկենալ տեղից և անտեղի չխոսել կողքիդ նստածների հետ։ Բջջային հեռախոսը, փեյջերը և նման այլ սարքեր դիր այնպիսի ռեժիմում, որը չի խանգարի քեզ և մյուսներին։ Նայիր հռետորին և կարճ գրառումներ արա։ Նստիր ընտանիքիդ հետ, որպեսզի հետևես, թե արդյոք երեխաներդ լսում են ծրագիրը։ Երեկոյան միասին քննարկեք ձեզ դուր եկած մտքերը։
6. Ի՞նչ պետք է հիշենք հագուստի և հարդարանքի առնչությամբ։
6 Հագուստ և հարդարանք։ Օտարերկրացի ճամփորդող առևտրականները, ճանապարհին տեսնելով Հիսուսին, նրա ծնողներին, եղբայրներին, քույրերին և մյուս հրեաներին, միանգամից կարող էին հասկանալ, որ նրանք Եհովայի երկրպագուներ են և գնում են Երուսաղեմ՝ տոնակատարության կամ վերադառնում են այնտեղից։ Ինչպե՞ս կարող էին նրանք դա կռահել։ Այդ առևտրականները տեսնում էին, որ նրանց հանդերձների փեշերին ծոպեր կան և փեշի ծոպերի վրայով կապույտ ժապավեն է անցկացված (Թուոց 15։37–41)։ Այսօր մենք չենք կրում հատուկ հագուստ, սակայն հայտնի ենք մեր համեստ, կոկիկ ու մաքուր արտաքին տեսքով։ Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մեր արտաքին տեսքին, երբ գնում ենք համաժողով կամ վերադառնում ենք այնտեղից, ինչպես նաև երբ գտնվում ենք համաժողովի անցկացման քաղաքում։ Նույնիսկ եթե ծրագրից հետո փոխում ենք մեր հագուստը, մեր արտաքին տեսքը պետք է պատշաճ լինի։ Այդպիսով կտարբերվենք ոչ Վկաներից և լավ տպավորություն կթողնենք։
7. Ինչո՞ւ արժե մտածել համաժողովի ժամանակ կամավորագրվելու մասին։
7 Կամավորներ։ Որպեսզի համաժողովը լավ անցնի, անհրաժեշտ են բազմաթիվ կամավորներ։ Իսկ դու կարո՞ղ ես կամավորագրվել (Սաղ. 110։3)։ Համաժողովում կատարվող աշխատանքը մեր սուրբ ծառայության մի մասն է. դրա շնորհիվ մենք լավ վկայություն ենք տալիս։ Մի անգամ այն տարածքի տնօրենը, որտեղ համաժողով էր անցկացվել, այնպես էր տպավորվել մաքրությամբ զբաղվող կամավորների աշխատանքով, որ գրեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի միջոցառման համար։ Ես դեռ երբեք նման բան չեմ տեսել։ Միշտ լսել եմ, որ Եհովայի վկաները հատուկ մարդիկ են և որ նրանք իրենցից հետո տարածքը ավելի մաքուր են թողնում, քան սկզբում է լինում։ Դուք և ձեր կազմակերպությունը այս վայրը ավելի գրավիչ եք դարձրել հասարակության համար։ Դուք ամենահաճելի մարդիկ եք, որոնց հետ երբևէ ծանոթացել եմ»։
8. Վկայություն տալու ի՞նչ հնարավորություններ կունենանք համաժողովի անցկացման քաղաքում։
8 Վկայություն տալու հնարավորություններ։ Համաժողովի անցկացման քաղաքում շատե՛րը կնկատեն մեր կոկիկ հագուստն ու հարդարանքը։ Դա կարող է հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ, ինչն էլ մեզ հնարավորություն կտա պատմելու համաժողովի մասին։ Չորս տարեկան մի տղա ծրագրից հետո ծնողների հետ գնաց ռեստորան և իր հետ տարավ նոր ստացած հրատարակությունը։ Ռեստորանում նա այն ցույց տվեց մատուցողուհուն։ Դրա շնորհիվ տղայի ծնողները կարողացան այդ կնոջը հրավիրել համաժողով։
9. Հիսուսի և նրա հարազատների նման՝ ինչպե՞ս կարող ենք բարձր գնահատել Եհովայի կազմակերպած հոգևոր միջոցառումները։
9 Իսրայելի տոները ուրախ իրադարձություններ էին, որոնց անհամբեր սպասում էին հոգևոր տրամադրվածություն ունեցող հրեաները (Բ Օրին. 16։15)։ Հիսուսն ու իր հարազատները ուրախությամբ էին զոհողություններ անում, որպեսզի մասնակցեն այդ տոնակատարություններին և լիարժեք օգուտներ քաղեն դրանցից։ Նմանապես, մենք բարձր ենք գնահատում մեր մարզային համաժողովները՝ դրանք համարելով պարգև՝ մեր երկնային սիրառատ Հորից (Հակ. 1։17)։ Հիմա է ժամանակը նախապատրաստվելու այդ հիանալի միջոցառմանը, որի ընթացքում ուրախությամբ կերկրպագենք Եհովային։