«Չվախենաս»
1. Երեմիայի նման՝ ի՞նչ դժվարություններ գուցե ունենանք։
1 Երբ Եհովան Երեմիային մարգարե նշանակեց, վերջինս վստահ չէր, որ կկարողանա ծառայել այդ նշանակման մեջ։ Սակայն Աստված ասաց՝ «չվախենաս»։ Նա զորացրեց իր ծառային, որպեսզի վերջինս կատարի իրեն տրված հանձնարարությունը (Երեմ. 1։6–10)։ Ամաչկոտության կամ անվստահության պատճառով գուցե քիչ մասնակցենք ծառայությանը։ Վախը մարդկանց արձագանքի կամ մեր մասին ունեցած տեսակետի հանդեպ երբեմն կարող է հետ պահել մեզ վկայություն տալուց։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել վախի զգացումը և ի՞նչ օրհնություններ կստանանք արդյունքում։
2. Ինչպե՞ս է նախապատրաստվելն օգնում նվազեցնելու վախի զգացումը։
2 Նախօրոք պատրաստվիր։ Նախօրոք պատրաստվելը մեծապես կարող է նվազեցնել վախի զգացումը։ Օրինակ՝ եթե նախապես պատրաստվենք հնարավոր առարկություններին, ապա կկարողանանք պատասխանել դրանց ծառայության ժամանակ (Առակ. 15։28)։ Ընտանեկան երկրպագության ընթացքում բեմականացումներ անելը նույնպես կարող է օգնել. օրինակ՝ կարելի է բեմականացնել զանազան դժվար իրադրություններ, որոնք հանդիպում են դպրոցում և ծառայության ժամանակ (1 Պետ. 3։15)։
3. Ինչպե՞ս է Եհովայի հանդեպ վստահությունն օգնում մեզ հաղթահարելու վախի զգացումը։
3 Վստահիր Եհովային։ Աստծուն վստահելը ուժեղ հակաթույն է վախի դեմ։ Եհովան խոստացել է, որ կօգնի մեզ (Ես. 41։10–13)։ Մի՞թե կա մեկը, որ կարող է ավելի լավ պաշտպան լինել մեզ համար։ Բացի այդ, Հիսուսը վստահեցրեց, որ նույնիսկ անսպասելի իրավիճակներում Աստծու սուրբ ոգին կօգնի մեզ լավ վկայություն տալու (Մարկ. 13։11)։ Ուրեմն կանոնավորաբար խնդրիր Եհովային, որ տա իր սուրբ ոգին (Ղուկ. 11։13)։
4. Ի՞նչ օրհնություններ կստանանք, եթե շարունակենք մեր ծառայությունը՝ չնայած դժվարություններին։
4 Օրհնություններ։ Երբ չնայած դժվարություններին՝ շարունակում ենք մեր ծառայությունը, նոր ուժերով ենք լցվում ապագա փորձություններին հաջողությամբ դիմագրավելու համար։ Նաև քաջություն և համարձակություն ենք զարգացնում, հատկություններ, որոնք բնորոշ են սուրբ ոգով առաջնորդվողներին (Գործ. 4։31)։ Եհովայի օգնությամբ հաղթահարելով վախի զգացումը՝ մենք ամրացնում ենք մեր հավատն ու վստահությունը նրա փրկարար բազկի հանդեպ (Ես. 33։2), ինչպես նաև ուրախության ու բավարարվածության զգացումով ենք պարուրվում այն բանի գիտակցումից, որ հաճեցնում ենք մեր երկնային Հորը (1 Պետ. 4։13, 14)։ Եկեք ուրեմն չվախենանք և համարձակորեն հռչակենք Թագավորության լուրը՝ միշտ վստահ լինելով, որ Եհովան կանգնած է մեր թիկունքին։