Մարզային համաժողովները հզոր վկայություն են տալիս ճշմարտության մասին
1. Տարեկան տոնակատարությունները ինչի՞ հնարավորություն էին տալիս իսրայելացիներին։
1 Հին իսրայելացիները տարին երեք անգամ հավաքվում էին տոնակատարության։ Թեև միայն տղամարդկանցից էր պահանջվում ներկա լինել տոնին, հաճախ նրանք ընտանիքով էին գնում Երուսաղեմ, որպեսզի վայելեն այս ուրախ հավաքույթները (2 Օրենք 16։15, 16)։ Այս միջոցառումները հնարավորություն էին տալիս խորհրդածելու կարևոր հոգևոր ճշմարտությունների շուրջ և քննարկելու դրանք։ Որո՞նք են այդ ճշմարտություններից մի քանիսը. Եհովան առատաձեռն ու սիրառատ Մատակարար է (2 Օրենք 15։4, 5), նա առաջնորդում ու պաշտպանում է մեզ (2 Օրենք 32։9, 10)։ Իսրայելացիները կարող էին մտածել նաև այն մասին, որ, լինելով ժողովուրդ Եհովայի անվան համար, պետք է իրենց կյանքում առաջնորդվեին նրա արդար չափանիշներով (2 Օրենք 7։6, 11)։ Նմանապես, այսօր մեզ համար օգտակար են մեր ամենամյա մարզային համաժողովները։
2. Ինչպե՞ս է համաժողովի ծրագիրը լույս սփռում ճշմարտության վրա։
2 Ծրագիրը լույս է սփռում ճշմարտության վրա։ Մեր մարզային համաժողովների ժամանակ լսում ենք ելույթներ, հարցազրույցներ, դիտում ենք ներկայացումներ, ցուցադրումներ, որոնք լույս են սփռում Աստվածաշնչի կարևոր ճշմարտությունների վրա (Հովհ. 17։17)։ Գալիք համաժողովը կազմակերպելու համար արդեն շատ աշխատանքներ են կատարվել։ Եհովայի կազմակերպությունը պատրաստում է ծրագիր, որը նախատեսված է մարդկանց տարբեր կարիքները հոգալու համար (Մատթ. 24։45–47)։ Փափագո՞ւմ ես տեսնել ու լսել այն, ինչ կներկայացվի համաժողովին։
3. Ի՞նչ պետք է անենք, որ օգուտներ քաղենք ծրագրից։
3 Անշուշտ, համաժողովից առավելագույն օգուտներ կքաղես, եթե ներկա լինես բոլոր երեք օրերին և ծրագիրը ուշադիր լսես։ Եթե դեռ չես խոսել գործատիրոջ հետ, որ թույլտվություն ստանաս այդ օրերին բացակայելու աշխատանքից, լավ կլինի զբաղվես այս հարցով։ Ամեն ինչ պլանավորիր այնպես, որ գիշերները բավականաչափ քնես, որպեսզի ծրագրի ընթացքում թարմ լինես։ Շատերի կարծիքով՝ հռետորին նայելը և կարճ գրառումներ անելը օգնում են ուշադիր լսելու։ Բջջային հեռախոսդ կամ փեյջերդ դիր այնպիսի ռեժիմի վրա, որ չխանգարի քեզ կամ ուրիշներին։ Ծրագրի ընթացքում մի խոսիր, մի ուղարկիր տեքստային հաղորդագրություններ և մի զբաղվիր ուտելով կամ խմելով։
4. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին օգուտներ քաղելու համաժողովից։
4 Այն տարիներին, որոնք Շաբաթ էին, իսրայելացիները ընտանիքներով հավաքվում էին Տաղավարների տոնին՝ լսելու Օրենքի ընթերցանությունը։ Նրանց հետ էին լինում նաև «երեխաները», որպեսզի «լսեն ու սովորեն» (2 Օրենք 31։12)։ Անչափ քաջալերական է տեսնել, որ ընտանիքները համաժողովի ընթացքում միասին են նստում, իսկ երեխաները չեն քնում և ուշադիր լսում են։ Ամեն երեկո աչքի անցկացրու գրառումներդ և քեզ դուր եկած մտքերը քննարկիր ընտանիքիդ անդամների հետ։ Քանի որ «հիմարությունը կապված է երեխայի սրտին», ծնողները ճիշտ կանեն, եթե ընդմիջմանը, ինչպես նաև հյուրանոցում եղած ժամանակ հետևեն իրենց երեխաներին, այդ թվում նաև դեռահասներին և չթողնեն նրանց «ինքնահոսի» (Առակ. 22։15; 29։15)։
5. Ինչպիսի՞ վարք պետք է դրսևորենք հյուրանոցում, որպեսզի այն զարդարի ճշմարտությունը։
5 Մեր լավ վարքը զարդարում է ճշմարտությունը։ Այն քաղաքում, որտեղ անցկացվում է համաժողովը, լավ վարք դրսևորելով՝ կարող ենք զարդարել ճշմարտությունը (Տիտոս 2։10)։ Հյուրանոցի աշխատողների աչքից չի վրիպում, երբ հյուրերը հետևում են հյուրանոցի կանոններին, համբերատար ու բարեհամբույր են անձնակազմի հանդեպ (Կող. 4։6)։ Անցյալ տարի, երբ մասնաճյուղերից մեկի ներկայացուցիչները բանակցում էին մի հյուրանոցի մենեջերի հետ, վերջինս այսպես արտահայտվեց. «Մենք սիրով ենք հյուրընկալում ձերոնց, քանի որ նրանք լավ մարդիկ են։ Քաղաքավարի են ու բարի, միշտ հարգանքով են վերաբերվում մեր աշխատողներին, իսկ գույքը օգտագործում են խնամքով»։
6. Ինչպե՞ս կարող ենք համաժողովի քաղաքում մեր հագուկապով զարդարել ճշմարտությունը։
6 Համաժողովի անվանաքարտը (նախկինում՝ պլակետկա) կրում ենք ոչ միայն նրա համար, որ մարդիկ տեղեկանան համաժողովի մասին և որ պատվիրակները ճանաչեն մեզ, այլ նաև վկայություն տալու համար։ Այն քաղաքում, որտեղ անցկացվում է համաժողովը, մարդիկ կնկատեն, որ անվանաքարտ կրողները կոկիկ ու համեստ են հագնված, և ոչ թե անփույթ ու ցանկահարույց, ինչպես ընդունված է աշխարհում (1 Տիմոթ. 2։9, 10)։ Ուստի համաժողովի քաղաքում գտնվելիս, ինչպես նաև հյուրանոցում գրանցվելիս պետք է պատշաճ հագուկապ ունենանք. շորտերով ու կիսաթև շապիկներով հյուրանոց մտնելը վայելուչ չէ։ Նույնիսկ եթե համաժողովն անցկացվում է բացօթյա մարզադաշտում, մեր հագուկապը պետք է պատշաճ լինի։ Եթե ծրագրի ավարտից հետո ուզում ենք փոխել մեր հագուստը և գնալ ռեստորան, պետք է հիշենք, որ դեռ համաժողովի պատվիրակներ ենք և չպիտի հագնվենք չափազանց ազատ ոճով։
7. Ինչպե՞ս կարող ենք համաժողովի ընթացքում վայելել մեր քրիստոնեական միասնությունը։
7 Տարեկան տոնակատարությունների ժամանակ իսրայելացիները վայելում էին կերտիչ ընկերակցություն իրենց երկրի և աշխարհի տարբեր վայրերից եկած հավատակիցների հետ, և դա նպաստում էր նրանց միասնությանը (Գործ. 2։1, 5)։ Մարզային համաժողովների ժամանակ մեր քրիստոնեական եղբայրության գեղեցկությունը երևում է իր ողջ փայլով։ Մեր եղբայրությունը, որը հոգևոր դրախտի մի մասն է, հաճախ է տպավորում մարդկանց (Սաղ. 133։1)։ Հետդ մի քիչ ուտելիք բեր, որպեսզի ստիպված չլինես սնունդ գնելու նպատակով դուրս գալ համաժողովի տարածքից։ Այդ դեպքում լավ հնարավորություն կունենաս ծանոթանալու և շփվելու կողքիդ նստած հավատակիցներիդ հետ։
8. Ինչո՞ւ լավ կլինի կամավորագրվել որևէ ծառայություն անելու համար, եթե մեր հնարավորությունները ներում են։
8 Մարդիկ հաճախ են տպավորվում՝ տեսնելով, թե որքան լավ են կազմակերպված մեր համաժողովները, հատկապես երբ իմանում են, որ բոլոր աշխատանքները կամավորներն են անում։ Իսկ դու կարո՞ղ ես «հոժար կամքով» ծառայել համաժողովում (Սաղ. 110։3)։ Մեր հավատակիցները հաճախ ամբողջ ընտանիքով են կամավորագրվում, որպեսզի երեխաները սովորեն ծառայել ուրիշներին։ Եթե ամաչկոտ ես և դժվարանում ես ծանոթանալ համաժողովի պատվիրակների հետ, ապա կամավոր ծառայելը լավ հնարավորություն է դրա համար։ Մի քույր պատմում է. «Բացի իմ ընտանիքի անդամներից և մեկ-երկու ընկերներից, ես ոչ ոքի չէի ճանաչում համաժողովում։ Բայց երբ մասնակցեցի մաքրության աշխատանքներին, ծանոթացա շատ քույրերի ու եղբայրների հետ։ Ես մեծ բավականություն ստացա»։ Համաժողովում ծառայելով՝ ավելի շատ ընկերներ ձեռք կբերես, ինչը մեծ ուրախություն կպարգևի (2 Կորնթ. 6։12, 13)։ Եթե երբեք չես եղել կամավոր, հարցրու երեցներին, թե ինչ է անհրաժեշտ դրա համար։
9. Ինչպե՞ս ենք մարդկանց հրավիրելու համաժողովի։
9 Հրավիրիր մարդկանց լսելու ճշմարտությունը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի համաժողովից երեք շաբաթ առաջ մենք կմասնակցենք քարոզարշավի, որպեսզի մարդկանց հրավիրենք մարզային համաժողովի։ Ժողովները կձգտեն, որքան հնարավոր է, շատ հրավիրատոմսեր տարածել (տե՛ս «Ինչպե՞ս ենք առաջարկելու հրավիրատոմսը» շրջանակը)։ Ավելացած հրավիրատոմսերը պետք է վերադարձնել ժողով։ Դրանք կօգտագործվեն պատվիրակների կողմից ոչ պաշտոնական վկայություն տալու համաժողովի քաղաքում։
10. Պատմիր դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ հրավիրատոմս տարածելը դրական արդյունքներ է բերում։
10 Արձագանքո՞ւմ են մարդիկ այս քարոզարշավին։ Համաժողովներից մեկում սպասարկու եղբայրը օգնեց մի ամուսնական զույգի նստելու տեղ գտնելու։ Նրանք ասացին, որ հրավիրատոմս են ստացել, և այն հետաքրքրեց իրենց։ Միայն պատկերացրու. այս զույգը մեքենայով անցավ 320 կիլոմետր, որպեսզի ներկա լինի միջոցառմանը։ Մեկ այլ օրինակ։ Քույրը տնետուն ծառայության ժամանակ հրավիրատոմս տվեց մի տղամարդու. համաժողովը վերջինիս հետաքրքրեց, և նա հարցեր տվեց քրոջը։ Մի քանի օր անց մեր քույրը համաժողովում տեսավ այդ մարդուն իր ընկերոջ հետ և նրանց ձեռքերում... համաժողովում հայտարարված նոր հրատարակություններից մեկը։
11. Ինչո՞ւ է կարևոր ներկա լինել մարզային համաժողովներին։
11 Եհովան՝ սիրառատ Աստվածը, տարեկան տոնակատարությունների միջոցով օգնում էր իսրայելացիներին «ծառայելու իրեն անարատությամբ ու ճշմարտությամբ» (Հեսու 24։14)։ Նմանապես, այսօր մարզային համաժողովները մեր երկրպագության կարևոր մասերից են և օգնում են մեզ «շարունակ քայլելու ճշմարտության մեջ» (3 Հովհ. 3)։ Թող Եհովան օրհնի բոլոր նրանց ջանքերը, ովքեր սիրում են ճշմարտությունը և ամեն բան անում են ներկա լինելու համաժողովին ու լիովին օգտվելու դրանից։
[մեջբերում 4-րդ էջի վրա]
Համաժողովի քաղաքում լավ վարք դրսևորելով՝ կզարդարենք ճշմարտությունը
[մեջբերում 5-րդ էջի վրա]
Համաժողովից երեք շաբաթ առաջ քարոզարշավի միջոցով մարդկանց կհրավիրենք համաժողովի
[շրջանակ 3-6-րդ էջերի վրա]
Հիշեցումներ 2012թ. մարզային համաժողովի վերաբերյալ
◼ Ծրագրի ժամերը։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20-ին։ Դռները կբացվեն ժամը 8։00-ին։ Երբ հնչեն Թագավորության մեղեդիները, բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի վայելուչ կերպով։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 16։55-ին, իսկ վերջին օրը՝ ժամը 15։40-ին։
◼ Կայանատեղեր։ Համաժողովի անցկացման այն վայրերում, որտեղ կայանատեղերը մեր հսկողության տակ կլինեն, մեքենաները կկայանվեն անվճար։ Քանի որ սովորաբար տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մեկ մեքենայով գան մի քանի հոգի, որպեսզի հնարավորինս նվազի մեքենաների քանակը։
◼ Տեղեր զբաղեցնելը։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ նույն փոխադրամիջոցով են գալիս համաժողով կամ ապրում են նույն տանը, ինչպես նաև նրանց համար, ում հետ այժմ Աստվածաշունչ ես ուսումնասիրում (1 Կորնթ. 13։5)։
◼ Ընդմիջում։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելիք բեր համաժողովի վայր, որպեսզի ընդմիջմանը դուրս չգաս սնունդ գնելու նպատակով։ Կարելի է վերցնել փոքրիկ սառնարան-պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան-պայուսակներ և ապակե տարաներ չի թույլատրվում բերել համաժողովի վայր։
◼ Նվիրաբերություններ։ Մարզային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար մեր խորը գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաժողովի անցկացման վայրում համաշխարհային գործի համար կամավոր նվիրաբերություններ անելով։
◼ Դժբախտ պատահարներ և արտակարգ իրավիճակներ։ Եթե համաժողովի վայրում ինչ-որ մեկի առողջական վիճակը կտրուկ վատանա, խնդրում ենք դիմել առաջին իսկ սպասարկուին, որն անհապաղ կտեղեկացնի առաջին բուժօգնության բաժնին։ Այդ բաժնի անձնակազմը կգնահատի իրավիճակի լրջությունը և օգնություն ցույց կտա։ Անհրաժեշտության դեպքում նրանք կզանգահարեն շտապ օգնություն։ Այս առաջնորդությանը հետևելը կնպաստի այն բանին, որ արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունները չնչին հարցերի վերաբերյալ բջջային հեռախոսներից բազմաթիվ զանգեր չստանան։
◼ Դեղորայք։ Եթե համաժողովի ընթացքում դեղամիջոցներ ես ընդունելու, խնդրում ենք՝ քո դեղորայքը քեզ հետ բերես, որովհետև համաժողովը դեղամիջոցներ չի տրամադրում։
◼ Կոշիկներ։ Ամեն տարի պատվիրակներից ոմանք անհարմար կոշիկների պատճառով վնասվածքներ են ստանում։ Ճիշտ կլինի ընտրել համեստ ու հարմար կոշիկներ, որպեսզի կարողանաս անվտանգ բարձրանալ ու իջնել աստիճաններով, քայլել անհարթ և նման այլ մակերեսների վրայով։
◼ Ձայնագրում։ Չի կարելի ձայնագրիչներ միացնել համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնային համակարգին։ Դրանք կարող ես օգտագործել միայն այնպես, որ չշեղես ուրիշների ուշադրությունը։
◼ Մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Համաժողովի վայր չպետք է բերել մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Սակայն համաժողով կարելի է բերել երեխաների համար նախատեսված նստելու հատուկ հարմարանք, որը հնարավոր է ապահով դնել նստարանին՝ ծնողների կողքին։
◼ Օծանելիք։ Համաժողովների մեծ մասն անցկացվում է փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մենք բարություն դրսևորած կլինենք, եթե այդ օրերին քիչ օծանելիք օգտագործենք, որպեսզի շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ սուր ռեակցիա չառաջանա (1 Կորնթ. 10։24)։
◼ «Խնդրում ենք, այցելիր» բլանկ։ «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը պետք է օգտագործել, երբ համաժողովի օրերին ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս որևէ մեկի, և նա հետաքրքրվում է։ Քարոզիչները բլանկի մեկ կամ երկու օրինակ պետք է ունենան իրենց հետ։ Լրացված բլանկները կարող ես փոխանցել գրականության բաժին կամ տալ քո ժողովի քարտուղարին (տե՛ս 2011թ. մայիսի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 3)։
◼ Կամավորներ։ Ովքեր ուզում են կամավոր ծառայել, կարող են դիմել համաժողովի կամավոր ծառայության բաժին։ Մինչև 16 տարեկան երեխաները նույնպես կարող են կամավորագրվել, եթե, իհարկե, նրանք այդ ծառայությունը անելու են ծնողի կամ ծնողի թույլտվությունը ստացած այլ չափահասի հսկողության ներքո։
[շրջանակ 6-րդ էջի վրա]
Ինչպե՞ս ենք առաջարկելու հրավիրատոմսը
Որպեսզի ամբողջ տարածքը հասցնենք մշակել, գուցե հարկ լինի կարճ խոսել։ Օրինակ՝ կարող ենք ասել. «Բարև ձեզ։ Այս հրավիրատոմսը մենք տարածում ենք ամբողջ աշխարհում։ Ահա ձեր հրավիրատոմսը։ Ավելի մանրամասն գրված է այստեղ»։ Խոսիր խանդավառությամբ։ Երբ հրավիրատոմսերը տարածում ես շաբաթ և կիրակի օրերին, հարկ եղած դեպքում առաջարկիր նաև պարբերագրեր։