Ընդօրինակիր մարգարեներին. Օսեե
1. Ի՞նչ հարց կարող ես տալ ինքդ քեզ։
1 «Ի՞նչ զոհողություններ եմ պատրաստ անելու Եհովայի համար»։ Հավանաբար, քեզ տվել ես այս հարցը, երբ խորհրդածել ես նրա բարության և գթասրտության մասին (Սաղ. 103։2–4; 116։12)։ Օսեեն պատրաստակամորեն արեց այն, ինչ Եհովան նրանից պահանջեց, նույնիսկ երբ դա շատ դժվար էր։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մարգարեին։
2. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Օսեեին քարոզելու հարցում։
2 Քարոզիր դժվարին ժամանակներում։ Օսեեի խոսքը գլխավորապես ուղղված էր Իսրայելի տասցեղ թագավորությանը, որտեղ մաքուր երկրպագությունը գրեթե վերացել էր։ Հերոբովամ II թագավորը անում էր այն, ինչ չար էր Եհովայի աչքում, և շարունակեց երկրպագել հորթին, որի պաշտամունքին սկիզբ էր դրել Հերոբովամ I-ը (2 Թագ. 14։23, 24)։ Հետագա թագավորների օրոք տասցեղ թագավորության հոգևոր անկումը շարունակվեց, մինչև որ մ.թ.ա. 740-ին երկիրը նվաճվեց Ասորեստանի կողմից։ Բայց Օսեեն, չնայած կեղծ երկրպագության տարածված լինելուն, առնվազն 59 տարի հավատարմորեն ծառայեց մարգարե։ Իսկ մենք վճռակա՞ն ենք անդադար քարոզելու, նույնիսկ երբ բախվում ենք անտարբերության կամ հակառակության (2 Տիմոթ. 4։2)։
3. Օսեեի կյանքը ինչպե՞ս է ցույց տալիս Եհովայի գթասրտությունը։
3 Կենտրոնացիր Եհովայի գթասրտության վրա։ Եհովան Օսեեին ասաց, որ ամուսնանա մի կնոջ հետ, որը «պոռնկությամբ կզբաղվի» (Օս. 1։2)։ Նրա կինը՝ Գոմերը, մարգարեից մի տղա ունեցավ, բայց հետագայում դավաճանեց նրան և ծնեց երկու ապօրինի զավակ։ Կնոջը ներելու Օսեեի պատրաստակամությունը վառ կերպով ընդգծում է Եհովայի գթառատությունը իսրայելացիների հանդեպ, երբ նրանք զղջում էին (Օս. 3։1; Հռոմ. 9։22–26)։ Պատրա՞ստ ենք մի կողմ դնելու անձնական նախապատվությունը, որպեսզի Եհովայի գթասրտությունը հայտնի դարձնենք ամեն տեսակ մարդկանց (1 Կորնթ. 9։19–23)։
4. Ի՞նչ զոհողություններ կարող ենք անել Եհովայի համար։
4 Եհովայի որոշ ծառաներ թողել են եկամտաբեր կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն ծառայությանը։ Մյուսները մնացել են ամուրի կամ անզավակ, որպեսզի ավելի շատ կենտրոնանան Թագավորության գործի վրա։ Խորհրդածելով Օսեեի կյանքի շուրջ՝ գուցե ինքներս մեզ ասենք. «Ես երբեք այդպես չէի կարող անել»։ Սակայն եթե մեր երախտագիտությունը Եհովայի անզուգական բարության համար աճի ու եթե վստահ լինենք, որ նա կզորացնի մեզ իր սուրբ ոգու միջոցով, ապա Աստված մեր միջոցով կանի մեզ անհնարին թվացող բաներ, ինչպես որ Օսեեի միջոցով արեց (Մատթ. 19։26; Փիլիպ. 2։13)։