Ամսագրերի մատակարարման երթուղի. Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու հնարավորություն
1. Ինչո՞ւ է Եհովայի կազմակերպությունը միշտ հորդորել ամսագրերի մատակարարման երթուղի ունենալ։
1 Շատ մարդիկ չեն ուզում Աստվածաշունչ ուսումնասիրել, բայց հաճույքով կարդում են մեր ամսագրերը։ Դրա համար Եհովայի կազմակերպությունը միշտ հորդորել է քարոզիչներին ամսագրերի մատակարարման երթուղի ունենալ։ Հաճախ մեր ամսագրերը կանոնավորաբար ընթերցող մարդկանց մեջ ցանկություն է առաջանում կարդալու Աստծու Խոսքը (1 Պետ. 2։2)։ Ի վերջո, դա կարող է մղել նրանց ուսումնասիրելու Աստվածաշունչը։
2. Ինչպե՞ս կարող ենք հետաքրքրություն զարգացնել այն մարդկանց մեջ, ում գրականություն ենք մատակարարում։
2 «Ջրիր» ճշմարտության սերմերը։ Ամսագրերը արագորեն թողնելու և հեռանալու փոխարեն՝ փորձիր զրույց սկսել բնակչի հետ՝ կապ հաստատելով նրա հետ։ Այդպես կարող ես իմանալ նրա հանգամանքները, հետաքրքրություններն ու հավատալիքները, ինչը կօգնի քեզ խոսելիս խորաթափանցություն դրսևորելու (Առակ. 16։23)։ Պատրաստվիր յուրաքանչյուր այցելությանը։ Եթե հնարավոր է, ամսագրից մի կարճ միտք ասա և դրա վերաբերյալ սուրբգրային համար կարդա։ Այդպես դու կջրես ճշմարտության այն սերմերը, որ կա նրա սրտում (1 Կորնթ. 3։6)։ Գրառումներ արա այն մասին, թե ինչ ես խոսել, ինչ սուրբգրային համար ես կարդացել, ինչ գրականություն ես թողել, ինչպես նաև նշիր այցելության ամսաթիվը։
3. Ի՞նչ պարբերականությամբ կարող ենք այցելել ամսագրերի մատակարարման երթուղում ընդգրկված մարդկանց։
3 Ի՞նչ պարբերականությամբ այցելել։ Ամսագրերի մատակարարման երթուղում ընդգրկված մարդկանց մենք պետք է ամսագրերի վերջին համարները տանենք ամիսը մեկ անգամ։ Այնուամենայնիվ, կախված մարդու հանգամանքներից ու հետաքրքրվածությունից՝ մենք գուցե որոշենք այցելել ավելի հաճախ։ Օրինակ՝ ամսագիրը թողնելուց մեկ կամ երկու շաբաթ հետո մենք կարող ենք վերադառնալ և ասել. «Ես ձեզ այցելել եմ կարճ ժամանակով, որպեսզի իմ թողած ամսագրից մի միտք ցույց տամ»։ Դա մարդու մեջ ախորժակ կառաջացնի կարդալու տվյալ հոդվածը։ Իսկ եթե նա արդեն կարդացել է այն, մենք կարող ենք նրան հարցնել, թե ինչ կարծիք ունի հոդվածի մասին, և հակիրճ քննարկել այն։ Կամ եթե մարդը հաճույքով է կարդում մեր հրատարակությունները, մենք կարող ենք այցելել նրան և առաջարկել այդ ամսին տարածելու համար նախատեսված թերթիկները, գրքույկները և գրքերը։
4. Ժամանակ առ ժամանակ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ուսումնասիրություն սկսենք։
4 Մի՛ սպասիր, մինչև բնակիչը ինքն ասի ուսումնասիրության մասին։ Դո՛ւ արա առաջին քայլը։ Նույնիսկ եթե նա նախկինում մերժել է Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը, ժամանակ առ ժամանակ կարող ենք առաջարկել միասին քննարկել «Դիտարանի» «Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» խորագրի տակ գտնվող թեման։ Գուցե կարողանանք ուսումնասիրություն սկսել հենց դռան մոտ։ Բայց եթե մարդը չցանկանա Աստվածաշունչ ուսումնասիրել, կարող ենք շարունակել ամսագրեր բերել և զարգացնել նրա հետաքրքրությունը։