Ընդօրինակիր մարգարեներին. Նաում
1. Ի՞նչ ենք սովորում «Նաում» գրքից։
1 Հին Նինվեի ավերակները վկայում են, որ, ինչպես մարգարեացել էր Նաումը, Եհովան վրեժխնդիր է լինում իր թշնամիներից, և անգամ ամենակատաղի մրցակիցը ի զորու չէ դեմ կանգնելու Աստծուն (Նաում 1։2, 6)։ Նաումի մարգարեությունը ուշադիր քննելով՝ կարևոր դասեր կքաղենք, որոնք կարող ենք կիրառել ծառայության մեջ։
2. Ինչպե՞ս կարող ենք քարոզելիս մխիթարել մարդկանց։
2 Մխիթարիր և հույս տուր։ Առաջին հայացքից թվում է, թե «Նաում» գիրքը չարիք է գուժում Նինվեի՝ հին Ասորեստանի գոռոզ մայրաքաղաքի դեմ (Նաում 1։1; 3։7)։ Սակայն այդ ազդարարությունը բարի լուր էր Եհովայի ժողովրդի համար։ Նաումը, որի անունը նշանակում է «մխիթարիչ», հրեաներին վստահեցրեց, որ նրանք շուտով կազատվեն թշնամու ձեռքից։ Ավելի ուշ նա հավաստիացրեց, որ Եհովան «ամրոց է նեղության օրը» (Նաում 1։7)։ Քարոզելիս մենք նույնպես բարի լուր ենք հայտնում մարդկանց և քաջալերում ապաստան փնտրել Եհովայի մոտ (Նաում 1։15)։
3. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նաումին օրինակներ օգտագործելու հարցում։
3 Օգտագործիր օրինակներ։ Եհովան Նաումին ներշնչեց, որ Նինվեի գալիք կործանումը համեմատի եգիպտական Թեբե (Նով-Ամոն) քաղաքի կործանման հետ, որը տապալվել էր Ասորեստանի կողմից (Նաում 3։8–10)։ Երբ մարդկանց հետ խոսում ենք աշխարհի վերջի մասին, կարող ենք ընդգծել աստվածաշնչյան այն մարգարեությունները, որոնք ցույց են տալիս, որ Եհովան իր խոսքը կատարում է ամենայն մանրամասնությամբ։ Օրինակ՝ երբ բաբելոնացիների ու մարերի զորքերը եկան Նինվեի վրա, հորդառատ անձրևների պատճառով Տիգրիսը դուրս եկավ ափերից, ինչի հետևանքով փլվեց անխոցելի համարվող քաղաքի պարսպի մի որոշ մաս։ Նինվեն արագորեն նվաճվեց, ինչպես որ կանխագուշակել էր Եհովան (Նաում 1։8; 2։6)։
4. Ինչպե՞ս կարող ենք ծառայության ժամանակ խոսել պարզ ու հասկանալի։
4 Խոսիր պարզ ու հասկանալի։ «Նաում» գիրքը գրված է պատկերավոր ու դրամատիկ ոճով և զերծ է ավելորդ բառերից (Նաում 1։14; 3։1)։ Մենք նույնպես պետք է մարդկանց հետ խոսենք պարզ ու հասկանալի (1 Կորնթ. 14։9)։ Օրինակ՝ առաջին այցելության ժամանակ հստակ նշիր քո այցելության նպատակը, իսկ ուսումնասիրություն անցկացնելիս անհատին օգնիր հավատ զարգացնելու Եհովայի ու նրա Խոսքի հանդեպ, նաև հասկանալու, թե ինչպես գործնականում կիրառի սովորածը (Հռոմ. 10։14)։
5. Նաումի մարգարեությունից ի՞նչ հավաստիացում ենք ստանում։
5 Եհովայի խոսքի հանդեպ Նաումի անմնացորդ հավատը հստակ ընդգծվում է իր անունը կրող գրքում։ Մինչ մոտենում է Սատանայի աշխարհի վերջը, մենք մխիթարություն ենք ստանում Եհովայի հետևյալ խոսքերից. «Աղետը չի կրկնվի» (Նաում 1։9)։