ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 28
ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները
Ինչո՞ւ է կարևոր խորհուրդ հարցնել
«Խորհուրդ փնտրողները իմաստուն են» (ԱՌԱԿ. 13։10)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչ պետք է անենք տրված խորհրդից լիարժեք օգուտ քաղելու համար։
1. Ինչպե՞ս կարող ենք իմաստուն որոշումներ կայացնել և դրանք հաջողությամբ իրագործել (Առակներ 13։10; 15։22)։
ԲՈԼՈՐՍ էլ ցանկանում ենք իմաստուն որոշումներ կայացնել և հաջողությամբ իրագործել դրանք։ Աստծու Խոսքը հայտնում է, թե ինչպես կարող ենք հասնել այդ երկու նպատակներին (կարդա Առակներ 13։10; 15։22)։
2. Ի՞նչ է Եհովան խոստանում մեզ։
2 Անկասկած, լավագույն Խորհրդատուն, ով կարող է օգնել մեզ իմաստուն որոշումներ կայացնել, մեր երկնային Հայրն է՝ Եհովան։ Նա խոստանում է օգնել մեզ՝ ասելով. «Քեզ խորհուրդ կտամ և աչքս քեզ վրա կպահեմ» (Սաղ. 32։8)։ Այս խոսքերից երևում է, որ Եհովան ոչ միայն խորհուրդներ է տալիս մեզ, այլև յուրաքանչյուրիս օգնում է կիրառել դրանք, քանի որ հետաքրքրված է մեզանով։a
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Այս հոդվածում Աստծու Խոսքի օգնությամբ կիմանանք հետևյալ չորս հարցերի պատասխանները՝ 1) ի՞նչ հատկություններ պետք է ունենամ լավ խորհրդից օգուտ քաղելու համար, 2) ո՞վ կարող է լավ խորհուրդ տալ, 3) արդյոք միտքս ու սիրտս ընկալունա՞կ են խորհուրդ ընդունելու համար, և 4) ինչո՞ւ չպետք է ուրիշներին խնդրեմ, որ իմ փոխարեն որոշում կայացնեն։
Ի՞ՆՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՄ
4. Ի՞նչ հատկություններ պետք է ունենանք, եթե ուզում ենք օգուտներ քաղել լավ խորհրդից։
4 Լավ խորհրդից օգուտ քաղելու համար պետք է լինել խոնարհ ու համեստ։ Հարկավոր է գիտակցել, որ ինքնուրույն իմաստուն որոշում կայացնելու համար գուցե չունենանք բավականաչափ փորձ և գիտելիքներ։ Եթե խոնարհ ու համեստ չլինենք, թույլ չենք տա, որ Եհովան օգնի մեզ։ Եվ Աստվածաշունչն ընթերցելիս երբ խորհուրդների հանդիպենք, մեր սիրտը նման կլինի մի քարի, որի կողքով ջուրը պարզապես հոսում-գնում է (Միք. 6։8; 1 Պետ. 5։5)։ Սակայն խոնարհության ու համեստության շնորհիվ մեր սիրտը սպունգի նման անմիջապես կկլանի Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդները, և մենք օգուտներ կքաղենք դրանցից։
5. Դավիթ թագավորը հպարտ դառնալու ի՞նչ պատճառներ ուներ։
5 Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Դավիթ թագավորից։ Նա բազմաթիվ պատճառներ ուներ հպարտ դառնալու։ Գահ բարձրանալուց շատ տարիներ առաջ նա ժողովրդի մեջ հայտնի էր եղել որպես լավ երաժիշտ, նույնիսկ նվագել էր թագավորի համար (1 Սամ. 16։18, 19)։ Իսկ երբ Եհովան Դավթին թագավոր օծեց, իր սուրբ ոգով զորավոր դարձրեց նրան (1 Սամ. 16։11-13)։ Թշնամիներին, այդ թվում՝ փղշտացի Գողիաթին պարտության մատնելու համար նա անվանի դարձավ ժողովրդի մեջ (1 Սամ. 17։37, 50; 18։7)։ Եթե հպարտ մարդը նման բաների հասներ, գուցե մտածեր, որ ուրիշների խորհրդի կարիքը չունի։ Բայց Դավիթն այդպիսին չէր։
6. Որտեղի՞ց գիտենք, որ Դավիթը պատրաստ էր խորհուրդ ընդունելու (տես նաև նկարը)։
6 Թագավոր դառնալուց հետո Դավթին շրջապատում էին այնպիսի ընկերներ, որոնք կարող էին նրան լավ խորհուրդներ տալ (1 Տար. 27։32-34)։ Դա զարմանալի չէ, քանի որ նախքան թագավոր դառնալը Դավիթը բազմիցս լսել և կիրառել էր իրեն տրված լավ խորհուրդները։ Նա խորհուրդ էր ընդունել ոչ միայն տղամարդկանցից, այլև մի կնոջից, ում անունը Աբիգեա էր։ Վերջինս ամուսնացած էր Նաբաղ անունով անշնորհք, երախտամոռ և հանդուգն մի մարդու հետ։ Դավիթը խոնարհաբար ընդունել էր այդ կնոջ լավ խորհուրդը, ինչի արդյունքում խուսափել էր լուրջ սխալ գործելուց (1 Սամ. 25։2, 3, 21-25, 32-34)։
Դավիթ թագավորը խոնարհաբար լսեց Աբիգեայի խորհուրդը և կիրառեց այն (տես պարբերություն 6)
7. Ի՞նչ ենք սովորում Դավթից (Ժողովող 4։13; տես նաև նկարները)։
7 Դավթից կարող ենք շատ բան սովորել։ Գուցե տաղանդավոր ենք կամ որոշակի իշխանություն ունենք ուրիշների վրա։ Կարևոր է հիշել, որ դա չի նշանակում, թե մենք ամեն ինչ գիտենք և խորհրդի կարիք չունենք։ Դավթի պես պետք է պատրաստ լինենք ընդունելու լավ խորհուրդը՝ անկախ նրանից, թե այն տվողն ով է (կարդա Ժողովող 4։13)։ Եթե այդպես վարվենք, ամենայն հավանականությամբ, լուրջ սխալներ չենք անի, որոնք ցավ կպատճառեն մեզ և ուրիշներին։
Պետք է պատրաստակամորեն ընդունենք լավ խորհուրդը՝ անկախ նրանից, թե ով է այն տալիս (տես պարբերություն 7)d
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
8. Ինչո՞ւ ենք ասում, որ Հովնաթանը կարող էր Դավթին լավ խորհուրդ տալ։
8 Դավթի օրինակից ևս մի բան ենք սովորում։ Նա լսում էր այն մարդկանց խորհուրդները, ովքեր մտերիմ էին Եհովայի հետ և լիարժեքորեն հասկանում էին, թե ինչ դժվարության միջով է ինքը անցնում։ Օրինակ՝ երբ Դավիթը ուզում էր իմանալ, թե արդյոք կարող է վերականգնել իր հարաբերությունները Սավուղ թագավորի հետ, Հովնաթանը՝ Սավուղի որդին, խորհուրդ տվեց նրան, և նա ընդունեց այն։ Հովնաթանը կարո՛ղ էր լավ խորհուրդ տալ Դավթին, քանի որ ոչ միայն լավ հարաբերություններ ուներ Եհովայի հետ, այլև շատ լավ էր ճանաչում իր հորը (1 Սամ. 20։9-13)։ Ի՞նչ դաս ենք սովորում։
9. Ո՞ւմ պետք է դիմենք, երբ խորհրդի կարիք ենք ունենում։ Բացատրիր (Առակներ 13։20)։
9 Երբ խորհրդի կարիք ենք ունենում, լավ կլինի՝ դիմենք այնպիսի մարդու, ով մտերիմ հարաբերություններ ունի Եհովայի հետ և խորությամբ հասկանում է խնդիրը (կարդա Առակներ 13։20)։b Ենթադրենք՝ երիտասարդ եղբայրը կողակից է փնտրում։ Ո՞վ կարող է նրան իմաստուն խորհուրդ տալ։ Ամուրի ընկերը կարող է լավ խորհուրդ տալ, եթե այն հիմնի Աստվածաշնչի սկզբունքների վրա։ Բայց եղբայրը, ըստ ամենայնի, ավելի կոնկրետ և գործնական խորհուրդ կստանա, եթե դիմի հոգևորապես հասուն ամուսինների, որոնք իրեն լավ են ճանաչում և երջանիկ են միասին։
10. Ինչի՞ մասին ենք խոսելու հիմա։
10 Մենք տեսանք, թե ինչ երկու հատկություններ պետք է ունենանք, և թե ովքեր կարող են մեզ լավ խորհուրդներ տալ։ Այժմ կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք մեր սիրտն ու միտքը ընկալունակ դարձնել խորհուրդ ընդունելու համար և թե ինչու չպետք է ուրիշներին խնդրենք, որ մեր փոխարեն որոշում կայացնեն։
ԱՐԴՅՈՔ ՍԻՐՏՍ ՈՒ ՄԻՏՔՍ ԸՆԿԱԼՈՒՆԱ՞Կ ԵՆ
11-12. ա) Երբեմն գուցե ի՞նչ անենք։ բ) Ինչպե՞ս վարվեց Ռոբովամ թագավորը, երբ կարևոր որոշման առաջ կանգնեց։
11 Երբեմն մարդը գուցե խորհուրդ հարցնի, բայց իրականում ցանկանա պարզապես հավաստիանալ, որ ուրիշները համամիտ են իր արդեն իսկ կայացրած որոշմանը։ Նման անհատի սիրտն ու միտքը ընկալունակ չեն խորհուրդ ընդունելու։ Լավ կլինի, որ նա լրջորեն մտածի Ռոբովամ թագավորի հետ տեղի ունեցածի շուրջ։
12 Ռոբովամը հաջորդեց Իսրայելի թագավոր Սողոմոնին։ Երբ նա ժառանգեց գահը, Իսրայելի ազգը բարգավաճում էր, բայց ժողովուրդը կարծում էր, որ Սողոմոնը չափազանց շատ բան էր պահանջում իրենցից։ Ուստի նրանք եկան Ռոբովամի մոտ և խնդրեցին, որ նա թեթևացնի իրենց բեռը։ Թագավորը խնդրեց, որ մտածելու ժամանակ տան իրեն։ Սկզբում նա ճիշտ վարվեց, երբ խորհրդակցեց այն երեցների հետ, որոնք օգնել էին Սողոմոնին (1 Թագ. 12։2-7)։ Սակայն հետո մերժեց նրանց խորհուրդը։ Ո՞րն էր պատճառը։ Ռոբովամը թերևս արդեն որոշել էր՝ ինչպես է վարվելու, և հույս ուներ, որ երեցները թիկունք կկանգնեն իրեն։ Ուստի նա դիմեց իր երիտասարդ ընկերներին, ովքեր նրան ասացին այն, ինչ նա ուզում էր լսել (1 Թագ. 12։8-14)։ Ռոբովամն էլ այդ որոշումը հայտնեց ժողովրդին։ Դրա հետևանքով ազգը պառակտվեց, և այդուհետ Ռոբովամի կյանքում խնդիրները անպակաս դարձան (1 Թագ. 12։16-19)։
13. Ինչպե՞ս կարող ենք բացահայտել՝ մեր սիրտն ու միտքը ընկալունակ են, թե ոչ։
13 Ի՞նչ ենք սովորում Ռոբովամի մասին արձանագրությունից։ Երբ խորհուրդ ենք հարցնում, մեր սիրտն ու միտքը պետք է ընկալունակ լինեն։ Դրա համար լավ կլինի՝ մտածենք. «Արդյոք խորհուրդը ստանալուց հետո անմիջապես մերժո՞ւմ եմ այն, քանի որ իմ սրտով չէ»։ Այս առնչությամբ քննենք մի իրավիճակ։
14. Խորհուրդ ստանալիս ի՞նչ պետք է հիշենք։ Բեր օրինակ (տես նաև նկարը)։
14 Պատկերացնենք՝ եղբայրը աշխատանքի գրավիչ մի առաջարկ է ստացել։ Նախքան այդ առաջարկն ընդունելը նա խորհուրդ է հարցնում երեցներից մեկից։ Եղբայրն ասում է, որ աշխատանքի բերումով պետք է երբեմն երկար ժամանակով հեռու լինի իր ընտանիքից։ Երեցը հիշեցնում է եղբորը մի աստվածաշնչյան սկզբունք, ըստ որի՝ նրա գլխավոր պատասխանատվությունը իր ընտանիքի հոգևոր կարիքների համար հոգ տանելն է (Եփես. 6։4; 1 Տիմոթ. 5։8)։ Եղբայրը երեցի ասածները սխալ է համարում, և սկսում է մյուս եղբայրների կարծիքը հարցնել այնքան, մինչև որ ինչ-որ մեկը իր ականջին հաճելի պատասխան է տալիս։ Եղբայրն իսկապե՞ս ուզում էր լավ խորհուրդ ստանալ, թե՞ նա արդեն իսկ կայացրել էր որոշումը և համախոհներ էր փնտրում։ Չմոռանանք, որ մեր սիրտը նենգ է (Երեմ. 17։9)։ Երբեմն ամենալավ խորհուրդը այն խորհուրդն է, որն ամենաքիչն ենք ուզում լսել։
Իսկապե՞ս ուզում ենք լավ խորհուրդ ստանալ, թե՞ համախոհներ ենք փնտրում (տես պարբերություն 14)
ՃԻ՞ՇՏ Է ԽՆԴՐԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ, ՈՐ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵՆ
15. Ինչի՞ց պետք է խուսափենք և ինչո՞ւ։
15 Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու (Գաղ. 6։4, 5)։ Ինչպես քննեցինք, իմաստուն մարդը նախքան որոշում կայացնելը խորհրդի համար դիմում է Աստծու Խոսքին և հասուն քրիստոնյաներից որևէ մեկին։ Սակայն չպետք է խնդրենք ուրիշներին մեր փոխարեն որոշումներ կայացնել։ Ոմանք գուցե դա անեն՝ իրենց համար վստահելի մեկին հարցնելով. «Եթե իմ փոխարեն լինեիր, ի՞նչ կանեիր»։ Ուրիշներն էլ հնարավոր է՝ ուղիղ հարց չտան, բայց կրկնօրինակեն մեկ ուրիշի արարքը առանց խորությամբ մտածելու։
16. Կուռքերին զոհաբերված միսը ուտելու հետ կապված ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել Կորնթոսում, և այն ուտել-չուտելու որոշումը կայացնելու պատասխանատվությունը ո՞վ էր կրում (1 Կորնթացիներ 8։7, 10։25, 26)։
16 Նկատի առնենք, թե առաջին դարում Կորնթոսի ժողովում ինչ իրավիճակ ստեղծվեց կուռքերին զոհաբերված կենդանու միսն ուտել-չուտելու վերաբերյալ։ Պողոսն այդ ժողովի քրիստոնյաներին գրեց. «Մենք գիտենք, որ կուռքը ոչինչ է, և որ միայն մեկ Աստված կա» (1 Կորնթ. 8։4)։ Պողոսի խոսքերը լսելով՝ ոմանք որոշեցին, որ կարող են ուտել այն միսը, որը մինչև շուկայում հայտնվելը գուցե զոհաբերվել էր կուռքերին։ Մյուսներն էլ որոշեցին չուտել այն, քանի որ իրենց խիղճը կտանջեր (կարդա 1 Կորնթացիներ 8։7, 10։25, 26)։ Ամեն մեկը անձնական որոշում պետք է կայացներ։ Պողոսը քրիստոնյաներին երբեք չհորդորեց ուրիշների փոխարեն որոշում կայացնել, ոչ էլ ուրիշներին ընդօրինակել։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է «իր համար հաշիվ տար Աստծուն» (Հռոմ. 14։10-12)։
17. Ի՞նչ կարող է լինել, եթե կրկնօրինակենք ուրիշների արարքները։ Բեր օրինակ (տես նաև նկարները)։
17 Նմանատիպ իրավիճակի կարող ենք բախվել նաև մենք։ Նկատի առնենք արյան մանր բաղադրամասերի վերաբերյալ հարցը։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ինքնուրույն որոշի՝ ընդունել մանր բաղադրամասերը, թե ոչ։c Գուցե դժվարանանք լիարժեքորեն հասկանալ այս հարցը, բայց նման բնագավառներում որոշումներ կայացնելը այն բեռն է, որը յուրաքանչյուրս պետք է կրի (Հռոմ. 14։4)։ Եթե անենք այն, ինչ ուրիշն է որոշել անել, գուցե մեր խիղճը թուլանա։ Մենք կմարզենք ու ավելի զգայուն կդարձնենք մեր խիղճը, երբ այնպիսի որոշումներ կայացնենք, որոնք հիմնված կլինեն Աստծու Խոսքի վրա (Եբր. 5։14)։ Այսպիսով՝ ե՞րբ պետք է խորհրդի համար դիմենք հասուն քրիստոնյաների. այն բանից հետո, երբ արդեն իսկ փնտրտուքներ ենք արել, սակայն օգնության կարիք ունենք հասկանալու, թե ինչպես են աստվածաշնչյան սկզբունքները առնչվում մեր իրավիճակին։
Խորհուրդ պետք է հարցնենք միայն այն բանից հետո, երբ արդեն փնտրտուքներ ենք արել (տես պարբերություն 17)
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՐՑՆԵԼ
18. Եհովան ի՞նչ է արել մեզ համար։
18 Եհովան մեծ վստահություն ունի մեր հանդեպ, ուստի թույլ է տվել՝ որոշումներ կայացնենք։ Որպեսզի իմաստուն որոշումներ կայացնենք, նա տվել է իր Խոսքը՝ Աստվածաշունչը, ինչպես նաև հասուն ընկերներ, ովքեր կարող են օգնել մեզ տրամաբանել դրանում ընդգրկված սկզբունքների շուրջ։ Այդպես Եհովան՝ մեր սիրող Հայրը, հոգատարություն է դրսևորում մեր հանդեպ (Առակ. 3։21-23)։ Ինչպե՞ս կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել նրան այդ ամենի համար։
19. Ինչպե՞ս կարող ենք շարունակել ուրախացնել Եհովային։
19 Ծնողները անչափ ուրախանում են, երբ իրենց երեխաները դառնում են հասուն, իմաստուն քրիստոնյաներ և օգնում են ուրիշներին։ Նմանապես՝ Եհովան ուրախանում է՝ տեսնելով, որ մենք շարունակում ենք հոգևորապես հասունանալ, խորհուրդներ ենք հարցնում և այնպիսի որոշումներ ենք կայացնում, որոնք փառք են բերում իրեն։
ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ
a Աստվածաշնչում օգտագործված «խորհուրդ» և «խրատ» բառերը կարող են միևնույն իմաստն ունենալ։ Այս և հաջորդ հոդվածներում դրանք հոմանշաբար են կիրառվում։
b Իմաստություն դրսևորելով՝ քրիստոնյաները ֆինանսական, բժշկական կամ այլ հարցերի վերաբերյալ երբեմն կարող են խորհրդակցել Եհովային չծառայող մարդկանց հետ։
c Այս թեմայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կան «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 39-րդ դասի 5-րդ կետում և «Բացահայտիր ավելին» բաժնում։
d ՆԿԱՐ։ Մի երեց խորհուրդ է տալիս իրենից տարիքով մեծ մեկ այլ երեցի, ով հանդիպման ժամանակ կոպտորեն էր խոսել։